Կյանքը` իսկական սխրանք

0
65

Հոբելյանական երեկոն սկսվեց Պետրոս Ղազարյանին նվիրված Վարդան Թադևոսյանի ֆիլմի ցուցադրումով:

Առաքելություն

watermarked_Petros Xazaryan 60 amyak (2)

  -60-ամյա հոբելյանը,- ասաց Վարդան Թադևոսյանը,- այն էլ` Պետրոսի պես ընկերոջ, նաև պատասխանատվություն էր բոլորիս համար: Այդ առթիվ նախապես ֆիլմ պատրաստեցի` նվիրված այդ արժանահիշատակ իրադարձությանը: Ուզեցի ոչ թե նրա կենսագրականը, այլ հոգու ցավն ու ուրախությունը ներկայացնել, այն, որ այս տարիների ընթացքում, զավակի կորստից հետո, գրեթե գամված սայլակին իր մեջ մեծ ուժ է գտել դիմակայելու ցավին, ապրել ու ապրեցնել բոլորին: Նրա օրինակն ապշեցուցիչ է ու վարակիչ, ապրած կյանքը` իսկական սխրանք: Այո, ինչպիսի դժբախտություն էլ պատահի, մարդը չպիտի հուսալքվի և, կոպիտ ասած, հաշիվները փակի կյանքի ու աշխարհի հետ: Մարմնի, ֆիզիկական ցավն այնքան խորն ու տանջալից չէ, որքան հոգունը: Ընկերոջս մասին ֆիլմը փորձել եմ երկխոսության ձևով ներկայացնել, նրա սրտի ուզածն ու զգացածն արտահայտել իմ բառերով: Քանի որ Պետրոսի համար որդին` Արգամը կա, ամեն օր նրա ու որդու նկարի հայացքները միմյանց հանդիպելով` իրար բարի լույս են մաղթում, ուստի ես պիտի աշխատեի այնպես ներկայացնել, որ հոր համար որդին ապրում է, կա: Ներկա է ամենուրեք, նաև` այսօրվա երեկոյին: Ամեն ինչը, կարելի է ասել, արվեց Պետրոսի ու Արգամի ցանկությամբ` այն գիտակցությունն առաջ տանելով, որ կորուստ ունեցած մարդը իրավունք ունի նաև ուրախանալու: Միասին անցած ճանապարհը կիսատ է մնացել, բայց այն պիտի շարունակել: Թեկուզ և` միայնակ, սակայն հոգուդ մեջ որդուդ նվիրական պատկերը կրելով: Ցավն ու տառապանքն անվերջ չեն կարող լինել, մի օր անպայման լույս է բացվելու, որ ջերմացնի օջախն ու նրանում ապրող մարդկանց: Հավատում ենք բոլորս, որ մի օր Պետոն Աստծո կամոք քայլելու է… Նա մեծատառով ընկեր է, բարի խորհրդատու: Պետոյի ամեն խոսքն ու խորհուրդը բալասան են յուրաքանչյուրի համար, հատկապես` նրա, ով դժվարության կամ կարիքի մեջ է: Նրան լսողի ոտքը երբեք քարի չի դիպչի: Ես նրանից շատ բան եմ սովորել: Սովորել եմ մարդ լինել, հարգել մեծին ու փոքրին: Իսկ այն, ինչ ստացել եմ ավագ ընկերոջիցս, փորձել եմ պահել ու փոխանցել որդիներիս, եկող սերունդներին: Ընկերոջս նվիրված ֆիլմը կարելի է նաև յուրօրինակ մենախոսություն համարել…

  Վարդանը, իրոք, այդ ֆիլմով ջանացել է Պետրոս Ղազարյանի հոգեվիճակը հասկանալ, նրա այն ապրումները, թե ինչով է այսօր ապրում ու շնչում, որն է այսօր կենսական ու առավել կարևոր իր կյանքում, ընտանիքի ու հարազատների համար: Գուցե, մի քիչ հուզիչ էր ստացվել հանդիսատեսի համար, սակայն մտերիմներին լիարժեք ընկալելի ու հոգեհարազատ էր: Ֆիլմը հոր և որդու բարև-բարի լույսով սկսելն իր իմաստն ու խորհուրդն ուներ: Այն, որ Արգամը միայն ֆիզիկապես է բացակայում, որ նրա հոգևոր ներկայությունն ամենուր ու հարատև է: Նրանով է իմաստավորվում Պետրոս Ղազարյանի կյանքը: Ֆիլմը բոլորին տարավ հարազատի  կորստյան անամոք վիշտն ապրած մարդկանց ճանապարհով, վերակենդանացրեց պատուհասած դաժան ցավի բոլոր հույզերն ու ապրումները: Ֆիլմը ոչ միայն շատ գեղեցիկ էր, այլև շատ ազդեցիկ, հուզիչ ու տպավորիչ: Կարողացավ իրենով անել բոլոր ներկաներին և իր ազդեցության դաշտում պահելով` շարունակել երկար մնալ մարդկանց հոգիներում:

  Ինչպես արդեն նշեցինք, հոր ամեն առավոտը բացվում է որդու հետ բարև-բարի լույսով, մտերմիկ խոսք ու զրույցով: <<Անգամ երաժշտությունը,- մեզ հետ կիսվելով, ասաց Պետրոս Ղազարյանը,- որ հնչում էր ֆիլմում, խոսում էր ինձ հետ, լցնում իմ առօրյան: Ֆիլմն, առհասարակ, իմ ամենօրյա կյանքի մասին է: Ես այդպես էլ ապրում եմ, ինչպես ներկայացրել է Վարդանը: Ֆիլմն ուղղակի հիշողություն է` ուղղված թոռնիկներիս, որպեսզի նրանք այս կերպ նաև պատկերացում կազմեն իրենց պապի մասին: Դա, պիտի ասեմ, շատ բարձր մակարդակով է արված: Շնորհակալ եմ Վարդանից, <<Ընկեր>> թերթի խմբագրակազմից, նաև ընկերներիցս, իմ հարազատներից, որ կարողանում են հասկանալ, ընկալել, ճիշտ գնահատել ու  ներկայացնել: Դա շատ գնահատելի է իմ կողմից: 60-ամյա հոբելյանս է, բայց ես չեմ զգում, որ վեց տասնամյակ ապրել եմ: Ինձ համար բոլոր հոբելյաններս էլ նույնն են: Եթե մարդու գաղափարը կապված է ընդհանուր լավ լինելու, հայրենիքի, ժողովրդի, ընկերների, բարեկամների հետ, ապա որ տարիքում էլ լինի, դա միանշանակ ճիշտ է ու գեղեցիկ: Ապրածդ կյանքը պիտի ասելիք ունենա, ճիշտ պիտի ապրես, որպեսզի արժևորելու բան լինի: Ուզում եմ ապրելակերպովս մարդկանց լավ ճանապարհ ցույց տալ, ուզում եմ լավը շատ լինի: Ուզում եմ վատ մարդուն լավը դարձնել, որ մարդիկ շատ սիրեն իրար, հարգեն միմյանց: Ինձ համար մեծ նշանակություն ունի այն, ինչը գեղեցիկ է, լավ է, ճիշտ է: Ոնց կարելի է նայել ծաղկին և նրա սիրունությունը չտեսնել, քեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը չտեսնել: Ցավալի է, որ կան այդ ամենը չտեսնող ու չգնահատող մարդիկ: Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛նք մեր սերը և աշխարհն ավելի լավը, ավելի գեղեցիկ դարձնենք… Ծանր ու դաժան կորուստներ եմ ունեցել, սակայն անգամ այդ պահերին ձգտել եմ, որ կողքիս մարդն ուրախ լինի, լավ ապրի: Չեմ թողել, որ ինձ պատուհասած դժբախտությունը ստվերի հարևանի ուրախությունը: Առանց այդ ուրախությունը տեսնելու, շրջապատիդ երջանկությանն ականատես լինելու` չես զգա կյանքի շարունակականությունն ու անվախճանությունը: Ցավս այնպես եմ տարել, որ ոչ ոք չտեսնի ու չզգա, քանի որ մարդկանց ու շրջապատիդ պիտի ապրելու հույս ու ոգի հաղորդես, այլ ոչ թե հակառակը: Արցունքները ներսումս եմ պահել և միայն ուրախ դեմքով երևացել մարդկանց: Քեզ ուժեղ ու անկոտրում պիտի տեսնեն, որպեսզի իրենցից վանեն հուսալքություն ու թուլակամությունը: Ընկերների պարագայում դա առավել քան կարևորվում ու իմաստավորվում է: Ընկերներիս կյանքը նաև իմն է, պիտի իմանամ ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իմ օգնությունն առաջարկեմ: Դա փոխադարձ է: Ընկերներիցս ոչ մեկի հետ գործնական հարաբերությունների մեջ չեմ, մերը զուտ մաքուր ու անշահախնդիր ընկերություն է: Աղ ու հացի ընկերներ ենք: Նեղ օրերիս գիշեր-ցերեկ կողքիս են եղել: Պիտի հասնենք իրար, իրար թև ու թիկունք լինենք: Մեր տեսակն է այդպիսին: Սիրում եմ բոլոր ընկերներիս: Փառք Աստծո, այդ շրջանակը շատ մեծ է: Դա շատ հաճախ անկախ քո կամքից է լինում: Լավ մարդ պատահեց ինձ, ուրեմն պիտի մտերմանամ, ընկեր դառնամ: Լավ մարդը դրական էներգիա է տալիս, կյանքը գեղեցկացնում: Մարդուս երջանկություններից մեկն էլ այն է, որ իր ճանապարհին լավ մարդկանց է հանդիպում, վայելում այդ գեղեցիկ ու հիասքանչ պահերը: Եթե բախտս չի բերում` նաև վատ մարդկանց եմ հանդիպում,  ապա առաջին խնդիրս այն է լինում, որ նման մոլորյալներին դարձի բերեմ, ճիշտ ճանապարհի դնեմ: Դա, ինչ խոսք, դժվարին, բայց պատվաբեր առաքելություն է, որ յուրաքանչյուրիս մեջ պիտի անպայման լինի: Գնալով լավը պիտի շատանա, բարին ավելանա մեր կյանքում… Ընկերների հետ կապված յուրաքանչյուր առիթ քեզ տանում է անցյալի հիշողությունների գիրկը, անցած-գնացածի վերհուշը հառնում է կրկին: Այս հոբելյանական միջոցառումն էլ առիթ դարձավ մի նոր թանկ հուշի: Մի պահ հետ գնացի, ապրեցի թե՛ մանկությանս յուրաքանչյուր պահը, թե՛ երիտասարդությունս և թե՛ հասուն տարիքիս անմոռանալի ակնթարթները…>>:

  Պետրոս Ղազարյանին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա ընկերությունը, կարելի է ասել, սփռված է աշխարհով մեկ: Ողջ երեկոյի ընթացքում չէին դադարում նաև բացակա ընկերների շնորհավորանքները: Հատկանշական է, որ ընկերոջ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ առանձնակի  շնորհավորական ուղերձ էին հղել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ապրող նորքեցի ընկերները` Սամվել Կրպոյանի գլխավորությամբ հավաքվելով նրա օջախում: Այդ տեսագրությունը ցուցադրվեց երեկոյի մասնակիցներին: Ըստ դրա, նախ Ս. Կրպոյանի տան բակում կառուցված մատուռի օծման արարողություն կայացավ, ապա մոմավառություն` ի առողջություն և արևշատություն իրենց ընկերոջ: Արարողությունը շարունակվեց հացի սեղանի շուրջ, որտեղ գավաթներ բարձրացվեցին Պետոյի պատվին` ջերմ ու հուզիչ շնորհավորանքներով: Հարազատ մարդիկ, անկեղծ ու անմիջական խոսք, հոգեպարար ու ջերմ մթնոլորտ… Հրաշալի անակնկալ էր հոբելյարին` օվկիանոսի այն կողմում գտնվող մանկության ու պատանեկության ընկերների կողմից: Նորքեցի ընկերներից զատ նաև հյուրեր էլ կային` Թաթան, Արմեն Ղազարյանը, Էդիկ Առաքելյանը և այլք:

  Նրանք, ովքեր դահլիճում էին, բացը լրացրեցին և, կարծում ենք, այդ տեսաֆիլմը` հեռավոր Լոս Անջելեսից ուղարկված, ամբողջական ու լիարժեք դարձրեց նորքեցիների նվիրվածությունն իրենց ընկերոջը` Պետոյին: Արժանահիշատակ են մեր մյուս մեծանուն ընկերոջ` Սամվել Կրպոյանի առաքինի պահվածքն ու անկեղծ հուզումը, երբ բառերն, ասես, դժվարությամբ են արտաբերվում, քանզի հոգու  խորքերից են բխում և շա՜տ հարազատ մարդու համար են: Չէ՞ որ որքան մտերմությունը խորն է ու հոգեհարազատ, այնքան բառերի անհրաժեշտությունը պակասում է: Հաճախ լռությունն այնքան խոսուն ու արտահայտիչ է լինում, որ բառերն ավելորդ են դառնում…

  Այստեղ, թերևս, տեղին է հիշել այն խոսքի ճշմարտացիությունը, որ ընկեր ընտրում ես` ոչ թե նրանից ինչ-որ բան ակնկալելու, այլ նրան պարգևելու, տալու համար: Այդպիսի ընկեր է Սամվել Կրպոյանը, ով պատրաստ է ընկերոջ համար անել առավելագույնը, որպեսզի ընկերը միմիայն լավ զգա իրեն: Լոս Անջելեսում կազմակերպված այդ յուրօրինակ միջոցառումն էլ հենց նման նպատակ էր հետապնդում և շատ բարի ցանկության, վեհանձն առաքելության մասին էր վկայում:  Այդպիսի ընկերությունը միայն հպարտության զգացում է առաջացնում, մարդկայնորեն շատ գեղեցիկ ու առաքինի է:

  …Պետրոս Ղազարյանն էլ իր հերթին Նորքի Մարիամ Աստվածածին եկեղեցում ամեն շաբաթ մոմ է վառում իր ընկերների, լավ մարդկանց համար, հանուն մեր ազգի, Հայաստանի վաղվա օրվա: Ում համար Նորքեցի Պետոն մոմ է վառել և վառում է, թող բոլորի օրհնությունը փոխադարձաբար լինի իրեն ու իր ընտանիքին, իր ծերունազարդ մորը` տիկին Ռոզային, ում երազանքը որդուն ոտքի վրա տեսնելն է: Հավատում են, որ կգա այդ օրը, երբ ընկերներով միասին, Պետոյին իրենց շուրջպարի մեջ առած, ուս ուսի տված` հաղթական քոչարի կպարեն…