Իր երգի պես ջահել ու զուլալ…

0
24
  Թովմասի հետ երեսունհինգ տարվա մտերմությունն ինքն ապացուցեց, որ մենք չէինք կարող չհանդիպել: Ժողովրդական երգի կամուրջ կար մեր միջև, և թե ինչպես եկանք դեմ հանդիման, կարծեմ, երկուսս էլ հստակ չենք հիշում: Բայց երկուսս էլ հստակ գիտեինք, որ անմիջնորդ ժառանգորդն էինք մեր անմիջական նախնյաց` պապի ու տատի, հոր ու մոր: Երգի կամուրջը, ով գիտե, մեր ո՞ր հազարամյակների նախնիք էին կապել: Հող ու ջրի կամուրջ էլ կար. Թովմասի նախնիք Ալաշկերտից էին, իմը` Մուշից, Մշո դաշտից, որ մեր հոգուն խնկահոտ բարբառաբույր էր և ինքնության երգաձայն: Անքննելի սկիզբ էր և որտե՞ղ էր, անթարգման զգացում էր և ի՞նչ էր. այդ ամենը բովանդակ երգն էր, և լսողն այդպես լսեց Թովմասին: Ես այդ Թովմասն ունեմ և այդ Թովմասի մասին պիտի պատմեմ:
    1981 թիվն էր. բնագիր երգի <<Նարոյ>> խումբ հավաքեցի, որ  ժողովրդական երգարվեստի մասին ռադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրության առաջարկած հաղորդաշարը վարեմ: Տևեց երեք տարի: Թովմասը <<Նարոյ>> խմբից չէր, երգում էր երգի-պարի անսամբլում, մեր փորձերին չի եկել, իմ գրառած երգերից մի երկուսն է երգել, բայց հաղորդաշարի համար շաբաթը մեկ <<Նարոյի>> երկժամյա ստուդիական ձայնագրությանը Թովմասը մեզ հետ էր: Ես ու դու չկար, իմ ու քո չկար, կար ժողովրդական երգ, և բոլորս երգախենթ էինք: Չկար բեմին ու ստուդիային սովոր. երգողի համար իր բեմն իր ներսում է, և իր ունկնդիրն ինքն է. մեր երգելը փորձեր չէին, երգը չէինք սովորում, որ գնայինք ձայնագրվեինք, մեզ համար էինք երգում: Եվ Թովմասի բեմն էլ իր ներսում էր, ո՛չ ինքը, ո՛չ մենք` չէինք էլ մտածում, թե Թովմասը ո՞ր բեմից էր գալիս. մեկ բեմ կար, և դա նախնյաց երգաբեմն էր:

    Եթե աշուղագիտությունը գտավ իր նվիրյալին, ըստ ամենայնի վկայված աշուղագետ և ջիվանագետ Թովմաս Պողոսյանին, բանագիտությունը չկորցրեց բանահավաք և բանագետ Թովմասին: Թովմասը նույնքան բանագետ է, ժողովրդական երգի բանաստեղծական տեքստի վերծանող է կոնսերվատորիայում, Մարգարիտ Բրուտյանի 1969-ին հիմնած Ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետում: Երգընկեր էինք, գնացինք-եկանք` դարձանք գործընկեր: Ո՛չ հրապարակավ, երբ հանդիպում ենք, մեր նոր գրառած երգերն ենք երգում: Երգն այն երգն է, որ չի լռում, և կամ անհնար է, որ ժամանակը լռեցնի:
   Ձայնի՛կդ ի հոգիս, իմ անլռելի Թովմա՛ս, ե՞րբ դարձար 60 տարեկան: Վաստակիդ հետ հասունացար, երգիդ հետ մնացիր ջահել: Վա՛րձքդ կատար, ա՛րևդ երկար…
Արուսյակ ՍԱՀԱԿՅԱՆ
SHARE