Կառուցենք մեր տունը

0
17

 

Սատարում

Հավատարիմ ու նվիրված մնալով հայրենի եզերքին

-Ես ՀՀԿ անդամ եմ և, բնականաբար, պաշտպանում եմ իմ կուսակցության շահերը,- մեզ հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը:- Ինչ խոսք, նախընտրական քարոզարշավում ընդգրկված մնացած կուսակցություններին ու դաշինքներին էլ, ինչպես հարկն է և օրենքի պահանջներին համապատասխան, ընդունում ենք ու ճանապարհում: Որևէ քաղաքական ուժի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կամ այլ մոտեցում չունենք, այնպես որ ամեն ինչ բնականոն հունով շարունակում է ընթանալ: Այդպես էլ` խաղաղ ու օրենքի տառին համապատասխան, հավատացնում եմ, ավարտելու ենք ընտրական գործընթացները: Ես ՀՀԿ Լիճքի կառույցի ղեկավարն եմ, և մեր քարոզչական աշխատանքում կարևորում ենք այն, որ բնակչության լայն շրջանակներում հասանելի լինեն կուսակցության ծրագրի հիմնադրույթները: Նշեմ, ի դեպ, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությանը ես 3-րդ անգամ վերընտրվեցի, ինչի համար մեծապես շնորհակալ եմ իմ ժողովրդին: Հարգանքն ու վստահությունը փոխադարձ են, և նման գնահատականն, ինչ խոսք, առավել է պարտավորեցնում: Պարզ է, այսօր ոչ մեկի չես կարող պարտադրել կամ բռնանալ մարդկանց ազատ կամարտահայտության վրա: Ժողովուրդը լավ գիտի ու հասկանում է` ով ով է, ինչ է ուզում և ինչպիսի խնդիրների է հետամուտ: Մարդիկ գնահատում են կատարվածը, հավատում իրենց տեսածին և իրատեսական, սթափ մոտեցում են դրսևորում: Գործն են կարևորում և զանազան խոստումների այլևս չեն հավատում: Հանրապետականը շատ ճիշտ, հավասարակշռված քարոզչություն է իրականացնում, ահա թե ինչու մեծամասնությունը կողմնակից է նրան…

Ինչպես այնուհետև նշեց պարոն Գրիգորյանը, համայնքի տղամարդիկ մեծ մասամբ արտագնա աշխատանքի են մեկնում և հիմնական ծանրությունը մնում է կանանց ուսերին: Այս պայմաններում առավել քան ծանրանում է համայնքապետարանի խնդիրը և բարձրանում պատասխանատվության աստիճանը: Կարողանում են ձեռք մեկնել բոլորին և միասնական ու համախմբված ուժերով գործերն առաջ տանել: Արդյունքներն ակնհայտ են:

Հարկ է ընդգծել, որ այս ընթացքում Լիճքը բավականին զարգացում է ապրել: Ասֆալտապատում է արվել, կառուցվել է բուժամբուլատորիա, ինչպես նաև դրենաժային, ջրագծերի անցկացման աշխատանքներ են կատարվել և այլն: Շուտով նաև կվերակառուցեն մանկապարտեզը: Վերանորոգելու են մշակույթի տան մի հատվածը: Համայնքը, ինչ խոսք, մասնակից է այս ամենին, քաջատեղյակ է իրականացվող աշխատանքների մասին, ահա թե ինչու գյուղում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է տիրում:

Արվածի կողքին կան նաև խնդիրներ ու անելիքներ: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ներառված է այդ ամենը, և հույս կա, որ կառավարության կողմից պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի դրանց լուծման նկատմամբ: Գյուղը օրեցօր աճում, զարգանում է: Մասնավորապես, խմելաջրի ջրամբարի կարիք ունեն: 2 դպրոցներից մեկի շենքը 1937 թ. կառույց է` գրեթե խարխլված վիճակում: 5380 բնակիչ ունեցող համայնքում որքան էլ աշխատանք անես, միևնույն է, անելիք մնում է, խնդիրներն անպակաս են, ուստի փորձում են, առաջնահերթության սկզբունքից ելնելով, լուծում տալ հրատապ հարցերին և աստիճանաբար, հաստատուն քայլերով առաջ ընթանալ:

Գնել Գրիգորյանը հետևյալ կարգախոսն ունի` <<Կառուցենք մեր տունը>>: Մեր տունը ասելով` նկատի ունի Լիճքը: Եկեղեցի է կառուցվել` նրա ընկերների և արտագնա աշխատանքի մեկնող համագյուղացիների ներդրումների շնորհիվ: Բարեգործական հիմնադրամ ունեն, որի միջոցներով մտադիր են բազմաթիվ աշխատանքներ կատարել` գերեզմանատների պարսպապատում, ասֆալտապատում և այդպես շարունակ: Գյուղապետի խոսքերով, բոլոր հարցերն էլ կարգավորվող են, միայն թե մեր երկիրը կայուն խաղաղությամբ ապրի և ընթանա անշեղ զարգացման ու առաջընթացի ուղիով:

Այո՛, ինչպես ՀՀԿ նախընտրական կարգախոսն է բարձրաձայնում` <<Անվտանգություն և առաջընթաց>>…

SHARE