Կամարիսի քաջ որդին

0
70

Որ զոհելով երիտասարդ կյանքը` հայրենյաց հերոսների շարքը դասվեց…

Ծննդավայր

<<Ազատ Քաջիկի Սիմոնյանը ծնվել է 1996թ. Կամարիս գյուղում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Կամարիս համայնքի ղեկավարի օգնական Հասմիկ Ծառուկյանը:- Ընտանիքի միակ արու զավակն էր: Ծառայում էր Արցախում, Ջաբրայիլում: Լավ կողմերով էր իրեն դրսևորել ծառայության ընթացքում, շատ պարտաճանաչ զինվոր էր: Շատ զգայուն, մեծերի հանդեպ վերին աստիճանի հարգալից երիտասարդ: Վայելում էր իր շրջապատի սերն ու համակրանքը: Խելացի էր, լավ տիրապետում էր համակարգչի: Ապրիլի առաջին իսկ օրերից նրանից տեղեկություն չի եղել: Ողբերգական դեպքը պատահել է ապրիլի 2-ի գիշերը, երբ Ազատը դիրքերում էր: Լուրն առնելուն պես համայնքի ղեկավար Զարզանդ Եգորյանը, մեր աշխատակազմը և համայնքի բնակիչները Ազատի ծնողների կողքին են եղել…>>:

Զարզանդ Եգորյանի խոսքերով, իրենց այս ընտանիքի վիշտն այնքան մեծ է, որ անհնար է ինչ-որ կերպ սփոփել: Ծնողներին, ըստ էության, այսօր ոչինչ հարկավոր չէ, և մնում է նրանց բարոյահոգեբանորեն աջակցել, միայնակ չթողնել վշ36տի ծանրագույն պահին: Ողջ համայնքն է սգում զինվորի վախճանը: Հատկապես մոր համար է ծանր ու անսփոփելի վիշտը…

-Ոչ միայն մեր համայնքի,- ասաց պարոն Եգորյանը,- այլև ողջ մարզի համար Ազատի զոհվելը ծանր կորուստ էր, շատ-շատերը եկան նրան վերջին հրաժեշտը տալու: Հաճախ եմ այցելում նրանց ընտանիքին, զրուցում հոր` Քաջիկի հետ, փորձում ինչ-որ կերպ նրան <<թեթևացնել>> ծանր մտորումների բեռից: Արտակարգ երեխա են ունեցել, շատ մարդկային: Հետաքրքիր նախասիրություններ ուներ, բանաստեղծություններ էր գրում: Ազատի ծնողները շատ հպարտ անձնավորություններ են, իրենց քրտինքով ապրող, ստեղծող, բարձր արժանապատվությամբ: Քաջիկը մեխանիզատոր է, իր հող ու ջրով ապրող, կամեցող, իր գյուղացուն, հատկապես` անապահովներին, օգնական ու աջակից: Խղճով ու պատասխանատվությամբ է անում իր գործը…

-Ազատը,- հավելեց Հասմիկ Ծառուկյանը,- ճիշտ է, քիչ ապրեց, բայց իր ապրած կյանքով շատ մեծ հետք թողեց: Բոլոր նրան ճանաչողներն այսօր շատ հաճախ Ազատի փոխարեն հպարտությամբ ասում են` մեր հերոսը: Իրոք, հերոս է նա, Կամարիսի հերոսը: Այս տարի, ի հիշատակ նրա, Վերջին զանգի արարողությունները հանդիսավոր չեն նշվելու…

Ազատի մոր` Վեհանուշ Ենոքյանի համար շրջապատում ամեն ինչ հիշեցնում է որդուն, ողջ օրը մտովի նրա հետ է, նրա հետ <<զրուցելիս>>… Մայրը ոչ մի կերպ չի հավատում, որ որդին զոհվել է, որ այլևս չկա: Սպասում է նրա… վերադարձին:

-Ազատս,- արցունքն աչքերին ու ծանր վիշտը սրտում, ասում է նա,- շատ ուրախ, երջանիկ, լավ տղա էր: Ժպտերես ու կատակասեր էր: Ծառայելիս էլ, որ զանգում էր, ծիծաղեցնելու մի առիթ անպայման գտնում էր: Շատ հումորով էր: Լավ երգում էր: Ընկերները պատմում են, որ կանգնում էր բլինդաժի գլխին, հայացքն ուղղում թուրքերի կողմը և երգում: Այնքան բարձր էր երգում, որ ձայնն ամբողջ Ջաբրայիլով լսվում էր: Շատ հայրենասեր էր: 8 ամիս գնացել է առաջին գիծ ու մեզ չի ասել: Հայրն այնպես էր արել, որ կարող էր 3-րդ գծում մնալ, բայց… Մեզ զանգում էր և ասում, որ ամեն ինչ լավ է: Այս մասին մտերիմ ընկերն է պատմել` Սամվելը: Ընկերը հորդորել է, որ այդ մասին գոնե քրոջդ ամուսնուն տեղեկացնենք, բայց էլի չի համաձայնել. <<Եթե ասենք, Վեհանուշը չի դիմանա, ինֆարկտը կխփի: Մաման համաձայն չի լինի, որ ես առաջին գիծ եմ գնում…>>: Հետո, երբ արդեն իմացա, էլի չէր ուզում ընդունել, հերքում էր: Այն դիրքը, որտեղ նա էր եղել, անցել է թշնամու ձեռքը: Սամվելը պատմեց, որ ընկերներից Արմանը զանգել է զորամաս, դիրքերի տղաներին հարցրել` Ազատը ո՞նց է: Ասել են` Ազատը չկա… Ասել է` ամբողջ կյանքս Ազատին եմ պարտական, ես որ վիրավորվել էի խրամատում /նռնակի հարվածից ոտքի թաթը կտրվել է/, օգնություն կանչեցի, Ազատը վազելով եկավ, ինձ գրկելով տարավ ապահով վայր… Դիրքերը Ազատն է սկսել կառավարել <<պոստի>> պատասխանատուի` Ադամի վիրավորվելուց /զոհվել է/ հետո: Բոլորին նա է ոտքի հանել, երբ թուրքերն սկսել են գրոհել: Իսկ երբ Արմանն է վիրավորվել, տղաները մարտի են բռնվել, և ամենը մնացել է Ազատի վրա: Սամվելն ասում է. <<Ես 2 եղբայր ունեմ, նրանց հետ այնքան մոտ չեմ, ինչքան որ Ազատի: Նրա ամեն գաղտնիք գիտեմ, այնքան բաներ ունեմ պատմելու, որ ծառայությունից գամ: Ազատն այնքան երազանքներ ուներ, այնքան բաների մասին էր խոսում… Զորամասի պատերին իր բանաստեղծություններն է թողել: Թերթ է տպագրվել: Լավ ծառայության համար այնքան շքանշաներ է ստացել…>>: Իր գրվածքներում հետևյալ տողերը կան. <<Մամ ջան, գալու եմ, ամեն արցունքիդ համար պատասխան եմ տալու>>: Մեր երեխաներից Ազատի հետ կապն ուրիշ էր, շատ էինք կապված, երանի այդպես չլիներ: Ինչ անեինք, իրար հետ էինք: Ժամանակից շուտ մեծացած ու կողքիս կանգնած էր: Երբ տուն էր զանգում, պետք է պատմեինք ամեն ինչի մասին: Ապրում էր ընտանիքի հոգսերով: Թիվ 1 պետական քոլեջում էր սովորում, խոհարար պիտի դառնար: Ուսումը կիսատ էր թողել: Խնդրեցինք, որ ավարտի, հետո գնա, չհամաձայնեց` ընկերներս բոլորը գնացել են բանակ, ես այստեղ մնամ, շուտ գնամ, շուտ գամ, այնքան բաներ ունեմ անելու, 6 ամիս ոնց սպասեմ… Ընկերոջն ասել է. <<Ծնողներս ինձ շատ լավ են պահել, ես կյանքում չեմ աշխատել: Գնալու եմ ռեստորան առնեմ, <<Բրաբուս>> եմ առնելու հորս համար, գյուղից նրանց տանելու եմ: Հայրս շատ է տանջվել, իրենց ես լավ եմ պահելու>>: Ինձ շատ էր սիրում: Հորից ամաչում էր, ազդվում էր, հետը չէր կիսվում, ինչից հայրը նեղվում էր: Յուրաքանչյուր ծնող բախտավոր կլիներ Ազատի պես որդի ունենալու համար: Նա այնքան գոհ էր իր ծառայությունից: Ասում էր, երբ ավարտեմ, կարող է ինձ չթողնեն, որ գամ. այնքա՜ն էին սիրում նրան: Զարմացել են Ազատիս մտահղացումների, նախաձեռնությունների վրա, գիրք է տպագրել 80 էջանոց, ինչի համար խրախուսանքների, պատվոգրի է արժանացել: Ամեն ինչից գաղափար ուներ, չիմացած բանից էլ գլուխ կհաներ` իր հնարամտության շնորհիվ: Շատ ընդունակ էր: Քոլեջում էլ շատ ակտիվ է եղել, այնտեղ էլ իրեն շատ են վստահել, տարբեր բաներ հանձնարարել: Շատ նվիրված էր բոլորին, պատվախնդիր էր, ուշադիր հարազատների հանդեպ: Քոլեջի տնօրինությունը ռազմագիտության դասարանն Ազատի անունով է ուզում կոչել: Ազատն այնտեղ 6 ամիս է սովորել, բայց այնքան լավ, ուրախ, ժիր սան է եղել, որ ողջ քոլեջը նրա մասին է խոսում… Ազատս շատ ճարպիկ էր, 19 տարեկան, բայց երևի 30 տարեկանից ավելի խելացի էր: Երբեք իր դիմացինին չէր նեղացնի: Ինքնուրույն իր գործերը կկարգավորեր: Շատ ազնիվ ու կազմակերպված էր, բոլորի վստահությունը գրավող: Ազատս ինձ համար նաև ընկեր էր, կողքիս էր ամեն պարագայում: Խիստ էր քույրերի հանդեպ: Չեմ կարող պատկերացնել, որ նա այլևս չկա: Միշտ սպասելու եմ նրան, հավատում եմ, որ մի օր գալու է, անպայման գալու է…

***

Զարզանդ Եգորյանը Կամարիս համայնքը ղեկավարում է 1996 թվականից: Մինչ այդ, խորհրդային տարիներին, աշխատել է սովխոզի տնօրեն: Բարեխիղճ ու հարգալից ղեկավար է, ինչի վկայությունը նրա նվիրված աշխատանքն է, ուշադիր ու սրտացավ վերաբերմունքը մարդկանց, իր բնակչի հանդեպ: Շատ մարդկային է, ճիշտ մոտեցում ունի յուրաքանչյուրի նկատմամբ: Հատկապես առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ` շատ հաճախ չխնայելով անգամ անձնական միջոցներն ու հնարավորությունները:

Նշելով այս մասին, Հասմիկ Ծառուկյանը հավելեց, որ նրա ղեկավարման տարիներին բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես, համայնքապետի ջանքերի արդյունքում այսօր գործում է մանկապարտեզը: Թերի ու կիսատ մնացած գործերը նրա շնորհիվ, իհարկե` հնարավորությունների սահմաններում, ավարտի են հասցվել: Համայնքապետարանն է հիմնանորոգվել: Ներկայումս աշխատանքներ են տարվում մշակույթի տան վերանորոգման ուղղությամբ: Խմելու ջրի ջրագծեր են անցկացվում: Ոռոգման ջուր չկա, ինչը ընդհանուր հիմնախնդիր է:

Ամենակարևորը` աստիճանաբար լուծվում են բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակին եղել են համայնքում: Պարզ է, որ միանգամից հնարավոր չէ այսօրվա պայմաններում բոլոր հարցերին սպառիչ ու դրական պատասխան տալ: Եկեղեցին է համայնքի ուժերով հիմնանորոգվում և այլ ձեռնարկումներ են կյանքի կոչվում:

SHARE