Լավ ժառանգություն թողնել

0
34
Բարեկարգ ու բարետես համայնք, որտեղ ապրելը հաճելի ու սրտամոտ լինի…

Պատասխանատվություն

  Կոտայքի մարզ, Մրգաշեն համայնք: Այն 1999 թվականից ղեկավարում է Արամայիս Արամյանը:
  -Մինչ այդ,- ասաց նա,- եղել եմ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Եվ եթե 25 տարի հետ գնանք, ապա այսօր արդեն նախկին աշակերտներս ծնողներ են: Նրանց ճանաչելու հանգամանքն իր հերթին մեծապես օգնում է, որպեսզի կարողանանք պահպանել փոխադարձ հարգանքը, ըմբռնումը և դա ծառայեցնել ընդհանուր` համայնքային գործերի հաջողության ապահովմանը: Բոլոր առիթներին անպայման ներկա եմ լինում, իմ մասնակցությունը բերում, ինչը գնահատվել է մարդկանց կողմից: Վերաբերմունքս յուրաքանչյուրի հանդեպ ջերմ ու ընկերական է, ասածս ամեն քաղցր խոսքն առավել է ամեն ինչից և համախմբում է բոլորին: Ես գյուղի ընկերն եմ դարձել: Բազմիցս եմ ասել` կոնկրետ մեր գյուղի օրինակով, որ վատ մարդ չկա, եթե կա էլ, ուրեմն համայնքի ղեկավարն է վատը: Որքան մարդ` այնքան բնավորություն: Ահա այդ բնավորությունները, մարդկանց նիստ ու կացը հաշվի առնելով, յուրաքանչյուրի խառնվածքից ելնելով էլ հարաբերվում եմ: Բոլոր հարցերում իրենց կողքին կանգնած եմ, օգնում եմ` ինչով կարողանում եմ, ինչն իմ հնարավորությունների սահմաններում է: Նաև` այն դեպքերում, երբ, ասենք, տվյալ հարցն իմ իրավասություններից դուրս է: Ժողովրդի հետ աշխատելն էլ մի դպրոց է, յուրօրինակ դպրոց: Բացատրելով, հասկացնելով է հնարավոր հարցի լուծում տալ` մարդկանց հետ ճիշտ հարաբերվելով: Մարդուն պիտի հնարավորություն տալ, որ աշխատի, արարի, կարողանա հոգալ ընտանիքի ապրուստի միջոցները: Կարիքը մարդուն, ցավոք, չարացնում է: Այնքան պիտի ունենա, որ աչքն իր դռանը պահի, այլ ոչ` ուրիշի: Ես այս աշխատանքում գտա, ոչ թե կորցրի: Գտել եմ մի հզոր գյուղի ժողովրդի, ձեռք եմ բերել շատ ընկերներ և միաժամանակ սովորել եմ, թե ինչպես կյանքում ճիշտ առաջ ընթանալ: Ամենադժվարը չունևոր ու խելացի մարդկանց ղեկավարելն է: Կարիքավոր մարդը զայրացած է մտնում մոտդ, պետք է դատարկվելու հնարավորություն տաս նրան, լսես համբերատար, քո ճիշտ վերաբերմունքով մեղմես նրա հոգեվիճակը… Երբ մարդը ընկեր չի ունենում, նշանակում է, որ ոչ մեկի պետք չէ: Ընկերությունը շատ մեծ տեղ ունի մարդու կյանքում: Ընկերության շնորհիվ նաև, կարելի է ասել, մեր ժողովուրդը շահեց Արցախյան հերոսամարտում: Ազատագրական ջոկատների հիմքում ընկերությունն էր: Այդպիսի ընկերներ մեր գյուղում էլ կային: Նրանցից ոմանք, ցավոք, չվերադարձան: Ընկերության արդյունքում էր, որ ձեն-ձենի տվինք, գնացինք կռվի ու հաղթանակով վերադարձանք: Ունեմ մանկության, դպրոցական, ուսանողական, աշխատանքային ընկերներ: Յուրաքանչյուր բնագավառում պիտի շփվել կարողանաս, ինչի արդյունքում էլ ընկերներ ես ձեռք բերում: Մարդկային շփումից ստեղծվում է ընկերությունը: Ընկերությունը մեր ազգին յուրահատուկ է: Մենք` հայերս, չենք կարող անտարբեր անցնել ընկած մարդու կողքով: Ես ցանկացածի հետ կարող եմ ընկերություն անել: Դա նաև իմ բնակիչն է հաստատում, որ ես, անկախ սեռից, տարիքից և այլ հանգամանքներից, կարող եմ ընկերություն անել բոլորի հետ հավասարապես: Դիմացինիդ չարհամարհելն ամենալավ ընկերությունն է: Առաջին իմ ընկերն իմ բնակիչն է…

   Մրգաշենի առանձնահատկություններից մեկը, թերևս, այն է, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել հանրապետության տարբեր բնակավայրերից եկած մարդիկ, ընտանիքներ: Գալով, հավաքվելով այստեղ, մերվել են միմյանց հետ և վերածվել համախմբված համայնքի: Բոլորն էլ դարձել են մրգաշենցի, ինչին իր հերթին մեծապես նպաստում է համայնքի ղեկավարը: Ընտրությունները, ցավոք, ինչ-որ առումով տարանջատում են ժողովրդին, սակայն, պարոն Արամյանի հավաստիացմամբ, իրենց խնդիրն ամեն կերպ ունեցած միասնականությունը պահպանելն է:
 Արամայիս Արամյանի ղեկավարման տարիներին Մրգաշենն իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է: Ճանապարհներն ամբողջովին ասֆալտապատվել են, ցերեկային լուսավորություն է անցկացվել: Մշակույթի տան տանիքն է փոխվել: Մարզպետի հետ բանակցել են, որպեսզի մինչև տարեվերջ սկսվի մշակույթի տան հիմնանորոգումը: Համայնքապետի նախագծով, կինոդահլիճը պետք է վերափոխվի մարզադահլիճի, ստեղծվի հանդիսությունների սրահ, գրադարան, ժամանցի սենյակ: Մի խոսքով, այնպես, որ մարդիկ այստեղ իրենց լավ զգալու պայմաններ ունենան, այն իր հարմարություններով լիարժեք ծառայի բնակչությանը: Հուշարձանի հարևանությամբ եկեղեցի կառուցելու նախաձեռնություն են հանդես բերել: Ապահովված են խմելու և ոռոգման ջրով, գործող կոյուղի կա, գյուղը գազաֆիկացված է: 
  Մնում է, որ եղածը պահպանվի, արվածին նոր գործեր ավելացվեն, զարգացումն անշեղ ընթանա: Համայնքի ղեկավարի գլխավոր նպատակն այն է, որ գյուղը բարեկարգ ու բարետես վիճակում հանձնի իր ապագա  փոխարինողին: Հավելենք, որ մանկապարտեզը բարենորոգ է, առանձին ջեռուցմամբ ապահովված, 80 երեխա է հաճախում: Բուժամբուլատորիան նույնպես վերանորոգված է:
  2300 բնակչությամբ Մրգաշենում  մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Գյուղում լավ մասնագետներ կան, գրեթե 30 տոկոսը զբաղվում է շինարարական աշխատանքներով: Պտղաբուծությամբ զբաղվելու բարենպաստ պայմաններ կան: Աճեցված պտուղն ու բանջարեղենն էլ առանձնանում են իրենց համային յուրահատկությամբ…         
SHARE