Ի շահ հայ արվեստի զարգացման

0
39

Արժևորել, գնահատել գեղեցիկը և նրա հավատավոր մշակին…
 <<Կառլլևոնի>> պատկերասրահը /Վերնիսաժի հարևանությամբ, Վարդանանց 14/1/:  
Նկարչի գեղանկարի վերջին վրձնահարվածները, քանդակագործի աշխատանքի տեղադրումը, գրողի գրքի լույս ընծայումը, ճարտարապետի շինարարության ավարտը, դրամատուրգի պիեսի բեմահարթակ բարձրանալը, երգահանի երկի կատարումն ամենաերջանիկ պահերն են ստեղծագործողի համար: Նույնպիսի անմոռաց, թերևս, իրադարձություն է պատկերասրահի կազմակերպում-բացումը, ինչի արդյունքում ի մի է բերվում արվեստագետների տարիների վաստակը` հանձնվելով պատմության ու ժողովրդի դատին: Ահա, այդ նպատակով հիմնադրվեց
   Ցուցասրահի հիմնադիր Արթուր Կարապետյանը մեծ եռանդով ստեղծել է ժամանակակից բոլոր հարմարություններով երկհարկանի /200 քմ տարածությամբ/ պատկերասրահ: Սրահի նպատակն է դասականի հետ միասին այցելուներին ներկայացնել ժամանակակից հայ կերպարվեստը: Այդ նպատակով գործադրել են նաև համակարգչային տեխնիկան` գովազդելու այստեղ ցուցադրվող տարբեր ժանրերի, տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև ժամանակի ընթացքում միջազգային ցուցասրահների միջոցով ցուցադրվել ու կազմակերպել վաճառք: Բացի դա` սրահը տրամադրել գեղանկարիչներին, քանդակագործներին, նաև բարեգործական հիմունքներով արվեստի բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողներին, երիտասարդ գեղանկարիչներին` ցուցադրվելու նպատակով: Այո, տարածք հատկացնելով, ճանաչվելու լավ հնարավորություն ընձեռել: 

  Այցելելով այս բարձրաճաշակ սրահ, հաղորդակից լինելով այն դրական էներգիային, որ ճառագում է այստեղի կտավների տաք գույներից, ինչպես նաև մարդկային ջերմ ու առինքնող վերաբերմունքի արժանանալով, ցանկություն առաջացավ զրուցելու նրա հիմնադիր Արթուր Կարապետյանի հետ, ով սիրով ու ընկերոջը հարիր վերաբերմունքով ընդունեց մեր առաջարկը:

  -Շատ նկարիչների հետ եմ շփվել,- ասաց նա,- հետաքրքրվել նրանց գործերով: Միտք հղացավ արվեստի սրահ բացել և ներկայացնել մեր լավ նկարիչների գործերը: Ես նկարչությամբ չեմ զբաղվել, բայց այդ տեղը դուրս եկավ այս երկու ամսվա ընթացքում, և նկարչությունն սկսեցի սիրել ավելին: Արվեստի սրահ բացելը, բիզնեսից զատ, նկարիչներին ծառայություն մատուցելն է, որպեսզի իրենց նկարները հայտնի դառնան, արժեվորվեն, գնահատվեն: Ի վերջո, սրահի ամբողջ նպատակն է հիմնականում ցուցադրել ժամանակակից, կլասիկ արվեստի հայ, ռուս և եվրոպացի նկարիչների ստեղծագործություններ, իրականացնել դրանց վաճառքը: Բացի դրանից, ուզում ենք սրահը տրամադրել երիտասարդ նկարիչներին` նրանց ներկայացնելու, բարձրացնելու, ճանաչում ձեռք բերելու նպատակ հետապնդելով: Դրանով նկարիչներին ոչ միայն մեր հանրությանը, այլև ողջ աշխարհին  կներկայացնենք: ժամանակակից կապի հնարավորություններն օգտագործելով, կհամագործակցենք աշխարհի առաջնակարգ պատկերասրահների հետ: Հայ արվեստը ներկայացնելու ենք համայն աշխարհին, ընդ որում, գրեթե բոլոր ոլորտներում` քանդակագործություն, նկարչություն, դեկորատիվ արվեստ, գորգագործություն և այլն: Ցուցադրվելու են արվեստի բոլոր ժանրերի գործեր: Հաջողություն ունենալու դեպքում անդամակցելու ենք պատկերասրահների ասոցիացիային և հնարավորություն կունենանք մի քանի այլ պատկերասրահների հետ ցուցադրվելու արտասահմանյան երկրներում: Ջանալու ենք այս ծրագրերն անպայման կյանքի կոչել: Հայտնաբերելու ենք նոր նկարիչների` նրանց ներկայացնելով աշխարհին: Չէ՞ որ ազգը ճանաչվում է իր արվեստով, իսկ մեր արվեստը շատ բարձր է, առավել լայն ճանաչման արժանի: Ունենք հանրահայտ նկարիչներ,  ում ողջ աշխարհն է ճանաչում: Այս պահի դրությամբ 25-ից ավելի տարբեր նկարիչների գործեր կան ցուցադրված: Ժամանակի ընթացքում ցուցադրությունները կփոխվեն, կթարմացվեն, որպեսզի աչքի համար հաճելի լինեն: Ժամանակի ընթացքում ցուցադրելու ենք հիմնականում այն արվեստագետների գործերը, ովքեր ավելի մեծ ճանաչում ունեն հասարակության շրջանում: Բանավեճեր կկազմակերպենք, ինչի արդյունքում, հավատացած ենք, սրահի գործունեությունն առավել նպատակային ու արդյունավետ կդառնա: Ջանալու ենք, որպեսզի արվեստի իմացությունը մեր լավագույն մասնագետների կողմից փոխանցվի երիտասարդ սերնդին: Անգամ հնարավորություն կտրվի գեղարվեստի ուսումնական հաստատությունների սաներին իրենց դիպլոմային աշխատանքներն այստեղ կազմակերպելու,   ձեռքի աշխատանքները ցուցադրելու: Չենք անտեսելու նաև երեխաներին` նրանց համար կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ…
  Այն հարցին, թե ի՞նչ հիմունքներով են ընտրվելու նկարները, պարոն Կարապետյանը պատասխանեց.
  -Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք, որևէ տարբերություն չենք տեսնում: Մարդը նկարը բերում է, մեր մասնագետը գնահատում է, և եթե արժեքավոր գործ է, ապա 3-4 ամսվա պայմանագիր է կնքվում` դրվելով ցուցադրության: Անհրաժեշտության դեպքում պայմանագիրը կարող է երկարաձգվել: Փոխադարձ համաձայնության դեպքում մենք կընդառաջենք նկարչին ինչ-ինչ հարցերում: Բոլոր նպաստավոր պայմաններն ստեղծված են նկարիչների համար` սկսած սրահի ընդարձակությունից և վերջացրած բարեհամբույր վերաբերմունքով: 
  -Ինչո՞ւ սրահը կոչեցիք <<Կառլլևոնի>>, ինչո՞վ է դա պայմանավորված:
 -Սրահը բացել եմ հորս` Կառլեն Կարապետյանի աջակցությամբ: Եթե իր անմիջական ֆինանսավորումը չլիներ, ապա նման սրահ բացելը դժվար կլիներ և բարդություններ կառաջանային: Հայրս ֆինանսավորում է, բայց աշխատանքներին չի միջամտում` բացի խորհրդատվությունից: Իսկ անվան հետ կապված` բավականին պրպտումների մեջ ենք եղել: Հայրս է իր թոռնիկների` Կառլենի և Լևոնի անուններով կոչել: Իմ որդիներն են: Մեծ թոռան անունը Կառլեն է, իսկ փոքրինը` Լևոն /հոր անունը/: Հայրս առիթ է ման գալիս, որ նրանց անունով ինչ-որ բան անի: Դա իր սրտով էր, այսպես ասած, իր համար էլ էր, և ուրախացավ այդ անունով: Հայրս թոռների հետ շատ է կապված: Հատկապես մեծի հետ շատ է շփվում, թեև երկուսի հետ էլ մտերիմ է: Ցանկացած բան` կապված թոռների հետ, հայրիկիս համար ոգեշնչող է, և շատ է ուշադրություն դարձնում նրանց: Երեխաներն էլ շատ ուրախացան` իմանալով, որ իրենց անուններով է սրահը կոչվում: Երեխան ուշադրությունից թև է առնում, անասելի ոգևորվում: Մի կարևոր հանգամանք ևս այստեղ կա` երեխաները, անկախ իրենց կամքից, կկարևորեն արվեստը, ուսման, գեղարվեստի հանդեպ հակումը կմեծանա, իսկ ամենակարևորը` պապի հետ մտերիմ լինելով, շատ ճիշտ ու լավ մարդիկ կմեծանան…
  -Պարոն Կարապետյան, <<Կառլլևոնի>> արվեստի սրահի մոտեցումը կարծես մի փոքր այլ է, գործի նկատմամբ մոտեցումն այլ նպատակ է հետապնդում: Ավելի շատ գաղափար եմ տեսնում դրված, քան բիզնես: Շեշտը դրված է մարդկային որակների, վեհ հատկանիշների վրա:
-Բոլորի առջև մեր դռները բաց են` թե՛ այցելուների, թե՛ գնորդների և թե՛ արվեստագետների առհասարակ: Նկարիչներին ծառայություն է մատուցվում, գնորդին էլ ընտրության հարցում իր խորհուրդներով օգնում է մեր մասնագետը: Մեզ համար կարևոր է, որ հաճախորդն իրեն լավ զգա, գոհ ու բավարարված հեռանա: Սրահը երկհարկանի է: Առաջին հարկում սեղան-աթոռներ են տեղադրված, որպեսզի այցելուները նստեն, օգտվեն մեր հյուրասիրությունից` թեյ, սուրճ, հյութ, ջուր կամ այլ բան: Օջախի տպավորություն պիտի ստանա մարդը` ներս մտնելով, ջերմ ու ընկերական վերաբերմունքի արժանանա: Մեր սրահի հիմքում, իրոք, ընկերությունն է, մարդկային ջերմ փոխհարաբերությունները: Հավատացած ենք, այդ ընկերական մոտեցումն էլ ավելի հաջողություն կբերի սրահին: Հաջողությունը նաև շատերինը կլինի…
  Զրուցելով Արթուր Կարապետյանի հետ, կրկին համոզվեցինք, իրոք, որ ընկերական հարաբերություններն են ընկած սրահի գործունեության հիմքում` ընկերաբար վերաբերվել թե՛ հաճախորդին, թե՛ գեղանկարչին և թե՛ բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն այստեղ և վայելքի գեղագիտական անմոռանալի պահեր կապրեն: Սրահի հիմնադիրը, ունենալով ընկերների մեծ շրջանակ, կարողանում է դա ծառայեցնել բարի ու վսեմ գաղափարների իրագործմանը: Ընկերությունը նրա համար ապրելակերպ է, մեծ տեղ է տալիս ընկերությանը: Կարևորը բնավորությունը չէ, կարևորն իրար հասկանալն է, մարդկայնորեն ընկալելը և ընդունված չափանիշներով առաջնորդվելը: Ընկերները սրահի հարցում մեծ դերակատարում են ունեցել…     
SHARE