Խոսք մեծանուն ԸՆԿԵՐոջ մասին

0
53
Նրա, ով ԸՆԿԵՐության <<զորահանդեսի>> անփոփոխ գլխավոր հրամանատարը,  
այդ երթի հավատավոր ջահակիրն ու ուղեցույց փարոսն է…
   ԿԱՌԼԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ ծանոթանալը շատ պատահական ստացվեց:  Բայց դա առաջին հայացքից կարող է այդպես թվալ: Ըստ իս, այդքան էլ պատահական չէր, Աստծո նախախնամությունը կար, քանզի այն գործը, որը ես նոր եմ սկսել, նա շատ վաղուց էր կյանքի կոչել: Գործ, որով շնչում ու ապրում է, որին նվիրված է անմնացորդ…
    Խոսքս <<Ընկեր>> թերթի լույս տեսնելու մասին է, ավելի շուտ, իհարկե, ոչ թե բուն թերթի, այլ այն գաղափարի, որն ընկած է նման անվամբ լրագիր հրատարակելու հիմքում: Այո, դա ընկերությունն է, որի շուրջ կարող են համախմբվել հասարակության բոլոր շերտերի, տարբեր գաղափարների ու համոզմունքների մարդիկ: Թերթին կից նախատեսում էի հիմնել նաև ԸՆԿԵՐական ակումբ, որտեղ կհավաքվեին, որի շուրջ կհամախմբվեին մարդիկ` ի մի բերելու իրենց ապրած կյանքը, զատորոշելու դրա ճիշտ ու սխալ շրջանները: Նաև մտորելու երկրի լավ ու վատ դրվածքի, իրավիճակի վերաբերյալ` ինչ-ինչ ելքեր, առաջարկներ փնտրելու նպատակադրությամբ: Ստեղծելու մի մթնոլորտ, որտեղ գերիշխողը բարին արարելու ձգտումն է, որտեղ հանդուրժողականությունն ու մեծահոգությունը մարդկանցից պիտի վանեին շահամոլության կործանարար մոլուցքը, որտեղ պիտի մերժվեին երկրային սին հաճույքներին տրվելու մոլորությունը և կարծեցյալ վայելքներով ապրելու  գայթակղությունը: Մարդկայնությունն է մնայուն ու հավերժ, անունն ու պատիվը, մնացյալը կործանման տանող ճանապարհ է…

   Այո, մեզ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է այնպիսի մթնոլորտ, միջավայր, որտեղ Աստծո ստեղծած մարդ էակը զգաստանա, հաշիվ տա ինքն իրեն իր արածի, իր գործածի համար: Եթե սխալվել է, ապա մի պահ կանգ առնի և սխալն ուղղելու միջոց ու հնար փնտրի, <<մաքրվելու>> քայլեր ձեռնարկի: Ճշմարտությունը մեկն է, ազնվությունն ու արդարությունն էլ ոչ թե մի քանի  կամ բազմազան, այլ մեկ երես ունեն, մեկ չափանիշ: Թերթի հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորինս նպաստի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծմանը: Մթնոլորտ, որտեղ գերակայողը բարձր արժեքներն են, կայուն, ժամանակի փորձությունն անցած արժեհամակարգը: Այս դեպքում, անշուշտ, կարող է խոսք գնալ երկրի զարգացման, պետության կայացման և ժողովրդի  նկարագիրն անաղարտ պահել-պահպանելու մասին: Չէ՞ որ պիտի լավ հասկանանք ու պատկերացնենք, որ աշխարհի ոչ մի երկիր   շահագրգռված չէ, որ մեր պետությունը կայանա, որ մենք հզորանանք… 
    Գլոբալիզացիա կոչվող հրեշն առաջին հերթին ուղղված է մեզ պես փոքրաթիվ, բայց մեծ մշակույթ ունեցող ազգերի դեմ, և այս աշխարհի զորեղներին բնավ էլ ձեռնտու չէ մեր տեսակի պահպանությունը, Հայոց հինավուրց երկրի և նրա հնագույն ազգի առաջընթացը: Ահա այս պարագայում մեզ մնում է միաբանության ու համախմբվածության գաղափարներին հավատարմություն ցուցաբերելը, անսահման հզոր կամքը` շարունակելու մեր առաքելությունը, աստվածօրհնյալ մեր ճանապարհը: Որևէ շեղում, ցանկացած սայթաքում մեզ անխուսափելիորեն հետ է պահում