Ծնվել էր հանճարի փառքով

0
47

Ապրեց որպես բանաստեղծ` հախուռն ու ինքնազոհ կյանքով, և նահատակվեց հերոսաբար…


Վերջաբանի փոխարեն

    Արցախի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրվանից հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված Աղվան Մինասյանի մասին հարազատները, ընկերներն ու զինակիցները մեկ անգամ ևս վերհիշելու, բարձրաձայն մտորելու ջերմ ու սրտահույզ առիթ ունեցան: Այնտեղ, որտեղ հավաքվել էին նրանք, մթնոլորտը լիուլի, բերնեբերան լցված էր Աղվանով, նրա կենդանի ոգին ու բանաստեղծական շունչն էին թևածում… Աղվանն, այո, ներկա էր այնտեղ, աներևույթ` բոլորի կողքին, բոլորի սրտերում: Նաև, կարծես, մեղմ ու քնքշաձայն, իր հումորից անբաժան, ընկերներին հուշում ու հիշեցնում էր, թե դեռ ինչե՜ր պիտի հասցներ անել, ի՜նչ հանճարեղ գործեր երկներ, եթե…

       Հարազատներն ու ընկերները, հաղթահարելով անամոք ցավի կսկիծը, անընդմեջ, հաճախ իրար հերթ չտալով, պատմում էին իրենց սիրելիի մանկական չարաճճիություններից, պատանեկան սիրառատ ապրումներից, ստեղծագործական բռնկումներից և, ի վերջո, մարտական սխրագործություններից… Այնպես էին խոսում, որ, ասես, Աղվանը կա, ապրում է, միայն թե` հեռվում է, հարգելի բացակա: Որքան էլ ջանում էին, հուզմունքը թաքցնելն անհնարին էր, արցունքն իր գործն անում էր, բայց և ծիծաղն ու ժպիտն էլ անպակաս էին: Այդպես է, ամեն անգամ Աղվանով ապրելիս տխրությունն ու ուրախությունը մեկտեղվում են, միախառնվում: Ամեն ինչին բանաստեղծական հայացքով նայող, կյանքով լեցուն երիտասարդը` իր առինքնող ու պայծառ կերպարով, շարունակում է այսօր էլ ուժ տալ հարազատ շրջապատի մարդկանց: Նրանց ունկնդրելիս այն տպավորությունն էր մեջդ առաջանում, որ Աղվանն այնքան փխրուն ու մանկան նման զգայուն է եղել, որ կարող էր ողբերգության աստիճանի տխրել անգամ փոքր, աննշան երևույթից, մեկ էլ <<դառնում>> էր խոհերով լի, հոգսաշատ ու իմաստուն ծերունի: Նաև դեմդ <<հառնում>> էր անհամբեր, անհանգիստ, շուտ բռնկվող, անհանդուրժող պատանին, որ ամեն վայրկյան պատրաստ էր մեն-մենակ դուրս գալու ոսոխի դեմ… Նման էության տեր մարդն, անշուշտ, պիտի հերոսանար: Պիտի՛ հերոսանար, քանզի հերոս գերդաստանի զավակ էր, հերոս հոր` Հրանտ Մինասյան պատվական հայ մարդու արժանավոր որդի…

