Լավատեսական, հուսադրող, արժանապատիվ

0
40

Հավաստում

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Սյունիքի մարզպետ, <<Այո>>-ի մարզային կենտրոնական շտաբի պետ)

Suren Xachatryan 2

    Սյունիքն այսօր, կարելի է ասել, ապրում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի սպասումներով: Սպասումներ, որ ավելի շատ լավատեսական ու հուսադրող են, քանզի սյունեցին կատարել է իր ընտրությունը դեռ էն ժամանակներից, երբ պահում ու պահպանում էր հայրենի լեռնաշխարհը, երբ կռիվ էր տալիս բարբարոսների ու օտար ցեղախմբերի դեմ: Այսօր կռիվը, բարեբախտաբար, խաղաղ, քաղաքական դաշտում է, և սյունեցին այստեղ էլ իր բնավորությանը, էությանն ու հավատամքին հավատարիմ մնալով` վճռական կանգնած է նորի, առաջավորի և, ի վերջո, հայրենի երկրի ապագան կերտող գործընթացների կողքին:

   Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին, հայրենի երկրի, հարազատ  լեռնաշխարհի արժանավոր ու նախանձախնդիր զավակը լինելով, մշտապես սյունեցիների կողքին է` նրանց հետ, հայրենակիցների հույզերը, ակնկալումներն ու ձգտումները հավասարապես կիսող: Ամենօրյա հոգսաշատ գործունեությանը զուգահեռ ղեկավարում է նաև Սյունիքում <<Այո>>-ի կենտրոնական շտաբը:

   -Միանշանակ է այն,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը,- որ Հայաստանում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նման հնարավորություն է ընձեռում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի քարոզարշավի ավարտից հետո կկայանա հանրաքվեն: Առաջարկվող փոփոխություններին հասնելու մի քանի ճանապարհ կա, որոնցից հիմնականը իշխանության ձևավորման համակարգային, արմատական բարեփոխումն է: Նոր Սահմանադրությունը, որը իշխանության տարբեր մարմինների միմյանց վերահսկելու լիազորություններ է վերապահում, կարող է նման հնարավորություն տալ: Բացի այդ, մարդու իրավունքների առումով առաջարկվող փոփոխությունները շատ ավելի առաջադեմ են, ինչը մեր երկիրն առավել զարգացնելու ու ժողովրդավար դարձնելու լավ շանս է: Արդարադատության և, ընդհանրապես, դատական իշխանության մասին հոդվածները կարդալով` կտեսնենք, որ որևէ համակարգում այդքան անկախ չի լինում այն, որքան պառլամենտարիզմի դեպքում: Առհասարակ, ցանկացած բարեփոխում դրական, ողջունելի քայլ է և անպայման լավ արդյունքների հանգեցնող: Իսկ լավ գիտենք, որ մեր ժողովուրդը երկու ձեռքով կողմ է փոփոխություններին: Մեծապես կարևորում եմ նաև այն, որ եթե նախկինում ընտրությունների ժամանակ անձերի բախումներ, առճակատումներ էին լինում, հասարակությունը պառակտվում էր` իր մեջ անգամ թշնամանքի դրսևորումներ կրելով, ապա առաջարկվողի պարագայում նման վտանգից խուսափելու մեծ հնարավորություն է ստեղծվում: Մեր <<Այո>>-ն վերջ է դնելու անառողջ հույզերին ու պոռթկումներին և հասարակության ներսում խաղաղության, կայունության ու  հանդուրժողականության մթնոլորտի երաշխիք է դառնալու: Մի խոսքով, մենք այսօր մեր երկիրը, պետությունը զարգացնելու խնդրի առաջ ենք կանգնած և մեր ճիշտ ընտրությամբ պետք է տանք, ազդարարենք այդ մեկնարկի սկիզբը: Սյունիքը <<Այո>> է ասում, <<Այո>>` առաջընթացին ու զարգացմանը, մեր ապագա բարեկեցությանն ու կայունության ամրապնդմանը: Սյունեցին պետությանն ու պետականությանը կողմ ժողովուրդ է, պետական մտածելակերպի կրող, ուստի և պատահական չէ այն խանդավառությունը, որ այսօր կա մարզում: <<Այո>>-ն նաև մեր արժանապատվությունն է բարձրացնում, այնպես որ պարտավոր ենք պատվով ու վեհությամբ տանել մեզ այսօր բաժին հասած պարտքի, պատասխանատվության բեռը…

    Սուրիկ Խաչատրյանը միաժամանակ հավելեց, որ <<Այո>>-ի քարոզարշավը Սյունիքում անցնում է բարձր մակարդակով, ինչը համոզվածություն է ներշնչում, որ սյունեցիների բացարձակ մեծամասնությունը դրականորեն է տրամադրված սահմանադրական փոփոխությունների իրականացման նկատմամբ: Բացատրական լայնածավալ աշխատանքի, արդյունավետ քարոզարշավի արդյունքում մարզի բնակչությունը լավ տեղեկացված է, իրազեկված, հետևաբար և` կողմնորոշված: Հանուն երկրի հզորացման, ի շահ պետության վարկի ու հեղինակության, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման…

SHARE