Լիառատ… դատարկություն

0
18

  Ոչնչի պակաս այսօր մենք չունենք, բացի, թերևս, մարդկային պարզ ուրախությունից ու երջանկությունից…

    Թվում է, այսօր ամեն ինչ լիքն է, ոչնչի պակաս չկա: Սակայն եթե ուշադիր մեր շուրջն ենք նայում, պակաս բաներ, իրոք, նկատում ենք: Ամենից շատ ինչի՞ պակաս ենք զգում… Երջանիկ մարդկանց, լիասիրտ ժպտացող մարդկանց: Մարդկանց դեմքերին երջանկություն ու ուրախություն չես նկատում:
    Ի դեպ, տարիներ առաջ շատ ավելի վատ էր, քան այսօր: Հիմա ինչ-ինչ լույսեր գոնե առկայծում են: Սակայն ապրուստը, կենսակերպը զրկում են մարդկանց շատ բաներից: Մեր ժողովուրդն արդեն տարիներ շարունակ մտածում է միայն ուտելու ու հագնելու մասին: Եթե մի սերունդ էլ այդպես մեծանա` մտածելով, ինչ ուտի ու հագնի, մենք չենք ունենա մտավորական մարդիկ, անհատներ, էլ չենք ասում` Սարյաններ, Խաչատրյաններ, Սահյաններ…
    Մարդը պետք է մտքի թռիչք ունենա: Ինչպես ենք այն պատկերացնում, երբ նա սոված է ու մտածում է` որտեղից գումար վաստակի, որ առօրյա տարրական հոգսերը հոգա: Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի, հսկայական ներուժ, և շատ ափսոս, որ այդ տարրական բաներից զրկված է:
    Ընդունված է մարդու էությունը նկարագրել հինգ աստիճանով: Առաջին աստիճանի վրա մարդ մտածում է միայն ուտելու ու հագնելու մասին: Եթե այս մի հատվածը ապահովում ես, ապա սկսում ես մտածել արդեն այլ բաների մասին: Ամենաբարձր աստիճանում ինքնառեալիզացիան է` ստեղծագործել ու հանրությանը մի բան տալ: Եթե այս ստորին աստիճաններով մարդ չանցնի, ապա երբեք չի կարող որևէ բան տալ հանրությանը:

     Տասնյակ տարիներ մենք կանգնել ենք այս ներքևի կետի վրա ու չենք շարժվում: Դժվար է ասել, ապագա 10 տարիների ընթացքում մենք կկարողանանք վեր բարձրանալ այս աստիճաններով, եթե մարդն այսօր գումար չունի, չի կարող, ասենք, 5 հազար դրամ ծախսել համերգի տոմս գնելու համար: Ահա և շատ ենք աղքատացել հոգևոր կյանքից: Իսկ ոչ հեռու անցյալում Հայաստանը հոգևոր կենտրոն էր` ի՜նչ աշխուժություն կար, ի՜նչ…
     Մեզանում դեգրադացիան /ձևախեղում/ հենց հեռուստաընկերություններից է գալիս: Սերիալները, որոնք ցուցադրվում են, հատուկ քաղաքականություն է, որը մարդուն ավելի նսեմացնում ու դեգրադացնում է: Պարզ է, այդ մասսային ավելի հեշտ է կառավարել, քան առողջ մտածողության տեր մարդկանց, ովքեր գիտակցում են, թե ինչ է կատարվում: Հայաստանում արդեն 3 միլիոնից քիչ ենք: Արտասահմանում զարմանում են` դուք ընդամենը շենքի մի մուտքի չափ բնակչություն ունեք, ոնց չեք կարողանում լավ ապրել: Այն, ինչ ցուցադրում են,   սպիտակ գենոցիդի պես բան է: Թող էլի լինեն, բայց ոչ այս մակարդակի, այս ժարգոնով ու…
   Միով բանիվ, ցանկալի է, որ մարդիկ փողոցում շատ ժպտան: Համակարգիչն այսօր մարդկանց միմյանցից անջատել է, բոլորին դարձրել բիզնեսմեններ: <<Բարևը>>` փողով, <<ցտեսությունը>>` փողով… Հետո՞, ո՞ւր ենք գնում: Ամենուր փող, փող, փող, իսկ ո՞ւր մնաց մարդը…
SHARE