Կարելի է ավելի լավ աշխատել…

0
19
ՏԻՄ

 Հայկ Սահակյանը /ՀՀԿ անդամ/ ինքնառաջադրվել է համայնքապետի պաշտոնի համար: Բնականաբար, համապատասխան ծրագրեր ունի, որոնց իրագործումը մեծապես կարևորում է: Իսկ անելիք, նրա համոզմամբ, շատ կա:  Առաջնահերթ խմելու ջրի ջրագծերն ամբողջությամբ պետք է փոխել: Մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի, որպեսզի լիարժեք գործի ու իր նպատակին ծառայի: Ոռոգման ջուր կա, բայց առանձին տեղերում պոմպերի տեղադրման անհրաժեշտություն է զգացվում: Ունի սեփական պոմպակայան, որը վերանորոգել է և որից օգտվում է գյուղացին: Ջուր է մատակարարվում 30-35 հեկտար հողատարածքի:
  Նրա համոզմամբ, պետք է բոլորը համատեղեն ուժերը, իրար թիկունք լինեն, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն: Ընտրվելու դեպքում ամեն կերպ ջանալու է, որ համայնքն առավել միասնական դառնա: Թեկնածուի թիմակիցները նշեցին, որ Հայկը բնավորությամբ համառ ու հետևողական է, իր խոսքի տերը, ուզածին հասնող: Համայնքի բնակիչները դա տեսել ու զգացել են, ուստի և արժանի վերաբերմունք էլ կցուցաբերեն առաջիկա ընտրությանը: Համոզված են, որ նա իր աշխատանքով կգերազանցի շատերին: Համենայնդեպս, ով էլ հաղթի, առաջիններից մեկը կշնորհավորեն նրան, քանի որ անձնական խնդիրներից վեր են կանգնած: Ըստ նրանց, իրենց գյուղացիներն սկզբունքային են, անկաշառ ու հաստատակամ և առաջնորդվում են իրենց խղճի թելադրանքով: 

   Գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ խաղաղ ու հանգիստ մթնոլորտում է անցնում: Արժանապատիվ ընտրության են գնում` հաղթելու վճռականությամբ: Համայնքի ղեկավարը ոչ այնքան իրեն օգտակար ու պիտանի պետք է լինի, որքան ժողովրդին, իրեն վստահած մարդկանց: Գյուղապետարանի աշխատանքը պետք է թափանցիկ լինի, հրապարակային: Չպետք է տարբերություն դրվի ընտրել-չընտրելու պարագայում, բոլորին հավասարապես պետք է վերաբերվել: Համախմբվածությամբ միայն հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել: Անձնապես ոչինչ չունեն գործող գյուղապետի հանդեպ, պարզապես նրա աշխատանքն իրենց չի գոհացնում, կարելի է ավելի լավ աշխատել, ինչին իրենք ի վիճակի են: 
   Հայկ Սահակյանը գտնում է նաև, որ համայնքապետը պետք է շարժվի բոլորի ասածով, բոլորի համար և չտարբերի մեկին մյուսից: 2002-09 թթ. գյուղապետի տեղակալ է աշխատել, շատ լավ ծանոթ է համակարգին, հստակ պատկերացնում է անելիքներն ու խնդիրները: Իր կողքին են ընկերները, համայնքի բնակիչները, ովքեր, ի վերջո, կընտրեն նրան, ով ավելի արժանի է: Թեկնածուի թիմակիցները նշեցին, որ անձի մեջ ամենակարևորը մարդկային որակն է, և եթե գյուղապետը մարդկային եղավ, խիղճ ունեցավ, իր գյուղացուն հասնող եղավ, ապա գյուղն առհասարակ խնդիր չի ունենա: Իրենց թեկնածուն այդ որակների տեր է, նման հատկանիշներով օժտված, և անկախ ընտրվել-չընտրվելու հանգամանքից, միշտ էլ կմնա համագյուղացուն հարգող ու գնահատող: Վարդանաշենցին ունի սեփական գաղափարը և դրանով էլ առաջնորդվում, խղճի թելադրանքով ու հավատով էլ ապրում ու գործում է: Նրանց ցանկությունն է, որ ընտրության արդյունքները գյուղում անհարկի լարվածություն ու տհաճ մթնոլորտ չստեղծեն, մարդկային վերաբերմունքն ու շփումը լավագույնս շարունակեն պահպանվել: Ընտրությանը և՛ ձեռք ես բերում, և՛ կորցնում: Ով ձեռք է բերում, ով էլ` կորցնում: Երկու դեպքում էլ մտորելու առիթ, պատճառ կա…     
SHARE