այդ ուղուց և վնասում մեր պետականությանը: Անասելի մեծ զրկանքների, կորուստների ու տառապանքների գնով ենք հասել այս օրվան և ոչ մի իրավունք չունենք կորցնելու այդքան թանկ գին վճարած անկախ պետականությունը: Սա է, թերևս, օրվա, ժամանակի հրամայականը, և դա վերաբերում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի` որտեղ էլ նա լինի, ինչ դիրք կամ կարգավիճակ էլ ունենա: Համախմբում` մեկ, միասնական գաղափարի շուրջ, անձնական նկրտումներից, հավակնություններից հնարավորինս հրաժարում` ի շահ մեր ազգի և մեր պետության…
   Կարծում ենք և սխալված չենք լինի, անշուշտ, որ այս կարևորագույն գործում իր բարերար դերն ու անգնահատելի նշանակությունն ունի ընկերությունը, այդ գաղափարի շուրջ համախմբումն ու միաբանվածությունը: Ընկերություն, գաղափար, որ միմիայն բարին է ծնում և աստվածահաճո է: Ասում են` գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց այդ դերը, մեր համոզմամբ, վերապահված է բարուն, չնայած բարին էլ իր հերթին գեղեցիկն է: Այսինքն, վեր կանգնելով անձնական շահագրգռություններից, մի կողմ դնելով նյութականն ու մարմնավորը, մտահոգվենք հոգևորն ամրապնդելու, Աստծով մեզ տրվածը պահպանելու, զարգացնելու և միմիայն առաջ ընթանալու մասին: Ներքին պառակտվածությունը մերժենք հաստատակամորեն, տուրք չտանք մեր ներսը սողոսկած ավերիչ խժդժություններին և առաջնորդվենք համազգային գաղափարներով ու պետականամետ շահախնդրությամբ: Սիրենք մեր մերձավորին, անծանոթին օգնության ձեռք մեկնենք, կարիքավորին նեցուկ լինենք և ինչ էլ լինի` հավատարիմ մնանք մարդու մեր կոչմանն ու դավանանքին…
    Ահա այս մտորումներով ու խորհրդածություններով, մարդկանց ընկերության գաղափարի շուրջ համախմբելու նպատակադրումով <<Ընկեր>> թերթը հիմնադրելու, ստեղծելու ճանապարհին բախտ ունեցա ճանաչելու մի մարդու, ով վաղուց իրականացնում էր այն, ինչն իմ այդ մտահղացման հիմքում էր, իմ նվիրական երազանքներում, ինչը ես նոր-նոր սկսում էի կյանքի կոչել… Ես ճանաչեցի այն մարդուն, ում երկար ժամանակ, իմ կամքից անկախ, փնտրում էի: Փնտրում էի` պատկերացում չունենալով անգամ, թե ով է լինելու նա: Հանդիպեցի Կառլեն Կարապետյանին` հասկանալով, որ այդ մարդը հենց նա է, ով փայփայածս գաղափարների անմիջական կրողն ու հավատավոր ջահակիրն է: Նրան, ըստ էության, որևէ մեկից որևէ բան հարկավոր չէ, նրա շահը, օգուտը … մարդկանց հաշտ ու համերաշխ տեսնելն է, մարդկային հարգանքի ու մտերմության մթնոլորտի, միջավայրի մասնակիցը լինելը: Նման մթնոլորտի, միջավայրի առաջ մղող ուժը, քարշակը, բնականաբար, հայրենի երկրի նկատմամբ սերն ու նվիրումն է, պատասխանատվության բարձր գիտակցումը: Առաջին հանդիպումը, կարծես, բնավ էլ առաջինը չէր: Տպավորությունն այնպիսին էր, որ վաղուց գիտենք միմյանց, որ հանդիպումը վաղո՜ւց էր սպասված… 
