Ծառն արմատից է սնվում

0
22
Չպետք է թողնել, որ այդ արմատը չորանա…
Բարեսիրություն


   Խոստովանենք, որ այսօր քիչ կարելի է հանդիպել մարդկանց այն տեսակին, որ գիտի գնահատել, արժևորել մարդուն և նրա վաստակը, հովանի լինել, կանգնել նրա կողքին, քաջալերել ու խրախուսել արած բարձրարժեք գործը: Եվ դա անել այնպես սրտագին, այնպես նրբորեն, որ հոգիդ փառավորվի… 
Մեր այս խառնիխուռն օրերում, երբ փողն ու հարստությունն են առաջնային պլան մղվել, երբ դատարկաբանությունն ու ցածրորակ արվեստ կոչվածն են փառաբանվում, բարեբախտաբար, կան հայրենիքը սիրող, իրական արվեստն ու բարձրարժեք մշակույթը գնահատող մարդիկ, հայորդիներ, ովքեր թեև հեռու են հայրենի երկրից, բայց շատ ավելի հայրենասեր ու նվիրյալ հայ են: Ավելին, գնահատում ու խրախուսում են ոչ միայն վաստակած մարդուն, այլև նրանց, ովքեր մեծարում ու արժևորում են թե՛ այդ մարդուն և թե՛ նրա արած գործը: Այդպիսի մարդկանց համար հայրենիքը պայմանավորված է մեր ազգային, ժողովրդական մշակույթով:
  Այդպիսի մարդկանցից են մոսկվաբնակ, պատվարժան Շուշանիկ և Հարություն Սարգսյան ամուսինները, ովքեր մեզ հաճելիորեն զարմացրին իրենց մարդկային տեսակով, արդարամի՛տ ու առաքինի՛ տեսակով: Բավական էր ընդամենը մեկ հեռախոսազրույց, որպեսզի փոխադարձ վստահության ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծվեր, երկուստեք հոգեպարար մտերմություն առաջանար: Դրա հիմքում, բնականաբար, այն ընդհանուր սերն ու համակրանքն էր, որ կա Թովմաս Պողոսյան մարդու, արվեստագետի նկատմամբ: Այո, 60-ամյա հոբելյարի նվիրական անձն ու նրա ազգանվեր գործի բարձր գիտակցումը փոխըմբռնման ջերմ միջավայր ստեղծեցին և մեզ լավագույնս տրամադրեցին համատեղ ու շնորհակալ փոխգործակցության…
    Մեծահարգ տիկնոջ` Շուշանիկի ոգևորությունն անչափ մեծ եղավ` շնորհավորանքի խոսքեր հղելու Թովմաս Պողոսյանի նման մեծ հայի, մեծ մարդու, մեծ արվեստագետի հոբելյանի առթիվ: Չնայած պատկառելի տարիքին ու բեղմնավոր վաստակին, նրա անելիքն ու ասելիքը դեռևս շատ են, ծանրակշիռ: Ժամանակը բարեհաճ է գտնվել արվեստագետի նկատմամբ` պահպանելով նրա երիտասարդական ավյունն ու կորովը, երիտասարդի ոգեշնչվածությամբ այսօր էլ շարունակում է նվիրական իր առաքելությունը` հանուն հայ երգարվեստի զարգացման, հայ ոգու կենարար առաջընթացի: Աստեղային լույսի նման բարություն ու սեր է ճառագում աստվածային հատկանիշներով օժտված այս մարդուց, ով, մեծ արվեստագետ լինելով հանդերձ, մեծատառով, մարդկային վեհ հատկանիշներով օժտված անհատ է, ինչը բացառիկ երևույթ է մեր օրերում: Եվ նման մեծանուն մարդուն մեծարելն ու գնահատելը բոլորիս սուրբ պարտքն է, առավել ևս` <<Ընկեր>> թերթին, որտեղ բարին ու մարդկայինն են քարոզվում, որտեղ մարդկային վեհ հարաբերությունները բարձրակետին են հասցված: Իսկ այդ մարդկային վեհ ու արժանապատիվ հարաբերություններից է ծնվում ընկերությունը: Ընկերություն, որ համամարդկային արժեք է և ամեն մեկի տրված չէ: Մարդը բնատուր պետք է օժտված լինի ընկերություն անելու շնորհով, արյանդ մեջ պիտի հոսեն այդ ընկերության աներևույթ բջիջները, որպեսզի արժանանաս ընկեր կոչվելու պատվին: Այդ ընկերոջ կոչմանն արժանացել է Թովմաս Պողոսյանը` իր վաստակով, արած գործով, ապրած կյանքով: Ես չէ, որ վերջինիս մասին պիտի խոսեմ, այս ամենի մասին պիտի բարձրաձայնեն բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առիթ են ունեցել շփվելու նրա` այդ տաղանդաշատ հայ մարդու, նվիրյալ անհատի հետ…: 
