Լավագույն համայնք դառնալու ճանապարհին

0
64

Հավատով ու վստահությամբ` դեպի մարդը, աշխատավոր գյուղացին…

Առաջընթաց
   Կարեն Սարգսյանը, 2010-ից ստանձնելով Արարատի մարզի Այնթապի գյուղապետի պաշտոնը, շատ տխուր ժառանգություն ստացավ, սակայն կարողացավ կարճ ժամանակում լուրջ աշխատանքներ իրականացնել, վերականգնել ու կառուցել գյուղը: Համախոհների, թիմի հետ մեկտեղ: 
   Առաջին ամենամեծ ձեռնարկումը մանկապարտեզի խնդրի լուծումն էր: Ինչպես տեղեկացանք գյուղապետի տեղակալ Գեղամ Հովհաննիսյանից, մանկապարտեզի նախագծային արժեքը բավականին մեծ էր` մոտ 1 մլն 100 հազար դոլար: Շինարարությունն սկսվել է 2012-ի գարնանը և արդեն ավարտին է հասցվել: Մնացել է գույքի ձեռք բերումը, ինչպես նաև տարածքի բարեկարգումը: Շուտով այդ աշխատանքներն էլ կավարտվեն, և Այնթապը կունենա հրաշալի մի կառույց:

    -Այս գործը մեծ դժվարությամբ գլուխ բերվեց,- նշեց պարոն Հովհաննիսյանը:- 11000 բնակիչ ունեցող գյուղը մանկապարտեզ չուներ, նախկին շենքը վաճառվել էր: Նախագահ Սերժ Սարգսյանը մարզ կատարած այցի ընթացքում խոստացավ ու կատարեց: Առաջին ներդրումը` 60 մլն դրամ, կատարվեց գյուղապետարանի բյուջեից, ապա` սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, Արարատի ոսկու կորզման գործարանի 90 մլն դրամ ներդրումով, Համաշխարհային բանկի օգնությամբ: Մինչև գարնան վերջը մոտ 180 երեխա հնարավորություն կունենա հաճախելու մանկապարտեզ: Իսկ մինչ այդ գյուղապետարանը ավտոբուս է հատկացնում երեխաների համար` հարևան համայնքների մանկապարտեզներ հաճախելու համար: Տրանսպորտային փոխադրամիջոց է հատկացվել նաև դպրոցականների ու ուսանողների համար: Կարեն Սարգսյանը տված խոստումների գրեթե 90 տոկոսն արդեն կյանքի է կոչել: 70 ուսանողի, սոցիալական կարգավիճակից ելնելով, օգնություն է տրամադրվում ուսման վարձավճարի մուծման գործում: Այդ գումարը տարեկան ընդհանուր կազմում է 8 մլն դրամ: Տարեկան 6 մլն դրամ ընդհանուր գումարով օգնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին: 2,5 մլն դրամ նախատեսված է բուժսպասարկման ծախսերը հոգալու համար: 14-15 մլն դրամ տարեկան նախատեսված է բնակչությանն օգնելու համար: Բյուջեի միջոցներով գյուղապետարանի շենքն է վերանորոգվել ու կահավորվել: Գրադարանն է համալրվել, այսօր 7800 կտոր գիրք ունենք: Ինչ հնարավոր է, բյուջեի միջոցներով արվում է: Տարեկան 55 մլն դրամ հատկացվելու է մանկապարտեզին: Աղբահանություն է իրականացվում: Բյուջեի կատարողականն արդեն 110 տոկոսի է հասցվել` նախկին 30 տոկոսի փոխարեն: Անգամ մեր գրպանից ենք օգնում մարդկանց, եթե դրա կարիքն, իրոք, զգացվում է: Բնակիչներին հուսախաբ անելու իրավունք չունենք, պիտի իրենց աչքերով տեսնեն, որ ամեն ինչ արվում է համայնքի վիճակը հնարավորինս բարելավելու համար: Հավատի ու փոխվստահության մթնոլորտ կա, եղած միջոցները նպատակային ու արդյունավետ են օգտագործվում: Ահա այս ամենի արդյունքում մեր գյուղացին իր քվեն տվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Նախագահը մշակույթի տուն կառուցելու խոստում էլ է տվել: Նախագիծ-նախահաշիվն ենք կազմում: Նախակրթարաններ ունենք, որտեղ 170 երեխա է հաճախում: Երկու դպրոցներին էլ օգնում ենք: Դրանց սանհանգույցների, մարզադահլիճի վերանորոգումն ենք կազմակերպել, ջեռուցում անցկացրել, պատուհաններ փոխել: Այս ծրագրերն իրականացնելիս մեզ օգնել է մարզպետարանը: Նախատեսել ենք այս տարի սկսել գյուղի գազաֆիկացումը, որը հաջորդ տարի ավարտին կհասցվի: Ծրագրում ենք  փողոցների լուսավորման հարցն աստիճանաբար լուծել: Պետական ծրագրով խմելու ջրի ներքին ցանցում նոր խողովակաշար է անցկացվում: Գյուղում 2010-ից սկսած մոտ 4 մլն դոլարի ընդհանուր ներդրում է արվել: Ծրագրում ենք աղբատար նոր մեքենա ձեռք բերել, քանի որ ամեն օր աղբահանություն է իրականացվում: Այս մեծ ծավալի աշխատանքը գյուղապետը միայնակ ի վիճակի չէ իրականացնել: Նրա կողքին կանգնած ենք` միասնական ու համախմբված: Անում ենք առավելագույնը…  

