Կայուն, ապահով, զարգացած

0
36

Առաջընթաց

Նվիրյալ ու հետևողական աշխատանքի արդյունքում հաջողությունները երկար սպասեցնել չեն տա…

watermarked_Hakob BalasyanԱյցելելով Բյուրեղավան, նախ հանդիպեցինք քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ և մեկ հարց ուղղեցինք նրան.

 -Պարոն Բալասյան, Բյուրեղավանն այսօր որակապես այլ տեսք ու դեմք է ստացել: Ինչո՞վ կբացատրեք, որ այն նախկին անբարվոք վիճակից վերածվեց, իրոք, քաղաքային բնակավայրի:

 -Հարցադրումը տեղին է, և այնպիսի տպավորություն ես ստանում, որ կարծես քաջատեղյակ եք մեր քաղաքի ամեն անցուդարձին: Ղեկավարում եմ 2008 թվականից: Ամեն ինչ ստեղծվել է հետևողական ու համառ աշխատանքի արդյունքում: Մեր խնդիրները շատ են, սակայն միջոցները` քիչ: Բայց և գործունեության ցանկացած ուղղություն որոշելիս անպայման քննարկում ենք անցկացնում մեր աշխատակազմի, ավագանու անդամների, բնակչության հետ, ծրագրերը համատեղ կազմում: Արդյունքում ի հայտ են գալիս առավել հրատապն ու առաջնահերթը: Փողոցների լուսավորություն անցկացրեցինք: ՀՀ կառավարության հրատապ ծրագրով և համայնքի ներդրումով հիմնանորոգեցինք ու վերագործարկեցինք մանկապարտեզը, չնայած այն ցավալիորեն չի բավականացնում: Բազմաբնակարան շենքերի վերելակներն են նախորդ տարվանից սկսել շահագործվել: Թվով` 23: Հին թաղամասի շուրջ 70 տարվա խմելու ջրի ջրագիծն ամբողջությամբ փոխվեց: Նախկին 6-ժամյայի փոխարեն այսօր շուրջօրյա ջրամատակարարում ունենք: Միաժամանակ գերեզմանների միջով անցնող մայր ջրագիծը տեղափոխվեց` անվտանգության նկատառումներից ելնելով: Վերանորոգվեցին նաև Նուռնուսի աղբյուրներից գոյացող խմելու ջրի ջրահավաք կապտաժները: Ասֆալտապատման մեծածավալ աշխատանք է կատարվել, այդ թվում` նաև բակերում: Աղբահանությունն է պատշաճ իրականացվում: Շատ բան է արվել և ամբողջը հնարավոր չէ այստեղ թվարկել ու ներկայացնել: Ժողովուրդը դա լավ տեսնում է և իր գնահատականը կտա: Համենայնդեպս, արվել է հնարավորը…

  Բյուրեղավանի համայնքային բարեկարգման և կանաչապատման տնօրեն Հայկ Եղյանը նշեց, որ աղբը ժամանակին հավաքվում ու տեղափոխվում է, կատարվում է ծառերի սանիտարական էտում: Քանի որ բարդիները շատ են վնասում ասֆալտին, ուստի հանձնաժողովի որոշմամբ դրանց տեղն ուրիշ ծառատեսակներ են տնկվում: Այս տարի մոտ 300 ծառ տնկվել է: Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ քաղաքի մուտքի մոտ գտնվող հուշարձանի տարածքում 100 ծառ է տնկվել: Նաև քաղաքապետարանի դիմաց ցայտաղբյուր է տեղադրվել` անմոռուկի նշանով: Փողոցների լուսավորման համակարգի սպասարկման աշխատանքներ են կատարվում, ինչի նպատակով քաղաքապետարանը համապատասխան պայմաններ է ապահովել: Նոր լուսատուներ են տեղադրվել թիվ 27 և 28 շենքերի բնակիչների նախաձեռնությամբ կառուցված բակային խաղահրապարակներում: Աստիճանաբար, առհասարակ, լուսատուները փոխարինվում են նորերով: Ամեն տարի հետիոտնային, հոծ գծերն են թարմացվում և այլն:

  Հայկ Եղյանի հավաստիացմամբ, բոլոր աշխատանքները քաղաքապետի անմիջական հսկողության ներքո են. <<Պարոն Բալասյանը, մարդկային գործոնը մեծապես կարևորելով հանդերձ, շատ խստապահանջ է: Այսօր կատարված աշխատանքներն ակնառու են, և բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտում այդ առթիվ: Քաղաքի ղեկավարի շնորհիվ մեր բնակավայրը գնալով ծաղկում ու զարգանում է: Եթե նախկինները Բալասյանի արածի գոնե մեկ քառորդ մասը կատարած լինեին, ապա մեր քաղաքն ավելի ծաղկուն ու բարգավաճ կլիներ: Կային բակեր, որ 40 տարուց ավելի ասֆալտի երես չէին տեսել: Այսօր մարդիկ ցեխից ու փոշուց գլուխներն ազատել են, երեխաներն ազատ խաղում են: Գրեթե բոլոր բակերում ունենք խաղահրապարակներ` իրենց կարուսելներով, զրուցարաններ, որոնք տարեցտարի ավելացվում են: Քաղաքապետը շատ լավ մարդ է, նրան յուրահատուկ են մարդկային բոլոր լավագույն գծերը: Ժողովրդի հետ շփվելիս շատ հարգալից է, աշխատանքում` պարտաճանաչ: Բնակիչը հաճույք է ստանում է իր քաղաքապետի հետ շփվելիս, քանի որ Բալասյանը բարեկիրթ է, գրագետ ու խելացի: Բոլոր, հատկապես` դժբախտ պահերին իր բնակչի կողքին կանգնած է, սատարում է` ինչով կարող է, չի զլանում խնայել ոչինչ: Բոլոր հոգսերը նաև իրենն է համարում և ջանում է ամեն կերպ օգտակար լինել յուրաքանչյուր համաքաղաքացու…>>:

  -Մինչև քաղաքապետ ընտրվելը,- շարունակեց ընդհատված զրույցը պարոն Բալասյանը,- աշխատել եմ արտադրությունում, մշտապես շփվել եմ մեր քաղաքի մարդկանց հետ: Ահա այդտեղից էլ ճանաչելով, մարդիկ ընտրել են ինձ, վստահել ու հավատացել: Մարդը պետք է սկզբունքային լինի, պահպանի այն բոլոր դեպքերում, հավատարիմ մնա ինքն իրեն: Ժողովուրդը դա լավ տեսնում է և գնահատում: Պետք է մարդկանց նկատմամբ ուշադիր ու հոգատար լինել: Եթե մարդը, ինչպես ասում են, քո դուռն է եկել, ուրեմն հոգս ու խնդիր ունի, ցավ ունի, ինչը նշանակում է, որ պիտի լսել նրան, ջանալ ինչ-որ կերպ աջակից լինել, մարդկային մոտեցում ցուցաբերել: Ձեռքիցդ եկածը պիտի անես, որ մարդը գոհ հեռանա, անտեսված ու արհամարհված չզգա իրեն: Ժողովրդի ուրախությամբ ուրախանում ենք, տխրությամբ` տխրում: Կան խնդիրներ, որ որքան էլ ուզենանք` չենք կարողանա լուծել: Այս դեպքում մեջտեղ են գալիս անձնական հարաբերություններն ու շփումները, մարդկային գործոնն է առաջ մղվում, ինչի շնորհիվ ի վիճակի ենք լինում ընդառաջելու մարդկանց: Այստեղ մեծապես կարևորվում է ընկերության դերը: Ընկերությունը նաև պարտավորվածություն է, լա՛վ իմաստով, քանի որ անշահախնդիր օգնում ու օժանդակում ես ընկերոջդ, որպեսզի նա հաջողի իր գործի մեջ, իր պարտականություններն անթերի կատարելիս: Օգնում է ընկերդ քեզ` ի շահ բնակչի, ի շահ համայնքի: Մարդկային /ընկերական/ հարաբերությունների մեջ գնահատում եմ ազնվությունը: Ընկերության մեջ բոլորը, բնականաբար, նույն հնարավորությունները չեն ունենում, ահա թե ինչու, անկախ դրանից, բոլորը հավասար պիտի լինեն: Ընկերության մեջ կարևորը մարդկային փոխադարձության սկզբունքն է, ընդհանուր արժեքների կրումը, հավատարմությունն ընդունված արժեհամակարգին: Շատերը ընկերոջ նեղ պահերին նրա կողքը կանգնած են լինում, բայց նույն այդ ընկերոջ հաջողություններին խանդով կամ նախանձով են վերաբերվում: Ընկերդ կայուն և արժեքներով ապրող մարդ պետք է լինի: Ես ընկերությունը համարում եմ մարդկային բոլոր հարաբերությունների մերանը: Պետք է ծնողն ու երեխան էլ իրար հետ ընկերություն անեն, որպեսզի իրենց փոխհարաբերությունները կայանան, ամուսիններն էլ պիտի ընկեր լինեն, որպեսզի իրենց միասնությունն ամուր ու հավերժական լինի: Ընկերությունը մարդկային գերագույն արժեքներից մեկն է: Ամուր, երկարատև ընկերություն ունենալու համար հանդուրժողականություն է հարկավոր, ներողամտություն ու մեծահոգություն…

  Հակոբ Բալասյանն իր գործունեության անկյունաքար է համարում մատաղ սերնդի հայեցի կրթության, դաստիարակության համար նպաստավոր պայմանների առավելագույնս ստեղծումն ու ապահովումը: Այսօրվա երեխաները պետք է վաղվա արժանավոր, հայրենասեր քաղաքացիներ լինեն` կրթված, բանիմաց ու զարգացած: ՀՀ ԿԳՆ ԾԻԳ-ի և համայնքի համատեղ ուժերով քոլեջ է բացվել: Արվեստի դպրոցը 100-ի փոխարեն այսօր 200 սան ունի: Սկսել են վերակառուցել մշակույթի տունը, որտեղ կտեղափոխեն արվեստի դպրոցը, որպեսզի ավելի լավ պայմաններում անցկացվեն դասընթացները: Այլ աշխատանքներ ևս ծրագրված են, որոնք, անկասկած,  ժամանակի ընթացքում ունենալու են իրենց բարեհաջող ավարտը:

  Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Լաուրա Ալեքսանյանի խոսքով, Բալասյանի օրոք իրենց աշխատանքները դարձել են ավելի համախմբված, ավելի կազմակերպված, ամեն մեկը գիտի իր անելիքը, պարտականությունները, մեծացել է յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը: Քաղաքի ղեկավարն իր օրինակով բոլորին ոգևորում և մղում է նվիրված ու պարտաճանաչ աշխատանքի: Թիմային շատ լավ աշխատանք է տարվում, փոխադարձության սկզբունքը բոլորը պահպանում են և առաջնորդվում ընդհանուր գործի շահերով: Քաղաքում, ընդհանուր առմամբ, դրական շատ տեղաշարժեր են գրանցվել, կյանքն աշխուժացել է և որակական փոփոխություններ են զգացվում գրեթե բոլոր ոլորտներում. <<Ունենք շատ լավ, շնորհալի երեխաներ, որոնք տարբեր մրցումներում հաղթող են ճանաչվում: Այստեղ մեծ դեր ունի քաղաքապետը, որովհետև սատարում է բոլորին հնարավոր ամեն ինչով: Առհասարակ, մեծ ծավալի ու կենսական նշանակության խնդիրներ են լուծվել, ինչի արդյունքում քաղաքի կենսագործունեությունն էապես բարելավվել է: Մարդկանց, հասարակ քաղաքացու նկատմամբ պարոն Բալասյանի վերաբերմունքն ու մոտեցումն առանձնահատուկ ջերմ են: Առաքինի ու բարոյական անձնավորություն է, որ ջանում է բոլորին օգտակար լինել…>>:

  Պարոն Բալասյանը մեր զրույցի ավարտին ցանկացավ, որ <<Ընկեր>>-ի բոլոր ընթերցողներն իրենց ամբողջ կյանքում շրջապատված լինեն լավ ընկերներով, որպեսզի ամուր ու երջանիկ լինեն, ապահով ու ուժեղ…