Ի շահ բնակիչների

0
28

Հոգատարություն

ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ (Պետական գույքի կառավարման վարչություն)

  goris1  Մենք այսօրվա դրությամբ կատարում ենք ընդամենը ՀՀ կառավարության որոշման կետերը, ըստ որի պարտավոր ենք գույքը հանձնելու բնակիչներին: Նվիրաբերության պայմանագիր պիտի կնքվի նրանց հետ: Մեր իրավաբանները նոտարական գրասենյակում կատարեցին այդ գործողությունը, կնքվեցին նվիրաբերության պայմանագրեր 16 բնակարանների սեփականատերերի հետ: Ես, որպես գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի անդամ, ներկայացուցիչ, սիրով կատարեցի այդ առաքելությունը: Պետական կառույցների հետ այլևս գործ չի մնացել, և բնակիչները կարող են ստանալ սեփականության վկայագրերը: Մնում է, որ ուղղակի օրինականացնեն իրենց իրավունքը Գորիսի կադաստրում:

  Կառավարության որոշումը լույս է տեսել ընդամենը 2 ամիս առաջ: Ամենակարևորն այստեղ այն է, որ ոչ թե մարդիկ են գնացել համապատասխան կառույցների դուռը, այլ այնտեղից, դրանց ներկայացուցիչները եկել են Գորիս և տեղում կատարել պահանջվող գործողությունը: Մենք լավ հասկանում ենք, որ հանրակացարանում ապրողների հնարավորություններն այնպիսին չեն, որ կարողանան մայրաքաղաք հասնել, ժամանակ, դրամական միջոցներ ծախսել և լուծել իրենց խնդիրները: Ահա թե ինչու ամեն ինչ կազմակերպվեց տեղում` բնակիչների հոգսը հնարավորինս թեթևացնելու նպատակով:

  Այստեղ շատ մեծ է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դերակատարումը: Նրա ջանքերի, հոգատարության շնորհիվ է, որ տվյալ գործընթացը սահուն ու առանց ձգձգումների ընթացավ, որ մարդիկ կարողացան այդպես` առանց լրացուցիչ խոչընդոտների ու ծախսերի հասնել իրենց նպատակին: Հանրակացարանի բնակարանները սեփականաշնորհվեցին այդտեղ ապրողներին, ահա թե ինչու վերջիններս մեծապես շնորհակալ են իրենց մարզպետին…

 ՄԱՍԻՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ (Հանրակացարանի պարետ)

   Մեզ համար էլ մեծ ուրախություն է, որ մեր բնակիչներն այսքան տարի այստեղ ապրելուց հետո սեփականության իրավունք ձեռք բերեցին: Մարզպետի` պարոն Խաչատրյանի նախաձեռնությունն է: Նա մտահոգված էր տվյալ խնդրով և ի շահ բնակիչների արեց հնարավորն ու անհնարինը: Այս փաստը ևս իր հերթին գալիս է վկայելու, որ մարզպետը կանգնած է ժողովրդի, հատկապես կարիքավորների կողքին, շատ է ուզում, որ մարդկանց ապրելակերպի պայմանները հնարավորինս բարելավվեն:

  Ես միաժամանակ Գորիսի 6-րդ ենթաշտաբի պետն եմ: Հանրաքվեի քարոզարշավի հետ կապված ամեն ինչ խաղաղ ու հանգիստ մթնոլորտում է անցնում: Ժողովուրդը լավ է տրամադրված, բարյացակամ է, ինչն էլ իրավունք է տալիս ինձ փաստելու, որ այս անգամ ևս համապետական միջոցառումը մեզանում բարձր ցուցանիշներ կարձանագրի: Դրանում մեծ դեր ունի այն, որ տեղի իշխանությունները ժողովրդական են, ժողովրդավար, կանգնած են իրենց բնակիչների կողքին, օգնում են, կիսում հոգսերը:

   Այո, ընկեր են, ավելի շուտ` նեղ օրվա ընկեր, ամեն ինչ անում են, որպեսզի մարդը դռնեդուռ չընկնի, անհարկի դժվարություններ չկրի, իր խնդիրները տեղում լուծի, բավարար պատասխան ստանա: Ահա թե ինչու հարգանք ու հեղինակություն են վայելում բնակչության լայն շրջանում: Փոխադարձության, վստահության գործոնը մեծ է, ինչի արդյունքում է, որ մենք չնախատեսված, անցանկալի միջադեպերից հեռու ենք, և արդյունքներն էլ բոլորիս սրտով են լինում:

   Ժողովուրդն, անկասկած, <<Այո>> կասի սահմանադրական փոփոխություններին` վստահ լինելով, որ դա առաջին հերթին հենց իր, իր երկրի շահերից է բխում և կոչված է բարելավելու պետության կառավարման համակարգը: Դրանում վստահ ենք բոլորս և լավատեսորեն ենք տրամադրված ապագայի նկատմամբ…