Լավագույններից լավագույնը

0
19

  -Խորհրդային տարիներին,- ասաց <<Կառլլևոնի>> նորաբաց սրահի արվեստի գծով խորհրդատու Գևորգ Մկրտչյանը,– նկարիչների նկատմամբ պետական մոտեցում էր ցուցաբերվում: Նկարիչն ապահովվում էր անհրաժեշտ նյութով ու պարագաներով, աշխատանքով, անվճար ցուցահանդեսներ էին կազմակերպվում և այլն: Հիմա ամեն հոգս մնացել է նկարչի, ստեղծագործողի ուսերին, ինչը, հասկանալի է, թուլացնում է նրա աշխատանքային ունակության ձգտումը: Հովանավորներ չկան, պիտի կարողանաս ինքդ վաճառել գործերդ: Այդ տեսանկյունից նման պատկերասրահների բացումն անհրաժեշտություն է: Սրահի նպատակն, ի վերջո, մեզանում եղած լավագույն գործերը ցուցադրելն է, արժանավորներին ներկայացնելը…
  Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, <<Կառլլևոնի>> արվեստի սրահի գործունեության նպատակը ոչ այնքան բիզնես հետաքրքրությունն է, որքան հայ ժամանակակից գեղարվեստն աշխարհին ներկայացնելը. 

   -Աշխատելու ենք նոր նկարիչների ի հայտ բերելու, երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու: Լինելով այսքան փոքր երկիր, ունենք մոտ 3000 նկարիչ, ինչը շատ գովելի է, և ես հպարտ եմ մեր ազգով: Երիտասարդներին ուսուցանելու, տալու շատ բան ունենք, ինչում մեր սրահն իր անփոխարինելի դերը կունենա: Նորին ձգտելու երիտասարդների ցանկությունն, ինչ խոսք, գովելի է` նոր ոճեր, նոր ուղղություններ, նոր ճանապարհներ… Աբստրակտ ոճը խիստ ընդունված է, երիտասարդությունն ամբողջությամբ գնում է այդ ուղղությամբ: Իմ հակումը ռեալիզմն է` արվեստի այն ոճը, որը բնության տարածքը մնայուն հիմնելով, մարդուն ներկայացնում է անցյալը, նրան ստիպում սիրել բնությունը: Սրահում ներկայացված են Խորեն Սուրենյանի նկարները, որոնք մաքուր ռեալիստական են` ծաղկեփնջեր, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ: Բնության նկարները գեղեցիկ են դիտվում և հավերժ մնայուն են: Յուրաքանչյուր ոք պետք է յուրովի հասկանա նկարը և էներգիա ստանա: Նկարիչը շատ մեծ էներգիա է դնում կտավում, և այդ էներգիան դիտողին է փոխանցվում: Ցուցադրությունում ունենք Իսրայելյան, նրա Սևանները գունային վառ երանգներով սեր են հաղորդում մարդուն: Կտավին նայելով` տեսնում ես նկարչին: Հրանտ Միրզոյանի գործերն ունենք: Ինչպես ինքն է, այնպես էլ` իր նկարները: Նրա ոճը հիմնականում աբստրակտն է: Գունային այդ երանգները, գունային հարմոնիան քեզ տալիս են այն էներգիան, որին սպասում էիր: Շատ այցելուներ նման նկարների մոտից դժվարությամբ են հեռանում: Ունենք Գոռ Շահբազյան, նրա մոտ շատ զարգացած է կոմպոզիցիան, ստեղծագործական ուրույն աշխատանքներ ունի, որոնք նորություններ են: Կարելի է ասել, բոլոր ոճերն էլ ունենք, իրար կողք-կողքի ներկայացված են: Բոլոր նկարիչներին, պարզ է, հնարավոր չէ այստեղ ներկայացնել, բայց նշեմ Արտյոմ Մելիք-Ղազարյանին, ով ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան և մեծ ճանաչում ունի ԱՊՀ երկրներում… Սրահը շատ ընդարձակ է, առանց տարբերակման ցուցադրվում են բազմաթիվ նկարիչների գործեր: Մեծաթիվ այցելուներ ենք ունենում: Հիմնականում հետաքրքրվում են 20-րդ դարասկզբի նկարիչների գործերով, թեև մյուս ոճերը պակաս հետաքրքրող չեն: Հաճախում են հավաքորդներ, պետական մարմիններում աշխատողներ, մի խոսքով, հետաքրքրվողները շատ են: Մեր պատկերասրահը, իմ համոզմամբ, լավագույններից լավագույնն է` ոչ թե ճանաչողությամբ, այլ իր ճարտարապետական ձևավորմամբ, ինչպես նաև նկարների հավաքածուների քանակով: Մեր հիմնադիրները, որ ազնվագույն մարդիկ են, բոլոր բարենպաստ պայմաններն ստեղծել են: Արվեստի բնագավառում, արվեստի բիզնեսում շատ մեծ նշանակություն ունեն ազնվությունը, մաքրությունը, բարձրակարգ սպասարկումը, ինչը հիմնադիրներն առաջնահերթ կարևորելով` դրել են սրահի գործունեության հիմքում: Բարի կամեցողությունն է ակնհայտ` յուրաքանչյուրի հանդեպ, ընկերական մոտեցումը: Նրանք, իրոք, արվեստով ապրող մարդիկ են: Գեղանկարչությունն, ի տարբերություն լուսանկարչության, արտահայտում է հեղինակի ապրումները: Ունենք նաև Հարություն Կալենցի, Մարիամ Ասլամազյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Վերգինե Հայրապետյանի, Ելենա Աբրահամյանի, Մարո Սարգսյանի գործերից: Բացի հայ հեղինակներից, ունենք նաև այլազգի հեղինակների գործեր, ինչպես, օրինակ, Թենգիզի /Թբիլիսի/, ով մեզ մոտ լինելով, բավականին հրապուրվեց և ցուցադրության ներկայացրեց իր աշխատանքներից հինգը… Մեր սրահն, առհասարակ, իր ամեն ինչով տրամադրություն հաղորդող է, ոգեշնչող: Մեկ անգամ լինելով, ուզում ես էլի ու էլի այցելել, շարունակ հաղորդակցվել գեղեցիկին ու հավերժին…  
Ռուզաննա Մանուկյան
SHARE