     Այո, պիտի խոսեն /և խոսում են/ նաև ընկերները, ովքեր արվեստագետ չլինելով էլ բարձր են գնահատում  իրենց Թովմաս ընկերոջ հայրենանվեր գործն ու անձնուրաց նվիրումը: Այդ մաքրամաքուր ընկերների թվում են տեր և տիկին Սարգսյանները, ովքեր նախորդ տարի հովանավորեցին ՀՀ հանրային ռադիոյի  <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի Կրեմլում կայացած համերգը: Մեր համոզմամբ, դա այս անսամբլի ամենապերճաշուք համերգն էր, համերգ, որ ի լուր աշխարհի հավաստեց հայ երգի ու երաժշտության բարձ կարգն ու որակը: Անդրադառնալով տիկին Շուշանիկի հետ մեր հեռախոսազրույցին, ապա պիտի խոստովանեմ, որ նման հեռավորությունից պարզած նրա օգնության ձեռքը հրաշքի պես բան էր, անչափ հաճելի անակնկալ, ինչի բարոյական մղումից անտեսանելի թևեր ես առնում… Արժանապատիվ կեցվածք, մեծահոգի վարմունք, առաքինություն ու պարկեշտություն` այս և նման շատ այլ որակներ զգացի մեր այդ հեռակա հանդիպումից: Նման ձեռքմեկնումը ի բարօրություն մեր երկրի է, մեր մշակույթի, ազգային հոգեկերտվածքի պահպանման ու արժեհամակարգի պատշաճ գնահատման: Հարգարժան Սարգսյանների անչափ գնահատելի արարքը գալիս է մեկ անգամ ևս փաստելու, որ մեր` բոլորիս պարտքն է կրկին ու կրկին արժևորելու հայ մշակութային ժառանգությունը, գնահատելու  ազգային հարստությունը, որի առաջին շարքում հայ մարդն է` իր մտավոր կարողությամբ ու զարմանահրաշ ունակությամբ: 

   Հայաստան երկիրն աշխարհին կարող է լիարժեք ներկայանալ իր բազմադարյա մշակույթով, հայ մարդու տաղանդով, մտավոր բազմաշնորհությամբ: Ահա այս ելակետն ունենալով, տիկին Շուշանիկը հոգու թրթիռով է խոսում հայրենիքի ու հայ մարդու մասին` իր լուման առավելագույնս նպատակաուղղելով նրանց շենացման ու բարգավաճման վեհ ու շնորհակալ գործին: Անչափ հպարտ ու երջանիկ ենք, որ բախտ ունեցանք հոգեպես շփվելու նրա պես պատվախնդիր հայ կնոջ հետ, ով լիուլի <<լցված>> է բարությամբ ու հայրենասիրությամբ, մերձավորի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ: Երբ մարդկայինն ու անանձնականն են <<խոսում>>, երբ բարոյականն ու հոգևորը պատշաճ բարձրության վրա են, ապա փողն ու հարստությունը դառնում են երկրորդական և ոչ երբեք գլխավոր ու վճռորոշ: Սա մեկ անգամ ևս ապացուցում են մեր մոսկվաբնակ հայրենակիցներ Շուշանիկ և Հարություն Սարգսյանների արժանապատիվ կեցվածքն ու հայրենակարոտ նվիրումը` դեպի հայրենիքը, ազգային մշակույթն ու հոգևոր ժառանգությունը:
   Տիկին Շուշանիկը մեզ հետ զրույցում իր զարմանքն ու հիացմունքն արտահայտեց այն մասին, որ 20 տարի շարունակ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ <<Սայաթ-Նովա>> անսամբլն իր անդամների հետ դժվարին ճանապարհ է անցնում և այդ ընթացքում երբևէ չի հիասթափվել. <<Նրանք հերոսներ են, արվեստի ու հայրենիքի նվիրյալներ: Նրանք մեծ գնահատականի կարիք ունեն: Այն, ինչ անում ենք նրանց համար, դեռ քիչ է, ավելիին են արժանի: Արժանի վերաբերմունք, գնահատական չկա: Ողորմելի