Կառավարությանը սատարել է պետք

0
8

Քանզի աշխուժություն և տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում է

Դժվար է նախանձել վարչապետ Կարեն Կարապետյանին. նրա կառավարությունը ծանր, եթե չասենք ողորմելի ժառանգություն է ստացել: Խիստ սահմանափակ բյուջե, միջազգային կոչված փորձը կուրորեն պատճենահանելու արդյունքում գրեթե լիովին ավերված արդյունաբերություն, ներքին և ավելի շատ արտաքին հսկայական պարտքեր, կառավարության և առհասարակ իշխանությունների նկատմամբ համընդգրկուն անվստահություն ու անտարբերություն, միով բանիվ` անմխիթար վիճակ…

Այս պարագայում Հայաստանի ներկայիս կառավարությունից հրաշքներ, գերբնական հաջողություններ սպասելն անմտություն է, հնարավոր ձախողման պարագայում չարախնդալը` ազգադավ անբարոյականություն: Մի ելք կա միայն. արձանագրել այն` թեկուզ նվազագույն հաջողությունները, որոնք ակնհայտորեն ձեռք է բերել ներկայիս կառավարությունը, սատարել նրան` շարունակելու արդյունաբերության վերականգնմանն ու գյուղատնտեսությանն աջակցելուն նպատակամղված տակավին սոսկ ուրվանշվող քայլերը: Անզեն աչքով իսկ նկատելի է, որ հակառակ ներքաղաքական դաշտում տիրող որոշակի լարվածությանը, նախորդ տարվա երկրորդ կիսամյակից սկսած տնտեսության բնագավառում աշխուժացման միտումներ են նշմարվում:

Կառավարությունը կարծես թե սկսում է հասկանալ, որ երկիրը սոցիալ-տնտեսական խոր վիհից քայլ առ քայլ դուրս հանելու միակ միջոցը հայրենի արտադրողներին ըստ ամենայնի զորակցելն է: Հենվելով այն մի քանի տասնյակ տեղացի արտադրողների վրա, ովքեր ահռելի ճիգերով, երբեմն հակադրվելով պետական անմիտ տնտեսական քաղաքականությանը, հաճախ բախվելով ծախու պաշտոնյաների կաշառաշորթությանը, այնուամենայնիվ, կարողացել են որոշակի հաջողությունների հասնել ներքին ու արտաքին շուկայում, կառավարությունը կարող է և պետք է օգտագործի նրանց փորձն ու հմտությունները տակավին չաշխատող ձեռնարկությունները հնարավորինս վերականգնելու, նոր արտադրություններ հիմնելու համար:

Միայն երկրի գործարար առողջ ուժերին օրենսդրական ու բարոյահոգեբանական համակողմանի աջակցություն ցույց տալով կառավարությունը կարող է զարկ տալ տնտեսության զարգացմանը, ինչը նաև պաշտոնանկությունից խուսափելու միակ միջոցն է: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, մտավորականության ներկայացուցիչներին, հասարակությանն առհասարակ և գործարարներին հատկապես, ապա նրանք, հենց թեկուզ ինքնագոյատևման բնազդից ելնելով, պարտավոր են քաջալերել երկրի տնտեսական առաջընթացին միտված կառավարության ցանկացած քայլ: Միասնական ուժերով հնարավոր է կայացնել պետականությունը և փրկվել ձախողումից ու ինքնակործանումից:

SHARE