Լավագույնների շարքում

0
59
Նոր Գեղին ժամանակի հետ նոր որակ ու նոր զարգացում է ապրում…

Նվիրվածություն
   Այս անգամ ևս համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև ընկերության շուրջ <<կիսվելու>> առիթով հանդիպեցինք և զրուցեցինք Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի հետ:
 -26 տարի ղեկավարում եմ Նոր Գեղի համայնքը,-ասաց պարոն Թևոսյանը:-Ժողովուրդը տեսել է այսքան տարիների իմ աշխատանքը, և այնպես է ստացվում, որ ընտրություններին մրցակից չեմ ունենում: Դա, բնականաբար, յուրօրինակ գնահատական է, գնահատական` իմ աշխատանքին: Մտնում ենք բնակչի դրության մեջ, հատկապես, երբ մարդը դժվարին իրավիճակում է հայտնվել, երբ դժբախտ դեպք կամ պատահար է տեղի ունեցել: Բարոյականից բացի, նաև ֆինանսապես ենք օգնում` ջանալով հնարավորինս թեթևացնել մարդու վիշտն ու հոգսը: Դրամական օգնություն ենք հատկացնում երեխայի ծնվելու դեպքում, առանձին ընտանիքների ֆինանսապես աջակցում: Գյուղում եկեղեցի ենք կառուցում, աշխատանքները հաջորդ տարի կավարտենք: Լիարժեք գազաֆիկացված ենք: Նորմալ է ոռոգման ջրի հարցը: Խմելու ջրով շուրջօրյա ապահովվածությունը հասնում է 90 տոկոսի: Մանկապարտեզն է վերանորոգվել, իսկ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է: Մշակույթի տունը, որ մինչև 2000 թ. կիսակառույց էր, կառավարության և իմ անմիջական հետևողականության շնորհիվ հանձնվեց շահագործման: Քանի որ գյուղը ժամանակի ընթացքում զարգացում է ապրում /արդեն 6500 բնակիչ ունի/, ուստի նոր թաղամասերում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է զգացվում /ասֆալտապատում, ցերեկային լույսերի անցկացում, կոյուղի և այլն/:

     Ես իմ բարի կամեցողությամբ բոլորի կողքին եմ, ինչը փոխադարձ է: Ասում են` մի ձեռքը ծափ չի տա, ընկերական շրջապատով արդեն հաջողություններն առավել ակնառու են դառնում: Իսկ որ ընկերներս շատ բան են արել համայնքի զարգացման համար, դա փաստ է: Եկեղեցու կառուցմանն օգնում է Գագիկ Ծառուկյանը, հատկապես` ցեմենտով: Այդ գործում ֆինանսական օգնություն է ցուցաբերում իրանահայ Գեղամը, որ մեր գյուղի բնակիչ է: Նա նաև այլ հարցերում է համայնքին օժանդակում: Գարմեն Մխիթարյանն է նյութապես աջակցություն ցուցաբերում համայնքի զարգացմանը: Նոր Գեղիի <<Նաիրի Ագրո>> ֆիրմայի, գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Ցոլակ Խաչատրյանն է գյուղի համար շատ բան արել: Գյուղը թափ է առել 1977-ից, երբ Խաչատրյանն սկսեց ղեկավարել այդ ֆիրման: Երջանկահիշատակ Ֆադեյ Սարգսյանը նրա ընկերն էր, և այդ հարաբերությունների արդյունքում մեր գյուղը մեծապես շահեց: Ամբողջ շրջանում չկար այնքան գյուղմեխանիզմ, որքան Նոր Գեղիում: 400 հեկտար ինտենսիվ այգի հիմնվեց` ոռոգման իր ժամանակակից ցանցով ու լավագույն հնարավորություններով: Մինչև օրս մարդիկ շարունակում են օգտվել դրանից: Ցոլակ Խաչատրյանի փորձն է փոխանցվել ինձ և դրանով ես առաջնորդվում եմ: Մեծ շուքով նշեցինք նրա ծննդյան 89-րդ տարեդարձը: Չնայած պատկառելի տարիքին, իմ ընկերն է: Ընկերություն եմ անում Նոր Հաճնի նախկին սննդառի տնօրեն Գարմեն Մխիթարյանի, <<Էներգոնազի>> պետ Ռաֆիկ Նազարյանի, գյուղի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Հայկ Գրիգորյանի, համագյուղացի Վլադիկի, Աբովյան քաղաքից Գնել Սիմոնյանի, Սերգեյ Մարդոյանի հետ: Ընկերներս ամեն հարցում կողքիս են, ինձ թև ու թիկունք` համայնքի գործերն առաջ տանելու գործում… Չկա լավ ու վատ ընկեր: Եթե ասում ես ընկեր, ուրեմն` լավն է: Ընկերությունը շահադիտական չպետք է լինի: Չպետք է սպասել ընկերոջ քայլին, որից հետո միայն դու քոնն անես: Ընկերությունը տարիք, սեռ, ազգություն չի ճանաչում: Կարևորը ոգին է, մարդկային որակը, ազնվությունն ու անկեղծությունը: Դժվարությունները հաղթահարվում են, երբ ընկերներդ կողքիդ են: Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մարդկային բնականոն հարաբերություններ ձևավորելը` անկախ տվյալ անհատի կարգավիճակից, պաշտոնից, ֆինանսական հնարավորություններից: Ամենագնահատելին մարդկային հարաբերություններն են, ինչից էլ ընկերություն է ձևավորվում: Մեծ գործ եմ համարում այն, որ Մոլդովայից տնկիներ ենք բերում և մատչելի գնով հատկացնում մեր բնակիչներին: Աստիճանաբար <<երիտասարդացնում>> ենք այգիները, ինչը շատ կարևոր գործ եմ համարում: Մեր գյուղացու ապրուստի հիմնական միջոցը այգեգործության ոլորտն է, ուստի որքան դրա արդյունավետությունը բարձրանա, այնքան ավելի լավ մարդկանց համար…

   Ինչպես մեր զրույցում նշեց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ալինա Առաքելյանը, համայնքի ղեկավարը գյուղում մեծ հարգանք ու վստահություն է վայելում: Բնակիչների գոհունակությունն ակնհայտ է, իսկ գյուղապետարանում էլ լավ աշխատակազմ է ձևավորված: Աշխատանքում խստապահանջ է, բայց մարդկային հատկանիշներն ամեն ինչում զգացվում են: Հետևողական է, սկզբունքային, միաժամանակ` մեծահոգի ու ներողամիտ: Բոլորին հավասարապես կվերաբերվի, կօգնի անգամ անհնարին թվացող իրավիճակներում: Բոլորս համախմբված աշխատում ենք, միասնական ենք, այլ կերպ անհնարին է: Իր էությամբ համախմբող ու նախաձեռնող է: Պարոն Թևոսյանի կողմից արվում է առավելագույնը, որպեսզի մեր համայնքը լավագույնների շարքում իր արժանի տեղն ունենա…
SHARE