Խոստումներ չեմ տալիս

0
187

Գործով, աշխատանքով կապացուցեմ ասածիս ճշմարտացիությունը…


Կենսադիրք

   -Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար,-այս հարցով սկսեցինք մեր զրույցը Ջրվեժի (Կոտայքի մարզ) համայնքապետի թեկնածու ԱՐԱՐԱՏ ՄԿՈՅԱՆԻ հետ:
   -Ինձ ընկեր կարող է լինել յուրաքանչյուր մարդ,-պատասխանեց նա,-ով կիսում է իմ բարոյական կրեդոները, ընկերոջ ու ընկերության շուրջ իմ պատկերացումները և ամենակարևորը` դավաճան չէ: Ընկերությունը մեր մեծերից է հասել մեզ, մեր մեծերն իրենց յուրովի ընկերությունն են ունեցել: Ժամանակները, բնականաբար, այդ ամենի մեջ որոշակի փոփոխություններ են մտցրել, և այդ հասկացությունները ինչ-որ չափով խեղաթյուրվել են, արժեզրկվել: Մեր մեծերի ընկերությունը, կարծես, այսօր էլ գոյություն չունի: Բացառիկ դեպքեր կան, երբ շաղկապվում են զուտ գաղափարական ու էթնիկական նորմեր, այսինքն` շահ չկա: Եթե կա շահ, կիսելու ինչ-որ բան, ապա ընկերության մասին խոսելն ավելորդ է: Ընկերությունը պետք է լինի մաքուր ու զուլալ: Ընկերությունն ու սերը, իմ խորին համոզմամբ, պետք է լինեն միևնույն հարթության վրա, այո` մաքուր, անարատ ու ջինջ: Մեր կյանքը, իրականությունն այսօր, ցավոք, գնալով առևտրականացվում են, այլ հարաբերություններ են գլուխ բարձրացնում, և անաղարտ ու մաքուր տեղ քիչ է մնում:   
      -Ծնունդով Ջավախք աշխարհից եք, իսկ որքան մենք կարողացել ենք հասկանալ ու ճանաչել, ջավախեցիները կուռ ու ամուր ընկերություն ունեն: Ճի՞շտ ենք, արդյոք, նկատել:
     -Մերոնք ժամանակին հիմնականում Էրզրումի նահանգից են արտագաղթել և հաստատվել մի տարածքում, որի գերակշռող բնակիչները վրացիներ էին: Միշտ ձուլման վտանգ է եղել: Դրա արդյունքում մենք ավելի համախումբ ու համակուռ ենք եղել, որպեսզի կարողանանք դիմակայել մեր հարևանների ոչ այնքան բարյացակամ նկրտումներին: Դիմակայություն, որը մեզ միշտ սթափ ու զգոն է պահել և համախմբել: Այո, ի սկզբանե մենք դատապարտված ենք եղել միասնական ու համաձույլ լինել` մեր ինքնությունն ու ոգին պահպանելու համար: 
     -Ջավախեցիները համախմբված են նաև դրսում, հատկապես` Ռուսաստանում, որտեղ մեծ թիվ են կազմում: Ո՞ւնեք այնտեղ ընկերներ:

-Այո, ունեմ: Այս հարցին մեծ սիրով պիտի պատասխանեմ, որովհետև իմ պատասխանում պետք է հնչի ազգանուն, որը բոլոր ջավախեցիների համար երևելի ու արժանահիշատակ է: Մոսկվայում մեր հայրենակիցների շատ օջախներ են ձևավորվել, նրանք բոլորն էլ հիմնականում հաջողակ բիզնեսմեններ են, զբաղվում են մեծամասամբ շինարարությամբ: Ռուսաստանցիները նրանց վերաբերվում են հավասարի իրավունքով: Դրա համար մենք պարտական ենք <<Վիրահայերի միասնություն>> հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորիկ Թևանյանին: Նրան բոլոր ճանաչողներն էլ անփոխարինելի հայ են կոչում: Մարդ, որ անում է հնարավորն ու անհնարինը` ջավախեցիների միասնությունը պահելու, նրանց ավելի համախմբելու համար: Նա բավականին լուրջ հեղինակություն է ամբողջ հետխորհրդային երկրների ղեկավարների շրջանում: Նրա հետ առաջին դեմքերն են շփվում: Նա իր բոլոր կապերն օգտագործում է ոչ միայն Ջավախքի, այլև Հայաստանի համար: Նրա սիրած խոսքն է` Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է:
     -Դուք ընկերություն եք անում նրա հետ, այո՞:
    -Շատ երկար ու ձիգ ճանապարհով պիտի անցած լինես` նրա հետ ընկերություն անելու համար: Դրան հասնելու համար մտքի կարողություն, հոգու շիտակություն պիտի ունենալ: Դու պետք է վաստակես նրան ընկեր լինելու մեծ կոչումը: Այո, կարող եմ այսօր ասել, որ նրա ընկերն եմ և դրանով հպարտ եմ: Շատ ու շատ մարդիկ են ձգտում նրա հետ ընկերություն անել, իսկ դրա համար պետք է անարատ լինել: Նրա տան դուռը բաց է, բայց ներս մտնելուց առաջ պիտի ինքդ քեզ հարց տաս` արժանի՞ ես այնտեղ մտնելու… Նրա հայրը Ջավախքի ամենահարգված այրերից մեկն էր, ում արժանի ժառանգորդն է Նորիկը: Նա եզակի մարդկանց շարքում է, անհատ, մեծություն, հեղինակություն, ինչը նրան բոլոր ճանաչողներն են ընդունում ու բարձրաձայնում: Այսօր Նորիկ Թևանյանը հայ ազգի խոշոր մեկենաս է, սպորտի, մշակույթի ոլորտի ճանաչված բարերար: Ունի <<Թևանյան>> բարեգործական միություն: Մեծապես օժանդակում է Ջավախքի հայկական դպրոցներին, նյութապես ու բարոյապես օգնում մանկավարժներին: Անում է ամեն ինչ հայապահպանության համար, մասնավորապես` առանձնահատուկ խրախուսում տեղերում հայոց պատմության դասավանդումն ու լիարժեք յուրացումը: Ջավախքի արժանապատիվ գոյության ապահովման առաջամարտիկներից է, առանց նրա մասնակցության ոչինչ չի արվում ու ձեռնարկվում: Ինձ համար, անկեղծ խոստովանեմ, մեծ նվաճում է Նորիկ Թևանյանի պես ընկեր ունենալը: Հայաստանում ջավախեցի ուսանողների մեծ բանակ կա, որի կողքին, ավելի շուտ` թիկունքին կանգնած է Նորիկ Թևանյանը: Առհասարակ, նրան Ջավախքի առաջնորդ կարելի է համարել: Ժամանակին մեծ ներդրում է ունեցել նաև Արցախյան գոյամարտում և, ընդհանրապես, մեծ ու անփոխարինելի գործ է անում Հայաստանի և հայ ազգի համար: Պատահական չէ, որ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման համար ՌԴ պետական շքանշանի արժանացավ: Շատ այլ պարգևների է արժանացել, բարեկիրթ անձնավորություն է: Թե՛ գործարար, թե՛ քաղաքական աշխարհում մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, ինչն անմնացորդ ծառայեցնում է մայր Հայաստանի հզորացման համար: Բոլորս կանգնած ենք նրա կողքին` կատարելու ցանկացած հրահանգ: 
    -Ընտրությունների պահով ի՞նչ կասեք:
 -Ես անկուսակցական եմ` ինքնառաջադրված թեկնածու: Այս կիրակի կայանալիք ընտրությանը թեկնածությանս առաջադրումը կարելի է միանշանակ թիմի առաջադրում համարել: Ավելի որոշակի` Նորիկ Թևանյանի գիտությամբ  ու խորհրդով է արվել: Հաշվի է առնվել մի շատ կարևոր հանգամանք` Ջրվեժում ապրողների մեծամասնությունը ծնունդով Ջավախքից է, և, բնականաբար, նրանց առավել օգտակար լինելու մղումն է մեզ այս քայլին մղել: Այնպես որ, վիրահայերի մեր կառույցի, նրա ղեկավարության առաջարկով է թեկնածությանս առաջադրումը և ընտրապայքարում ներգավվելը: 42 տարի այստեղ եմ բնակվում, տեղացիների հետ ջերմ հարաբերություններ են ստեղծված, ընկերական մեծ շրջապատ ունեմ: Մոտեցման առումով որևէ տարբերություն չեմ դնում` բոլորս էլ հայ ենք, մեր ազգի զավակ: Տարբերություն չեմ դնում, ինչը կշարունակվի նաև ընտրվելուցս հետո: Ես կողմնակից եմ թարմ ուժերի, թարմ գաղափարների: Եթե ընտրվեմ, ապա կպաշտոնավարեմ 2 ժամանակաշրջան, ինչը բավարար եմ համարում: Ավելին, ըստ իս, տանելու է լճացման:
    -Որոշակիացնենք` ինչպիսի՞ խնդիրներ կան և ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը:
   -Համայնքի բյուջեն այնպիսին է, որ բոլոր փողոցները պետք է ասֆալտապատ ու լուսավոր լինեին: 5216 ընտրող ունեցող գյուղը մշակույթի տուն չունի, 100 երեխայի համար մանկապարտեզ չունի: Ջրվեժը Հայաստանի ամենահարուստ գյուղերից մեկն է, 8 հազարից ավելի բնակիչ ունի: Մեր երեխաները մայրաքաղաքի կրթա-մշակութային հաստատություններ են հաճախում, մինչդեռ այդ ամենը պետք է տեղում մենք ունենայինք: Համայնքի հնարավորությունները դա թույլ են տալիս: Գործող գյուղապետի հետ ընկերներ ենք, պարզապես` հայացքների, մոտեցումների տարբերություն ունենք, զուտ գաղափարական անհամաձայնություն: Ժողովրդին ոչինչ չեմ խոստանում` գործով, աշխատանքով կապացուցեմ ամեն ինչ: Մտածում եմ թոռներիս ապագայի, մեր երեխաների ապահով վաղվա օրվա մասին: Գյուղը բավականին հողային ֆոնդ ունի, հողը ժամանակին բաժանվել է տնամերձ հողամասերի, բավականին լուրջ հատկացումներ են եղել այգեգործական նպատակների համար: Այսօր այդ հողերը գնալով անապատի են վերածվում, ոռոգման ջրի խնդիր կա: Մեծ ծախսեր չի պահանջում 700 մ ոռոգման ջրագծի անցկացումը: Չկա ջուր, չկա նաև ծառ ու այգի: Խմելու ջրի ուղղությամբ աշխատանքներ տարվել են, բայց անելիք դեռևս կա` թաղամասեր կան, որ ջրի խնդիր ունեն: Դա ևս կարելի է կարգավորել, քանի որ մայրաքաղաք իջնող Գառնիի ջրատար մայրուղին անցնում է մեր գյուղի միջով: Ջրվեժում 170 իրավաբանական սուբյեկտ կա /ռեստորաններ, խաղատներ, հյուրանոցներ և այլն/ գրանցված: Դրանք, պարզ է, տեղական բյուջեին ֆինանսական համապատասխան հատկացումներ են անում: Այդ ամենը կարելի է ի մի բերել: Աշխատանքը պետք է թափանցիկ, բաց լինի, բնակիչը տեղյակ լինի համայնքային բյուջեի տեղաշարժերից: Ընտրություններին պետք է հաշվի  առնվի կրթական ցենզը: Բնակիչների հետ կապը պետք է մշտական լինի, ամուր ու գործնական փոխհարաբերություններ ձևավորվեն: 
    -Վերջում ի՞նչ կուզենաք ավելացնել:
   -Նորայր Թևանյանից ես կյանքի մեծ դասեր եմ առել: Նրա միջոցով շատ լուրջ մարդկանց հետ եմ շփվել, ինչը և անպայման կօգտագործեմ ի շահ համայնքի, ի շահ մեր բնակչի: Ես ծնվել եմ մարդկանց օգտակար լինելու համար: <<Տղամարդու խոսքին` տղամարդու պատասխան>>` այս կարգախոսով եմ առաջնորդվում…  
SHARE