    Հայի այդ օջախում ես զգացի այն մթնոլորտն ու միջավայրը, որը մարդուն պարուրում ու ջերմացնում է սիրով, քնքշությամբ, բարությամբ, ընկերությա՛ն համ ու հոտով: Տեսա մարդկանց, համախոհների, ում այստեղ բերել էր միմյանց հետ շփվելու, կիսվելու, հոգևոր փոխմերձեցման վայելքն ապրելու անկեղծ մղումը: Դրանից գոտեպնդված, ինձ հարազատ միջավայրում գտա և  աննկատ մերվեցի դրան: Շատ չանցած ինձ համար պարզ դարձավ, որ այդ միջավայրի ոգին, նրան տոն տվողը, ժողովրդական խոսքով ասած` մերանը,  հզոր մարդկային մի ուժ է` ի դեմս Կառլեն Կարապետյանի: Նրա նախաձեռնությամբ ստեղծված ընկերական միջավայրը, մթնոլորտը շատ ավելին են, քան զուտ ընկերությունը կամ ընկերախումբը. կա մի ոգեղեն ուժ, մեծ արժեք, որ մի հարկի տակ կամ մի սեղանի շուրջ հավաքված մարդկանց սոսնձում, հազար թելերով ամրացնում ու ոգեշնչելով առաջ է մղում: 
Ինձ` անծանոթիս, հարազատի ջերմությամբ ընդունեց և աննկատելիորեն, սահուն ներքաշեց իր միջավայր, իր հոգու տարածք: Այո, հոգո՛ւ տարածք,  քանզի հոգով ու սրտով է մոտենում դիմացինին, ոգու անտես աչքերով թափանցում նրա ներսը և պարուրում հոգեպարար ջերմությամբ ու հանգստավետ խաղաղությամբ: Ողջունեց, բնականաբար, սկսածս գործը և օգնել-օժանդակելու անկեղծ պատրաստակամություն հայտնեց: Խոսքն, անշուշտ, անշահախնդիր և բարոյական ձեռքմեկնումի մասին է, քանզի դրա կարիքն ու անհրաժեշտությունն առաջին հերթին ունենք այսօր յուրաքանչյուրս: Բարոյականությունն այն արժեքն է, որի դեմ ոչինչ են աշխարհիս թվացյալ հզորների միլիոններն ու անասելի ճոխությունները: Ընկերության, ընկերական ոգին ճեղքում է ամեն զրահ ու պատնեշ և ուղի հարթում դեպի ցանկալի նպատակակետ: Դա ես իմ մաշկի վրա զգացի, երբ Կառլեն Կարապետյանն այնքա՜ն մարդու <<խառնեց>> իրար, այնքա՜ն մարդու ոտքի հանեց, որ հոգուս խորքում ինձ փառավորված զգացի: Ելակետը ընկերության գաղափարն էր, որն էլ ոգու պարտադրանք հաղորդեց նրանով ապրող ու առաջնորդվող այն մարդկանց, ում համար Կառլեն Կարապետյանն ուղեցույց փարոս ու ինքնազոհ առաջամարտիկ է…
Ժամանակի ընթացքում որդեգրածս ուղու նկատմամբ հավատս ու համոզումս ամրապնդվեցին, ինչի համար ես մեծապես պարտական եմ այդ մարդուն, որ հաստատակամորեն շարունակեց քարեր ավելացնել այն կառույցին, որի պատերից վեր գնալով բարձրանում է ԸՆԿԵՐության շքեղաշուք ամրոց-պալատը: Այնքան, որ այսօր արդեն ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնելու հետևյալի մասին: Հայ ազգի լավագույն գենը Կառլեն Լևոնիչի նման ազգի նվիրյալների արյան մեջ է: Նա ապրում է ապրեցնելու հրամայականով, ընտրած ճանապարհը յուրահատուկ է ու ճշմարտացի: Նրա համար այնքան էլ կարևոր չէ, թե երկրի նախագահն ինչ ազգանուն կկրի` պետք է հարգել, կարևորն այն է, որ Հայաստանի անկախ պետությունն ապրում է, և պատմությունը երբևէ չպետք է մոռանալ: Ազգը պիտի հարատևի, ազգապահպանությունը բարձրագույն արժեք է նրա նվիրյալ զավակի համար: Ղարաբաղյան պատերազմի հաղթանակին նա նվիրաբերեց կարողության մեծ մասը, բուն մարտադաշտից հեռու գտնվելով, թերևս, արեց ավելին… Զինվորը զինվոր է, երբ նրա թիկունքն ամուր ու ապահով է, զինվորն այսօր էլ, խաղաղ պայմաններում, զինվոր է, երբ նրան գնահատող ու նրա հոգսը կիսող կա: Կառլեն Լևոնիչը տղերքի կողքին եղել է ու կա, կլինի՛: Իրեն ճանաչողների համար հեղինակություն է անվերապահորեն: Բոլորի` լինի մտավորական, քաղաքական գործիչ, գիտնական, մարզիկ և անգամ <<օրենքով գող>>: Ընկերության այս բազմաշերտ շառավիղները Հայաստանից ձգվում են դեպի  աշխարհի ամենատարբեր լայնություններ: Չի անտեսում ոչ ոքի, ամեն մեկի նկատմամբ վերաբերմունքն առանձնահատուկ է: 
