Ծնունդդ շնորհավո՛ր, մեծանուն Ընկեր…

0
27

Հոբելյան

  Մեր մեծանուն ընկեր Պետրոս Ղազարյանը` Նորքեցի Պետոն, այս հունվարի 5-ին դարձավ 60 տարեկան: Կարծում ենք, բնավ պատահական չէ, երբ մարդը ծնվում է քրիստոնյա աշխարհի համար այդ սուրբ օրը, որը կապվում է մեր Տեր Հիսուս Փրկչի Հայտնության, Սուրբ Ծննդի նախօրյակի հետ: Բնականաբար, տվյալ անձն ի վերուստ  մեծ առաքելության պատիվը կրելու բախտին ու շնորհին է արժանանում…

  Պետրոս Ղազարյանն, այո՛, նման օժտվածության տեր անհատ է, որ աշխարհինն է, ողջ հայությանն ու իր շրջապատին: Բոլորի ընկերը` անկախ դիրք ու պաշտոնից, տարիքից, մասնագիտությունից: Ընկեր ասածը նրա համար շատ լայն ու ընդգրկուն հասկացություն է, որ իր մեջ ամեն լավ բան ու դրական հատկանիշ ունի: Իմաստուն խորհրդատու ընկեր է, ում խոսքն առանձնակի արժեք ու կարևորություն ունի յուրաքանչյուրի համար: Սիրված ու ընդունված է բոլորի կողմից: Լավը գնահատել գիտի, իր ամեն քայլով այս աշխարհում լավն ու բարին է ավելացնում:

  Խորհուրդն ու հորդորն էլ, ամեն անգամվա պես, նույնն են` մարդ լինել, հարգել մեծ ու փոքրին, սիրել հայրենի երկիրը, արժևորել յուրաքանչյուրի արժանիքները, չարհամարհել ոչ մեկի: Արա այն, ինչ կարող ես, անգամ` մի փոքր էլ ավելին: Պետոյի մեջ ասպետությունն ու ջենթլմենությունն են խոսում: Շատ բարի, իմաստուն մարդ է, տերն է իր երկրի, իր ընկերության, իր հող ու ջրի, իր շրջապատի, իր Նորքի…

   Ընկե՛ր է, ում 60-ամյա հոբելյանը <<Ընկեր>>-ի էջերում շնորհավորելը մեծ պատիվ Է: Ահա, այդ մեծ պատվով էլ մասնակից դարձանք այդ առթիվ կազմակերպված հանդիսությանը, հոբելյարի ընկերներին լսեցինք, ջերմացանք ու հպարտացանք: Մեր շնորհավորանքն էլ միացրեցինք մյուս բոլոր շնորհավորանքներին, որ գլխավորապես հետևյալ խոսքն ու մաղթանքն էին կրում` ծնունդդ շնորհավո՛ր, մեծանուն Ընկեր…