Լսելու արվեստ

0
36

  Թովմաս Պողոսյան մարդ-արվեստագետի հետ առաջին անգամ շփվել եմ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: Նա ուսումնասիրում էր Ջիվանու արխիվը, ես` Կոմիտասի: Այս շրջանում հասկացա, որ Թովմասը նվիրյալ է և երկար ստեղծագործական ճանապարհ ունի անցնելու: <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի անսամբլի մշտական համերգներն առիթ դարձան, որպեսզի հաճախակի հանդիպեմ աշուղական և ժողովրդական երգի նվիրյալ արվեստագետին: Բծախնդիր, պահանջկոտ ու աշխատասեր, անսահման աշխատասեր. որակներ, որոնք արվեստագետին տանում են դեպի հաղթանակի գագաթներ:

  Ետնաբեմում միշտ նկատում էի, որ համերգից առաջ Թովմասը երեխայի պես հուզվում էր, աչքերում փայլն ու հուզմունքը միշտ ուղեկցում էին նրան: Ճեմարանում ուսանած տարիներին ստացած հոգևոր լիցքերը կյանքում Թովմասին օգնում են ճիշտ հարաբերվելու մարդկանց հետ, ճիշտ որոշումներ կայացնելու և, իհարկե, ծառայելու և նվիրվելու իր առաքելությանը: Մարդկային ամենամեծ հատկանիշներից նրան բնությունը օժտել է լսելու արվեստով: Լռությունը Թովմասի մոտ ծնում է ճիշտ խոսք, լավ երգ, բարձրակարգ արվեստ: Շատ ստեղծագործական ծրագրեր ունի, և, համոզված եմ, նրա յուրաքանչյուր մտահղացում նոր էջ է հայ աշուղական արվեստի պատմության մեջ: Թող Աստված օրհնի նրա գործը…

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի

Սարգիս Նաջարյան
ՀՀ վաստակավոր արտիստ
SHARE