    Օջախի մարդ է, օջախի ընկեր, ում այնքան դժվար է մերժել ինչ-որ բանում: Օջախի սեղանը միշտ բաց է, որ համախմբում է ընկերներին իր շուրջը, որ միասնական է դարձնում ամեն խոսք, ամեն գաղափար, ամեն ծրագիր… Ինչպես ժամանակին Տերյանն է իր մեծ գրչեղբոր մասին ասել` Թումանյանի պալատում ով որ քեֆի չի նստել, նա չի տեսել դեռ խնդում, աշխարհ չի տեսել, այնպես էլ պիտի Կառլեն Կարապետյանի Վերնատան մասին ասել այսօր: Պիտի գոնե մեկ անգամ լինել այստեղ, շնչել նրա օդն ու բույրը` լցվելու խորախորհուրդ իմաստնությամբ ու երիցս արբենալու կյանքի անսահման սիրով, հավատով ու լավատեսությամբ… Վերնատուն անունն էլ, բնականաբար, պատահական չի ընտրված` մեծ իմաստ ու խորհուրդ ունի: Հարազատ օջախ է յուրաքանչյուրի համար, ուր մարդ իրեն այնքա՜ն լավ ու այնքա՜ն թեթևացած է զգում: Ահա, այսպիսի մտերմիկ միջավայրով օջախ է ստեղծել մեծանուն ընկեր Կառլեն Լևոնիչը: Ընկերության կամարակապ օջախ` ընկերության գաղափարի ոգեղենիկ հաց ու ջրով…
   Էլ ինչ հայ` առանց ավանդապահության, ընտանիքի հանդեպ առանձնակի գորովանքի, ծնողի նկատմամբ անձնվեր սիրո ու երախտագիտության: Այս անանց ու նվիրական արժեքներն ամենօրյա հացի պես են Կառլեն Լևոնիչի համար` նրա օջախից, նրա սեղանից անբաժան ու անպակաս: Ընկերասիրություն ասածն ամեն ինչ ներառում, ներս է անում, և լիուլի բավարարում է բոլորին` բոլոր պարագաներում: Զուլալ, մաքուր աղբյուրի պես բխում է` բավարարելով ազնիվ ու առաքինի մարդկանց սրտերի փափագը: Այդ աղբյուրն անաղարտ ու մաքրամաքուր պահողների առաջին շարքերում Կառլեն Կարապետյանն է` ընկերության <<զորահանդեսի>> անփոփոխ գլխավոր հրամանատարը… Այս բառերը եթե այնքան էլ չեն բարձրաձայնվել մինչ օրս, ապա հաստատ յուրաքանչյուրի, ով բախտ է ունեցել գեթ մեկ անգամ առնչվելու Կառլեն Լևոնիչ զարմանահրաշ երևույթի հետ, ներսում խլրտացել, մի օր լույս աշխարհ գալու հաճելի սպասումով գալարվել են միշտ:
   Այսօր, թերևս, այդ օրն է, քանզի… Կառլեն Կարապետյանն առավել քան պատկառազդու տարիքի` 60-ամյա հոբելյանի շեմին է, հոբելյան, որ գալիս է իր հերթին զարդարելու մեր մեծանուն ընկերոջ, մեծահարգ ու պատվարժան մարդու վառ ու շռնդալից կյանքի պայծառ էջերը: Իմաստալից կյանք, որ կարող է լավագույն օրինակ ծառայել շրջապատի շատ ու շատ մարդկանց համար: Էլ չասած` ընկերների, որ իրավամբ հպարտանում են իրենց ընկերոջ հոբելյանով, նրա ապրածով, արած-դրածով և դեռ արվելիք-դրվելիքով, ինչը, վստահ են, ոչ պակաս խոստումնալից ու ոգեշնչող է լինելու…  
  Ծնունդդ շնորհավոր, սիրելի, պատվարժան ու մեծանուն ընկեր: Թող հոգուդ շռայլությունը, որ աստվածատուր ու անսահմանորեն մեծ է, այսուհետև ևս լիուլի բաժին հասնի բոլոր նրանց, ովքեր իրոք ապրում են, շնչում քո թումանյանական վերնատան ջերմությունն իրենց հոգում սրբությամբ պահած: Շարունակվեն սերը, բարին ու գեղեցիկը, որ այնքան հարիր ու համարժեք են քո անվանն ու քո մարդկային առաքինի կերպարին…
  ԸՆԿԵՐական հավերժ սեր ու նվիրում, ԸՆԿԵՐական հարգանք ու մեծարանք, ԸՆԿԵՐական պատկառանք ու փառաբանում…
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE