Խոնարհում, մեծարում, գնահատում

0
36

Մարդուն յուրահատուկ զգացումներ, որ բարձրացնում ու վեհացնում են նրան…
Հուշամրցաշար` նվիրված Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրներին

Առաքելություն

watermarked_IMG_0150

  Ապրիլի 11ին <<Միկա>> մարզահամալիրում կայացավ Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշարը, որին ուշիուշով հետևողների թվում նաև <<Ընկերն>> էր: Այսպես է` որտեղ ընկերներն են, ընկերական լավ գործերն ու նախաձեռնությունները, ընկերական հավատարմությունը, այնտեղ նաև <<Ընկերն>> է: Հիշողություն, խոնարհում, մեծարում, գնահատում` մարդկային պարզ ու մաքուր զգացումներ, որ   մեծապես արժևորում են մարդուն, ընկերոջը, բարձրացնում ու վեհացնում նրան…
Այս նախաձեռնությամբ մեր մեծանուն ընկեր Կառլեն Լևոնիչը, Սամվել և Տիգրան Աբրահամյան եղբայրները, հայր և որդի Լևոն, Միքայել Հայրապետյանները մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե ինչ ունեն իրենց հոգում, ինչ են ամբարել, ինչ են սերմանում և ինչ պիտի հնձեն ապագայում` ձեռնարկելով ու կազմակերպելով իրենց վաղամեռիկ մտերիմների հիշատակին նվիրված մրցաշարը: Ամեն նման լավ գործից հետո, հավատացած ենք, նրանց ուժը, եռանդն ու կարողունակությունը կրկնապատկվում են, նախանձախնդրությունն ու երախտագիտության դրսևորումը նոր ոգեշնչում են ստանում և նորովի իմաստավորվում:
Քանիցս առիթ ունեցել ենք նշելու, որ այնտեղ, որտեղ ընկերներն են մի սեղանի շուրջ համախմբվում, այնտեղ նոր միտքն ու գաղափարն անպակաս են: Նման հրաշալի հավաքատեղի ու հանդիպման վայր է Կառլեն Լևոնիչի ընկերական, ընկերասեր, ընկերաբարո օջախը, որը հանրաճանաչ ու հեղինակավոր ընկերների պակաս երբևէ չի ունենում: Ընկերներ, որ խոսքից առավել գործն են կարևորում ու գնահատում, որ արժանապատիվ են իրենց արտաբերած յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր պարտավորություն իրականություն դարձնելու գործում: Փառք ու պատիվ նման ընկերական միջավայր ստեղծողին` հանձին Կառլեն Լևոնիչի, ով իր ընկերականությամբ, ընկերության իր գաղափարով ու գործունեությամբ անգամ ավելին է անում հայրենի երկրի, պետության ու ժողովրդի համար, քան շատ ու շատ երևելի ու հայտնի գործիչներ…watermarked_IMG_0933

