Կիսատ գործերը շարունակել է պետք

0
19

Դա ավելի շատ պատվի ու արժանապատվության խնդիր է…

         Երբ 1998 թ. սեպտեմբերի 1-ից սկսեցի ղեկավարել համայնքը,-մեզ հետ զրույցի սկզբում ասաց Արմավիրի մարզի Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը,-այն ավերված էր, ճանապարհ` թե միջհամայնքային և թե համայնքի ներսում, չկար, նույնը` լուսավորության առումով, ոռոգման ջրի վիճակը վատ էր, խմելու ջրի ընդամենը 3 ծորակ կար, այն էլ շաբաթական 1-2 օր էր<<ջրի երես տեսնում>>: Գյուղի ընդհանուր վիճակը շատ վատ էր: Այսօր արդեն ոչ միայն իմ, այլև իմ համախոհ թիմի և, առհասարակ, ժողովրդի շնորհիվ կարողացել ենք գյուղը ոտքի կանգնեցնել: Մանկապարտեզի շենքը 1999 թ. այրվեց: Ընտրություններից 15 օր հետո: Առայսօր նոր մանկապարտեզի շենքի կառուցմամբ ենք զբաղված: Երկրորդ հարկում հանդիսությունների սրահն է: Այդ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Մանկապարտեզը գործում է, ապրիլին արդեն իսկ 20 երեխա է հաճախելու: Մեր գյուղը հայտնի է թարխունի արտադրությամբ: Հատկապես վրացի գործարարներն են մեր թարխունի հիմնական սպառողները: Զարգացած է ջերմոցային տնտեսությունը: Ակտիվ ու բանիմաց է արագածցին, աշխատասեր ու արարող… 

