Ծառայությունն ու աշխատանքը գնահատվում են

0
19

Անհաջողության դեպքում պատճառը նախ քո մեջ փնտրիր…
    Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը, ով կրկին իր թեկնածությունն առաջադրել է առաջիկա կիրակի կայանալիք ընտրությանը, մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ 2005 թվականից է այս պաշտոնում: Հավատացած է, որ համագյուղացիները դարձյալ վստահության քվե կտան իրեն` շնորհիվ այս տարիներին համայնքում կատարված աշխատանքների ու արձանագրված հաջողությունների: Իր պարտականություններում գործող գյուղապետը երբևէ չի թերացել, աշխատել է համառ ու տքնաջան և ծառայել համայնքային խնդիրների լուծմանն ու մարդկանց կարիքների բավարարմանը: 

     Այստեղ մշտապես պատշաճորեն կատարել են ավանդական ծիսակատարությունները, նշել պետական ու ազգային տոները: Հատկապես մեծ շուքով նշեցին Հայոց բանակի ստեղծման 20-ամյակը: Համայնքի ղեկավարն այդ առթիվ անձամբ շնորհավորեց համագյուղացի բոլոր ժամկետային զինծառայողներին, նրանց ծնողներին, ինչպես նաև սպաներին: Արցախյան ազատամարտում զոհված շահումյանցի Արմեն Մկրտչյանի անունով է կոչվում գյուղի փողոցներից մեկը: Զինվորական պարտքը կատարելիս զոհված Հովհաննեսի անունով ևս փողոց է անվանակոչվել: Առանձնակի ուշադրության կենտրոնում են նրանց ընտանիքները: Ի դեպ, Հունվարի 28-ի տոնը դուրս չի մնում նաև գյուղապետարանում աշխատող կանանց ուշադրությունից: Նրանց նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվում, նվերներ են հանձնվում և այլն: Հավելենք, որ, ավանդույթի համաձայն, արժանիորեն նշվելու է նաև Տյառնընդառաջի տոնը և այդ առթիվ տեղի նորապսակներին գյուղապետի կողմից նվիրվելու են ոսկե մատանիներ: Առհասարակ, երիտասարդ նորաստեղծ ընտանիքների նկատմամբ գյուղապետարանը հոգատար ու սրտացավ է, հնարավոր ամեն ինչով խրախուսում է նրանց կայացմանն ու ամրապնդմանը: 
     Գյուղացու խնդիրներն այսօր շատ են, և, հասկանալի է, ընդամենը 4 մլն դրամ եկամուտ ունեցող համայնքապետարանն ի վիճակի չէ լուծում տալու առկա մեծ ու փոքր բոլոր խնդիրներին: Մշակույթի տուն, մանկապարտեզ ունենալու համար բավականին մեծ դրամական միջոցներ են անհրաժեշտ: Այդուհանդերձ, գյուղապետը վերադասի, պատկան մարմինների առջև բարձրացրած խնդիրների հարցում երբևէ մերժում կամ բացասական պատասխան չի ստանում. <<Կատարածս աշխատանքի յուրօրինակ գնահատական կարելի է համարել, թերևս, այն, որ այսօր ընտրապայքարում  մրցակից չունեմ: Եթե գործող գյուղապետը ընտրությանը պարտվում է, ապա, անկասկած, ղեկավարման շրջանում լավ չի աշխատել: Եթե, իրոք, ծառայած լիներ համայնքին, ապա անհաջողության չէր մատնվի…>>:     
   Գիտելիքի օրը Շահումյանում առանձնակի հանդիսավորությամբ ու շուքով է նշվում: Գյուղապետն այցելում է կրթօջախ, շնորհավորում բոլորին, առաջին դասարանցիների համար հետաքրքիր էքսկուրսիա են կազմակերպում Երևանի կենդանաբանական այգի, մանկական երկաթուղի և այլ տեսարժան վայրեր: 
    Գյուղում ժամանակին կատարվում է աղբահանությունը, և պիտի նշել, որ այս հարցում ևս համայնքի ղեկավարության ուշադրությունն առանձնահատուկ է: Յուրաքանչյուր 4 տանը մեկ աղբաման է հատկացված, աղբատար մեքենան ժամանակին տեղափոխում է գոյացած աղբը:  