   Հուշամրցաշարն իրականացնելու գործում արժանի դեր ունեցան և ակտիվ մասնակցություն ապահովեցին հայր և որդի Հայրապետյանները, սամբոյի ֆեդերացիայի կոլեկտիվը: Իսկ ընկերների աջակցությունն այստեղ, ինչ խոսք, առավել քան կարևոր էր, քանզի դրանից միմիայն շահում է սպորտը: <<Ճիշտ է, խոստովանեց Կառլեն Լևոնիչը, այս միջոցառումն ինձ հետ համատեղ արեցին նաև Սամվել և Տիգրան Աբրահամյանները, բայց հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Լևոն և Միքայել Հայրապետյաններին, քանզի նրանց շնորհիվ իրականություն դարձավ հուշամրցաշարը: Հայր և որդի կարողացան իրականացնել մեր ուզածը: Որքան կարևոր է գաղափարը, նույնքան էլ կարևոր է այն իրականություն դարձնելը…>>:
Հարկավ, մարդը որքան էլ գաղափարական, ուժեղ լինի, միևնույն է, առանց ընկերների չի կարողանալու հաջողության հասնել, առաջ ընթանալ, համախոհների անհրաժեշտությունը մշտապես, օդ ու ջրի պես, զգացվելու է: Մարդկային, ընկերական ջերմ սիրո ու միասնության վրա է հիմնված Երկիր մոլորակը, մարդկության առաջընթացի գրավականն այդ սերն է, ջերմությունը: Աստվածաշնչյան պատգամներից հետևյալը հիշենք` սիրեք մեկմեկու, քանզի սիրո պակասը կամ բացակայությունը հարիր չէ մարդ էակի բնույթին, նրա աշխարհաստեղծ էությանը: Ընկերությունն ինքնին սեր է, հոգևոր մտերմություն ու անխախտ եղբայրություն: Այսպիսի հայտնի խոսք կա. <<Սերը երբեք ամոթով չի թողնում>>: Թող ընկերության մեջ սերն ամոթով չթողնի, այդ սերը թագավորի, որպեսզի դրա շնորհիվ լավ ու հրաշալի գործեր արվեն, բարի մտահղացումներ կյանքի կոչվեն: Ասվածի ամենաթարմ օրինակը վերոնշյալ հուշամրցաշարն էր, որը բոլոր առումներով, իրոք, արժանահիշատակ ու խրախուսելի էր:

watermarked_IMG_0126
Լևոն Հայրապետյան
/Հայաստանի սամբոյի
ֆեդերացիայի նախագահ/
Մրցումների անցկացման գաղափարը դեռ մեկ տարի առաջ ունեինք: Հովսեփ Աբրահամյանը Կառլեն Լևոնիչի և իմ ընկերն էր: Մտերիմ էինք, ժամանակին միասին ենք պարապել: Ինչ վերաբերում է Սպարտակին, ապա նա իմ սաներից էր: Հետո արդեն` Արցախյան ազատամարտի տարիներին, Հովսեփը, որ Մոսկվայում բիզնեսով էր զբաղվում, կանգնեց մեր կողքին և հսկայական օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդի ընդհանուր պայքարին: Մեր ժողովրդի համար անչափ բախտորոշ այդ ժամանակաշրջանում մենք համախոհներով` Կառլեն Լևոնիչը, Հովսեփը, Սպարտակը և մյուսները, ավելի մտերմացանք, քանզի ամբողջովին տրվեցինք այդ պայքարին: Միասին պատվավոր ճանապարհ ենք անցել…
Եվ ահա, Կառլեն Լևոնիչի մտահղացմամբ և մեր համատեղ ջանքերով ցանկացանք Հովսեփ և Սպարտակ Աբրահամյանների հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցել: Նրանք սամբիստներ էին, Հայաստանի չեմպիոններ և, բնականաբար, ազգային հավաքական թիմի անդամներ: Ասեմ, որ հուշամրցաշարը նախապատրաստական հիմնական փուլերից մեկն էր Եվրոպայի առաջնությունից առաջ: Մոտ 100 մասնակից` 1518 տարեկան պատանիներ և աղջիկներ: Կարելի է ասել,Հայաստանի հավաքականի կորիզը: Մրցաշարն անցավ բարձր մակարդակով, ինչի համար ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Մի խոսքով, ամեն ինչ` տեղը տեղին: Մենք արդեն հուշամրցաշարին միջազգային կարգավիճակ ենք շնորհել, և ես վստահ եմ, որ արդեն ձևավորվող այս նոր ավանդույթը շարունակվելու է` տարիների հետ առավել ներկայացուցչական ու հեղինակավոր դառնալով:
Սպորտը, տվյալ մարզաձևը մեզ ժամանակի ընթացքում ավելի են մտերմացրել, ընկերացրել, ինչն էլ ապրողներիս պարտավորեցնում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընկերական սերն ու ջերմությունը շարունակվեն, պահպանվեն ու հարատևեն… Պարզ է, որ մեր ընկերների հիշատակը հարգելով, մենք միաժամանակ մարզաձևը զարգացնելու, խոստումնալից ու հեռանկարային մարզիկներին խրախուսելու նպատակ ունենք: Բացի այդ ամենից, անշուշտ, ամեն նման միջոցառում կամ հանդիպում նոր ընկերություն ստեղծելու, նոր ընկերներ ձեռք բերելու հրաշալի միջոց է դառնում…
Աբրահամյան չորս եղբայրներին բնորոշելու համար հատկանշեմ հետևյալ գծերը` ազգասիրություն, մարդկայնություն, ընկերասիրություն, հավատարմություն: Բոլորն էլ` իրար նման, ասես` միմյանց արժանի շարունակություն լինեն: Նրանցից ավագը` Հովսեփը, շատ հայրենասեր, արժանավոր հայորդի ու ընկեր էր: Ընկեր, որ ուշադիր ու հոգատար էր ընկերոջ, դիմացինի հանդեպ: Խոսքի տեր անձնավորություն էր, իսկական հայ տղամարդ, որ հանուն իր ազգի, իր ժողովրդի պատրաստ էր անգամ անհնարինն անելու: Ղարաբաղյան շարժմանը, մեկ անգամ ևս նշեմ, նվիրված էր ամբողջ հոգով ու սրտով, ունեցած հնարավորությունները երբևէ, ոչ մի պարագայում չէր խնայի: Պատրաստակամ էր` ծառայելու ընկերներին, ընկերությանը: Ազնվորեն, անշահախնդիր, անձնուրաց… Առհասարակ, բոլորս էլ այդպես էինք` միմյանց թիկունքին կանգնող, իրար կես խոսքից հասկացող: Ահա թե ինչու, անկախ ֆիզիկական ներկայությունից, մեր հոգեկան կապը չի ընդհատվում, կապված ենք իրար անդառնալիորեն ու վերջնականապես: Շարունակելու ենք միասին անցնելու մեր համատեղ ճանապարհը…