     Մոտ 4 հազար բնակչությամբ այս գյուղում վերջին շրջանում բուժամբուլատորիա է կառուցվել, համապատասխան կահավորանքով ապահովվել: Սպասարկում է 2 համայնքի: Ընթացիկ կիրակի Արագածում ևս համայնքապետի ընտրություններ են: Գործող գյուղապետն առաջադրել է թեկնածությունը և, ինչպես նա նշեց, քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում: Գյուղացին ականատես է իր գործունեությանը և, բնականաբար, համապատասխան գնահատական կտա ընտրության օրը: Կան կիսատ գործեր, որոնք բարեհաջող ավարտի հասցնելը պարոն Կամավոսյանը պատվի ու արժանապատվության խնդիր է համարում: Նշենք ամենակարևորները` մարզահամալիրի կառուցում և եկեղեցու վերանորոգում: Մարզակյանքի առումով այստեղ այնքան էլ վատ չէ վիճակը: Բացօթյա լողավազանը գործում է հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը, լավ պայմաններ ունի: Հարևանությամբ ֆուտբոլի խաղահրապարակն է: Գյուղում գործում են բռնցքամարտի, քիգբոքսինգի և այլ խմբակներ, որոնց ձեռքբերումները ուրախանալու առիթ են տալիս: Հավելենք, որ կառուցվելիք մարզահամալիրում ներդրվելու են ինչպես համայնքի, այնպես էլ գյուղապետի ընկերների դրամական միջոցները: Մշակույթի տանը գործում է 13 հազար կտոր գրքով գրադարանը, ծերերի համար առանձին սենյակ է հատկացվել: Պետբյուջեի միջոցներով ընթացիկ տարում վերանորոգվելու է մշակույթի տունը: 
     Համայնքի ուժերով լուծվել է 24-ժամյա ջրամատակարարման խնդիրը, բավական է ասել, որ 7 կմ ջրագիծ է անցկացվել: Միայն ներտնտեսային ցանցում 30-40 կմ խողովակներ են փոխվել, տեղադրվել են հաշվիչներ և այլն: Համայնքը գազաֆիկացված է 2001-ից: Ասֆալտապատված են միջհամայնքային ճանապարհները, իսկ ներսի ճանապարհները խճապատման միջոցով պարբերաբար բարեկարգվում են: Համայնքի միջոցներով ասֆալտապատվել է գերեզմանատուն տանող 3 կմ ճանապարհահատվածը: Շաբաթը 3 անգամ աղբահանություն է իրականացվում: Գլխավոր փողոցը գիշերային լուսավորություն ունի: Այս աշխատանքները շարունակվելու են նաև երկրորդային փողոցներում: Համայնքի բյուջետային միջոցներից կանոնավորապես հատկացումներ են արվում թե նոր ծնունդների գրանցման, թե մահվան դեպքերի առիթով` համապատասխանաբար 30 և 60 հազարական դրամ:
    Համայնքի առջև ծառացած ցավոտ խնդիր կա` կապված գյուղի վերևի մասով անցնող Հրազդանի երկրորդ ջրանցքի հետ: Բանն այն է, որ այն 1940-ականների կառույց է, հետևաբար` արդեն քայքայված, ինչի հետևանքով ջուրը շատ բնակարաններում խոնավության առաջացման պատճառ է դառնում: Այսօր 2 կմ երկարությամբ հատվածում <<Արփա-Սևանը>>վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, և վթարի հավանական վտանգը, կարելի է ասել, չեզոքացված է: Ապրիլին կավարտվեն աշխատանքները: Գյուղացին ոռոգման ջրի խնդիր չունի: Նախորդ տարի <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով 2,5 կմ երկարությամբ կիսախողովակներ են անցկացվել, 15 տոկոս ներդրումը համայնքն է արել: Այս տարի 109 տոկոսով բյուջեի հավաքագրում է կատարվել: Ավելորդ է, թերևս, նշել, որ սա թիմային լուրջ ու հետևողական աշխատանքի վկայություն է: Նաև` փոխադարձ հավատի ու վստահության արդյունք: 
   Աշխատանքների արդյունավետությունը, գործող գյուղապետի հավաստմամբ, պայմանավորված է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ սերտ համագործակցությամբ. <<Մարզպետն օժտված է շատ կարևոր հատկանիշներով, ունի դիմացինին լսելու մեծ ունակություն, սիրում է աշխատող մարդուն, սուտը չի ընդունում: Շատ լուրջ, քիչ ժպտացող մարդ է, բայց գյուղի դարդ ու ցավը շատ լավ է հասկանում: Առաջացած խնդիրներին լուծում է տալիս, անտարբեր չէ բարձրացված ոչ մի խնդրի հարցում: Գյուղացու հանդեպ սրտացավ ու պարտավորված է…>>:
   Ընկերությունը Աշոտ Կամավոսյանի համար ընտանիքին հավասար է: Առանց ընկերոջ կյանքը չի պատկերացնում: Սիրում է, որ ընկերները ցանկացած հարցով իրեն դիմեն և առավել լավ է զգում, երբ կարողանում է օգտակար լինել: Ամեն լավ բան կանի, միայն թե հետևից վատ բան չասեն: Չի սիրում, երբ երեսին լավն են ասում: Չի սիրում, երբ իրեն գովում են… Մշտապես սրտացավ է եղել համայնքի համար: Ընկերություն է անում Արշալույսի,Հոկտեմբերի, Մրգաշատի գյուղապետերի հետ, շատ բան ունեն միմյանց տալու: Ամենամեծ հաջողությունն այն է համարում, երբ գյուղացին հավատում ու վստահում է իրեն…
Զրուցեցինք նաև գյուղացիների հետ: <<Մեր գյուղապետը մեր գյուղի շնորհքն է,-ասացին նրանք: -Ամեն ինչ ստեղծել է գյուղի համար: Գյուղը նրա շնորհիվ բարգավաճում է: Գոհ ենք նրա աշխատանքից: Նրա ղեկավարման օրոք շատ հաջող ծրագրեր են կյանքի կոչվել: Վստահ ենք, որ ավելին է անելու, ահա թե ինչու այս անգամ ևս մեր քվեն նրան ենք տալու: Խոսքի
տեր մարդ է, ասածն իրագործում է: Մերժման չենք հանդիպել, գյուղացու դրության մեջ մտնում է: Շատ արժանիքներ ունի, ուստի նրա կողքին կանգնած ենք…>>:
     Մեր զրուցակիցները միաժամանակ ցանկություն հայտնեցին, որ երկրի ղեկավարությունն ավելի շատ ուշադրություն դարձնի գյուղին ու գյուղացուն: Միայն գյուղապետով ցանկալի ու բարձր արդյունքների անհնար է հասնել: Պետք է առաջ նայել, ուժերն ու հնարավորությունները միավորելու, համախմբելու նպաստավոր պայմաններ ստեղծել, նորովի մոտենալ շատ հարցերի: Սա արդեն պետական մակարդակով լուծվելիք խնդիր է…
SHARE