Խնդիրների լուծումը հրամայական է

0
24
Ակնկալում
  Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքի բնակիչները, ՀՀ նախագահի ընտրություններին իրենց վստահության քվեն տալով Սերժ Սարգսյանին, հուսացել են, որ գյուղի առջև ծառացած հիմնախնդիրներին առաջիկա ժամանակաշրջանում կտրվեն բավարար լուծումներ:
 – Քանի որ երկրի հիմքը հենց նրա գուղական համայնքներն են,- ասաց համայնքապետ Գևորգ Օհանյանը,- ուստի, կարծում ենք, մեր ղեկավարներն այսուհետև ավելի շատ ուշադրություն կհատկացնեն մեզ: Մանավանդ որ, նախագահն իր նախընտրական ծրագրում համապատասխան կետ ուներ համայնքների զարգացման վերաբերյալ: Պարոն Սարգսյանի հանձնարարականն է եղել` ավելի մեծ ուշադրություն հատկացնել համայնքներին, ինչի նպատակով գումար է տրամադրվել: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը ներկայացրել է, թե որ համայնքում ինչ աշխատանք պետք է արվի և որքան գումար է հարկավոր առկա խնդիրները լուծելու համար: Մեր գյուղի համար իրականացվելիք ծրագիրը բնակիչների սրտով էր, ահա թե ինչու որոշվեց երկրորդ հնարավորությունը տալ գործող նախագահին: Հավատում ենք, որ խոստումները կյանքի են կոչվելու: Մասնավորապես, դպրոցի հետ կապված ծրագրեր կան, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Խոստացվել է գյուղին տրամադրել 50 մլն դրամի չափով գումար, որով կփորձենք ամենահրատապը` դպրոցի և մանկապարտեզի վերանորոգումն իրականացնել: Տանիքն ու պատուհանները փոխվել են, բայց շենքը հիմնանորոգման կարիք ունի: Իմ նախաձեռնությամբ միևնույն շենքում տեղավորված դպրոցի ու մանկապարտեզի մուտքերն են առանձնացվել: Մանկապարտեզն ենք մասնակի վերանորոգել: Խնդիրներ ունենք նաև ոռոգման համակարգի, ճանապարհների բարեկարգման հետ կապված…

  Պարոն Օհանյանի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն շատ քիչ է, ինչի պատճառով մանկապարտեզը լիարժեք չի գործում` 6 ամիս: Թեև ունեն ամերիկահայ բարերարներ, կյուրինցիների ժառանգ թոռներ` տեր և տիկին Անիվյանները, ովքեր շատ են օգնում համայնքին, սակայն քանի որ խնդիրները շատ են, ուստի և ֆինանսական օգնությունն ավելի շատ պետք է լինի: Նշենք, որ Անիվյանները յուրաքանչյուր տարի այցելում են և իրենց օգնությունը ցուցաբերում տեղում: Դպրոցի ու մանկապարտեզի զուգարաններն են կառուցվել, գազաֆիկացում է անցկացվել, կենտրոնական փողոցն ամբողջությամբ լուսավորվել է: Բացառապես մասնավոր միջոցներով 1500 մ խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցվել, որին գյուղի ողջ բնակչությունն է մասնակից դարձել: Արդյունքում այսօր շուրջօրյա ջրամատակարարում /Գառնու որակյալ ջուր/ ունեն: Աշխատանքներ, ինչ խոսք, արվել են, բայց անելիքները դեռևս շատ են: Գյուղացու առաջին խնդիրը ոռոգման ջրով ապահովվելն է: Ոռոգման թե՛ ներքին, թե՛ բաց ցանցերում վիճակն անմխիթար է, ինչը վերականգնման հրատապ միջոցառումներ է պահանջում: Այս խնդրով, ինչպես նշեց համայնքի ղեկավարը, դիմել են անմիջապես վարչապետին: Մշակույթի տան, գրադարանի, դահլիճի հարցերն էլ են բարձրացվել համապատասխան մարմինների առջև: Գյուղացին իր ապրուստի միջոցները ստիպված է հայթայթել դրսում` արտագնա աշխատանքի մեկնելով: Արտագաղթի ծավալները գնալով մեծանում են: Դատարկվող տներն այսօր ամենամեծ ցավն են: Պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի մարդիկ չլքեն հայրենի տունը…
    Ինչպես տեղեկացանք մարդկանց հետ ունեցած մեր զրույցներից, համայնքի ղեկավարը կանգնած է համագյուղացիների կողքին` պատրաստակամ կիսելու նրանց հոգսն ու ցավը: Գևորգ Օհանյանը, խոսելով ընկերության ու ընկերների մասին, վստահորեն ասաց, որ առանց ընկերոջ մարդն արժեք չունի: Ընկերությունն է, որ մարդու անունը բարձր է պահում: Ընկերության շնորհիվ ցանկացած ձեռնարկում կարող է բարեհաջող ավարտ ունենալ: Եթե փոխադարձ սեր լինի, ապա Աստծո օրհնանքն այդ ընկերությունից անբաժան կլինի: Ըստ նրա, ընկերության հիմքում ամենակարևորը ազնվությունն է, անկեղծությունը: Ունի շատ ընկերներ: Աստված այդ կողմից շռայլ է գտնվել նրա նկատմամբ: Նախ ինքդ պետք է կարողանաս ընկերություն անել, ապա դա պահանջես դիմացինից: Գյուղապետարանի աշխատակազմը մի ընտանիքի պես է: Դարձել են ընկերներ և գյուղում ստեղծել հարգանքի ու վստահության մթնոլորտ: Հարևան համայնքների ղեկավարներով են ընկերություն անում: Շատ մտերիմ ընկերներ են Խարբերդի, Մարմարաշենի համայնքապետերը, մտերիմ են հարաբերությունները նաև Արբատի, Ազատաշենի, Գեղանիստի և այլ գյուղերի ղեկավարների հետ: Այդ մտերմությունն օգտակար է նաև գործի, աշխատանքի տեսանկյունից: Ընկերների նախաձեռնությամբ եկեղեցի է կառուցվել, որին իր անձնական միջոցներով մասնակցություն է ունեցել նաև Գևորգ Օհանյանը:
   Վերջում հավելենք, որ <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի կողմից գյուղին տրակտոր է հատկացվել, որը հիմնականում օգտագործվում է աղբահանության նպատակով:
SHARE