      Լսում էիր նրանց պատմածները և մտածում, որ Աղվանը շտապել է լույս աշխարհ բերել այն ամենը, ինչը վարար գետի նման հորդում էր նրա էությունից: Նա հանճարեղ մարդ էր իր առօրյա կյանքում, հանճարեղ պոետ էր իր ստեղծագործություններով: Վախ կար, թերևս, մեջը, ահա թե ինչու շտապել է` լիառատ ապրելու ի վերուստ իր համար նախասահմանված ժամանակը… Ըմբոստ հոգու տեր պատանին այրվել է ինքնահաստատման տենչից` կռվի դաշտում լիներ, թե բանաստեղծական տող երկնելիս: Կյանք կար նրա մեջ… Մահին չէր հավատում, թշնամու գնդակից զոհվելուն չէր հավատում: Միշտ առաջինն է նետվել կռվի` մահվանն ընդառաջ: Չի ուզել երբեք որևէ մեկից հետ մնալ: Սպայական` լեյտենանտի կոչման է արժանացել: Աղվանի տեսակն ուրիշ էր` ոգեղեն, որ ներառում է բոլորին, ամեն ինչ… 
      Հազա՜ր ափսոս Աղվանին, մեր բոլոր նահատակներին… Ամեն անգամ Աղվանին կարդալով, նորից ու նորից այն համոզմանն ես գալիս, որ նրա ժամանակը հետո էր գալու: Բանաստեղծական բազում տողեր չգրված մնացին, լռեց հանճարի մուսան հավիտենապես, բայց և շարունակվեց մի նոր կյանք` ազգային պայքարին նվիրվածության վառ օրինակի դրսևորմամբ, փառքի անանց ճանապարհով և <<Տապանագիր>>, <<Սեր և Խաչ>> գրքերով… Թեև այս կյանքից վաղ հեռացավ, սակայն իր պոեզիայով բռնեց դեպի անմահություն տանող ճանապարհը: Անչափ թանկ էր նրա արյունը, և այդ թանկ արյունով Սյունյաց աշխարհի հերոսական հողն ավելի թանկ դարձավ ու վերստին սրբացվեց: Աղվանն ապրում է բոլոր անմահների պես` հետմահու փառքով…
    Ըստ ընկերների պատմածի, Աղվանը նաև փոքր-ինչ դոնժուանական նկարագիր ուներ: Սիրել է աղջիկների, անընդհատ փնտրտուքի մեջ է եղել` գտնելու իր սրտի տիրակալին: Ավանդապաշտ ու հայրենապաշտ օջախում ծնված ու ապրած պատանին ուզում էր նույնպիսի ընտանիք կազմել: Բանաստեղծություն գրելն ու արտասանելը նրա տարերքն են եղել: Հաճախ այնքան է տարվել դրանով, որ մոռացել է շրջապատը, մարդկանց ներկայությունը: Դեռևս 10-12 տարեկանում ասել է. <<Ուզենամ` ավելի լավ կգրեմ: Վախենում եմ, աղջիկները հանճարիս չդիմանան: Իսկ նրանք ինձ նման գրել չեն կարող… Իմ դժվար կյանքը ինձ շուտ ծերացրեց: Երանի աղջիկներին… Ամեն աղջկա մեջ մի չքնաղ բան կա: Բայց նա, ում ես սպասում եմ, ոտքից գլուխ, էությամբ պիտի չքնաղ լինի: Եթե մարտում սպանվեմ, ինչքան սիրուն աղջիկ կա մեզ մոտ, ինձ համար լացելու է…>>: Գիտեր, որ շատ էր սիրված: Խոսքի վերջին մասն ավելի հասուն տարիքում է ասել: Գիտակցված ապրեց իրեն տրված կյանքը և նույնքան գիտակցված էլ գնաց դեպի հավերժություն: Այդ լուսավոր, վճիտ, մաքուր մարդուն փնտրենք մեր մեջ, վերագտնենք այդ երազկոտ, թախծոտ, բնությունը պաշտող, հնությունները սիրող, համառ ու կատակասեր պատանուն…
    Աղվանի կյանքը, ինչ խոսք, չի ավարտվել` շարունակվում է: Նրան հիշում են և դեռ շատ-շատ կհիշեն: Անցել է գրեթե 20 տարի, բայց նրա կերպարը շարունակում է լույսի պես առկայծել ընկերների, հարազատների ու մտերիմների, բոլոր նրան ճանաչողների հոգիներում: Հավերժ է հող հայրենին, հավերժ են նաև նրա հերոս զավակ Աղվանները… Լավ դաս ու օրինակ է նրանց ապրած կյանքը մատաղ սերնդի համար, ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց: Դա, ռուս բանաստեղծի խոսքերով ասած, նահատակներին պետք չէ բնավ, այլ ապրողներին է հարկավոր, շատ է հարկավոր…
Մարտական հավերժ եղբայրության լուսապսակ
    Աշոտն ու Աղվանը` երկու հերոս եղբայր, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներ, իրենց օրինակով յուրովի հարստացրին Արցախյան գոյամարտի տարեգրության փառապանծ էջերը: Ժամանակը պարտադրեց նրանց զենք վերցնել ու հայրենի հողը մաքրել բիրտ հրոսակներից, ազատ ապրելու անկապտելի իրավունք նվաճել: Այդ տարեգրությունից անբաժանելի է նաև <<Սիսական>> ջոկատի անցած հերոսական ուղին: Մարտական իր ուղին սկսելով ՀՀ սահմանային պաշտպանական դիրքերից և շարունակելով ԼՂ մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերով, ջոկատն, իրոք, իր անունը ոսկե տառերով գրեց Հայոց փառքի մատյանում: Ջոկատ, որին առաջնորդողը Աշոտ Մինասյանն էր, ում` այդ քաջասիրտ ու անկոտրում հրամանատարին, ոչ պատահականորեն մարտական ընկերներն <<օծել>> են <<Երկաթ>> պատվանունով…Հրամանատարի սխրանքները, քաջագործությունները, հետախուզական հնարամիտ գործողությունները և, վերջապես, նրա անձնական օրինակը փառավոր հաղթանակներ են կռել մարտադաշտում: Ազատագրական բազում մարտերի մասնակցած, մահվան աչքերին անվախորեն նայած, փորձություններ հաղթանակած, ջոկատի լավագույն տղաների, նրանց թվում` կրտսեր եղբոր կորստի ցավն ապրած հրամանատարը գիտեր, որ իր առաքելությունը միայն մարտական գործողություններով սահմանափակված չէ: Խաղաղ պայմաններում էլ առաքելություն ուներ` օգնելու, սատարելու զոհված ընկերների, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև շենացնելու, մարդկանցով բնակեցնելու ազատագրված բնակավայրերը… Աշոտ Երկաթը վայելում է հայրենակիցների, մարտական ընկերների սերն ու հարգանքը: Հեղինակություն է բոլորի համար` թե՛ իր մարտական ուղով և թե՛ ապրած կյանքով:
       Սյունյաց աշխարհի լծենցի ազատամարտիկներ, եղբայրներ Աշոտն ու Աղվանը, <<Սիսական>> ջոկատի մարտիկները մասնակցել են Խնձորեսկի, Խոզնավարի, Կոռնիձորի սահմանային դիրքերի պաշտպանությանը: 1992 թ. ապրիլին ջոկատի մարտիկներով մտնելով Կապան, գրավել են հակառակորդի դիրքերը` փրկելով կրակի տակ գտնվող քաղաքն ու մերձակա գյուղերը: Ազատագրել են Գորիս-Լաչին մարդասիրական միջանցքը: Մարտակերտում վիճակը ծանր էր` ջոկատը մեկնեց այնտեղ, մարտական թեժ գործողություններից հետո ազատագրվեցին Քսապար, Դրմբոն, Ումուդլու, Զանգլիկ, Վանք գյուղերը: Ջոկատին շտապ հետ են կանչում` Լաչինի /Բերձոր/  հարավային սահմանի մարտերին մասնակցելու համար: 1992 թ. սեպտեմբեր… Ջոկատը տվեց առաջին 7 զոհը: Հետո մեկնեցին Զանգելանի շրջան, տասնմեկ գյուղ ազատագրեցին: Այս ամենից հետո եղբայրների մարտական ուղին շարունակվեց Քարվաճառում, Հադրութում, Կուբաթլուում: Մուրադխանլուի մերձակա դիրքերը պահելիս հերոսաբար ընկավ Աղվան Մինասյանը… Նա սիրել է միշտ ասել. <<Քաջերին գնդակը չի կպչում>>, բայց, ավաղ, թշնամու նենգ գնդակը խոցեց քաջին: Աղվանը մշտապես մասնակցել է բոլոր դժվարին առաջադրանքներին, նաև` հետախուզությունում: Երբեք առիթից չի օգտվել, որ հրամանատարի եղբայրն է: Ցանկացել է, որ իրեն ավելի շատ որպես Աղվան Մինասյան ճանաչեն, հետո միայն հրամանատարի եղբայր… 
***
     Աշոտը մասունքի պես պահպանել է նաև Աղվանի կենդանի ձայնը: Վերջին մարտից առաջ, միգուցե, կանխազգալով մոտալուտ մահը, նա կարդացել է իր բանաստեղծություններից, որոնք ձայնագրվել ու մնացել են ժապավենին: Շատ բան է արել և այսօր էլ շարունակում է անել Աշոտը նահատակված եղբոր համար, բայց և, այդուհանդերձ, սիրտն էլի չի հանգստանում, ցավը չի մեղմվում: Ամեն վայրկյան եղբոր շունչը, կարիքն զգալով, նրան… նամակներ է գրում: 
     Բարև, Աղվան

