Լեզուն հայրենիք է

0
23
Մինչդեռ քաղքենիությունն է այսօր հաղթում…

    Թող զարմանալի ու չափազանցված չթվա, եթե ասենք, որ այսօր ինչպես մեր երկրի ընդերքի, անտառների, ջրերի և, ընդհանրապես, բնապաշարների հետ ենք վարվում, այնպես էլ մեր մայրենի լեզվի: Եթե, ասենք, խոսելու լինենք դպրոցում հայոց լեզվի` կրթության ու դաստիարակության դերի մասին, ապա ցավով պիտի ընդունենք, որ պետությունն այս գործում կարծես շահագրգիռ չէ: 12 տարի սովորելուց հետո հայերեն խոսող միջավայրում մեծացած հայախոս շրջանավարտը չի կարողանում գրավոր և բանավոր գրագետ շարադրել իր մտքերը, տարբեր իրավիճակներում ազատորեն հաղորդակցվել, քանի որ նրա բառապաշարը շատ աղքատիկ է:
    Լեզուն կենդանի օրգանիզմ է և պետք է, ինչ խոսք, զարգանա, որոշակի տարրեր վերցնի բարբառներից ու խոսակցականից, բայց դա չի նշանակում, թե լեզուն պետք է կորցնի իր դեմքը: Ինչպիսի՞ հայերենով է այսօր խոսում երիտասարդությունը… Խոսում է գրեթե ժարգոնով, ինչի առաջին մեղավորներից են, մեր համոզմամբ, ավագ սերունդը և ԶԼՄ-ները: Խոսակցական լեզվի մեջ, իհարկե, որևէ վատ բան չկա, բայց երիտասարդությունն սկսել է ժարգոնով խոսել, բարեբախտաբար` ոչ բոլորը: Սրանում էլ իրենց մեղքն ունեն ավագները, քանի որ մենք ստանում ենք այն, ինչ հրամցրել ենք: Եթե երիտասարդությունը վատ լեզվով է խոսում, ապա դա մեծահասակների աշխատանքի հետևանքն է: Պատկերավոր ասած` ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք: Նաև եթե ամբողջ օրը հեռուստատեսությամբ, համակարգչով և այլ միջոցներով երեխաներին հրամցնում ենք գողական լեզուն ու ժարգոնը` ամենաստորին խավի լեզուն, ուստի ինչու ենք զարմանում, որ երիտասարդներն սկսում են այդ լեզվով խոսել: Եթե դա ենք մատուցել, ապա ինչ կարող ենք պահանջել…

   Ժարգոնն այսօր հաղթում է: Խոսում ենք այնպես, ինչպես ուզում ենք, լսում ենք արհեստական շեշտերով մի կեղծ լեզու, որը կապ չունի հայերենի հետ: Այսօր շատ հեշտ է բարձրախոսի մոտ հայտնվելը: Փոխվել են հասարակության վարքագիծն ու կեցվածքը: Ինչպես խոսում են, այնպես էլ քայլում: Գեղեցիկ խոսք ունեցողն սկսել է օտար ու խորթ դիտվել… Եթե բոլորս միասին չպահենք մայրենին, ապա ոչ մի որոշում, օրենք չի օգնի: Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոց բացելու որոշմանը, ապա պիտի ընդունենք, որ չկարողացանք հաղթել,  և այդ հարցում քաղքենիությունը հաղթանակ տոնեց: Պատկերացնում եք, մարդիկ որոշել են, որ օտար լեզվի կրթությամբ են բարեկիրթ լինում… Զարմանալի է, որ լեզվի այդպիսի քաղաքականությունը տարվում է մի ժողովրդի մեջ, որն ունի հազարամյա պատմություն և հոգևոր անկախության փորձ: Դա արդեն իսկ գալիս է վկայելու, որ մենք լեզվական հարցը պատանդ ենք դնում տնտեսականին:
   Մինչդեռ դպրոցում երեխաներին պետք է սովորեցնենք չամաչել մաքուր հայերենով խոսելուց, պետք է արգելել գռեհիկ լեզվով սերիալների գոյությունը, քանի որ գռեհիկ խոսող մարդն ինքը գռեհիկ է դառնում: Յուրաքանչյուր ընտանիք իր երեխային պետք է դաստիարակի, բայց սրանք արդյունք չեն տա, եթե պետական մոտեցում չլինի խնդրին: Պետք է վերահսկվի ոլորտը, բացի այդ, պետք է կարողանանք բացատրական աշխատանքներ տանել, քարոզչական աշխատանք, որպեսզի լեզուն պահպանվի շատ մաքուր:
    Այդուամենայնիվ, չնայած հնչեցրած մտահոգություններին, չենք կարծում, որ որևէ մեկը ոտնձգություն կկատարի ՀՀ Սահմանադրության նկատմամբ, որտեղ պարզ գրված է, որ մեր երկրի պետական լեզուն հայերենն է: Սահմանադրությունը մենք աչքի լույսի պես պետք է պահպանենք, առավել ևս պետք է պահպանենք մեր լեզուն: Հավատանք, որ եթե և՛ խորհրդային տարիներին, և՛ առհասարակ պահպանել ենք մեր սրբություն սրբոց մայր լեզուն, ապա չենք կարող 21-րդ դարում այնքան խոհեմ չլինել, որ չկարողանանք այն պահպանել…
SHARE