Միքայել Հայրապետյան
/Սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի տնօրեն/
Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրները խորհրդային ժամանակաշրջանում իրենց ավանդն են ունեցել հայկական սամբոյի զարգացման գործում: Այսօր արժանին է մատուցվում նրանց հիշատակին: Մրցաշարն առաջինն է, որ անպայման շարունակվելու է` միջազգայինի կարգավիճակ նվաճելով: Հուշամրցաշարի կազմակերպման համար առաջին հերթին պարտական ենք Կառլեն Լևոնիչին` մեծատառով մարդուն ու ընկերոջը, ում միանալով էլ և համատեղելով մեր ուժերը` հրաշալի այդ նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչեցինք: Ընկերների, ընկերական գործոնը մեծ դեր ունի այստեղ, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված ու հավուր պատշաճի էր: Տեսնելով այդ ամենը, մեր մարզիկներն էլ մի փոքր ուրիշ ու առանձնահատուկ վերաբերմունք ունեին:
Ընդհանրապես, բոլորիս պատասխանատվությունն էլ շատ բարձր էր, և ամեն մեկն իր հերթին արեց հնարավորը, որպեսզի հուշամրցաշարն առավելագույնս ծառայի իր բուն նպատակին: Առիթից օգտվելով, նշեմ, որ հայկական սամբոյի մեծ ընտանիքում լավագույն ավանդույթները հաջողությամբ շարունակվում են: <<Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար>> կարգախոսն, իրոք, բնորոշ է մեր այդ բազմանդամ ու համերաշխ ընտանիքին: Մեր գլխավոր նպատակն է կրթել, դաստիարակել ֆիզիկապես ամուր ու գիտելիքներով հարուստ մարզիկների, որ գորգ դուրս գալով` բարձր վարպետություն դրսևորեն: Հայկական սամբոն միշտ առանձնացել է իր ուրույն, առանձնահատուկ ոճով: Հույս ունեմ, որ դա կշարունակի ապրել, զարգանալ` ի փառս հայկական սպորտի:
Քանի որ մենք մի ընտանիքի պես ենք, ուստի մի ընտանիքի պես էլ պիտի հարգենք մեզանից հեռացածների, բոլոր արժանավորների հիշատակը: Ավանդույթները պիտի հարգել կարողանանք և նոր ավանդույթների հիմք դնենք, լավ օրինակ ծառայենք: Ամենակարևորը` նույն տեղում չմնանք, միշտ առաջ ուղղենք մեր հայացքները, ժամանակի հետ զարգանանք ու կատարելագործվենք: Բնականաբար, երբևէ չմոռանալով կամ չանտեսելով մարդկային ու ընկերական գործոնը: Որքան հրաշալի ու խորհրդանշական էր, երբ մրցումների ավարտից հետո ընկերների կողմից մատաղ մատուցվեց, աղ ու հացի սեղան բացվեց: Հավաքվել էին մեր մեծերը, արժանավոր ու բարձր համբավի տեր մարդիկ: Ահա, այսպիսի վերաբերմունքից և՛ սպորտն է շահում և՛, առհասարակ, մենք բոլորս: Համախմբվածությունը, միասնությունը մեզ բոլորիս պիտի առաջնորդեն…

Սամվել Աբրահամյան
Մրցումները եղբայրներիս հիշատակը հարգելու հրաշալի մի առիթ էին: Կառլեն Լևոնիչի նախաձեռնությունն էր, հենց նա էլ մրցաշարի կազմկոմիտեի նախագահն էր, դե, իսկ, Լևոն Հայրապետյանը մեզ շատ օգնեց ամեն հարցոմ: Կարևորը, կարծում եմ, սկիզբն է, և բոլորիս կողմից, հավատացած եմ, կարվի ամեն ինչ, որպեսզի հուշամրցաշարն արժանի շարունակություն գտնի, ճանաչման սահմաններն ընդլայնի և դառնա հանրահայտ: Շատ շնորհակալ եմ բոլորից` Կառլեն Լևոնիչից, Լևոն Հայրապետյանից և մյուսներից: Հպարտ եմ ու ուրախ, որ այդ հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչվեց և հաջողությամբ անցկացվեց: Լևոն Հայրապետյանն իմ մարզիչն է եղել, և բոլորն էլ այստեղ, կարող եմ ասել, իմ ընկերներն են: Կառլեն Լևոնիչն իմ ավագ ընկերն է, ավագ եղբայրը: Ես Լևոնիչի եղբոր ընկերն էի: Այնպես ստացվեց, որ ես իմ ավագ եղբորը կորցրի, նա` կրտսեր եղբորը: Չնայած ճակատագրի այդ դաժան հարվածներին, մեր մտերմությունը շարունակվեց և շարունակվում է: Միասին ենք: Կառլեն Լևոնիչը մեծատառով ընկեր է, ընկերության վեհ գաղափարը կրող ու հավատարմորեն տանող: Հանուն ընկերության պատրաստ է ամեն ինչի: Ընկերոջ չափանիշ է, էտալոն:
Մենք` եղբայրներով, սիրել ենք ու սիրում ենք ընկերությունը: Թող անհամեստ չհնչի, լավ ընկեր ենք եղել մեր ընկերների համար: Հովսեփն ու Սպարտակը նախ լավ մարդիկ ու լավ ընկեր էին կյանքում, ուստի պատահական չէ, որ մրցաշարին այնքան շատ ընկերներ կային: Բարի, ընկերասեր, կամեցող, հասնող` այս և շատ այլ հատկանիշներով են աչքի ընկել: Սակայն, ցավոք, շատ ջահել հեռացան կյանքից /Հովսեփը 45 էր, Սպարտակը` 40/, և, երևի, ճիշտ է, որ անժամանակ մահը սովորաբար լավերին է տանում: Այնպես որ, նրանք արժանի են լավ ու բարի հիշողության, գնահատանքի ու մեծարման:
Թեև վաղուց Մոսկվայում եմ, բայց Երևանի ընկերներիս հետ կապը մինչև հիմա էլ կա և շարունակվում է: Ընկերների հետ ամեն հանդիպում յուրահատուկ տոնի է վերածվում: Կյանքում շատ բան է փոխվում, բայց կան արժեքներ, որ միշտ մնում են: Այդպիսի արժեք է ընկերությունը, որ մարդու ծնված օրից նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Խոսքը գործի ընկերության մասին չէ, խոսքն իսկական, մաքուր ու անաղարտ ընկերության մասին է: Սպորտն էլ, անկասկած, մի միջոց է` ավելի մտերմանալու, համախոհներ դառնալու համար: Սպորտը համախմբող հատկություն ունի նաև: Ահա թե ինչու` որքան շատ այսպիսի մրցումներ, այնքան լավ և՛ տվյալ մարզաձևի զարգացման, և՛ դրանում ընդգրկվածների ֆիզիկական, հոգևոր ու բարոյական կրթման, դաստիարակման համար: Սամբոն միանշանակ պիտի զարգանա մեզանում, ինչի համար ինքս իմ կողմից կանեմ ամեն հնարավորը:
Նորից եմ ասում` շնորհակալ եմ բոլոր ընկերներիցս: Կառլեն Լևոնիչից` առանձնապես, շատշատ մեծ շնորհակալություն մեծ ընկեր լինելու համար, շնորհակալություն, որ նա կա, որ իր նմանը կա կյանքում: Աստծո բարեշնորհությունը նրան…