վարձատրությամբ ծառայել նման մեծ գործի, դա ես մեր պետության  համար ուղղակի խայտառակություն կորակեի: Հետո էլ ասում են, թե մարդիկ ինչու են հեռանում Հայաստանից: Նման ոչ մարդկային վերաբերմունքը մարդուն հայրենիքում չի կարող պահել: Եթե այս մարդիկ չլինեին, մարդիկ, որ արվեստի նվիրյալ ֆանատիկոսներ են, ապա այսօր Սայաթ-Նովան, Ջիվանին և մեր մյուս աշուղները կորած կլինեին: Թովմաս Պողոսյանի և նրա նմանների շնորհիվ մեր օրերում վեր հանվեցին հայ մեծ աշուղները, հնչեցին նրանց երգերը, մոռացությունից փրկվեցին: Այս մարդիկ շատ մեծ գործ են անում: Թովմաս Պողոսյանն ու իր կողքի մարդիկ` Մխիթարը, Վարդանը և այլք, կարող էին բիզնեսով զբաղվել և մեծ գումարներ վաստակել, բայց չգնացին այդ ճանապարհով, լծվեցին իրենց վեհ գործին, ազգապահպանությա՛ն գործին: Մեր արվեստը, մշակույթն են պահում, պահպանում, իրենց նվիրումով հայ երգարվեստն են պահում, պահպանում` դրա դիմաց չնչին վարձատրություն ստանալով: Իրենց վաստակից անհամեմատ պակաս են ստանում: Քաջ լինելու համար պետք է երգարվեստը պահպանել, ես նեղացած եմ Հայաստանի կառավարությունից, որ անուշադրության է մատնել նման մարդկանց, անտեսել է նման անսամբլի գործունեությունը: Ինչպես կարող են այդ չնչին վարձատրությամբ  20 տարի շարունակ աշխատել…Այդպես միայն անձնուրաց նվիրյալները կարող են: Անհավատալի է, որ մեր ղեկավարները կարողանան դիմակայել նման պայմաններում: Երբ անսամբլի կրեմլյան համերգի ժամանակ ունկնդրում էինք երգիչներին, մեր կամքից անկախ ամուսիններով հուզվում ու լաց էինք լինում: Առհասարակ, հուզվում եմ բոլոր երգերը լսելիս: Մենք մեր մշակույթն ենք սիրում: Եթե չլինեն մեզ նման արվեստը սիրող մարդիկ, ապա Թովմասի, Մխիթարի, Վարդանի նման նվիրյալները կկորչեն, հայ ժողովուրդը կկորչի, կլինեն միայն փողասեր, ժլատ մարդիկ, կլինեն Մարկոս Ալիմյանի նման մարդիկ, որ այնքան են ուտում, ասես, պատի նման են քայլում: Բոլորն էլ մահանում են, մեկը` պատվով, մյուսն` անպատիվ: Փառք նրան, ով պատվով կիջնի գերեզման… Որպեսզի հայերն անպատիվ չլինեն, պետք է օգնեն արվեստին, նման մարդկանց, ովքեր չնչին գումարներով են երգում` ներկայացնելով մեր ազգային բարձրարժեք երգերը: Ծառն արմատից է սնվում, չպետք է թողնեն չորանա արմատը, այն արմատը, որից սնվում են… Ես սիրում և հարգում եմ մեր հին հարստությունը, աշուղական արվեստը մեր անտիկվարն է, պետք է պահպանել այն: Եթե հողը պաշտպանում են արյունով, ապա Թովմասի գլխավորությամբ խումբը նույն կերպ հերոսաբար աշուղական երգարվեստն է առաջ տանում 20 տարի շարունակ: Մի առակ կա. հարցնում են` ի՞նչ ես կորցրել, պատասխանում է` փող: Ասում են` փողը հեչ, ժամանակդ մի կորցրու, եթե ժամանակդ չկորցնես, ապա փողդ էլ չես կորցնի: Այս մարդիկ ժամանակն արդեն կորցրել են, և մինչև երբ: Պետք է այս մասին մտածել, գնահատել նրանց: Վարդան Մամիկոնյանը, Պապ թագավորը մեր հողերն են պաշտպանել և դարձել են հերոսներ, իսկ այս մարդիկ այդ պաշտպանած հողն են ծաղկեցնում: Թող այդ ղեկավար մարդկանց, Հայաստանի կառավարության, մեծահարուստ հայերի կուրացած աչքերը բացվեն, տեսնեն, թե այդ փրկած հողը ով կպաշտպանի, թող իմանան, որ իսկական հայը Թովմասն է, իր խմբի անդամներն են: Նրանք են մեր իսկական