Խելքի՛ աշեցեք

0
15

Եկեղեցի կառուցելով ժողովրդին չես պահի ու կերակրի

Այսօրվա ծանր պայմաններում անընդհատ եկեղեցի կառուցելն, ինչ խոսք, ավելի է սրում մեր ժողովրդի առանց այն էլ անմխիթար սոցիալական վիճակը: Անընդհատ եկեղեցի կառուցելով երկիր ու պետություն, ժողովուրդ չես պահի: Եվ ապա, քրիստոնյա լինելը մեծ թվով եկեղեցիներ կառուցելը չէ…

Եկեղեցու դերը, արդյոք, եկեղեցի կառուցելով մեծանո՞ւմ է: Միանշանակ` ոչ: Եկեղեցու դերը մեծանում է ժողովրդի, տվյալ համայնքի շրջանում վստահություն և հավատ սերմանելով: Մինչդեռ եթե իսկապես հոգևոր սնունդ տրվեր, ապա այսօր այսքան անբարո հասարակության մեջ չէինք ապրի: Այսինքն, բացարձակապես ուղիղ  համեմատական չեն Հայաստանում եկեղեցի կառուցելն ու բարոյական արժեքները:

Զուտ եկեղեցի բացելով չի որոշվում, քանի որ եկեղեցին եկեղեցի է համայնքով: Եկեղեցին համայնքն է. եթե համայնքը դժգոհ է, սոված է, աշխատանք չունի, ապա այդտեղ անիմաստ է եկեղեցի` հոգևոր տուն կառուցելը: Մեր հոգևոր անդաստանում ամեն տեղ գերիշխում են ձևը, ծավալը, <<տոննաժը>>, ոչ թե հավատի ու սրբության վերականգնման ցանկությունը: Նման պայմաններում, երբ ժողովուրդը հոգևոր սնունդ չի ստանում, եկեղեցու դերը հանգում է պապենական ավանդույթները հիշեցնելու և ավանդույթով ապրելու գործառույթին: Բնական է, որ դրանից օգտվում են բոլոր տեսակի հոգեորսները` մեր քաղաքացիներին առաջարկելով Աստծո և Մարդու կապի ապահովման ավելի <<արդիական>> դեղատոմսեր: Երբ բացակայում է հավատի ու նրա Տաճարի կապի ընկալումը, ջնջվում է մեր հոգևոր տաճարների սրբության պատկերացումների ողջ համակարգը: Ստացվում է, որ մի տեղ կարելի է միլիոնավոր դոլարների արժողության շքեղ տաճարներ կառուցել, իսկ մյուս տեղում թողնել, որ դանդաղորեն փլվի իր մշակութային ու հոգևոր արժեքով անհամեմատ մեծ նշանակություն ունեցող պատմական տաճարը…

Կարող է, ասենք, լինի շատ վատ եկեղեցի, բայց կարևոր է, որ համայնքը գոհ լինի: Վերջիվերջո, իդեալական տարբերակն այն կլիներ, որ եկեղեցիները կառուցվեին համայնքի միջոցներով, ընդհանուր` հանգանակված գումարներով, այլ ոչ թե օլիգարխ կոչվածների <<բարեգործությամբ>>: Այսինքն, հենց ինքը` համայնքը գումարը հավաքի և, դրա անհրաժեշտությունից ելնելով, եկեղեցի կառուցի: Մինչդեռ այսօր եկեղեցի կառուցելը մեծահարուստների համար դարձել է իշխանությանը մերձենալու և, հետևաբար, իշխանական կերակրատաշտից օգտվելու միջոց: Ահա այդպես`  եկեղեցի են կառուցում, <<փիառ>> են անում իրենց անձի, ընտանիքների, օրվա իշխանությունների համար, ինչն, ըստ էության, դառնում է ձևական բնույթ կրող մի բան, հերթական միջոցառում:

Անշուշտ, եթե երկրում առկա խնդիրները լուծվեին, եկեղեցի կառուցելն այդքան խոսակցության առիթ չէր տա: Ժողովուրդն ինչ է ուզում… Ավելի շուտ, ժողովուրդն ասում է` ընկեր ջան, եկեղեցի կառուցելու փոխարեն լավ կլինի գործարան բացես, տնտեսություն զարգացնես, այլ ոչ թե գնաս վարկ վերցնես և երկիրը վարկի տակ կքեցնես: Ահա հենց սա է դժգոհության ակունքը…

Ի վերջո, մեր որոշ մեծահարուստներ, որ սիրում են եկեղեցի կառուցել և տեսանկարահանող սարքերի առաջ մտահոգ դեմք ընդունելով մոմ վառել, վատ չէր լինի մտածեին, որ Հայաստանում ամեն տուն եկեղեցի է, որ եկեղեցի ասածը մարդու մեջ է, նրա հոգում: Եվ եթե ուզում են, իրոք, բարեգործություն անել, թող իրենց ունեցածից նախ բաժին հանեն` փոքրիշատե ապահովելու հայ մարդու բնականոն կենսագործունեությունը, նրա ընտանիքի բարեկեցությունը, ինչն այսօր հրատապ է ու առավել աստվածահաճո: Այդ օգնությունն ու բարերարությունը շատ ավելի մեր գյուղական բնակավայրերին են անհրաժեշտ, սահմանամերձ համայնքներին, որոնք այսօր, ցավոք, այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում…

<<…Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքի կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում…>>:

Դերենիկ Դեմիրճյան <<Հայը>>

Բոլոր համաշխարհային կրոնները, մեծ նշանակություն տալով սիրուն, կարեկցանքին, համբերությանը, հանդուրժողականությանը և ներողամտությանը, կարող են նպաստել հոգևոր արժեքների զարգացմանը, և անում են դա: Բայց … գնալով ավելի շատ եմ համոզվում, որ եկել է ժամանակը գտնելու ձևը և էթիկայի հարցերում ապրել ընդհանրապես առանց կրոնների:

Դալայ Լամա

SHARE