Իր երկիրն ու ժողովուրդը` գերագույն արժեք

0
58
 Ուրվագծեր վայոցձորցի  բարեկամիս դիմանկարին…

Հոգեկերտվածք

   Վայոց ձորի տարածքը մարդկային  քաղաքակրթության հինավուրց օջախ է, որն աչքի է ընկնում հոգևոր և նյութական հարուստ մշակույթով, հատկապես` ճարտարապետական  կոթողների առատությամբ:
   Այստեղ  ժողովրդի կյանքում էական տեղաշարժեր ու փոփոխություններ եղան խորհրդային իշխանության  տարիներին: Եղեգնաձորը /նախկինում` Քեշիշքենդ/, որը մինչև XX դարի կեսերը ոչ մեծ գյուղական բնակավայր էր,  անճանաչելիորեն փոխվեց 1960-80-ական թվականներին: Այդ տարիներին Եղեգնաձորի շրջանում ղեկավար աշխատանք են  կատարել մի շարք պետական ու կուսակցական նվիրյալ գործիչներ, և նրանց շարքում առանձնանում է Եփրեմ Բագրատի Թադևոսյանը: Նրա գործունեության ոճն ու ոգին այսօր էլ ապրում են  շրջանի  բնակիչների հիշողության մեջ: Գործընկերներից շատերն են նշում, որ Թադևոսյանը շռայլ մարդկային առաքինություններով օժտված անհատ է` լայնախոհ, գործունյա, լավատես և, առանձնապես, գթասրիտ:
   Եփրեմ Թադևոսյանը ծնվել է Հայաստանի  լեռնային գյուղերից մեկում` սահմանամերձ Խաչիկում: Գերազանց ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա զինվորական ծառայության  անցել Ուկրաինայում` 1956-59 թթ.: Բանակում իրեն  դրսևորել է  լավագույն կողմերով: Օրինակելի ծառայության դիմաց իրավունք է ստացել արտահերթ պայմաններով բուհական քննություններ հանձնելու և ընդունվում է Լուգանսկի մարզի Կոմմունարսկ  քաղաքի լեռնամետալուրգիական  ինստիտուտը, որն ավարտում է 1964 թ: Ուսանողական տարիներին  եղել է օրինակելի  ուսանող և ակտիվ  կազմակերպիչ: Կրթությունն ավարտելուց հետո նրան առաջարկվեց մնալ և  աշխատել հարազատ բուհում: Որպես մայր կրթօջախի  դասախոս, դոցենտ, նա երեք տարի շարունակ ղեկավարել է ուսանողական շինջոկատների  գործունեությունը Տյումենի մարզում` կոփելով երիտասարդներին և ինքն էլ  կոփվելով բազմաբարդ ու բազմազգ կոլեկտիվների  աշխատանքային, կենցաղային, պարզապես` մարդկային հարաբերությունների  հնոցում, ձեռք բերել կենսական մեծ  փորձ ու հմտություններ:
  Լեռնամետալուրգիական ինստիտուտում մինչ օրս էլ նրան  հիշում են խորին ակնածանքով: Ինքն էլ որդիական սիրով փայփայում է  ինստիտուտի  հիմնադիր ռեկտոր Յուրի Միխայլովիչ Վոյեվոդինի հիշատակը, մի մարդու, ով իր կյանքում ունեցել է անգնահատելի դերակատարում: Ի դեպ, նրա երախտապարտ սանը վերջերս հրատարակել է ջերմ  մի գրքույկ` նվիրված, ինչպես ինքն է ասում, իր երկրորդ հորը` “ԹՏպՉՏՊՈ ԹՏպՉՏՊՌվ” խոսուն վերնագրով:
Երկար տարիներ աշխատելով Ուկրաինայում` Թադևոսյանը կարող էր հաջողությամբ  շարունակել իր  դասախոսական ու գիտական առաջխաղացումը: Սակայն հայրենի եզերքը, կարոտաբաղձ  հարազատները շարունակ տուն էին կանչում նրան: Վերադառնալու խթան եղավ  Հայաստանի կոմկուսի  կենտկոմի  հրավերը, և 1979 թ.  վերադարձավ  հայրենիք ու աշխատանքի անցավ Եղեգնաձորի  կուսշրջկոմում` նախ ագիտացիայի և  պրոպագանդայի  բաժնի վարիչ, ապա և  երկրորդ քարտուղար: Սկսվեց նրա կյանքի, աշխատանքային-ստեղծագործական եռանդուն գործունեության նոր  արգասաբեր շրջանը:

    Այստեղ ի հայտ եկան նրա բոլոր արժեքավոր ունակություններն ու  շնորհները, որոնք մայր բնությունը, ընտանիքը, կյանքը դրել էին նրա կերտվածքի հիմքում: Շնորհիվ  կայուն գաղափարական համոզմունքների, կազմակերպչական բացառիկ ունակությունների, Ե. Թադևոսյանը  կարողացավ բարձր մակարդակ ապահովել ժողովրդին լավագույնս ծառայելու գործում: Հոգու և մտքի բարձր թռիչքով, անզիջում չափանիշներով, իր գործընկերների, գաղափարակիցների հետ նա  կենսագործեց հայրենի ոստանի` աննման  Վայոց ձորի բարգավաճումը:
   Այդ տարիներին էր, որ համընդհանուր համառ, հետևողական ջանքերով Եղեգնաձորի շրջանում կյանքի կոչվեցին մի շարք լուրջ նախաձեռնություններ` քաղաքային տեսք ստացավ շրջկենտրոնը` գեղեցիկ,  հարմարավետ. կանաչապատվեցին, ծաղկապատվեցին մայթերն ու մայթեզրի  բացատները, իրոք,  ժամանակակից փայլ ստացան  շատ  փողոցներ: Նոր որակ ու  բովանդակություն ստացան նպատակամետ հանդիպումներն ու զրույցները   կուսակցական և պետական ակտիվի հետ, մարդկային շփումները աշխատավորական կոլեկտիվներում:
   Շրջկոմի քարտուղարը շատ հաճախ այցելում էր շրջանի  հատկապես բարձր լեռնային  և սահմանամերձ  համայնքներ, ուշադիր ունկնդրում մարդկանց  պահանջները, բողոքները, գանգատները, օգնում` ինչով կարող էր: Նրա այդ հանդիպումները, որպես կանոն,  բնավ էլ ձևական բնույթ չունեին: Հաճախ հենց տեղում, գյուղացիների աչքի առջև լուծում էին ստանում մինչ այդ անհաղթահարելի թվացող հարցերը, հստակ պատասխաններ տրվում հողագործի թե ուսուցչի, մշակույթի թե առողջապահության ոլորտի աշխատողների համարձակ, երբեմն սուր ու դժվար  հարցադրումներին…
 Իսկ խնդիրներն ու անհանգստությունները, իրոք, շա~տ-շա~տ էին, բազմաբնույթ և բազմաշերտ: Թեև դրանք հաճախ բացահայտ չէին հրապարակվում, սակայն  հասկանալի էր, որ առանց բացախոսության, ղեկավարների եռանդուն միջամտության կյանքը, շրջանի ներքին  իրավիճակը չէին  բարելավվելու, մարդկանց անդորրն ու ապահովությունը չէին երաշխավորվելու:
  Վրա հասավ 1985 թվականը: Կրեմլում իշխանության եկավ Գորբաչովը, և  հռչակվեց  վերակառուցումը, որն, ավա~ղ,  կարճ տևեց, ավելին` ավարտվեց վիթխարի  երկրի  կործանմամբ:
   Այն հարցականները, որոնք հնչում էին վերակառուցման տարիներին, դրանից դեռ ավելի վաղ, անսքող բարձրաձայնում էին  այն  հավաքներում, որոնք տեղի էին ունենում ժողովներում, խորհրդակցություններում Եղեգնաձորի  կուսշրջկոմի քարտուղար, փորձառու, ճշմարիտ գաղափարակիր Եփրեմ Թադևոսյանի ներկայությամբ կամ նախագահությամբ: Հարց է ծագում` որտեղի՞ց այդքան ու այդպիսի շիտակ համարձակություն, շրջահայացություն և իմաստնություն: Իհարկե, առաջին հերթին պետք է նշել փայլուն կրթությունը,  մտավոր  հարստությունը, որոնք ձեռք էր բերել օտար, բայց հարազատ դարձած միջավայրում: Ապա` օրինակելի  ծառայությունը բանակում,  այնուհետև դասախոսական ու վարչական  բեղմնավոր գործունեությունը: Այս ամենը նրան  զարգացրել, հարստացրել էր  գաղափարաբարոյական անհրաժեշտ բաղադրիչներով:  Իսկ գլխավորն այն էր, որ  իր հոգու և մտքի բոլոր կարողությամբ նվիրված էր, պատրաստ իրագործելու  երկրի կյանքի վերակառուցման ուղենշային  ծրագրերը, դիմակայել լուրջ մարտահրավերներին, չնայած նույնիսկ իր անձնական ողբերգություններին: Նույն այդ վճռականությամբ ու կորովով էլ նա շարունակեց իր գործունեությունը 1985-91 թթ.:
  Բայց, ավաղ, <<վերակառուցում>> կոչվածը դարձավ խորհրդային կարգերի գերեզմանափորը: Փլուզվեց ԽՍՀՄ-ը, և նրա ավերակների ներքո հատկապես տուժեցին փոքր ազգերն ու ազգությունները:
    Հայ ժողովրդի կյանքում  վերստին ծայր առավ աննախադեպ ծանր վիճակ, որը զուգահեռվեց  Սպիտակի երկրաշարժի և արցախյան ազատամարտի դաժան իրականության հետ:  Ծայր առան անլույս ու անհաց տարիները` սոսկալի ձմեռներով: 
Եփրեմ Թադևոսյանը այդ տարիներին  մնաց իր ժողովրդի  հետ, մտքով անգամ չլքեց երկիրը` չնայած հնարավորությունները քիչ չէին:
   1991թ. սեպտեմբերից թողնելով պաշտոնը` Թադևոսյանը  զբաղվում է հասարակական գործունեությամբ, ձեռնարկում բարեգործական բեղուն աշխատանքներ:
   Պատերազմի տարիներին նրա ջանքերն ուղղված էին մարտնչող Արցախին  հնարավոր ամեն ինչով  օգնություն կազմակերպելուն: Ի դեպ, այդ հարցում նրան զորավիգ էին Ռուսաստանում,  Ուկրաինայում և այլուր ապրող նրա բազմաթիվ  ընկերներն ու բարեկամները:
  Ահա այսպես, իբրև ճշմարիտ հայրենասեր և իր  ժողովրդի  հավատարիմ զավակ, նա շարունակում է ծառայել մարդկանց` նաև մեծացնելով, բազմապատկելով Հայաստանի անկեղծ բարեկամների թիվը:
   Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի Եփրեմ Թադևոսյան-մարդու, անհատի, գործչի համար գերագույն արժեքն իր սիրասուն երկիրն է, իր ժողովուրդը, որոնց  նվիրվել է ընդմիշտ ու անմնացորդ…

Արմեն Կարապետյան
Պատմաբան, հրապարակախոս    
SHARE