Էդուարդ Ասլանյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն եմ և հուշամրցաշարի գլխավոր մրցավարը: Մրցումները շատ դիտարժան պայքարում անցան: Ջերմ մթնոլորտ էր տիրում այդ օրերին, անզիջում պայքարի ականատես եղանք: Պատանիներին ու աղջիկներին փորձ, հմտություն ձեռք բերելու մի նոր, լավ հնարավորություն էր: Կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա էր: Բոլոր մրցանակակիրները և հաղթողները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով, մեդալներով, իսկ հաղթողին հանձնվեց հուշամրցաշարի գավաթը:

Զոհրաբ Մարտիրոսյան
/ՀՀ վաստակավոր մարզիչ/
Խորհրդային ժամանակաշրջանում մրցաշարերը շատ էին, հրավերները` բազում, հնարավորություններն էլ իրենց հերթին բազմազան էին, և, բնականաբար, լավ արդյունքներ էինք արձանագրում: Ցանկացած մրցաշարում, որին մասնակցում էինք, մի քանի չեմպիոն էինք ունենում, էլ չեմ ասում մրցանակակիրների մասին: Այսօր, ինչպես գիտենք, մրցումները քիչ են, և հետևաբար արդյունքներն էլ այն չեն: Հուշամրցաշարը նաև այդ առումով շատ ողջունելի է: Առաջին հերթին` պատանիների համար, որ փորձի պակաս ունեն:
Սպարտակն իմ ամենամտերիմ ընկերն է եղել, իրար հետ նույն քաշային կարգում ենք մենամարտել: Հայաստանի հավաքականի անդամ էինք: Իրար հետ շատ բան ենք կիսել` աղուհացից սկսած: Նա կյանքով լեցուն անձնավորություն էր: Երևացող, աչքի ընկնող տղա էր, աղջիկների սիրելին: Մեծ շրջապատ ուներ, բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել, մտերմություն ստեղծել: Մեծատառով մարդ էր, մեծատառով մարզիկ: Շատ գեղեցիկ էր կատարում հնարքները: Այո, մեծ վարպետ էր սամբոյում: Փայլուն ընկեր էր: Նույն հատկանիշներով նաև Հովսեփն էր օժտված, մեծ սրտի, հոգու տեր անձնավորություն էր…

Էդուարդ Թովմասյան
Մարզաձևի մասսայականությունը, բնականաբար, շահում է նման միջոցառումների անցկացման շնորհիվ: Լավ է, որ սրտացավ մարդիկ, հովանավորներ են գտնվում, ովքեր նպաստում են սպորտի առաջընթացին: Այս մրցումները, բացի դրանից, նաև հարգանքի յուրահատուկ տուրք են մեր նախկին մարզիկների, ընկերների հիշատակին: Այո, զարգանում է սամբո մարզաձևը, հավերժացվում են նրա նվիրյալները: Այս կարգի միջոցառումները հենց այդպիսին են: Իմ գնահատականը դա է: Չմոռանանք նաև նոր սերնդի հայեցի դաստիարակության, ազգասիրության ամրապնդման հանգամանքները:

Հայկ Ավետիսյան
/ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Գյումրի/
Այս կարգի միջոցառումները մեծ ներդրում են տվյալ մարզաձևի զարգացման գործում: Պատանի մարզիկները լավ հնարավորություն են ստանում` ցուցադրելու իրենց ունակությունները, վարպետության հրաշալի դասեր են անցնում: Տա Աստված, այսպիսի միջոցառումներ հաճախակի լինեն: Այս մրցաշարն ապացուցեց նաև, որ ունենք արժանի մարզիկներ, որ կարող են համալրել հավաքականը, պատվով հաղթահարել նախապատրաստական բոլոր փուլերը: Հուշամրցաշարը նոր ազդակ հաղորդեց մեր պատանի սամբիստներին…

Վարդան Օնանյան
/սամբոյի ֆեդերացիայի լրատվության պատասխանատու/
Հուշամրցաշարն, ինչ խոսք, կդառնա ավանդական: Ընդգրկված էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի մարզիկմարզուհիներ: Մրցահարթակ են դուրս եկել լավագույնները: Հովսեփ և Սպարտակ Աբրահամյաններն իրենց ավանդն են ունեցել Հայաստանում սամբո մարզաձևը հանրահռչակելու գործում: Ընկերների, մտերիմների նախաձեռնությունն էր, ինչը մեր ֆեդերացիան պատշաճորեն իրականացրեց: Այո, մարդկային որակներն այստեղ ևս իրենց դերն են խաղացել, քանզի լավ մարզիկը նաև լավ մարդ է, լավ ընկեր: Մարդիկ ապրում են այնքան, որքան իրենց հիշում են: Արժանիներին հիշելը, նրանց պատշաճը մատուցելը մեր պարտքն է…

Վարդան Թադևոսյան
/մարզական մեկնաբան/
Հուշամրցաշար կազմակերպելիս, անցկացնելիս տվյալ մարզաձևի ֆեդերացիան, ընկերները համատեղ ուժերով նպատակ են ունենում իրենց ընկերոջ, լավագույն բարեկամի հիշատակը պահել, որպեսզի մարզաշխարհը պատշաճը հատուցի նրանց հիշատակին, մեկ անգամ ևս գնահատի նրանց ներդրումը սպորտի զարգացման գործում: Լավերը չեն մոռացվում, նրանց պետք է հիշել: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, հաշվի առնելով պատանեկան մրցաշարեր անցկացնելու հանգամանքը, որ այն մրցակցական մի փորձ է` մեկ անգամ ևս մարզիկները դուրս են գալիս մրցագորգ, պայքարի մեջ մտնում, փորձ ու հմտություն ձեռք բերում: Բավարար ուշադրության ու հոգածության դեպքում նման մրցաշարերը դառնում են նաև ավանդական, միջազգային ճանաչում ձեռք բերում:
Հենց դա էլ Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամցաշարի կազմակերպիչների նպատակն ու ցանկությունն է, որն, ինչ խոսք, ողջունելի ու խրախուսելի է: Եվ, ինչու չէ, շատ ցանկալի է, որ այն ժամանակի ընթացքում ներառվի սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում` դառնալով ռեյտինգային որակավորման մրցաշար: Այնպես որ, պետք է շնորհավորել Կառլեն Լևոնիչին, Սամվելին, Լևոն Հայրապետյանին, Միքայելին, որ այդ հուշամրցաշարով շատ բարի ու առաքինի նպատակ հետապնդեցին, հրաշալի գործ արեցին: Գոհ էինք բոլորս, գնահատելի էր ամեն ինչ, և ակնկալիքները շատ մեծ են, որ հետագայում ավելի լավ ու բարձր մակարդակի մրցումների ականատես կլինենք…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