Լավ օրինակ ծառայել

0
38

Համայնք

Ցանկալի արդյունք ապահովելու համար

-Ձորակապ համայնքը ղեկավարում եմ 2016 թվականից,- <<Ընկերի>> հետ զրույցում նշեց Արամ Մարտիրոսյանը:- Այս ընթացքում աշխատանքներ, ինչ խոսք, կատարվել են: Ներհամայնքային ճանապարհներն ենք վերանորոգել, ֆուտբոլի քանդված դաշտը նորոգել և արտաքին լուսավորության ցանցն ավելացրել: Օգնություն ենք տրամադրել զինվորներին ու անապահով ընտանիքներին, հուշարձանի տարածքն ենք բարեկարգում և այլն: Մանկապարտեզ չունենք, ինչի կարիքը զգացվում է: Այս, ինչպես նաև դպրոցի մարզադահլիճի խնդրով դիմել ենք կառավարություն, որտեղից պաշտոնապես պատասխանել են, որ 2018-20 թվականների ընթացքում այդ հարցերը կլուծվեն: Ունենք նաև ոռոգման ջրի ներքին ցանցի մաշվածության խնդիր, ինչն զգալիորեն խոչընդոտում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Հողի եկամտաբերությունն, առհասարակ, ցածր է մեզանում, ահա թե ինչու մարդիկ ապրուստի կարիքները հոգալու համար արտագնա աշխատանքի են մեկնում: Այսօր այդ` զբաղվածության առումով վիճակը փոքրիշատե բարվոք է, քանի որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքով պայմանավորված` աշխատատեղեր են բացվել: Անկախ ամեն ինչից, մեր կողմից արվում է հնարավորը` թեթևացնելու գյուղացու հոգսը: Մեր ջանքերը հիմնականում նպատակաուղղվել են համայնքում կարգ ու կանոն հաստատելուն, պարտավորությունները բարեխիղճ կատարելուն: Այդ առումով մենք ինքներս մեր աշխատանքով պետք է լավ օրինակ ծառայենք, մեր գործառույթները ճիշտ իրականացնենք:
Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, որը կառավարության կողմից ներկայացվում է որպես կառավարման օպտիմալացում, պարոն Մարտիրոսյանն ընդգծեց, որ մարդկանց մեջ ավելի շատ մտահոգություն ու վախ կա սպասվելիք փոփոխություններից, ինչը բնական ու արդարացված կարելի է համարել: Անշուշտ, կարելի է հասկանալ ու կիսել գյուղացիների անհանգստությունը, քանի որ նրանք պատշաճ իրազեկված չեն, անվստահություն կա և այլն: Վերջերս մարզ այցելած ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ներկայացվել են այդ մտահոգությունները, և հույս կա, որ փոփոխություններն այնքան էլ ցավագին չեն լինի գյուղաբնակների համար:
Արամ Մարտիրոսյանի հետ մեր զրույցում չէինք կարող շրջանցել ընկերության թեման: Ունենալով ընկերական շրջապատ, նա ընկերության մեջ գնահատում է մաքուր հարաբերությունները, անկեղծությունն ու ազնվությունը: Հիմքը սա պիտի լինի, և հենց սրա վրա էլ պիտի կառուցված լինի ընկերությունը: Ամենալավ ընկերությունը գալիս է մանկությունից, քանի որ հենց մանկության ժամանակ են ավելի ցայտուն արտահայտվում մաքրությունն ու ազնվությունը: Համայնքապետի խոսքով, ընկերների մեծ մասը դրսերում են, լավ է, գոնե, գալիս են դեպքից դեպք, և այդպես կարողանում են միմյանց կարոտն առնել: Հեռավորությունը չի կարող ազդել ընկերության վրա, հավատարմությունն ու ջերմությունը, միևնույն է, պահպանվում են:
Համայնքապետի տեղակալ Վարուժան Պապոյանի գնահատմամբ, Արամ Մարտիրոսյանը` որպես ընկեր, մարդ, ամենալավ որակներով է օժտված, նեղ օրերին կանգնած է մարդկանց կողքին, հասնող է, սրտացավ ու անշահախնդիր: Շատ լավ մարդ ու ընկեր է, ինչը և նրան օգնում է ղեկավար աշխատանքում: Արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունք ունի անխտիր բոլոր բնակիչների նկատմամբ, ապրում է համայնքի հոգսերով ու սրտանց ուրախանում նրա հաջողություններով…

SHARE