Լավ մարդ և լավ ղեկավար,

0
27

ում փոխարինող առայժմ չեն տեսնում  Գեղանիստում…
Հեղինակություն

    Վաչիկ Ադիլխանյանը, 1996 թվականից ղեկավարելով Գեղանիստ համայնքը, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ինչի արդյունքում լուծվել են բնակիչների կենցաղային շատ խնդիրներ, իսկ գյուղն ավելի բարեկարգ ու բարետես է դարձել: Մասնավորապես, ասֆալտապատվել են կենտրոնական փողոցները, ապահովված են ոռոգման ջրով, խմելու ջուրը շուրջօրյա է, վերանորոգվել է դպրոցը և այդպես շարունակ: Մանկապարտեզն անխափան գործել և գործում է, այնտեղ ամեն տարի վերանորոգման աշխատանքներ են կատարվում: 
    Բնականաբար, ծրագրերն ու աշխատանքները շարունակվում են, քանզի կյանքն առաջ է ընթանում, և ժամանակի հետ նորանոր խնդիրներ են ծագում: Մշակույթի տունն ու համայնքապետարանը միևնույն շենքում են, որտեղ շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` կփոխվի տանիքը: Վերանորոգման կարիք ունի նաև բուժարանը: Ինչպես նշեց գյուղի բնակիչ Կարմեն Սարգսյանը, Վաչիկ Ադիլխանյանը, համայնքի ղեկավարման բարձր մակարդակ ապահովելով և իր պարտականությունները լավագույնս իրացնելով, միաժամանակ մարդկային ու քաղաքացիական լավ հատկանիշներ է դրսևորում, իր համագյուղացիների, իր շրջապատի կողքին է` որպես մտերիմ, սրտակից ու հարազատ. <<Մեր համայնքապետը մեր հպարտությունն է, բոլորս անխտիր սիրում ու հարգում ենք նրան: Շատ համբերատար է, ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ կարող է խաղաղ ու հանգիստ հարթել: Դիմացինին լսելու մեծ ունակություն ունի, շատ հոգատար է և օգնում է բոլորին: Թվում էր, 20-ամյա որդուն` Սամվելին, կորցնելուց հետո կփոխվի, կդառնա անտարբեր ու անկարեկից: Բայց` ոչ, նույն հոգատար ու բարեխիղճ անձնավորությունն է, որ ուրիշների հոգսերը երբևէ չի անտեսում, շարունակում է ձեռքից եկածն անել: Մեզ համար նա, իրոք, անփոխարինելի է: Շուտով համայնքի ղեկավարի ընտրություններ են, և որևէ կասկած չկա, որ նա է ամենաարժանավոր թեկնածուն լինելու, ում և բոլորս միահամուռ կընտրենք: Ով գա, որ այդպես մեր կողքին ու թիկունքին լինի: Մենք էլ` գեղանիստցիներս, աշխատասեր, կիրթ ժողովուրդ ենք, հիմնականում ջերմոցային տնտեսությամբ ենք զբաղված, ծաղկի հետ գործ ունենք…>>:

    Պարոն Ադիլխանյանը նախընտրեց չխոսել իր գործերի, արած-դրածի մասին: Մանավանդ, որդու անժամանակ կորստյան վիշտն անբաժան է նրանից, չի կարողանում հաշտվել պատահածի հետ: Համենայնդեպս, չի էլ հիասթափվել կյանքից և անկումային տրամադրություններից հեռու է. <<Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը, որդուս կորստից հետո, կրկին որդի ունենալս էր: Դա 9 տարի առաջ էր: Նրան Սամվել կոչեցի` ի հիշատակ որդուս: Նրա ծնունդը նոր լիցք տվեց ինձ ապրելու, նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց կյանքիս: Բնության, ճակատագրի օրենքին հակառակ գնալ չենք կարող, վիշտն էլ է մարդու համար, ուրախությունն էլ, այնպես որ պիտի ապրենք ու մեզ հետ ապրեցնենք մեր հարազատներին: Իսկ երբ ընկերներդ կողքիդ են, հատկապես` տխուր պահերին, ապա թեթևացած ու հանգիստ ես քեզ զգում, մխիթարության զգացում է իջնում հոգուդ: Փառք Աստծո, շատ ընկերներ ունեմ, ընկերներ, որ միշտ կիսել են վիշտս, ապրել են իմ ուրախությամբ ու հաջողությամբ: Բոլորին անհնար է այստեղ թվարկել: Բայց կուզենամ անպայման մատնանշել մտերիմ ընկերոջս` Արայիկին, ում հետ նաև մարտական ուղի ենք անցել: Սա ընկերության այն դեպքն է, այն տեսակը, երբ ընկերն ընկերոջ համար պատրաստ է կյանք զոհաբերելու: Մեր ընկերությունը 30 տարվա պատմություն ունի: Տարիների հետ այն ավելի ամրակուռ է դարձել: Ընկերությունը եղբայրություն է դարձել: Ավելին` նա որդուս կնքահայրն է: Առանց խոսքի հասկանում ենք իրար… Ինքս միշտ ընկերներիս կողքին եմ: Նվիրումն անմնացորդ է, առանց ակնկալիքների…>>:
     Վաչիկ Ադիլխանյանն, իրոք, ընկերական մեծ շրջապատ ունի: Ընկերներ, որ սփռված են աշխարհով մեկ: Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել, քանզի ունեցած ճանաչումն ու հեղինակությունը չէին կարող նրան այդքան շատ և այդքան լավ ընկերներ չպարգևել: Լավ ընկերն, անշուշտ, լավ էլ ընկերներ կունենա, արժանի մարդկանցով շրջապատված կլինի: Որդու մեջ է նաև սերմանում ընկերության գաղափարը, իր ապրած կյանքով նրան փոխանցում ճիշտ ապրելու անսահման գեղեցկությունն ու հմայքը: Սամվելն արդեն ընկերության, ընկերների մասին սիրած բանաստեղծություն էլ ունի.
Եղբայրը կարող է
Ընկեր չլինել,
Բայց ընկերը միշտ
Եղբայր է, անշուշտ:
Այսօր մենք այստեղ
Փորձելու ենք ձեզ
Համոզել հաստատ,
Որ կյանքում, հարկավ,
Առանց ընկերոջ
Ապրելն է դժվար,
Նույնիսկ` անհնար…
    9-ամյա Սամվելը սովորում է <<Հայ կրթություն>> կրթական հիմնադրամի դպրոցի 4-րդ դասարանում: Ունի շատ ընկերներ` Տիգրանը, Գոռը, Վահագնը, Ժորան, Կարոն… Բոլորին էլ շատ սիրում է, հատկապես` Տիգրանին, ում ավելի մտերիմ է, քանզի միասին են նաև մանկապարտեզ հաճախել: Ընկերասեր է, շփվող, հորից օրինակ է քաղում, հետևում նրա խորհուրդներին…
    Վաչիկ Ադիլխանյանը /ծնվ. 1957 թ./ մասնակցել է Արցախյան պատերազմին` անդամագրվելով Մոնթե Մելքոնյանի ջոկատին: Ունի բազմաթիվ պարգևներ ու շնորհակալագրեր: ԼՂՀ պաշտպանության նախարարի կոզմից, բանակի հետ սերտորեն համագործակցելու համար, պարգևատրվել է անվանական զենքով: Շատ են պարգևները, հատկապես` Ազատամարտի վետերանների միության կողմից, որոնք վկայում են նրա հայրենասիրության, անձնվիրության, քաջության ու հավատարմության մասին: Հարկավ, արժանի հայորդի, լավ մարդ ու ղեկավար…
SHARE