Լսել, ընդառաջել, հասնել

0
19

Հավատամք

Պատվով շարունակել սկսած գործը, վստահաբար առաջ ընթանալ

-Արդեն շուրջ 4 տարի ղեկավարում եմ Պռոշյան համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Արթուր Մուրադյանը:- Կարծում եմ, որ այդ տարիները բարեխիղճ ծառայության տարիներ են եղել, քանի որ առաջին իսկ օրվանից ջանացել եմ համայնքի համար, ապրել գյուղացու հոգսերով` նրա հետ, ընկերական խաղաղ ու հարազատ միջավայրում, ընկերներով շրջապատված: Ինչ-որ արդյունքի, անշուշտ, հասել ենք: Աշխատել եմ բաց ու թափանցիկ, այնպես, որ հանրությունը տեղյակ լինի կատարվող աշխատանքների, ընթացիկ գործերի ու միջոցառումների մասին: Պարտավոր ենք գյուղացու համար անել ամեն հնարավորը, առավել ևս, եթե խոստացել ենք այս կամ այն խնդիրը լուծել, գործն առաջ տանել: Առաջնահերթ կարևորություն է տրվել ճանապարհների ասֆալտապատմանը, արտաքին լուսավորության անցկացմանը: Նախորդ տարի 1,5 կմ ճանապարհահատված է լուսավորվել, մի փողոց ասֆալտապատվել: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ գյուղի սկզբնամասում խաչքար է տեղադրվել: Պուրակն է բարեկարգվել, կանաչապատվել, նստարաններ են տեղադրվել: Աղբահանության, կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ են կատարվել և այլն: Առաջարկ ենք ներկայացրել <<Վեոլիա ջուր>> ընկերություն` սպասարկելու համայնքի կոյուղին: Մանկապարտեզը ծանրաբեռնված է գործում (4 խումբ, 140-150 երեխա): Ամեն առումով կանգնած եմ գյուղացու կողքին, օգնում եմ` ինչպես ընկերն ընկերոջը կօգներ: Հատկապես նեղության պահին է մարդը զգում օգնության կարիք. բժշկի հարց է լինում, դեղի, սննդի և այլն: Շատ, շատ են խնդիրները, և միայնակ անհնար է, ինչպես ասում են, դրա տակից դուրս գալը: Փառք Աստծո, մեր կողքին են ընկերները: Նրանց շնորհիվ շատ խնդիրներ են լուծվում: Մեկ ձեռքը, ժողովրդի խոսքով, ծափ չի տա, մենակ մարդն էլ ոչինչ չի կարող անել: Իր հերթին էլ համայնքապետարանի աշխատակազմն է սրտացավ ու նվիրված գործում: Ջանում ենք ամեն հարցի լուծում տալ, լսել, ընդառաջել ու հասնել մարդկանց…

Համայնքապետը ցավով խոստովանեց, որ Պռոշյանում մշակութային կյանք, որպես այդպիսին, գրեթե չկա: Չկա, որովհետև չի գործում մշակութային ոչ մի օջախ: 5600  (չգրանցվածներով` մոտ 7 հազար) բնակիչ ունեցող համայնքի համար սա լուրջ խնդիր է: Հատկապես, որ ունեն տաղանդավոր երեխաներ, մեծ պոտենցիալ: Համենայնդեպս, դա չի նշանակում, թե պռոշյանցին հեռու է մշակույթից, սպորտից. այդ պահանջը նա որոշակիորեն բավարարում է դրսում: Բազմիցս դիմել և այսօր էլ շարունակում են դիմել տվյալ խնդրով` հուսալով, որ ինչ-որ կերպ կկարողանան լրացնել այդ բացը: Բացի այդ, մտահոգված են նաև դպրոցի խնդրով: 350 աշակերտի համար նախատեսված դպրոց հաճախողների թիվն այսօր հասնում է 780-ի, չհաշված, որ մոտ 150 երեխա էլ մայրաքաղաքի կրթօջախներ է հաճախում: Խոստացել են առաջիկայում լուծում տալ նոր շենքի (մասնաշենքի) կառուցման խնդրին` ընդգրկելով սոցներդրումների ծրագրում:

Պռոշյանում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, ահա թե ինչու մարդիկ հիմնականում առևտրի, սպասարկման ոլորտներում են ներգրավված: Մայրաքաղաքին մոտիկ է, իր կենցաղով, նիստուկացով քաղաքային կյանքին ավելի սերտացած: Շուրջօրյա ջրամատակարարում ունեն, իսկ ոռոգման ջրի խնդրում եթե նախկինում դժվարություններ կային, ապա ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճակը բարելավված է: Պատահական չէ, որ արդեն ձգտում կա այգիներ հիմնելու, հողագործությամբ զբաղվելու:

Արթուր Մուրադյանին ղեկավարման 4 տարիներն այն համոզմանն են բերել, որ համայնք ղեկավարելը բավականին բարդ ու պատասխանատու աշխատանք է, քանզի տեղում խնդիրներն ու անելիքները շատ են, իսկ հնարավորություններն ու միջոցները` առայժմ սակավ, սահմանափակ: Այնուհանդերձ, ոչ մի դեպքում դա ընկճվելու, տեղի տալու պատճառ չի կարող լինել: Սիրում է կրկնել` միայն հաղթանակով, միայն առաջ… Իզուր չեն անցել Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիները, պատերազմական փորձառությունը, ինչն ամբողջ կյանքում նրան ուղեկից է լինելու` առաջնորդելով դեպի լուսավոր ու պայծառ գալիք:

Արդյունք կա, ինչը և նրան ոգեշնչում ու առաջ է մղում` շարունակելու նախաձեռնումներն ու սկսած գործը, որ հարազատ համայնքի վաղվա օրն ավելի բարեկեցիկ տեսնելուն է նպատակաուղղված: Դրանով է նաև պայմանավորված այն, որ մոտակա ամիսներին կայանալիք ՏԻՄ ընտրությանը պատրաստվում է կրկին առաջադրվել, որպեսզի սկսածը կիսատ չթողնի և կարողանա համայնքապետի պաշտոնում իր գործունեությամբ լիարժեք ներկայանալ շրջապատի մարդկանց, իրեն առաջադրված խնդիրները մինչև վերջ կատարել: Առաջին հերթին և ամենակարևորը` վերջնական լուծել մշակույթի տան խնդիրը:

Արթուր Մուրադյանը ՀՀԿ անդամ է, համայնքային կառույցի ղեկավարը և, բնականաբար, ԱԺ ընտրություններին սատարում է հարազատ կուսակցությանն ու ակտիվորեն ներգրավված է ընտրարշավում.

-Գյուղացին միշտ իմ կողքին կանգնած է եղել, որովհետև տեսել է իմ աշխատանքը, գիտի, որ խոստումներ տալու փոխարեն գործն եմ նախընտրում: Բնակիչն էլ լավ տեսնում ու հասկանում է, որ այն, ինչ հնարավոր է, արվում է, ինչը կարող ենք և ինչը մեր ուժերի սահմաններում է` կատարվում է: Շատ լավ է, որ մեր կողքին կանգնած են, համախմբված ուժերով փորձում ենք <<սայլը տեղից շարժել>>: Մեկս մյուսին օգնելով գյուղի գործն առաջ ենք տանում: Գյուղացին հավատում է, որ մեր ուզած արդյունքին հասնելու ենք, ինչի ձգտում ենք` պատվով կիրականացնենք: Ուստի և համոզված եմ, որ ինձ վստահելով ու հավատալով, պռոշյանցիներն այս անգամ ևս իրենց ձայնը, իրենց քվեն խորհրդարանական ընտրություններին կտան իշխող կուսակցությանը, գործող կառավարության ծրագրերի բարեհաջող շարունակականությունն ապահովելուն:

Խոսելով ընկերության մասին, Մուրադյանն ասաց, որ ընկեր բառն իր մեջ ամեն լավ բան ու իմաստ պարունակում է: Ընկերոջդ պիտի ընդունես քո անձի պես` որպես կյանքիդ լավագույն մասնիկ, անբաժանելի ուղեկից: Մարդուս կյանքում այնքան էլ շատ չեն սրբությունները, ընկերությունը դրանց թվում է: Ընկերոջ հետ, ընկերով ապրել կյանքը, սիրել, նվիրվել, հավատալ ու վստահել…

SHARE