Լավ, կայացած երկիր ունենալու համար

0
34
Պիտի ջանանք բոլորս և մեր ներդրումն ունենանք  նրա զարգացման ու բարեկեցիկ դարձնելու գործում…

Հավատարմություն

   Աշոտ Զաքարյան: Ծնվել է 1955 թ., Վայքում: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է <<Ջերմուկշին>> տրեստում` ինժեներ-մեխանիկ, ապա` ավտոշարասյան պետ, գլխավոր մեխանիկ: 1986 թ. նշանակվել է <<Հայգյուղքիմիա>>-ի Վայքի միավորման տնօրեն, 1989-ին` <<Հայբերրիության>> Վայքի միավորման տնօրեն: Մասնավորեցումից հետո շարունակել է ղեկավարել այն: 2000-ին ստեղծել է <<Վայք գրուպ>> ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն է: 
  -Մեր հիմնական ուղղությունը միշտ էլ եղել է շինարարությունը,- ասաց պարոն Զաքարյանը:- Զբաղվում ենք նաև գյուղատնտեսությամբ, մասնավորապես` գինեգործությամբ: 120 հեկտար հողատարածք ունեմ, որտեղ հիմնել եմ խաղողի, ծիրանի /40 հեկտար/ և այլ մրգատեսակների այգիներ: Ծիրանը հիմնականում արտահանվում է: Գինու նորակառույց գործարան ունենք: Արդեն գարնանն առաջին արտահանումը կունենանք Կանադա…
  Նշենք, որ Վայոց ձորի մարզում չկա որևէ կառույց, որտեղ <<Վայք գրուպ>>-ը մասնակցություն ունեցած չլինի: Ընկերությունը կառուցել է Իրան-Հայաստան գազատարի 13 կմ` Գետափ-Վերնաշեն հատվածը: Կառուցել են բուժամբուլատորիաներ Ջերմուկում և Զառիթափում, համայնքային կենտրոն և դպրոց` Զեդեայում: Ջրագծերի շինաշխատանքներ են իրականացրել, հիմնանորոգման աշխատանքներ Եղեգնաձորի հիվանդանոցում և մի շարք դպրոցներում: Կառուցել են 2 հիդրոէլեկտրակայան. մեկը Արտավանինն է, մյուսը` սեփական <<ԱրփաՀԷԿ>>-ը:

   -Ունեմ երկու որդի, դուստր,- շարունակեց ընկերության հիմնադիր ղեկավարը:- Ավագ որդիս, հարսս բժիշկներ են, կինս ակնաբույժ է, դուստրս և նրա ամուսինը` նույնպես բժիշկներ: Երեք զավակներս էլ, ամերիկյան հատուկ ծրագրով հայտարարված մրցույթում հաղթող դառնալով, դպրոցն ավարտել են ԱՄՆ-ում` մեկ տարի ուսանելով այնտեղ: Կրտսերս Ամերիկյան համալսարանում է ուսանում` շինարարության կազմակերպիչ: Իմ գործի շարունակողը նա էլ, թերևս, դառնա, եթե, իհարկե, այլ համգամանքներ առաջ չգան…
 -Շինարար լինելով ինչո՞ւ որոշեցիք գինեգործությամբ զբաղվել:
  -Մեր նոր պետության հիմնադրման պահից սկսած ճգնաժամային ծանր տարիներ ունեցանք: Աշխատանք չկար, պատվերները քիչ էին և շատ այլ դժվարություններ: Ահա այս իրավիճակում պետք էր ելք գտնել` աշխատողներին չկորցնելու, ունեցած բավականին շատ մեքենա-մեխանիզմները շահագործելու հրամայական պահանջից ելնելով: Ընտրությունը կանգ առավ գյուղատնտեսության վրա: Ձեռք բերեցինք  հողատարածքներ, որտեղ մելիորացիոն աշխատանքներ կատարեցինք և այգիներ հիմնեցինք: Սկսեցի ուսումնասիրել տվյալ ոլորտի ինչպես մեր, այնպես էլ արևմտյան փորձը: Կառուցեցինք ժամանակակից վերամշակման գործարան` նորագույն սարքավորումներով: Գինու