հարստությունը: Նրանք են մերօրյա հերոսները: Ինչպես կարող ես չգնահատել այն մարդուն, ով իր խմբով աշխարհին ներկայացնում է հայ աշուղական երգարվեստը, առանց ակնկալիքի, չնչին վարձատրությամբ: Պահպանելով և սերունդներին փոխանցելով մեր մեծ աշուղների գործերը, նրանք շատ ավելի հերոսական գործ են անում, ինչը պիտի տեսնեն պետական այրերը և անպայման գնահատեն: Խմբի ամեն երգիչ մի լեգենդ է` Մխիթարից սկսած և վերջացրած նորեկ երիտասարդներով: Ի՜նչ է, այս երիտասարդներն էլ պիտի մի 20 տարի սպասեն, որպեսզի հայրենի  կառավարությունը բարեհաճի նկատել նրանց: Ուղղակի ապշում ես… Մարդուն պետք է գնահատել կենդանության օրոք: Շնորհավորելով Թովմասի 60-ամյակը, նրան մաղթում եմ քաջառողջություն, անսպառ ձայն ու եռանդ, իսկ մեր կառավարության ու մեծահարուստների աչքերին` լույս, քանի որ կուրացել են, չեն տեսնում, թե ով է իրենց երկիրը ծաղկեցնում ու պաշտպանում…>>: 
  Տիկին Շուշանիկն ապա հավելեց, որ իրենց ընտանիքի հովանավորությունը չի սահմանափակվելու միայն 2013-ով. շարունակվելու է նաև այս և հաջորդ տարիներին: 2014-ի համար պայմանագիրն արդեն կնքված է, և նոյեմբերի 1-ին <<Սայաթ-Նովա>> անսամբլը համերգային ծրագրով կրկին ելույթ կունենա Մոսկվայի Կրեմլի դահլիճում: Իսկ ամենակարևորը` տարեցտարի այդ համերգներն առավել շքեղ ու ներկայացուցչական են լինելու… 
   Ինչ-որ բան, անշուշտ, թերի կմնար, եթե այստեղ մի փոքր չանդրադառնայինք նաև Սարգսյանների ընտանիքին: Տիկին Շուշանիկից տեղեկացանք, որ որդին` Ավետիքը, ինժեներական բարձրագույն կրթություն ունի. <<Նա ռուսական կրթություն է ստացել, երեխա ժամանակ ռուսերեն էր երգում, բայց այսօր արդեն` հայերեն: Անգամ <<Սայաթ-Նովա>> անսամբլի կրեմլյան համերգին ելույթ ունեցավ: Երաժշտական կրթություն ստանալու նպատակով 3-4 ամիս մնացել է Երևանում, <<Սայաթ-Նովա>> խմբում է եղել, Մխիթար Քեթցյանն է պարապել իր հետ: Այսօր էլ ժամանակ առ ժամանակ նա, որ հրաշալի մանկավարժ է, գալիս է Մոսկվա` որդուս հետ պարապելու նպատակով: Որդիս հայերեն է երգում, որպեսզի հայեցի ոգով ապրի: Մյուս որդիս` Էդուարդը, ով մեծ աշխատանք է տանում ընտանեկան բիզնեսում, <<Ռոյալ-Բեյքեր>> ՍՊԸ կոմերցիոն տնօրենն է, դիզայները: Իսկ Ավետիքը` բրենդ-մենեջերը: Դուստրս` Գայանեն, շատ լավ պարում է, հաճախել է <<Հովիկ>> ստուդիան` հայկական պարեր սովորելու նպատակով: Նա 3 տեսակի հայկական տարազով հագուստ է պատվիրել և դրանցով առիթների դեպքում հայկական պարեր է կատարում: 7 թոռ ունեմ, հինգը հայկական կիրակնօրյա դպրոց են հաճախում: Տանը խոսում են հայերեն: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հայեցի դաստիարակվեն ու այդ ոգով մեծանան…>>: 
   Ուրախալի էր տեղեկանալ, որ Մոսկվայում բնակվող այս հրաշալի ընտանիքը ապրում է հային հարիր ավանդույթներով, աչքի է ընկնում իր ընդգծված ավանդապաշտությամբ: Տեր և տիկին Սարգսյանները եղել և մնացել են մեծ հայ` իրենց մտածողությամբ, ապրելակերպով, աշխարհընկալմամբ, հայրենիքի նկատմամբ ջերմ վերաբերմունքով, հայ երգին, բառ ու բանին մշտապես հաղորդակից լինելով: Նման անհատների շնորհիվ է կանգուն ու շեն Հայոց տունը` աշխարհի որ ծայրում էլ այն լինի…
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE