Խնդիրը բարձրացնել, ահազանգել է պետք

0
20
Դու քոնը պիտի անես, պետությունն ու կառավարությունը` իրենցը…

Սրտացավություն

   Տավուշի մարզի Հաղարծին համայնքի ղեկավարի թեկնածու Արծրուն Ոսկանյանի հետ մեր զրույցը առաջիկա կիրակի կայանալիք ՏԻՄ  ընտրությունների շուրջ է:

    -Պարոն Ոսկանյան, ինչո՞ւ եք առաջադրել Ձեր թեկնածությունը և ի՞նչ ծրագրեր ունեք:
   -Ցանկություն ունեմ աշխատելու իմ ժողովրդի համար: Նպատակս է  բարեկեցիկ կյանքի ապահովում մեր բնակչի համար, որքանով որ  կկարողանամ: Ծրագրերս, որոնց կատարման հարցում նախանձախնդիր եմ,  հիմնականում այդ ուղղությամբ են: Առաջին հերթին ջանալու եմ բարելավել խմելու ջրի սանիտարական վիճակը, որն անմխիթար է: Գետերի ջուրը միացված է խմելու ջրի ջրատար ցանցին: Դա ճարահատյալ քայլ է, քանի որ ջուրը չի բավարարում: Սակայն, ինչպես դժվար չէ հասկանալ, դրա ռիսկը մեծ է, վտանգավորության աստիճանը` բարձր: Ահա, այս խնդիրը գյուղի համար հրատապ ու օրակարգային եմ համարում: Սարերում աղբյուրներ շատ կան, հարկավոր է միայն նոր ջրագիծ անցկացնել և եղած ջուրը գյուղ հասցնել: Նման նախագիծ վաղուց է եղել, բայց այն իրագործելու հարցում շահագրգիռ մոտեցում չի ցուցաբերվել: Խնդիրը կլուծվի, եթե այդ աղբյուրների ջուրը միացվի իրար և ջրագծով գյուղ բերվի: Բնակիչներն խմելու ջուրն այսօր ոռոգման նպատակով են օգտագործում: Որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա, պետք է նաև ոռոգման ջրագիծ անցկացվի և լուծվի տվյալ հարցը: Այդ դեպքում մեխանիկորեն կլուծվի նաև խմելու ջրի հարցը: Այսինքն, կառանձնացվի` խմելու ջուրն առանձին, ոռոգմանը` առանձին, տարբեր խողովակներով: Գյուղում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում, սանիտարական վիճակը վատ է: Այս հարցը ևս հրատապ լուծում է պահանջում: Ծրագիր ունեմ ցանկապատելու գյուղի գերեզմանատան տարածքը, այնտեղ ջրագիծ անցկացնել: Գյուղամիջյան, ինչպես նաև հանդամասերի ու սարամիջյան ճանապարհներն անընդհատ նորոգվում, խճապատվում են, բայց անձրևների ժամանակ սելավաջրերը քանդում, եղածը քշում, տանում են: Որպեսզի շարունակ դա չարվի, ընդ որում` զուր, սելավատարներ պիտի կառուցենք և այդ կերպ տվյալ խնդիրը լուծենք: Մի մեծ խնդիր ունենք ևս, որն ինձ շատ է մտահոգում: Դպրոցի հետևի սարի հոսող գոտի լինելու հանգամանքը, դրա ներքևից էլ Աղստև գետը հատկապես գարնանը վտանգավոր իրավիճակ են ստեղծում: Գետը մի քանի տարի առաջ շատ մեծ վնաս տվեց` դիմացի տները քշել-տանելով: Հորդառատ անձրևի, վարարումների ժամանակ հոսեց սարը` փակելով գետի հունը: Այդ վտանգը էլի մնում է` այս անգամ այն կարող է դպրոցին սպառնալ և մեծ աղետի պատճառ դառնալ: Աստված մի արասցե… 550 երեխա է սովորում դպրոցում: Այս խնդիրը, բնականաբար, գյուղապետարանի լուծելիքը չէ: Ահազանգը կառավարությանը պետք է հասցեագրել: Առաջարկս հետևյալն է` գետի վրա մոտ 100 մ թունել կառուցել, որպեսզի հոսքի դեպքում գետն իր հունով գնա: Կառավարությունը պիտի օգնի, որպեսզի այս խնդիրը լուծենք և խուսափենք աղետից: Խմելու ջրի խնդրի հարցում ևս պետք է կառավարությունն աջակցի, իսկ ոռոգմանը կարելի է համայնքի բյուջեի հնարավորություններով լուծել: 