նկատմամբ սերն առանձնահատուկ է, ուստի սկսել ենք դրանից: Այստեղ էլ խնդիրները շատ են: Նախ` իրացման շուկան: Փոքր գործարանները չեն կարողանում իրացում կազմակերպել: Այդ խնդրով դիմել ենք ՀՀ նախագահին, կառավարությանը: Ինչպես գիտենք, կառավարությունը համապատասխան հայեցակարգ է մշակել, ըստ որի գինեգործությունն ու կոնյակագործությունը գերակա ուղղություններ են համարվել: Նորաստեղծ խորհրդի անդամ եմ նաև ես, և խորհուրդն այժմ աշխատանքներ է տանում միասնական բրենդի ստեղծման ուղղությամբ: Էկոնոմիկայի նախարարությունն ու Զարգացման հայկական գործակալությունը բավականին լուրջ աշխատանք են տանում: Ըստ պլանի, Հայաստանից գինին արտահանվելու է միասնական բրենդով, նույն ապրանքանիշով: Արտադրողներիցս պահանջվում է անհրաժեշտ որակ ապահովել, որպեսզի դրսի շուկայում խնդիրներ չունենանք: Գործընթացն սկսվել է: Նոյեմբերին մի քանի ձեռնարկություններով մասնակցելու ենք Շանհայի միջազգային ցուցահանդեսին: Մասնակցության ծախսերը կիսով չափ հոգալու է կառավարությունը: Սա արդեն որոշակի աջակցություն է մեզ պետության կողմից: Հաջորդ ցուցահանդեսը գարնանն է լինելու` Մոսկվայում, որին նույնպես կառավարության աջակցությամբ կմասնակցենք: Նման միջոցառումները հայկական գինին միջազգային շուկայում լավագույնս ճանաչելի դարձնելու հրաշալի հնարավորություն են: Այսօր հայկական շատ լավ գինիներ են արտադրվում, ուղղակի մեր` տեղական շուկան փոքր է, գինու պահանջարկը` սակավ: Մեզանում մրցակցությունն էլ չի կարգավորվում, օրենքի անկատարությունն իր բացասական դերն է խաղում: Այ, օրինակ, ինչ գործարան ասես այսօր <<Արենի>>-ի պիտակով գինի է շուկա հանում, այն դեպքում, երբ այդ տեսակի խաղող սահմանափակ թվով ձեռնարկություններ են օգտագործում: Ինչպե՞ս կարող է գինին ավելի շատ լինել, քան տվյալ գինու բուն հումքը` Արենի տեսակի խաղողը… Վայոց ձորում մենք բոլորս Արենի խաղող ենք օգտագործում: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը կկարգավորվի և մենք օրենքով պաշտպանված կլինենք: Խանութում վաճառվում է, ասենք, նռան գինի` 900-1000 դրամով, երբ նուռն ինքը դրանից թանկ է, նույնն էլ` <<Արենի>>-ի պարագայում. իսկականը չի կարող այդքան էժան լինել: Մենք արտադրում ենք նաև ծիրանի օղի, որն արդեն շուկայում կա: Սակայն քանի որ շատ են էժանագին օղիները, ուստի իսկականը, որքան էլ ցավալի է, մրցունակ չէ շուկայում: Եթե մոտակա տարիներին այս խնդիրն իրավական լուծում չստանա և չկարգավորվի, ապա անիմաստ կդառնա մեր գործունեությունը: Երկրից հիմնականում գնում են ոչ թե չունևորությունից, այլ ավելի շատ իրենց գործի, բիզնեսի չպաշտպանված լինելուց: Պետության խնդիրն այս առումով շատ մեծ ու պատասխանատու պետք է լինի: Հայաստանում շատ քիչ է գինի օգտագործվում, ինչը, թերևս, կուլտուրայի հարց է: Ավելի շատ վատորակ խմիչք, մասնավորապես` օղի է օգտագործվում: Մինչդեռ մեր ավանդույթներն այդ առումով այլ բան են վկայում…
  -Այդուհանդերձ, ինչպես հաճելիորեն զարմացած ենք, չեք հուսահատվում և շարունակում եք ձեր նվիրական գործը…
    -Նոր արտադրություն կազմակերպելը, ինչպես դժվար չէ հասկանալ, այնքան էլ հեշտ չէ: Վայքի ենթաշրջանում խաղողի ոչ մի այգի չենք ունեցել, գինու արտադրություն չի եղել: Առաջինը ես եմ հիմնել: Քչից սկսելով, այնուհետև ժամանակի ընթացքում ընդլայնել ենք արտադրությունը: 2000-ին եմ հիմնել գործարանը: Անապատացած, աղբավայրի վերածված տարածքը մաքրելով, ստեղծել եմ հրաշալի ձեռնարկություն: Երկրի նախագահները, վարչապետները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են այստեղ, ծանոթացել ստեղծված տնտեսությանը: Բարոյական առումով շոյված ես զգում քեզ, գնահատանքի խոսքն ու խրախուսանքը հաճելի են: Արտադրում ենք <<Արենի>> կարմիր կիսաքաղցր, կարմիր չոր և կիսաչոր, սպիտակ կիսաքաղցր և չոր /Ոսկեհատ տեսակից/ գինիներ: Հայաստանում կիսաքաղցր գինիներն են շատ սպառվում, իսկ արտասահման չոր գինիներ ենք արտահանում, անապակ գինիներ, որոնք կարելի է պահպանել, հնեցնել: Արտադրում ենք նաև մրգային չրեր /ծիրան և սև սալոր/ մեր աճեցրած բերքից և արտահանում ՌԴ: Չրի արտադրության սարքավորումները ներկրել ենք ՌԴ-ից, Թուրքիայից և Եվրոպայից: Գյուղացիներից նույնպես խաղող, ծիրան և սև սալոր ենք մթերում: Մեր պայմաններն այնպիսին են, որ պետք է արտադրենք միմիայն լավագույն գինիներ, որպեսզի մրցակցության այսօրվա պահանջները կարողանանք բավարարել: Վատ արտադրանքով հաջողության չես հասնի: Լավ գինի ունենալու համար պիտի լավ էլ խաղող ունենաս: Առաջին պայմանը դա է: Բոլոր գինի արտադրողներն արդեն ունեն սեփական այգետարածքները, որպեսզի իրենց հսկողության տակ լինի խաղողի ողջ մշակությունը և որակյալ բերք աճեցվի: Այո, որակյալ խաղող` որակյալ գինի: Մեր նպատակը մեծ քանակի գինի արտադրելու մեջ չէ. քիչ, բայց որակյալ, բարձրակարգ: Մեր ջանքերն այսօր նպատակաուղղված են միայն լավագույն գինիներ արտադրելուն, որոնք մտադիր ենք արտահանել: Պետք է, ի վերջո, այնպես անենք, որպեսզի հայկական կոնյակի պես գինին էլ միջազգային արժանի ճանաչում ձեռք բերի: Քանի որ ներկայումս մրգային օղիների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի ծրագրում ենք զարկ տալ նման տեսակների արտադրությանը: Մասնավորապես, ծիրանի օղու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա, ինչից ելնելով էլ փորձում եմ այն հնեցնել արդեն կաղնե տակառներում: Արդյունքում, կարծում եմ, շատ օրիգինալ խմիչք կստացվի, ծիրանի, այսպես ասած, յուրահատուկ բրենդ, կոնյակ` ծիրանի հումքով: Մի խոսքով, գինեգործութունն ինձ համար շատ սիրելի զբաղմունք է, և ես այստեղ ոչ այնքան շահույթ, որքան հաճույք, հոգեկան բավարարվածություն ստանալու ցանկություն եմ հետապնդում…
   -Գինեգործություն և ընկերություն. կարելի՞ է ասել, որ այս երկուսը ընդհանուր շատ բաներ ունեն և գրեթե միևնույն հարթության վրա են:
 -Ընկերներիս հետ հանդիպումն առանց գինու չեմ պատկերացնում: Գինու մառանը ընկերների հետ հանդիպման լավագույն վայրն է: Ցավով պիտի նշեմ, որ վերջերս անժամանակ կյանքից հեռացավ ընկերներիցս մեկը` սեյսմիկ ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը: Հրաշալի մարդ ու ընկեր էր, ընտանիքի հրաշալի հայր, լավ մասնագետ: Ափսոս, որ հեռանում են նման մարդիկ, որ մեր ընկերության շարքերը գնալով պակասում են: Շատ ընկերներ ունեմ: Մեր գեղեցկությունն ունեցած շրջապատի մեջ է: Մեր մեծերն էլ մեզ ընկերներ են: Խորապես ցավում եմ մեծ հայի` Սոս Սարգսյանի մահը: Նա ինձ համար խորհրդանիշ էր, նման մարդիկ մեր ազգի, մեր երկրի հարստությունն են: Տարիներ առաջ այցի էր եկել մեզ և տեսնելով կառուցածս գործարանը, հիմնածս այգիները, արցունքն աչքերին մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս և ասաց. <<Ինչ ես երազել եմ, դու իրականություն ես դարձրել: Հայաստանն իր ռելիեֆով անապատի է նման, իսկ եթե նորմային մոտեցնենք, 4 անգամ ավելի ծառ պետք է տնկենք, որպեսզի կանաչապատենք: Եթե ամեն հայ մի ծառ գոնե տնկի հայրենիքում, մեր երկիրը օազիս կդառնա…>>: Ընկերներիս հետ մտերմությունը նաև ընտանիքներով է, բարեկամներ ենք դարձել: Ընկերներ ունեմ, ում ոչնչի հետ չեմ փոխի: Առանց ընկերության ոչինչ չի լինի: Ամենանեղ պահերին մարդը դիմում է ընկերոջը: Չեմ պատկերացնում առանց ընկերների կյանքը: Ընկերներով դժվարին ճանապարհ ենք անցել: Ամենահարազատը մնացել են դպրոցական ընկերները: Աստված չանի, եթե ընկերությունը վերջանա, ապա կյանքն էլ կվերջանա: Ընկերությունը փոխադարձ պարտավորություն է, փոխադարձ հարգանք ու վստահություն: Ընկերության մեջ կարևորում եմ պարզությունը, ազնվությունը, ճշմարտացիությունը: 
    -Ինչպիսի՞ ցանկությամբ կկիսվեք մեր ընթերցողների հետ:
  -Գործի բերումով հաճախակի եմ լինում հարևան Վրաստանում, որը, կարող եմ ասել, իրավական պետություն է դառնում: Ամեն ինչ մաքուր իրավական դաշտում է: Շատ կուզենայի, որ մենք էլ այդ ուղղությամբ մի քայլ արած լինեինք: Վրացիները, այո, շատ մեծ քայլ են արել իրավական պետություն դառնալու ճանապարհին: Երազանքս է, որ Հայաստանն էլ ունենա այդ իրավական դաշտը: Իսկ դա միայն իշխանություններով չէ պայմանավորված, մենք բոլորս այդ առումով անելիք ու խնդիր ունենք: Մենք մեր գաղափարներով շատ առաջ ենք, մեր ինտելեկտով` շատ հարուստ, միայն պետք է այդ դաշտը լինի, իրավահավասար պայմաններ լինեն, որպեսզի ոչ ոքի մտքով չանցի խոչընդոտել ընդհանուր զարգացումն ու առաջընթացը: Ես այս ամենն ասում եմ, որովհետև ցավում եմ երկրիս համար, հող ու ջրիս համար: Ուզում եմ լավ երկիր ունենալ և լավատես եմ, որ կունենանք մեր բոլորիս երազած հայրենիքը…                 
SHARE