Ծիրանագույնի կարևոր երանգը…

0
24
   
   Մեր ծիրանագույնի կարևոր մի երանգ, ով պետք է ծնվեր անհրաժեշտությունից ելնելով: Ով պետք է գար և պայքարեր`  շարունակելով  այն պայքարը, որն ուղղված է հայի տեսակը պահելուն: Հայի տեսակը պահելու համար միայն զենք չէ, որ մարդ պետք է վերցնի, Թովմաս Պողոսյանն իր կյանքով, նվիրումով հենց այդ զինվորն է.  աշուղական, ժողովրդական, ազգային երգի զինվորը: 
  Հենց սրա համար է, որ ասում եմ`  իր ծնունդն անհրաժեշտություն էր:  Եթե Թովմաս Պողոսյան երևույթը չլիներ մեր իրականության մեջ, մենք մեծ պակաս կունենայինք: Վստահ կարող եմ ասել, որ այդ պակասի պատճառով մենք շատ մեծ կորուստ կունենայինք.  աշուղական և գուսանական արվեստը որոշակի որբություն կզգար: Մենք բավականին մեծ բացթողում ունեցանք, և շատ շատերն իրենց կյանքի, իրենց անձնական հաջողության ետևից վազելով, իրենց ձեռքերը ծալեցին և ասացին`  կարևորը ես եմ, ինձնից հետո… թեկուզ ջրհեղեղ: Այնինչ Թովմաս Պողոսյանը հասկացել էր, որ դա վնասում է մեր տեսակին, և հենց այստեղ է, որ պայքարեց և պայքարում է: Նա  իր մեծ դերն  ունի ոչ միայն երգարվեստում, այլև ազգապահպանման գործում: 
    Ես հպարտ եմ, որ մենք մեր ծիրանագույնի մեջ ունենք այնպիսի կարևոր մի երանգ, ինչպիսին Թովմաս Պողոսյանն է, իր բոլոր հատկանիշներով` թե ազգային դրսևորումներով, թե արվեստի, թե երգչական, ինչպես նաև մարդկային, որովհետև այդպիսի մեծություն լինելով  շատ շատերին ընդունում է ընկերական վերաբերմունքով: Անչափ հպարտ եմ, որ Թովմաս Պողոսյանն, ով ինձ համար միշտ եղել է այն հայի տեսակը, ում նայել եմ ու փորձել նմանվել, այսօր ինձ համարում է իր ընկերը:

Արսեն Գրիգորյան
ՀՀ վաստակավոր արտիստ
SHARE