   -Ինչպիսի՞ն է գյուղի բնակիչների վերաբերմունքը Ձեր առաջադրմանը:
  -Հաղարծինը 3784 բնակիչ ունի: Գործող բարեկարգ մանկապարտեզ ունենք, մշակույթի տուն: Ես գալիս եմ գյուղացիների համար աշխատելու: Ձգտում ունեմ և ուզում եմ ժողովրդիս համար լավ գործեր անել: Մարդիկ գիտեն, որ անկեղծ են ցանկություններս: Ընկերներս կողքիս կանգնած են, պատրաստակամ` ինձ հետ միասին իրագործելու առաջ քաշած ծրագրերս: Իմ ծրագրերում նաև մարզադահլիճի կառուցումն է, այլ աշխատանքներ ևս, ինչում ընկերներս ու համախոհներս անպայման կօգնեն ինձ: Ռուսաստանում ևս ընկերներ ունեմ, ովքեր իրենց մեծ հնարավորություններով պատրաստ են կանգնելու կողքիս, օգնելու` միասին մեծ ծրագրեր իրականացնելու: Ընկերներիս յուրահատուկ են մարդկային լավագույն հատկանիշները` նվիրվածություն, անշահախնդրություն, մաքրություն: Մանկության ընկերներիցս Ռուստամ Թամրազյանը միշտ կողքիս է, մյուսները` նույնպես: Ժողովուրդը պիտի ճիշտ կողմնորոշվի, սա միայն իմ ընտրությունը չէ, ողջ գյուղինն է, նրա ներկայինն ու ապագայինը: Կարևոր ու բախտորոշ ընտրություն է, և թող ընտրեն նրան, ով, իրոք, արժանի է: Կարևորը` գյուղացու ձայնը տեղ հասնի, նրա ցանկությամբ ու կամքով լինի ամեն ինչ: Ես գյուղացու հոգսով, նրա խնդիրներով ապրող ղեկավար եմ լինելու: Ես ձիաբուծությամբ եմ զբաղվում և այդ ոլորտում որոշակի հաջողությունների եմ հասել: Այն, ինչին ձեռնամուխ եմ լինում, ինչ անում եմ, անում եմ սիրով, նվիրումով ու պատասխանատվությամբ: Արդյունքի հասնելուց միայն իմ մասին չեմ մտածել, լոկ ինձ չեմ բավարարել: Բաժին եմ հանել համագյուղացիներիս, ինչ-որ բանով օգնել եմ մարդկանց: Ոչխարաբուծությամբ եմ զբաղվել: Ֆերմայի վարիչ, զոոտեխնիկ եմ աշխատել: Մի խոսքով, աշխատանքով ապրող, աշխատավոր մարդուն գնահատող, մարդկային հարգն ու կարգը լավ իմացող անձ եմ…
     Նշենք, որ Արծրուն Ոսկանյանի հայրը` Ստյոպա Ոսկանյանը, 10 տարի ղեկավարել է սովխոզը, 10 տարի` գյուղխորհուրդը: Բարի, կամեցող, բոլորին հասնող, բոլորի հոգսով ապրող անձնավորություն է եղել: Նրա օրոք գյուղն անվանափոխվեց` Կույբիշևը դարձավ Հաղարծին: Զավակներն իրավամբ ու արժանիորեն հպարտացել են իրենց հորով: Գյուղացիները հպարտությամբ են հիշում ու մեծարում նրան: Ծնողի արժանի զավակ ու ժառանգորդ է Արծրունը: Մարդկանց լավություն անելուց իրեն անչափ երջանիկ է զգում: Ունի դուստր, որդի, ընտանիքի լավ հայր է, լավ ամուսին: Ունի հրաշալի կին…
SHARE