 

    Գյուղապետի տեղակալը ցավով նկատեց, որ մարդկանց մեջ աշխատասիրությունն է տեղի տվել, սրտացավություն չկա, կարգ ու կանոնից հեռու են: Չի կարելի միայն դժգոհել, բողոքել ու պահանջել և ամեն ինչ թողնել տեղի իշխանության, գյուղապետի վրա.
    -Անկախ այդ ամենից, մենք համայնքի ղեկավարի կողքին կանգնած ենք և անում ենք անգամ մեր ուժերից ավելին, որպեսզի համայնքը զարգացման ճանապարհով ընթանա: Շատ գրագետ թիմ ունենք, բոլորն էլ մասնագետներ են, իրենց գործին քաջատեղյակ: Այսօր գյուղում աշխատանքային մթնոլորտ է տիրում: Մարդիկ իրենց հողերի մշակությամբ են զբաղված: Ոռոգման հարցը պիտի անպայման լուծենք, որպեսզի հողագործն անցանկալի իրավիճակի առջև չհայտնվի: Բարենպաստ պայմաններ պետք է ապահովենք, գյուղացու գործունեությունն ամեն գնով խրախուսենք…
   Նշենք, որ Կարենն ու Գեղամը մանկուց ճանաչել են իրար, այսօր ընկերներ են: Եվ այդ ընկերությունն էլ մեծապես նպաստում է, որ ավելի նպատակամղված գործեն` ի նպաստ համայնքի ու նրա բնակչության: Նրանց նվիրական երազանքը բարեկարգ ու բարեկեցիկ համայնք ունենալն է: Համայնքապետի միջոցներով գյուղում զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար է կանգնեցվել: 1812 թ. կառույց Սուրբն են վերանորոգել ընկերների միջոցներով, երկու խաչքար տեղադրել, պատարագ է մատուցվում: Ստեղծել են <<Այնթապ>> հիմնադրամ, որպեսզի եկեղեցի կառուցեն: <<Այնթապ>> հայրենակցական միության մասնակցությամբ դիմելու են արտերկրի ընկեր-բարեկամներին, որպեսզի գործը հաջողությամբ գլուխ բերեն: 
   Մեր զրույցի ընթացքում դժվար չէր համոզվել, որ Գեղամը Կարենին ընդունում է եղբոր պես, որքան էլ դժվարին ու պատասխանատու լինի իրենց աշխատանքը, միևնույն է, սրտացավորեն ու նվիրված անում են: Ընկերությունը երկուսի համար էլ սրբություն է: Ոչինչ չեն խնայում պատիվն ու հարգանքը բարձր պահելու, իրենց հեղինակությունն առավել ամրապնդելու համար: Գյուղապետարան մարդիկ դիմում են հավատով ու բավարարված էլ դուրս գալիս այնտեղից: Գյուղացու կողքին կանգնած են, չեն անտեսում ոչ ոքի` մարդկայնորեն վերաբերվելով յուրաքանչյուրին: Բնակիչների սերն ու վստահությունն իրենց աշխատանքի ամենամեծ գնահատականն է…   
SHARE