Լավատեսությունն ուժ է

0
25
Համայնք

<<Իմ ղեկավարման տարիներին,- ասաց Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը,- գյուղում շատ փոփոխություններ են կատարվել` և՛ համայնքի ուժերով, և՛ ծրագրերի ներգրավումով, և՛ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև բարեգործների օգնությամբ: Երեք գյուղի համաֆինանսավորմամբ կառուցվել է էլեկտրագնացքի հարթակ` որպես օրինական կանգառ: Տարեցտարի վերանորոգել ենք մշակույթի տունը, հարակից տարածքը սալապատվել է, կանաչապատվել: Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով դպրոցի տանիքն է վերանորոգվել, լոկալ ջեռուցումն է հիմնանորոգվել: Առայժմ պատուհանների մի մասն է նորացվել, խոստացել են ծրագրում ներառել և՛ մնացած պատուհանների, և՛ դռների ամբողջությամբ փոխարինումը: Պարբերաբար վերանորոգում ենք դաշտամիջյան, համահարթեցնում գյուղամիջյան ճանապարհները, խճապատում փողոցները: Կենտրոնական փողոցը լուսավորված է դեռևս 2005 թվականից, և համապատասխան ծրագիր կա աստիճանաբար լուծելու նաև մնացած փողոցների լուսավորման հարցը: Համայնքում ամբողջությամբ հիմնանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը /մոտ 10 կմ/, ինչի արդյունքում ունենք խմելու որակյալ ջուր: Սակայն դեռևս մի խնդիր կա` կապված խմելու ջրի հետ: Հարևան գյուղի հետ մեր խմելու ջրի ջրագիծը սնվում է մեկ մայր ջրատարից, և քանի որ նրա ներքին ցանցը հիմնանորոգված չէ, ուստի վթարների դեպքում կեղտաջրերից բաժին է հասնում նաև մեր բնակիչներին, ինչպես նաև տվյալ պատճառով զրկված ենք շուրջօրյա  ջրամատակարարումից: Հարց ենք բարձրացրել` առանձնացնելու մեր մայր ջրագիծը: Խոստումներ եղել են, մնում է համբերել և սպասել: Սա մեր ամենացավոտ խնդիրն է… Գրեթե բոլոր տոները նշում ենք: Մշակութային կյանքը մեծ զարգացում է ապրում: Բոլոր միջոցառումները կազմակերպվում են համայնքի ուժերով: Գործում է պարի խմբակ, ունենք շատ շնորհալի երեխաներ: Համայնքի բյուջեից 1,5 մլն դրամ ներդրմամբ, ինչպես նաև Ամերիկայի խաղաղության կորպուսի ֆինանսական օգնությամբ /մոտ 2 մլն դրամ/ մշակույթի տան դահլիճն ենք վերանորոգել, իսկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն օգնել է աթոռներով: Համատեղ նաև մանկական խաղահրապարակ է կառուցվել մշակույթի տանը հարակից տարածքում: Ծրագրում ենք առաջիկայում մարզադաշտ կառուցել: Աջակցում ենք դպրոցի աշակերտների կազմակերպած միջոցառումներին, համատեղում մեր ջանքերը: Մշակութային միջոցառումների շնորհիվ էլ ավելի է սերտացել դպրոց-համայնքապետարան կապը: Բյուջեից դրամական օգնություն ենք հատկացնում սոցիալապես անապահով ընտանիքներին, թաղման նպաստ ենք տրամադրում: Օգնում ենք բազմանդամ ընտանիքներին…>>:

    Պարոն Պետրոսյանը, խոսելով ընկերության մասին, ասաց հետևյալը. <<Յուրաքանչյուր մարդու համար կյանքն անշուք կլինի, եթե ընկեր չունենա և հեռու մնա ընկերությունից: Վերստին իմաստավորվում է մարդու կյանքը, երբ նա ընկեր է ձեռք բերում, երբ ընկերություն ունի, որը կանգնած է նրա կողքին: Միայնակ դժվար է կյանքում առաջ ընթանալ, առանց ընկերոջ հաջողության չես հասնի: Ես ինձ այսօր շատ լավ եմ զգում, քանի որ կողքիս են ընկերներս, որ ցանկացած հարցում ինձ աջակից ու նեցուկ են: Ընկերությունը մեծ դերակատարում ունի յուրաքանչյուրի կյանքում: Մանկության ընկերներիցս են Սլավիկ Դովլաթյանը, Նահապետ Նահապետյանը, Արթուր Կոստանյանը, Գևորգ Բադալյանը: Բանակային տարիների լավ ընկերներ ունեմ` Հակոբ Սանթուրյան, Արգիշտի Վոպյան, ուսանողական ընկերներիցս են Կարեն Արիստակեսյանը, Հարություն Կարապետյանը, Կարապետ Վարդանյանը, Էդմոն Զարգարյանը, Համլետ Մարգարյանը: Աշխատանքի բերումով ընկերներ ենք դարձել Յուրա Զաքարյանի, Հարություն Պողոսյանի, Գևորգ Օհանջանյանի, Գևորգ Ավետիսյանի, Վարդան Մարկոսյանի, Գեղամ Ստեփանյանի, Վարդան Սաղաթելյանի հետ: Ընկերություն եմ անում նաև մեր գյուղի բժշկի` Լևոն Միսաքյանի հետ: Ընկերներ, ում ներկայությամբ ես ինձ ավելի ուժեղ եմ զգում և ովքեր բովանդակալից են դարձնում իմ ապրած ժամանակը: Կուզեմ, որ ընկերներս լավատեսությամբ զինված լինեն. լավատեսությունը ուժ է տալիս` դիմակայելու կյանքի բազում փորձություններին…>>:
    Հավելենք, որ Սերյոժա Պետրոսյանն առանձնակի սեր ունի քանդակի, քարագործության հանդեպ` խաչքարեր է կերտում: Նրա քանդակած խաչքարերից մեկ տեղադրված է Պարույր Սևակի տուն-թանգարանի տարածքում` նվիրված մեծ բանաստեղծի մահվան 20-ամյակին: Համայնքի ղեկավարը մեր զրույցն ավարտեց Պ. Սևակի հետևյալ տողերով.
Խմենք կենացն անդավաճան ընկերության,
Ընկերների այն սերության,
Որ չի ընդհատվում աքսորի մեջ ու գերության,
Ընկեր լինենք նույն հուզմունքի, համոզմունքի,
Նույն ճաշակի, դրոշակի,
Ոչ թե ընկեր լոկ բաժակի…
SHARE