    Շահումյանում գործում է <<Նավասարդ>> պարի խումբը, որն ունի 50 սան: Այն գյուղապետի հոգածության ներքո է, հնարավոր ամեն ինչով աջակցություն է ստանում: Պարուսույցի աշխատանքից գոհ են, երեխաները հաճույքով են հաճախում պարապմունքներին: Յուրաքանչյուր տարի գյուղապետի հովանավորությամբ խմբի սաները ծնողների հետ մեկօրյա հանգիստ են անցկացնում հանրապետության տեսարժան վայրերից մեկում: Խումբը թեև երեք տարվա պատմություն ունի, բայց ունեցած հաջողությունների շնորհիվ արդեն հասցրել է արժանի ճանաչում ձեռք բերել: Դրանում, ինչ խոսք, մեծ է պարուսույցի` Աննա Մարգարյանի ներդրումը: 
  2011 թ. <<Փրկենք երեխաներին>> միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից գյուղում նախակրթական քոլեջ է հիմնադրվել: Ընդհանուր գումարի 15 տոկոսը ներդրել է համայնքը, իսկ գյուղապետարանն իր հերթին համակարգիչ է նվիրել: Քոլեջն արդեն 25 սան ունի: Գործող գյուղապետի համար ամենամտահոգիչը մանկապարտեզի հարցն է, ինչի ուղղությամբ առաջնահերթ քայլեր են ձեռնարկում: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ մշակույթի տան ազատ սենյակները, վերանորոգելուց հետո, հատկացվեն մանկապարտեզին: 
     Ոռոգման ջրի հետ կապված խնդիր չունեն, ինչում մեծ է նաև <<Վաղարշապատ>> ՋՕԸ-ի տնօրեն Սուրիկ Սեդրակյանի դերը: Խնդիրներ առաջանալիս գյուղապետի միջամտությամբ վիճակը շատ արագ կարգավորվել է: Դժվարություններ կան միայն խմելու ջրի հետ կապված: Այս ցանցում դեռևս 50 տարվա վաղեմության խողովակներ են, որ արդեն քայքայվել են` հաճախակի վթարների պատճառ դառնալով: Համակարգը նորացնելու ծրագիրն արդեն կա, և աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Համայնքի կենտրոն ական փողոցն ասֆալտապատ է, իսկ երկրոր դայինները ժամանակ առ ժամանակ բարեկարգվում են: ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և համայնքի համատեղ ուժերով վերանորոգվել է գերեզմանատուն տանող ճանապարհը /500 մ/: Նշենք, որ Շահումյանը 1500 բնակիչ ունի: 1990-ական թթ. Բնակչության մոտ 15 տոկոսը հեռացել է գյուղից: Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է լուծել գիշերային լուսավորության խնդիրը: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է: Պետության կողմից մատչելի գներով հատկացված պարարտանյութն ու դիզվառելիքը հավասարապես են բաշխվում: Բուժամբուլատորիան գործում է: 
     Նախորդ տարի գյուղի բնակիչ Կարեն Հովհաննիսյանի բարերարությամբ եկեղեցի է կառուցվել: Աստվածահաճո այս ձեռնարկման համար նա Ամենայն հայոց հայրապետի շքանշանին, ինչպես նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ոսկե մեդալին է արժանացել: Բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: Եկեղեցին այսօր կանոնավորապես գործում է, նրա հարևանությամբ Դավիթ Առաքելյանի նախաձեռնությամբ սրբատեղի /Թուխ Մանուկ/ է կառուցվում:
   <<Ցանկացած խնդրի դեպքում,-ասաց պարոն Նավասարդյանը,-արժանանում եմ մարզպետի ընդունելությանը: Պարոն Ղահրամանյանն ամեն դեպքում բավարար լուծում գտնում է: Երբեք նրա կողմից բացասական պատասխանի կամ մերժման չեմ հանդիպել: Պատասխանատվությունը մարզում բարձր է…>>: Խոսելով ընկերության հարցի շուրջ, մեր զրուցակիցը նշեց, որ ընկերական ջերմ փոխհարաբերություններ են ստեղծված տարածքի համայնքների ղեկավարների միջև: Հատկապես սերտ են կապերը Դաշտի, Շահումյան ԹՖ, Մրգաստան համայնքների ղեկավարների հետ: Ընկերությունը, ըստ Հ. Նավասարդյանի, մեծ խորհուրդ ունի: Ցանկացած անախորժության դեպքում ընկերների օգնությունն անգնահատելի է…
SHARE