Լավ ընկերը ընկեր է բերում, վատ ընկերը` ընկերներ տանում

0
91

Համոզված է Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի գործող ղեկավար Ժիրայր Ավետիսյանը

Համայնք

watermarked_Ժիրայր Ավետիսյան

   -Գյուղինստիտուտն ավարտելուց հետո,- ասաց Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը,- ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում, այստեղ աշխատել եմ նախ գլխավոր գյուղատնտես, ապա` կովաբուծական ֆերմայի վարիչ, գյուղատնտես, իսկ 1988-92 թթ.` կոլտնտեսության վարչության նախագահ: 1998-ից Հարթավան համայնքի ղեկավարն եմ: Կրկին անգամ առաջադրումս` առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությանը, պայմանավորված է ժողովրդի նկատմամբ ունեցածս այն պատասխանատվությամբ, որն ինձ մղում է ավարտի հասցնելու նախանշած ծրագրերս ու անելիքներս: Մանավանդ որ, արդեն 6-րդ ընտրությունն է, որ ինձ հետ մրցակից չի առաջադրվում, ինչն ավելի է պարտավորեցնում: Որքան էլ խնդիրները լուծված լինեն, այնուամենայնիվ, այսօրվա արածը վաղվա համար քիչ է, կյանքը կանգ չի առնում և մշտապես առաջ է ընթանում: Աշխատածս 18 տարիները, թող անհամեստ չթվա, գյուղի համար արարման, ստեղծման ժամանակաշրջան են եղել: Միայն անցած տարի <<Մեկ գյուղ>> ծրագիրն ենք կյանքի կոչել, որը հովանավորել է <<Orang>> ֆրանսիական հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացրել է <<Շեն>> բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 137 հազար եվրո, որից համայնքի ներդրումը` 17 հազար եվրո: Համայնքի սեփական միջոցներն ընդամենը 5 մլն դրամ են, բայց մենք կարողացանք աշխատանքի տեսքով 10 մլն դրամի ներդրում կատարել: <<Մեկ գյուղը>> ոլորտային մի քանի բաղադրիչ ուներ` գյուղատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալ-կենցաղային, ընդհանուր` 8 ծրագիր: Ամենակարևորը` կաթի ընդունման կետի ստեղծումն էր /տրամադրվել է ավտոմեքենա` իր սառնարանով/: Մանկապարտեզն իր կառուցման օրվանից /1989 թ./ չէր նորոգվել, և ահա նրա մի մասը` 48 երեխայի համար, ամբողջովին հիմնանորոգվեց, ջեռուցվեց ու  գույքով ապահովվեց: 2014-ի նոյեմբերից սկսել է գործել, որտեղ նաև հարևան գյուղերից են երեխաներ հաճախում: Կառուցվեց 500 մ փակ խողովակաշարով ոռոգման համակարգ, որը նույնպես կենսական նշանակություն ուներ` մի ամբողջ թաղամաս ջրով ապահովվեց: Ծրագրի շրջանակում մշակույթի տանը տրամադրվեց գույք` երաժշտական գործիքներ, հանդերձանք և այլն: Մասնակի վերանորոգվեց դահլիճը, խոստացել են լուծել նստարանների հարցը: Նույն ծրագրով վերանորոգել ենք դպրոցի խաղահրապարակը. ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մարզադաշտերն են բարեկարգվել և ոռոգման համակարգով ապահովվել: Ստեղծել ենք անասնաբույժի և գյուղատնտեսի խորհրդատվական հատուկ սենյակ, ինչպես նաև վարսավիրանոց: Բուժկետին սարքավորումներ և դեղորայք տրամադրվեց: Համագործակցությունը <<Orang>>-ի հետ շարունակվում է: Այս ամենից զատ, 2012 թ. Ապարան-Երևան ջրատարի վրա պոմպակայան ենք կառուցել. նախկին մեկ ծորակից օգտվելու փոխարեն գրաֆիկով գյուղին ջուր է մատակարարվում: Ոռոգման ջրի ուղղությամբ էլ ենք բավականին աշխատանք կատարել` Ապարանի ջրամբարից պոմպակայանի միջոցով անսահմանափակ  ջուր ենք տալիս մեր գյուղացուն: Ընթացքի մեջ է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագիրը, որի շրջանակներում համայնքում տեղադրվել են խմելու ջրի ջրաչափեր, շուրջ 4 կմ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել: Ներկայումս օրվա կարգավորիչ ջրավազանի գործարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և 4 ժամի փոխարեն ջրամատակարարման գրաֆիկը կհասցնենք մոտ 10 ժամի: Այս տարի ավարտում ենք գազաֆիկացման աշխատանքները, ինչն անչափ կարևոր է, եթե նկատի առնենք մեր բնակլիմայական խստաշունչ պայմանները: Մշակույթի տունը, որը վերանորոգվելուց հետո դարձել է համայնքային կենտրոն, ունի երգի-պարի խումբ, որը մրցումներից երբևէ առանց պարգևների չի վերադառնում: Առհասարակ, ոչ մի ոլորտ չի անտեսվում մեզանում, և միայն այդպես կարելի կլինի հասնել ցանկալի հաջողության: Պետք է զուգակցել հնարավորություններն ու միջոցները: <<Մեկ գյուղ>> ծրագիրն այդպիսին էր, և ՀՀ-ում առաջինը Հարթավանում իրականացվեց, քանի որ իմ ներկայացրած ծրագիրը հաղթեց մրցույթում…

   Պարոն Ավետիսյանը միաժամանակ նշեց, որ կարևոր խնդիրներ դեռևս մնացել են, մասնավորապես` գիշերային լուսավորության անցկացում, համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգում: Վերջինս ամենացավոտն է համայնքի համար: Պիտի ասել, որ առաջնահերթ լուծվել են այն խնդիրները, որոնք անմիջական կապ ունեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ, իսկ հաղորդակցության ուղիների զարգացման և այլ նպատակներով ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է արտաքին լուսավորության անցկացմանը, ապա այդ նպատակով արդեն որոշակի աշխատանք կատարված է և առաջիկայում կշարունակվի: Կբարեկարգեն նաև ճանապարհները, կվերանորոգեն մանկապարտեզի մնացած հատվածը, ինչը և հնարավորություն կտա այն լիարժեք  շահագործելու: Ամեն տարի բարեգործական կազմակերպությունների միջոցներով մասնակի նորոգումներ անում են դպրոցում, բայց այն հիմնանորոգման կարիք ունի, առանձին ջեռուցում պետք է անցկացվի: Այս ուղղությամբ էլ է աշխատանք տարվում. <<Եթե ուզում ես աշխատել, ապա աշխատանք միշտ էլ կգտնվի: Ընդ որում, ամեն նոր աշխատանք անպայման գերազանցում է հնում կատարվածին: Այլ կերպ չի կարող լինել: Այսքան ծրագրեր իրականացրել եմ իմ պրպտող բնավորության և բարեգործական կազմակերպությունների հետ վստահելի ու գործընկերային փոխհարաբերություններ հաստատելու շնորհիվ: <<Շենի>> հետ աղբավայր ենք հիմնել, դպրոցին հարակից տարածքում` պուրակ: <<Վորլդ Վիժընի>> հետ խաղահրապարակ ենք կառուցել, նախակրթարանին է գույք տրամադրվել և այլն: Եթե փնտրես, միշտ էլ միջոցներ կգտնես աշխատանք տանելու համար…>>:

    Ժիրայր Ավետիսյանի կյանքի ամենամեծ հարստություններից մեկը ընկերներն են: Ընկերոջ լավ կամ վատ չկա: Ընկերը կա°մ պիտի լավը լինի, կա°մ ընկեր կոչվելու իրավունք չունենա: Ունի շատ լավ, նվիրված ընկերներ: Ընդ որում, ընկերները տարբեր ոլորտներից են, ցանկացած ոք կարող է նրա ընկերը լինել, եթե գիտի ընկերության հարգն ու կարգը, գինն ու արժեքը: Դա պահում է որպես սրբազան մասունք: Ընկերությունը դժվար է ձեռք բերվում, բայց հեշտ կկորցնես անգամ փոքր, անփույթ քայլ կատարելու դեպքում: Ընկերությունն ամեն օր պիտի խնամես, պահես, փայփայես: Քիչ, բայց որակյալ ընկերություն պիտի ունենաս: Կյանքում ամեն դժվարություն հեշտ ես հաղթահարում, եթե կողքիդ նվիրված ընկեր կա, ով կարող է սատարել ու նեցուկ, հենարան լինել: Իսկ փորձված ընկերությունը ձեռք է բերվում փորձությունների ժամանակ, երբ, իրոք, վաստակում ես այն…

SHARE