     Այսօր ես արթնացա քո ձայնից և այլևս չկարողացա քնել: Ես քեզ տեսա երազումս, դու տխուր-տխուր ինձանից ծխախոտ էիր ուզում:
     Երբ արթնացա ու սթափվեցի երազից, հասկացա, որ արդեն ամսից ավելի է՝ քեզ չեմ այցելել: Մի շատ բարի մարդ ասաց, որ ճիշտ կլինի քո գերեզմանին խունկ ծխել, և ես եկա քեզ այցի:
     Գիտե՞ս, ամեն անգամ քեզ այցելելիս ես չեմ կարողանում մամայի նկարին նայել, որովհետև նա ինձ տխուր է նայում, ու ես հասկանում եմ, որ իր պատգամը չեմ կատարել:
     Գիտե՞ս՝ ես քեզ երբեք չեմ պատմել, որ մաման իր վերջին շնչում ինձ պատգամել էր քեզ լավ նայել: Իսկ ես… ես չկարողացա ու ամաչում եմ:
     Ես անընդհատ զրուցում եմ քեզ հետ մտովի, քարիդ հետ կամ նկարիդ և մտածում եմ, որ եթե կողքս լինեիր, ես ինձ էնքան ուժեղ կզգայի և… ինչքա՜ն եմ կարոտում քո խոսքին, խորհրդին, ընդվզումին:

Քո՝ Աշոտ 20.08.1995թ 

    Նամակներ, որ գալիս են յուրովի լրացնելու, սրբագործելու հայ զինվորի փառքի ու անմահության լուսապսակը, Հայրենիքի համար նահատակված զինվորի սուրբ հիշատակը…

Հավերժ փառք քեզ, քաջարի զինվոր…
Դու միշտ ընկերներիդ սրտում ես…
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE