Կարգավորել առկա խնդիրները

0
7

Ապա միայն անցնել խոշորածավալ ծրագրերի իրագործմանը

Մտահոգություն

-Վերջին տարիներին գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրն ավելի բարդացել ու դժվարացել է: Շրջափակումը, շարունակվող պատերազմը հանգեցրին այն բանին, որ տեղական շուկան գնալով փոքրացավ: Գյուղացին էլ իր ուժերով ի վիճակի չէ արտադրած մթերքն արտահանել` ո՛չ տեղը գիտի, ո՛չ ճանապարհը: Արտահանող կառույցներն այնքան էլ շատ չեն, կարելի է ասել` սակավաթիվ են: <<Սպայկայից>> բացի ուրիշ մեկը ես չգիտեմ: Այնպես որ, ամեն տարի նվազագույնը մեկ կամ մի քանի խնդիր այդ առումով ունենում ենք: Գյուղացու, արտադրողի համար այդ կարևոր` իրացման օղակն այդպես էլ չի կարգավորվում և չի համապատասխանեցվում ժամանակի պահանջներին: Խնդրի առաջիկայում կարգավորման հուսադրող նշաններ էլ առայժմ չեն նշմարվում: Մարդիկ կան, որ հանձնած բերքի գումարն այդպես էլ չեն կարողանում ստանալ` ձգձգվում է: Դա էլ այն դեպքում, երբ գյուղացին վարկեր ու պարտքեր ունի փակելու: Ստացվում է, որ եղած պարտքին կամ տոկոսին նորն է ավելանում: Մի խոսքով, քանի դեռ իրացման խնդիրը չի լուծվել, գյուղացու վիճակը չի լավանա,- իրացման խնդիրներին առնչվող <<Ընկեր>>-ի հարցադրմանն ի պատասխան ասաց Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի 18 տարվա ղեկավար Վահրամ Հարությունյանը:

Հարկ է, ըստ պարոն Հարությունյանի, արտերկրի զարգացած պետությունների ֆերմերների առաջավոր փորձն ուսումնասիրել և տեղայնացնել: Ըստ այդմ, փոխհարաբերությունները պետք է հստակ պայմանագրային պարտավորությունների վրա հիմնված լինեն, գործուն մեխանիզմներ կիրառվեն և, ամենակարևորը, իրական  երաշխիքներ ապահովվեն: Իսկ դա նշանակում է խնդիրների ու գործառույթների հստակ տարանջատում, կամայական վերաբերմունքի բացառում, ստանձնած պարտավորությունների անսխալ կատարում և այլն: Մենք դեռ, ցավոք, շատ հեռու ենք այն իրավիճակից, որն արտասահմանում արդեն վաղուց հաջող պրակտիկա է դարձել:

-Իսկ մեզ մոտ,- շարունակեց մեր զրուցակիցը,- ասենք, պայմանագիր են կնքում, որտեղ գինը չի նշվում: Դրա համար էլ մթերման ժամանակ ընդունողն իջեցնում է գինը` պատճառաբանելով, որ փոքրիշատե բարձր գինն իրեն ձեռնտու չէ: Գյուղացին այսօր դրա հակակշիռը չունի, ջանում է ինչ գնով էլ լինի` հանձնի իր արտադրանքը: Այստեղ նաև պետության միջամտությունն է անպայման անհրաժեշտ, որպեսզի մթերողները գյուղացու հանդեպ իրենց պարտավորությունները հստակ կատարեն: Այնպես որ, քանի դեռ ուժեղի ու թույլի հարաբերություն է, տուժողն էլի գյուղացին է մնում…

Մեր հաջորդ հարցադրումը կապված էր համայնքների խոշորացման ծրագրի և դրա արդյունավետության, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների կազմավորման հետ: Պարոն Հարությունյանն ասաց, որ խոշորացման դեպքում էլ համայնքների խնդիրները կշարունակեն մնալ, ինչու չէ` նաև անլուծելի կդառնան, որովհետև եթե դրանք մի ամբողջ գյուղապետարանի աշխատակազմով չեն լուծվել, ապա կլուծվե՞ն, արդյոք, ընդամենը մի ներկայացուցչի միջոցով… Ստացվելու է այնպես, որ հիմա էլ այդ փոքր համայնքներից պիտի գնան մեծ համայնքներ` բնակվելու: Կամ, ասենք, հնարավո՞ր կլինի բացառել կողմնապահությունը, այնպիսի մեխանիզմներ կիրառել, որպեսզի ընտրված համայնքապետն ավելի մեծ ուշադրություն չհատկացնի կենտրոնին, ծրագրերն ու աշխատանքները չուղղորդի այնտեղ:

Առանց այդ էլ այսօր, ըստ համայնքի ղեկավարի, գյուղացու վիճակը շատ ծանր է, հարկեր հավաքագրելը շատ է դժվարացել, քանի որ գյուղացին մտածում է նախ մնացած բոլոր հարցերը կարգավորել, ապա միայն անցնել հողի ու գույքի հարկերին: Գյուղացու վիճակը կլավանա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը զարգանա, իրացման խնդիրը կարգավորվի, կաթիլային եղանակով ոռոգման համակարգ ներդրվի, բուժման մեթոդներն արդիականացվեն, նոր սորտեր կիրառվեն, գյուղտեխնիկայի պարկեր ստեղծվեն…

Ինչ վերաբերում է ֆերմերային /կոոպերատիվ/ տնտեսությունների ստեղծմանը, ապա այդ նպատակով հողատարածքների միավորումը պետք է բնական ճանապարհով ընթանա, դրա անհրաժեշտությունը դառնա օրախնդիր: Ոչ մի դեպքում չպետք է գնալ արհեստական միջամտությունների կամ շտապողականության, իսկ ստիպելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մարդն իր աչքով պիտի տեսնի նման քայլի առավելությունը, համոզվի, որ դա է ճանապարհը, որպեսզի հանկարծ մի ծայրահեղութունից մյուսը չընկնի: Ամեն դեպքում, ինչպես համոզված է համայնքապետը, այսօր դեռևս դրա ժամանակը չէ, խնդիրն առայժմ հասունացած չէ: Ներկայումս, թերևս, առավել կարևոր ու հրատապ խնդիրներ կան լուծելու:

Համենայնդեպս, այսօր առաջնահերթ պետք է հողատարածքները խոշորացնել, ապա միայն, արդեն` հետագայում, գնալ համայնքների խոշորացման քայլին: Այսպիսի կարծիք ունի Վահրամ Հարությունյանը` գտնելով, որ թույլ ֆերմերային տնտեսությունների պարագայում համայնքների խոշորացումը որևէ արդյունք չի տա:

Խոսելով կոնկրետ իրենց համայնքի մասին, պարոն Հարությունյանը նշեց, որ եղած սուղ միջոցներով իր ղեկավարման տարիներին փորձել են լուծում տալ առկա հիմնախնդիրներին, բայց և այնպես էլի խնդիրներն անպակաս են: Առանձնապես` խմելու ջրինը: Ցանցն ամբողջությամբ պետք է փոխել: Մանկապարտեզի, ճանապարհների վերանորոգման խնդիրներ ունեն: Չնայած համայնքապետի գործը բավականին ծանր ու պատասխանատու է, այնուամենայնիվ, եթե ստանձնել ես, ապա պիտի պատվով տանես այդ բեռը. <<Համայնքապետը պիտի իր համայնքով ապրի, գյուղացու խնդիրներին կարողանա քիչ թե շատ լուծում տալ…>>:

Շատ հարցերի լուծմանն օգնում են ընկերները: Ուստի և, ինչպես գտնում է Վահրամ Հարությունյանը, մարդը որքան շատ ընկերներ ունենա, այնքան ավելի հագեցած ու բովանդակալից կյանքով կապրի: Ընդհանրապես, մարդկանց նկատմամբ պիտի ճիշտ վերաբերմունք դրսևորել, հարաբերություններն ամուր ու առողջ հիմքի վրա կառուցել…

 

SHARE