Խոստումներ, այն էլ` սուտ, չպետք է տալ

0
34

Ավելի լավ է մարդու մատից փուշ հանել, քան լոկ խոսքով նրան <<աջակից>> լինել

Իրատեսություն

Դավիթ Բադոյան` Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքը ղեկավարում է 20 տարի և այս անգամ ևս առաջադրել է թեկնածությունը ՏԻՄ ընտրությանը: Նրա հետ զրուցեցինք արված գործերի, անելիքների ու խնդիրների մասին:

-Համայնքի բյուջեն,- <<Ընկեր>>-ին ասաց պարոն Բադոյանը,- տարիների ընթացքում, աստիճանաբար բարձրացել է: Սկզբնական շրջանում դոտացիա էլ չկար: Իսկ դոտացիան, ինչպես հայտնի է, տրվում է` հաշվի առնելով բնակչության թվաքանակն ու հողային բալանսը: Ցավոք, մեր բնակչության թիվը չի ավելանում, քանի որ արտագաղթը մեծ է: Դրա հետ էլ, բնականաբար, դոտացիան չի բարձրանում: 150 տներից 50-ի դռներն այսօր փակ են: Այնուամենայնիվ, որոշակի հնարավորություններ ունեցել ենք և թե՛ պետության, թե՛ համայնքի բյուջեի միջոցներով կարողացել ենք գործ անել:

-Խոսենք ձեռքբերումներից:

-Ամենամեծ ձեռքբերումն այս վերջին շրջանում ասֆալտապատումն էր. պետբյուջեի միջոցներով ասֆալտապատվեց Կոլխոզնիկների փողոցը: Ճանապարհների վերանորոգումը, փոսալցումը կատարում ենք պարբերաբար, մեր միջոցներով: Այս տարի միայն այդ նպատակով մոտ 7 մլն դրամ ենք ծախսել: 3 փողոցում գիշերային լուսավորության աշխատանքներ ենք կատարել, մնացածն էլ ավարտի կհասցնենք: Ավելի խնայողական, ժամանակակից լամպեր ենք տեղադրում: Մանկական խաղահրապարակ ենք ստեղծել: Դիմել ենք <<Փյունիկ>> հիմնադրամին, որպեսզի մեզ օգնեն խաղեր տրամադրելու հարցում: Հիմա ամենակարևոր աշխատանքը գյուղատնտեսության զարգացման ծրագրով ջրարբիացման իրականացումն է. մոտ 5 կմ հեռավորության վրա անասունների համար խմոցներ են տեղադրվում: Աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի շինարարական արժեքի 5 տոկսը /5 մլն դրամ/ համայնքի բյուջեից ենք հատկացրել: Գյուղը գլխավոր հատակագիծ ունի, ինչը ևս մեծ ձեռքբերում եմ համարում: Դրա /քարտեզագրման/ արժեքի 7 մլն դրամը մենք ենք տվել, մնացածը` պետությունը:

-Խնդիրների մասին ի՞նչ կասեք:

-Ամենագլխավոր խնդիրներից մեկը Բարի գալուստի փողոցի մի հատվածի անմխիթար վիճակն է: Դիմել եմ մարզպետին, կառավարություն` մինչև մյուս գարուն աշխատանքները կսկսվեն: Ծրագրի գումարը 80-100 մլն դրամի սահմաններում է, ինչը, հասկանալի է, համայնքի ուժերից շատ վեր է: Մյուս ցավոտ խնդիրը հացահատիկահավաք կոմբայնին է առնչվում: Հույսներս որևէ դոնոր կազմակերպության վրա է, որի միջոցով միայն հնարավոր կլինի գնել այն: Խորհրդային ժամանակներից մնացած մանկապարտեզի կիսակառույց շենքը հետագա օգտագործման ենթակա չէ: Նպատակահարմար գտանք մշակույթի տան 2-րդ հարկի մի հատված <<Վորլդ Վիժն>> կազմակերպության 13 մլն դրամ ներդրումով վերանորոգել, իսկ գազաֆիկացումն ու ջեռուցումն իմ անձնական միջոցներով են արվել: Սակայն գումարի բացակայության պատճառով մանկապարտեզն առայժմ չի գործում: Փոքր գյուղերում մի փոքր դժվար է. բացի բյուջեի սղությունից, պետությունն էլ իր հերթին, կարծես, համեմատաբար քիչ ուշադրություն է հատկացնում նրանց: Շատ բան ենք ուզում, սակայն ի վիճակի չենք, միջոց ու հնարավորություն չունենք: Ճիշտ է, դիմում ենք, ահազանգում, խնդրում, բայց…

-Նախընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է:

-Ցավալի է, որ ոմանք իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են տալիս, որ անիրագործելի են, հետևաբար` սուտ: Ունեմ մեկ մրցակից: Մթնոլորտը դուրեկան չէ: Ես նմանատիպ տեխնոլոգիաներից` դիմացինին վարկաբեկելուց, սուտ խոսելուց կամ խոստումներ տալուց հեռու եմ: Իրատես եմ և կեղծությունից հեռու: Իմ դռները բաց են գյուղացու, բոլորի առջև, սպասեցնել չեմ տա մարդկանց: Եթե, ասենք, չենք կարողանում օգնել, ապա գոնե ճիշտ ճանապարհը ցույց ենք տալիս: Բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ կա: Համայնքի ղեկավարը պետք է նպաստի, որ մարդկային ջերմ փոխհարաբերությունների դաշտ ձևավորվի: Արդյունք ունենալու համար պետք է աշխատել, պայքարել, նվիրվել, հետևողական լինել:

-Դառնանք ընկերության թեմային…

-Այս տարիների ընթացքում աշխատանքային շատ լավ ընկերներ ձեռք բերեցի պետական և այլ կառույցներում: Ընկերություն ենք անում, միմյանց այցելում, իրար կողքի կանգնում: Իմ ուղղամտությամբ եմ այդ ընկերներին ձեռք բերել: Ընկերության մեջ կարևորում եմ հարգանքը, ազնվությունը, անշահախնդրությունը… Ես իմ գյուղի պատիվը շատ եմ բարձրացրել, այնքան, որ իմ գյուղացին որտեղ էլ գնա, նրան կընդառաջեն: Պատիվ ու հարգանք եմ ստեղծել: Կարողացել եմ առկա խնդիրները հավուր պատշաճի ներկայացնել մարզպետարանում, մյուս կառույցներում, բավարար պատասխանի ու մոտեցման արժանացել: Ամաչելու, վատ զգալու ոչինչ չունեմ, և իմ արածն ու ապրած կյանքն ինձ լիարժեք իրավունք են տալիս որտեղ էլ լինի` գլուխս բարձր պահելու: Երեք երեխա ունեմ և նրանց առաջին հերթին մարդկայնության դասեր ու պատգամներ եմ տվել: Մի որդիս անասնապահությամբ է զբաղվում, մյուսը` բիզնեսով, դուստրս իրավաբան է:

-Ի՞նչ կցանկանաք:

-Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ պետական մակարդակով ավելի շատ ուշադրություն դարձվի տնտեսությանը, գյուղերն առանձնահատուկ վերաբերմունքի արժանանան: Մարդկանց պիտի իրենց հայրենիքում պահել, իրենց հայրենի եզերքներում, որպեսզի շենացնեն ու զարգացնեն դրանք: Իսկ դրա համար տնտեսություն պիտի լինի, արտադրություններ պիտի գործեն: Հուսանք, որ նոր կառավարությանը կհաջողվի այս հիմնախնդիրը լուծել և մեր երկիրը տանել իրոք զարգացման ու առաջընթացի ուղիով…

SHARE