Լավ խոսքի, բարի գործի կարոտ ենք

0
30
Ուստի որքան լավն ու բարին ավելանան, այնքան մեր գոյության խորհուրդն առավել կիմաստավորվի…

Հավատամք

Բժիշկ օրթոպեդ Վարդգես Սահակյանի հետ հանդիպելու, ընկերոջ նրա տեսակը ներկայացնելու առաջարկ ստացել էի ընկերներից: Եվ նրա հետ հանդիպումն այնքան անմիջական ու անկեղծ էր, որ կարծես հանդիպել ենք երկար տարիների բաժանումից հետո: Տպավորությունն այնպիսին էր, որ շատ վաղուց ենք իրար ճանաչում: Այնքան հարազատական էր Վարդգեսի վերաբերմունքը, այնքան սրտաբուխ էր նրա հետ զրույցը, որ կասկածի տեղիք չէր կարող տալ, որ մեր բժիշկ ընկերն, իրոք, բարության մարմնացում է, իսկ ընկերասիրությունը նրա համար հոգու կանչ է…
-Մասնագիտությամբս փորձում եմ անել ամեն ինչ,- անմիջական ու անկաշկանդ սկսելով զրույցը, ասաց պարոն Սահակյանը,- որ մարդիկ գոհ մնան ու ավելին` ջանում եմ, որ ընկերներ դառնանք: Իմպլանտացիոն, պլաստիկ վիրաբուժական <<ՄԻՄ>> կենտրոնի տնօրեն Գրիգորի Խաչատրյանը հոյակապ ընկեր է, մեծ շրջապատի տեր անձնավորություն, որ բոլորին էլ հասնում, օգտակար է լինում: Կենտրոնում հիմնականում դենտալ իմպլանտներ են արվում, այսինքն` ատամնաբուժական իմպլանտներ, ինչպես նաև քթի պլաստիկաներ, ծնոտների ռեպազիցիաներ: Զուտ ատամնաբուժական կենտրոն է միայն օրթոպեդիկ մասով` իմպլանտացիոն վերականգնումով, մնացածն արդեն լուրջ բժշկություն, վիրաբուժություն և այլ ոլորտներ է ներառում: Ես ղեկավարում եմ միայն ատամնաբուժական մասը…
-Չենք կարող չարձանագրել, որ այսօր Հայաստանում ատամնաբուժության ոլորտը թռիչքաձև զարգացում է ապրել և, կարելի է ասել, շատ առումներով չի էլ զիջում արտասահմանյանին: Այդպես չէ՞:

-Այո, այդպես է, և զարգացումը շարունակվում է: Մեր մասնագետները միանշանակ բարձր որակավորում ունեն, ինչի ապացույցը դրսից այցելուների շարունակվող հոսքն է: Այստեղ դիմելու շարժառիթը նախ որակն է` և՛ աշխատանքային, և՛ մարդկային տեսանկյունից, ապա` գնի մատչելիությունը: Տարեկան 2-3 անգամ վերապատրաստում ենք անցնում, դրսում փորձի փոխանակումներ են կազմակերպվում և այլն: Այն ամենը, ինչ կիրառվում է արտասահմանում, նաև մեզ մոտ է, ավելին, կան բաներ, որ մենք, ռիսկի գործոնով պայմանավորված, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներում առաջ ենք անցել: Փորձի, վստահության առումով մենք մեր այցելուներին ժամանակավոր ատամների, այսինքն` շարժական պրոթեզների հույսին մնալու ավելի կարճ ժամանակահատված ենք տալիս: 1996-ից այս գործով եմ զբաղվում: Շատ են դիմում իմպլանտ տեղադրելու համար: Այնպես ենք անում, որ մեզ դիմողը գումարի առումով շատ չխեղճանա, զեղչեր ենք անում, ընդառաջում:
-Դուք մարդկանց ժպիտ եք պարգևում, ազատում եք բարդույթներից…
-Ինչ խոսք: Դիմացինին ուրախություն պարգևելը անասելի մեծ հաճույք է: Մարդը, գեղեցիկ ժպիտից զրկված լինելով, կոմպլեքսավորվում է, ագրեսիա է առաջանում: Գալիս է մի պահ, որ չի ուզում ուղղակի շփվել, շրջապատից մեկուսանում է, առանձնանում: Երբ նրան այդ վիճակից դուրս ես բերում, ապա վերջում քեզ ընկերության առաջարկ անելուց ավելի մեծ շնորհակալություն կամ գնահատական դժվար է պատկերացնել: 
-Այսինքն, Ձեր այցելուների հետ ժամանակի ընթացքում նաև ընկերներ եք դառնում, այո՞:
-Այդ ընկերությունն ինքնըստինքյան է ստացվում: Պատահում է, որ քո աշխատանքն առավելագույնս անելու դեպքում, ասենք, մարդկային կոնտակտը չի ստացվում: Բայց պատահում է նաև, որ տվյալ անձի հետ կես ժամ աշխատելուց կամ զրուցելուց հետո այնպիսի անտեսանելի կապ է ստեղծվում, որ ասես տարիների ծանոթ կամ հարազատ լինեք: Ժամանակի ընթացքում նաև ընկերություն է ձևավորվում: Մեր քաղաքը շատ փոքր է, երբ դիմում են, մի քանի տեղից արդեն տեղեկացված են լինում` թե՛ քո աշխատանքի, թե՛ մարդկային որակների մասին: Բնականաբար, առաջին քայլը հենց դիմողն է անում, քանի որ ինքն է եկել: Ես իմ ընկերության երևի թե 50 տոկոսը ձեռք եմ բերել աշխատանքի ընթացքում:
-Ձեզ, որպես հրաշալի ընկերոջ, Կառլեն Լևոնիչն է ներկայացրել: Ինչպե՞ս է սկսվել ձեր միջև շփումը:
-Առաջին շփումն այն ժամանակ էր, երբ մեզ հետ կապված խնդիր ուներ նա: Կարողացանք օգտակար լինել նրան, հետո` հարաբերություններ, ընդհանուր ընկերներ: Կառլեն Լևոնիչը շատ ընկերների է խորհուրդ տվել մեզ դիմել, և նրանցից շատերի հետ էլ եմ այսօր ընկերություն անում: Այսօր Լևոնիչի հետ ջերմ ընկերություն ենք անում: Նրա պես ընկեր ունենալը կողքիդ` նշանակում է ոտքիդ տակ ավելի ամուր հող ունենալ: Ընկեր բառի կողքին ածական չպետք է լինի, կա ընկեր և վերջ: Ընկերներն այն մարդիկ են, ովքեր օրվա մեջ 48 ժամ կանգնած են կողքիդ, նույնը և դու: Ես բժիշկ եմ, ինչպես ասում են` միշտ իմ խալաթի մեջ: Շատ-շատ ընկերների ուրախ միջոցառումներին չեմ կարողանում մասնակցել, քանի որ եթե, Աստված մի արասցե, դժբախտ դեպք լինի, ապա առաջինը, որպես բժիշկ, ես եմ կանգնած: Իմ պատկերացրած ընկերությունը սա է: Ընկերական միջավայրն ինձ համար այն միակ տեղն է, որտեղ կարողանում եմ օրվա ծանրությունը, հոգնածությունը թոթափել: Բացի ամենօրյա աշխատանքիցդ, դու օրվա ընթացքում նաև շփվում ես շատ մարդկանց հետ, իսկ շատ մարդ նշանակում է շատ բնավորություն: Անկախ քո տրամադրությունից, ունեցածդ խնդիրներից, պիտի կարողանաս մարդու հետ կոնտակտի դուրս գալ, և օրվա վերջում դա կարող է հասնել կուլմինացիոն մի կետի, որ լիցքաթափվելու անհրաժեշտություն զգաս: Քո էմոցիաները միայն ընկերը կկարողանա հասկանալ, հաստատ կգտնի ալտերնատիվ ինչ- որ բան, որպեսզի քեզ այդ վիճակից դուրս բերի: Ունեմ աշխատանքային ընկերներ, ում հետ օրվա խնդիրներին ենք համատեղ լուծումներ գտնում: Նաև` ընկերներ, ովքեր ցանկացած պահին կանգնած են կողքիս, ինչը, պիտի ասեմ, փոխադարձ է: Ունեմ ընկեր, ում կարող եմ վստահել իմ ամենաթանկագին գաղտնիքը: Հետուսանողական ձևավորված ընկերությունս է: Ամենքն ունեն իրենց զբաղվածությունը. մեկը <<Գենացվալե>> ռեստորանային ցանցի հիմնադիրն է` Ֆերդինանտ Չոբանյանը, ինչպես նաև նրա եղբայրը, մյուսը` մասնագիտությամբ նույնպես ատամնաբույժ` Ներսես Նալբանդյանը, հոյակապ մի անձնավորություն: Ընտանիքներով ենք նաև ընկերություն անում: Իսկ իմ պատկերացումներով, այդպիսի ընկերությունն արդեն կուլմինացիոն է: Ընտանեկան մթնոլորտն ամեն ինչ իր տեղն է գցում: Իմ ավագ ընկերն է կենտրոնի տնօրեն Գրիգորի Խաչատրյանը, ընկերություն եմ անում նաև նրա որդու` Լևոնի հետ, ով հոյակապ վիրաբույժ է: Օրվա մեծ մասը մենք իրար հետ ենք անցկացնում, և ցանկացած խնդիր նրա հետ հեշտ լուծվում է: Շատ հոյակապ ընկեր ունեմ Հրազդանից` Տիգրան Ներսիսյանը: <<Հրազդան>> հացատեսակը նա է արտադրում, գործարանի տնօրենն է: 24 ժամվա ընկեր, անընդհատ հասնող, այստեղ այդ տարածությունը ոչինչ չի փոխում: Ընկերներիս մեջ առաջին հերթին գնահատում եմ բարի ու կարեկից լինելը: Եթե այդ հատկանիշները չլինեն, ապա, թերևս, ընկերություն անելը չստացվի: Ես երբևէ չեմ մտածել` այս մարդու հետ ընկերություն անեմ, թե չանեմ, ուղղակի մարդու հետ շփվելուց արդեն հասկանում ես` դրա անհրաժեշտություն կա, թե չկա: Միանշանակ ասել, թե սա է ընկերություն անելու դրդապատճառը, ճիշտ չի լինի: Հաճախ ընկերներով նախատում ենք միմյանց` գերբարի լինելու համար, ինչն այսօր այնքան էլ ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից: Եթե ընկերության ներսում դա ընդունվում ու գնահատվում է, ապա դրանից դուրս շահարկումների տեղիք կարող է տալ:
-Պարոն Սահակյան, կարծում ենք, այդ գերբարի մարդիկ հնարավորինս պիտի շատ լինեն, որպեսզի չարը գլուխ չբարձրացնի: Մեր թերթում այդ գիծը մշտապես տանում ենք և վստահ ենք, որ բարին հաղթելու է: Դուք ևս, հավատացած ենք, այդ կարծիքին եք, այնպես չէ՞:
-Միանշանակ: Ես նաև կուզեմ, իրոք, Ձեր արածի համար շնորհակալություն հայտնել: Համամիտ եմ, որ բարի, առաքինի մարդիկ քիչ կան մեր շրջապատում, և անչափ լավ ես զգում, երբ թերթի միջոցով, Ձեր օգնությամբ նման մեկին էլ սկսում ճանաչել: Մեծ գործ եք անում` բարու մունետիկ, պատգամախոս դառնալով: Շատ ճիշտ, լուրջ աշխատանք եք կատարում` կանգնելով արժանավոր մարդկանց կողքին, նրանց խոսքն ու գործը ներկայացնելով: Ճանաչել Կառլեն Լևոնիչին, ճանաչել նրա նման անհատների, հասու լինել նրանց, մեր շրջապատի մեծ ու բարի մարդկանց կերպարին` աստվածահաճո գործ է, ինչի համար ես իմ շնորհակալությունը պիտի հայտնեմ թերթին, Ձեր նվիրական ջանքերի հանդեպ արտահայտեմ իմ անկեղծ հիացմունքը: Մեր հասարակությունն այսօր, ցավոք, այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում, մասնատված է, ագրեսիան, անհանդուրժողականությունն են առավել շատ զգացվում, ինչը չի կարող մարդու հոգեկանին չանդրադառնալ: Իհարկե` բացասաբար: Հնարավորության դեպքում փորձում եմ արտասահմանում լինել, հիմնականում` Եվրոպայում. այնտեղ, ի տարբերություն մեզ, մարդիկ ժպտում են, այնտեղ մարդիկ կարողանում են հանգստանալ: Հայը չի կարողանում ուրախանալ, լավ չի զգում` դիմացինի հնարավորությունը տեսնելով: Շատ դառն է մեր իրականությունը, բայց ես էլի դժգոհ չեմ, որովհետև սա իմ հայրենիքն է, իմ ճակատագիրը…
-Դառնանք ընկերության թեմային…
-Ընկերությունը պահպանելու համար մարդ պետք է պարտավորվածություն ունենա: Նախ` ընկերոջը հարգելու, սիրելու: Չպետք է կշեռքին դնես` այս անեմ, թե չանեմ, կստացվի, թե չի ստացվի, պիտի անես ու կստացվի, պարտավոր ես, որ ստացվի, որպեսզի ընկերությունը պահպանես: Ընկերությունը պահպանելու համար պիտի շատ զիջումների գնաս… Դուք էլ, հավանաբար, չեք պատկերացնում, թե ինչ մեծ ծավալի աշխատանք եք կատարում: Կուզենամ, իրոք, մենք էլ ընկերներ դառնանք: Կյանքում թող ոչ ոք ընկեր չկորցնի: Իմ ցանկությունն է, որ բոլոր ընկերներն առողջ լինեն, ոչ ոք որևէ պրոբլեմ չունենա: Շատ կուզեմ, որ ընկերության գաղափարը բոլորին հասանելի ու հասկանալի լինի, սրբությունը պահպանվի: Եթե ընկերներ ենք, ուրեմն և բարի ենք, մարդկային ու իմաստալից կյանքով ապրող: Շնորհակալ եմ ընկերներիցս, բոլորից անխտիր, որ այսօր կան, ինձ հետ են, և որքան հնարավորություն ունենք, որքան մեզ տրված է` Աստծո բարեհաճությամբ վայելում ենք այդ ընկերության քաղցր պտուղները…   
Ռ. Մ.
SHARE