Խնդիրներից միայն մեկն է մնացել

0
3

Լիահույս են, որ շուտով դա էլ կլուծվի

Զարգացում

-2002 թ. ստանձնելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնը,- <<Ընկեր>>-ին տեղեկացրեց Հրայր Նիկողոսյանը,– բազմաթիվ խնդիրների առաջ հայտնվեցի: Գլոբալներից նշեմ ոռոգման ջրինը, որն այսօր հիմնականում լուծված կարելի է համարել: Հաջորդը` գազաֆիկացում, որը նույնպես գրեթե ամբողջությամբ լուծվել է, այսօր գազ է անցկացվում Անկախության թաղամասում: Նույնը կարող եմ ասել նաև խմելու ջրի առումով` խնդիր արդեն չունենք: Զոհվածների հիշատակին հուշաղբյուր ենք կառուցել, Հայրենական մեծ պատերազմի հուշարձանն ենք վերանորոգել, Սուրբ Հակոբ եկեղեցին հիմնանորոգել, Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ խաչքար ենք տեղադրել: Մասնակի վերանորոգել ենք մշակույթի տունը: Երաժշտական դպրոցն ենք ջեռուցմամբ ապահովել: Գյուղապետարանի շենքն ենք նորոգել, բարեկարգել հարակից տարածքը: Հիմնական փողոցներում արտաքին լուսավորություն ենք անցկացրել: Մասնակի փոսալցում է արվել ճանապարհներին: Շուրջ 20 մլն դրամ ներդրում ենք արել դպրոցում` փոխելով պատուհանները: Առհասարակ, դպրոցի և երեխաների հետ կապված ցանկացած հարցում պատրաստակամորեն մեր աջակցությունը ցուցաբերում ենք: Նյութապես խրախուսում ենք թե՛ գերազանց սովորող աշակերտներին, թե՛ ուսանողներին: Վերջիններիս, եթե դժվարանում են ուսման վարձը վճարելիս, օգնում ենք: Առաջին կարգի հաշմանդամներին թոշակ ենք նշանակել: Մահացածների ընտանիքներին օգնությունը պարտադիր է: Նորածին երեխաների առիթով ծնողներին պարգևատրում ենք: Սոցիալապես անապահովներին, բժշկական միջամտության դեպքում, հատկացում ենք անում: Մեր ուշադրությունից չի վրիպում նաև բուժամբուլատորիան: Մեզ մտահոգող միակ խնդիրը մանկապարտեզի հետ է կապված: Շենք չունենք, ինչի համար դիմել ենք պատկան մարմիններին: Հուսով եմ, այդ հարցն էլ կլուծենք, որպեսզի խիղճներս հանգիստ լինի…

Պարոն Նիկողոսյանի հետ զրուցեցինք նաև համայնքի ընդհանուր կյանքին վերաբերող այլ թեմաների շուրջ: Երբ խոսք գնաց ընկերության մասին, նա ոգևորված ասաց.

-Ունեմ անգամ 50 տարվա ընկերներ, որ գալիս են մանկությունից: Լավ ու վատ ընկերներ չկան, կան ընկերներ, որ հոգեհարազատ են քեզ: Առհասարակ, մարդն էլ վատը չի կարող լինել, պարզապես, նրա մեջ պիտի ձգտել լավը տեսնել: Բոլորի հետ էլ կարելի է շփվել, ընկերություն անել: Ընկերներիցս դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել, բոլորին էլ հավասարապես սիրում ու հարգում եմ: Լավ հարաբերություններ են ձևավորված: Եթե մաքրություն ու ազնվություն եղավ, ապա այդ ընկերությունն անպայման կշարունակվի: Ընկերությունը ուրախ կամ տխուր առիթ չի տարբերակում` երկու դեպքում էլ պիտի լինես: Ունեմ նաև մարտական ընկերներ: Արցախյան գոյամարտում Արամուսն իր 100-հոգանոց ջոկատն է ունեցել: Հավերժ փառք ընկածներին, իսկ ողջ մնացածներով շարունակում ենք մեր մտերմությունը: Իմ բնույթով մեծահոգի ու ներողամիտ եմ, բայց ոչ մի դեպքում չեմ տանի դավաճանությունը: Շատ դժվար է ընկերոջ կորուստը, պետք է ջանալ աչքի լույսի պես պահպանել ընկերությունը…

Առիթ ունեցանք զրուցելու նաև համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Ստեփանյանի հետ: Նա նշեց. <<Հրայր Նիկողոսյանի հետ, իրոք, անդավաճան ընկերներ ենք: Աշխատանքի ընթացքում համայնքի, բնակիչների խնդիրներով ենք ավելի շատ շփվում, համատեղ որոշումներ կայացնում, իսկ գործից հետո արդեն ընկերներ ենք: 50 տարի իրար հետ ենք, և որևէ անախորժություն մեր միջև չի եղել: Արժե հիշատակել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խոսքը. <<Ով չի տեսնում կյանքը ընկերության մեջ, նա ուրեմն կյանքում ոչինչ չի տեսնում>>: Առանց ընկեր ապրելն անհնար է, դժվարանում եմ պատկերացնել: Հրայր Նիկողոսյանը մեծ հոգու տեր անձնավորություն է: Բարի է ու կամեցող: Մարդու հոգեվիճակը շատ լավ է հասկանում, մտնում դիմացինի դրության մեջ: Այսօր, այսպես ասած, ասեղն էլ է պակասում, թելն էլ` դիմում են համայնքի ղեկավարին: Հասնում է բոլորին, ձեռք մեկնում, օգնում: Երբ եկանք, շատ ծանր տարիներ էին, իսկ այսօր, փառք Աստծո, շատ բան է փոխվել: Հեղինակություն ունի թե՛ մարզում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ընկերներին իր շուրջը համախմբող է, նրա մեջ ամենագնահատելին այն է, որ կարողանում է մարդուն լիարժեք հասկանալ ու լիարժեք, ինչպես հարկն է պատասխանել…>>:

Ն. Ստեփանյանն իրենց մանկության ընկերներից նշեց Ավետիք Եղիազարյանին, Ռաֆիկ Ստեփանյանին, Կամո Գասպարյանին, Մհեր Վարդանյանին, չմոռացավ նաև երջանկահիշատակ Սարգիս Վարդանյանին և Վարդան Վարդանյանին: Ապրողների հետ շարունակում են ապրել, իսկ այն աշխարհ գնացածների հիշատակը վառ պահում…

SHARE