Ծնունդդ շնորհավոր, պատվելի՛ ընկեր…

0
59

 
   ՌԴ արդարադատության գեներալ-մայոր, բռնցքամարտի վետերան Արամայիս Մարտիրոսյանի հետ մեր առաջին հանդիպումը կայացավ 2010 թ. իր հովանավորությամբ, ընկերների հետ համատեղ, կազմակերպված իրենց ընկերոջ` բռնցքամարտիկ Վաչիկ Մկրտչյանին նվիրված հուշամրցաշարի ժամանակ: Իսկ այն միջոցառումներին, որոնք ընկերների աջակցությամբ ու նախաձեռնությամբ են կազմակերպվում, անպայմանորեն <<Ընկեր>>-ը պիտի մասնակցի, <<Ընկեր>>-ը պիտի ընկերների կողքին լինի…
    <<Դինամո>> մարզադահլիճն այդ օրը լեփ-լեցուն էր ընկերներով, ինչը հիացմունք էր առաջացնում: Թեկուզ և` այն առումով, որ այդքան ընկեր կարող են հավաքվել ընդհանուր հարկի տակ և կյանքի կոչել հրաշալի մի գաղափար` ընկերությանը նվիրված: Անհերքելի է, որ ընկերների միասնությունը կարող է սարեր շուռ տալ և բարի նպատակի իրագործման համար կանգ չառնել ոչնչի առջև: Իսկ հավաքվել էր, կարելի է ասել, հայկական բռնցքամարտի ողջ էլիտան: Սա վկայում էր ընկերության մրցաշարի, ընկերության առաջնության մասին: 
    Մարզաշխարհն ուրիշ է: Այստեղ բոլորը նվիրյալներ են, այստեղ կա մաքրություն, ազնվություն, խիզախություն: Գրեթե բոլորը մաքուր, պարզ, նվիրված ընկերություն են անում: Ուրախացնողը նաև այն էր, որ հավաքվել էին բռնցքամարտի բոլոր վետերանները, երիտասարդների մասին էլ չենք խոսում, և մեծարում էին փառաբանված բռնցքամարտիկի հիշատակը: Դա ընկերական մեծ պատասխանատվություն էր ընկերոջ հանդեպ, սիրո ու հարգանքի արտահայտություն: Այս միջոցառման հիմքում ընկերությունն էր: Ոչ միայն ընկերների համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում էր /ընկերներով համախմբվել էին Արամայիս Մարտիրոսյանի նախաձեռնության շուրջ/, այլև ընկերներին համախմբող: Սա ոչ միայն Վաչիկի նկատմամբ Արամայիսի ու ընկերների վերաբերմունքի արտահայտումն էր, այլև առիթ էր երկար ժամանակ իրար չտեսած` թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում բնակվող ընկերներով հայրենիքում հանդիպելու…

   Ընկերներով մեկ գաղափարի շուրջ հավաքվելը, ընկերներին համախմբելը Ա. Մարտիրոսյանի համար ապրելակերպ է դարձել: Դրանում հաստատապես համոզվեցինք նաև վերջերս նրա հետ հերթական հանդիպման ժամանակ: Սանկտ-Պետերբուրգից Հայաստան էր եկել` իր 50-ամյա հոբելյանը ընկերների հետ նշելու, կրկին ընկերներին համախմբելու, միաբանելու: Իսկ Մարտիրոսյանի նախաձեռնությունների գլխավոր նպատակը միաբանությունն է. <<Երբ ընկերներով իրար հետ ենք, ավելի հզոր ու ուժեղ ենք>>: Կրկին ընկերներով իրար հետ են: Եկել են աշխարհի տարբեր անկյուններից: Թե՛ հայ, թե՛ այլազգի մեծաթիվ ընկերներ Հայաստան են եկել` իրենց մասնակցությունը բերելու ընկերոջ 50-ամյա հոբելյանին, կիսելու նրա ուրախությունը, նրա կողքին լինելու, բաց չթողնելու ընկերոջը մեծարելու այդ հրաշալի առիթը: 
    <<Ընկեր>>-ը այս առիթը նույնպես չէր կարող բաց թողնել, չզրուցել հոբելյարի ընկերների հետ` լսելու նրանց սրտի խոսքը և միանալու բազմաթիվ շնորհավորանքներին: Չէ՞ որ թերթի առջև մեծ առաքելություն է դրված. ամենամեծ նպատակը մարդասիրությունն է, իսկ ընկերությունն իր մեջ դա ունի: Եվ եթե չլինի միաբանություն, ապա չի լինի նաև ընկերություն: Երբ խոսափողը մոտեցնում ես ցանկացած մարդու, որպեսզի խոսի մի թեմայի շուրջ, որն իրեն հոգեհարազատ է, ապա դա միանշանակ ըկերության թեման է լինում, որովհետև այստեղ կա ազնվություն, անկեղծություն: Ամեն մարդ խոսելու պահին մտածում է, թե ով է իր ընկերը, ում մասին կարող է խոսել ու ասել այն, ինչ իր սրտում կա: Սրտի խոսք ասելու հնարավորություն սիրով  ընձեռեցինք Ա. Մարտիրոսյանի ընկերներին, ինչը սիրով ընդունվեց բոլորի կողմից: Իսկ եթե մարդուն համարում ես ընկեր, ուրեմն նրա մասին լավը պիտի խոսես: Այնպես որ, Արամայիսի ընկերներն այս առումով հպարտանալու տեղ ունեն, քանզի նրա մասին անհնար է միմիայն լավը չասել:
     Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ հոբելյար, պատվելի՛ ընկեր: Այն, ինչ քո ապրելակերպով սերմանել ես ընկերության մեջ, ծաղկի բույլի պես քաղես բազում տասնամյակներ, մինչև խոր ծերություն…
Ռուզաննա Մանուկյան
SHARE