Կյանքը մի անգամ է տրվում մարդուն

0
41
Ուստի պետք է այնպես ապրել, որ զղջման պահեր հնարավորինս քիչ լինեն…

<<Ընկերը>>՝ Եփրեմ Թադևոսյանի 75-ամյակին

Կենսակերպ

     Մեծանուն մարդու, պատկառելի ընկերոջ` Եփրեմ Թադևոսյանի հետ հանդիպումը նրա 75-ամյակի հետ էր կապված: Զրույցը ծավալվեց նրա անցած ճանապարհի, իր երկրի ու ժողովրդի կյանքում ունեցած մեծ ներդրման և. ի վերջո, տարիների ընթացքում ստեղծված այն գեղեցիկ ընկերության շուրջ, որը  շատերը կուզենային ունենալ: Ահա, այդ ամենի մասին մեր հրապարակումները զետեղելով թերթի այս համարում, ուզում ենք մենք էլ մեր հերթին արժանին մատուցել պատվավոր ու համեստագույն այդ մարդուն` նման կերպ նշանավորելով նրա 75-ամյակը:
   -Իմ կենսագրության մեջ,-զրույցն այսպես սկսեց Եփրեմ Թադևոսյանը,-չի եղել դեպք, որ սեփական նախաձեռնությամբ աշխատանքի անցնելու դիմում գրեմ: Սովորաբար, ինձ առաջարկվել է աշխատանք, որն իմ սրտով է եղել և որը սիրով եմ արել: Ծառայել եմ բանակում, սովորել Լուգանսկի մարզի Կոմունալսկ քաղաքի լեռնամետալուրգիական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Առաջարկել են մնալ այնտեղ` աշխատելու, այնուհետև, հերթական առաջարկն ընդունելով, երկար տարիներ զբաղեցրել եմ իմ հայրենի Եղեգնաձորի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղարի պաշտոնը: 1991-ից չեմ աշխատել: ՀՀՇ-ի հետ չէի կարող աշխատել, որովհետև անլուրջ էին և նրանցն ամպագոռգոռ խոսքերն էին: Քանդեցին այն ամենը, ինչ ստեղծել էինք խորհրդային տարիներին, և ժողովրդին ծայրահեղ վիճակի հասցրին: Քանի որ սկզբունքներիս ու գաղափարներիս դեմ գնացող չեմ, ինձ 50 տարեկանում ուղարկեցին պարտադրված թոշակի: Առաջարկեցին կուսակցական տոմսս պատռեմ, որպեսզի ինձ աշխատանք տան: Տանիցս վռնդեցի այն մարդուն, ով այդ հարցով եկել էր, մինչև հիմա էլ չեմ ուզում տեսնել նրան, թեև բարեկամս է: Կուսակցական պատկանելությունն ի՜նչ կապ ունի: Ես աշխատել եմ ու չեմ ասել, որ կոմունիստ եմ, դրա համար էլ այս-այս բանն եմ անում:  Աշխատել եմ լավ ու մնայուն բան անել իմ ժողովրդի համար: Եղել եմ բոլորի քարտուղարը, օգնել եմ բոլորին` ինչով կարողացել եմ: Ներկայացել եմ որպես մարդ, որպես աշխատող: Ես չէի ստեղծել այդ համակարգը, ստեղծել էին մեր պապերը: Տեսնում էինք, թե ինչ է դառնում Հայաստանը, ինչպես է ծաղկում: Դա տեսնողն ինչպես կարող էր չընդունել այդ գաղափարախոսությունը. ընդունել եմ, ընդունում եմ և մինչև վերջ էլ ընդունելու եմ: Թե իրենք` ՀՀՇ-ականներն ինչ արեցին, ժողովուրդը տեսել և տեսնում է: 1991-ից Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ բերեց նստեցրեց, ասաց` գնացեք մեռեք: Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն ես էի. երկար տարիներ նստել եմ, սպասել տարիքային ցենզս լրանա, որ 30 հազար դրամ թոշակ ստանամ: Չէի ուզենա, որ մեր սերունդն այդպիսի բախտի արժանանար: Կուզեմ, որ ոչ միայն իմ, այլև բոլորի երեխաներն ու թոռները լավ ապրեն, խաղաղությամբ ապրեն, աշխատանքի, ապրուստի խնդիր չունենան: Կյանքը տրվում է մեկ անգամ: Ինձ նման ուժեղ, աշխատող մարդիկ շատ կային, որ ոչ մի բանի չէին խառնվում, հիմար գործեր չէին անում: ՀՀՇ-ին դա պետք չէր, նրանց պետք էր, որ քանդեին, նրանց պետք էր, որ գնայիր հարևանից պարտք անեիր, որպեսզի ապրեիր, այն դեպքում, երբ հարևանն էլ չուներ: Ինձ դա պետք չէր: Ես նրանց նման չէի կարող մտածել: Զարմանում եմ, ոնց են կարողանում դուրս գալ ժողովրդի առաջ ու անլուրջ ճառեր արտասանել: Դա ինձ համար զրոյական է: Հիշում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` տվեք ինձ շերեփը և ես Հայաստանը Շվեյցարիա կդարձնեմ: Ո՜ւր է, դարձրե՞ց… Հիմա հանրապետության մի մասը դատարկ է, ինչ վիճակում է ժողովուրդը` ուղղակի, մարդու մեղքն է գալիս: Կարելի էր, հարկավո՛ր էր լավ անել: Չգիտեին` ինչպես անեն, չէին էլ հարցնում: Կարող էին իմացող մարդկանցից հարցնել և երկիրը ճիշտ կառուցել: Որքան գործարաններ կային, որքան հին աշխատողներ, դե, հիմա տեսեք, թե ինչ կա… Լավատես եմ` հայ ժողովուրդը կգտնի լավ ապրելու ձևը, փոփոխություններ կլինեն: Միայն պետք է սիրել հայրենիքը, սեփական ժողովրդին, տարբերություն չդնել` կոմունիստ ես, դաշնակցական և այլն: Բոլորս մի ժողովուրդ ենք: Միասին պետք է պայքարենք այն բանի համար, որ մեր ժողովուրդը լավ ապրի: Բայց ես տեսնում եմ` ով ուզում, հեշտ ու հանգիստ վարկաբեկում է մարդկանց: Ասում են` կոմունիստները գող, ավազակ են եղել: Իհարկե, գողեր, ավազակներ եղել են, բայց նրանց մեջ այնպիսի լավ մարդիկ են եղել, որ երկիր են կառուցել` լինելով սրտացավ ու նվիրյալ: Նույնն էլ հիմա` այնքան լավ մարդիկ կան: Պետք է համախմբվենք, դառնանք միասնական և լրջորեն մտածենք ժողովրդի մասին: Չվախենանք ժողովրդի հետ շփվելուց, չխուսափենք նրա դարդ ու ցավը հասկանալուց: Ցավ եմ ապրում` տեսնելով արտագաղթը: Եթե աշխատանք լինի, մարդիկ կհեռանա՞ն, արդյոք: Իհարկե` ոչ: Արտագաղթը մեր երկրի չարիքն է: Այն կանխել է պետք: Մտածենք մեր հնարավորությունների, կարողությունների չափով լավ բան անել երկրի, ժողովրդի համար: Կուզենամ, որ բոլորն ինձ նման մտածեն, լցվեն ժողովրդին սատար կանգնելու հավատով: Ամեն մեկը յուրովի ջանա, որ հասարակությունն առողջ լինի: 

  -Ընկեր Թադևոսյան, ո՞րն եք համարում Ձեր կյանքի ձեռքբերումը: Ո՞րն է ձեր կարգախոսը: Հետ նայելով Ձեր ապրած 75 տարիների հեռվից, ի՞նչը կուզեիք չլիներ և Ձեր կենսափորձից ի՞նչը կփոխանցեիք երիտասարդ սերնդին: 
   -Գիտեք ինչ, ես իմ կյանքից ոչ մի բան չեմ ուզում գցել, որովհետև դա իմ ապրած կյանքն է: Իհարկե, մանկությունս ու պատանեկությունս այնքան էլ հեշտ չեն անցել: Ուսանողական տարիներին գիշերներն էլ եմ աշխատել: Հետագայում, ինչ խոսք, շատ լավ է եղել: Դասախոսական աշխատանք կատարելուց բարձր աշխատավարձ էի ստանում, ընտանիքս լավ էի պահում: Ամենաբարձրն ինձ համար պատասխանատվությունն է: Եթե կարող ես ինչ-որ բան անել, արա, հետո միայն խոսիր դրա մասին: Համերաշխ լինենք; Մարդկանց պիտի գնահատել խելքով, ոչ թե <<բարի>> քեռիներով: Հույսը սեփական խելքի, ունակության վրա պիտի դնել, պատասխանատու լինել սեփական յուրաքանչյուր քայլի համար: Համոզված եմ, որ այսօր շատ երիտասարդներ այս գիտակցությամբ էլ առաջնորդվում են: Կյանքի կարգախոսն այն է, որ կյանքում լինես այնպես, ինչպես կյանքն է պահանջում, այսինքն` բարի, լավ իմաստով: Ուզում եմ, որ մարդիկ միմյանց նկատմամբ թշնամանք չունենան, համերաշխ լինեն: Իհարկե, շատ բաների հետ էլ ես չեմ կարողանում հաշտվել, բայց ուզում եմ բարի, ազնիվ լինենք: Կյանքը մի անգամ է տրվում մարդուն, ուստի այնպես պիտի ապրել այն, որպեսզի հետո չզղջաս: Կյանքի պարգևն արդեն իսկ երջանկություն է: Երեխայի ծնունդն, ինչ խոսք, մեծագույն երջանկություն է: Հարկավոր է այնպես անել, որ երեխան մինչև վերջ երջանիկ լինի, այլ ոչ թե ստիպված լինի հետո խոտոր ճանապարհ  ընտրել: Հասարակությանը պիտանի մարդ պիտի լինել, երկրի արժանավոր քաղաքացի: Հասարակությունն իր կանոններն ունի, ընդունված կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել… Ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է, երեխաներս, թոռներս: Ընտանիքն ինձ համար միշտ սրբություն է եղել ու կա: Առանց մեկս մյուսի չենք կարողանում: Շատ լավ ընտանիք ունեմ: Երեխաներիս նվիրված հայր եմ, ինչը փոխադարձ է: Թոռնիկներիս` Վարդանին ու Վահեին, շատ-շատ եմ սիրում: Շատ ենք իրար կապված: Նրանց հետ լինելն իմ ամենասիրած զբաղմունքն է դարձել` առանց նրանց արդեն չեմ կարողանում: Շուտով երրորդը կմիանա մեզ: Երկու որդի ունեմ` Վարդանս ու Սամվելս: Սամվելս հրաշալի մարդ է, հարգված ու ճանաչված: Ունի լավ ընկերներ… Աշխատանքիս ամենավառ էջը համարում եմ Գլաձորի համալսարանի 700-ամյակի տոնակատարության անցկացումը: Իհարկե, նաև ողջ շրջանի բնակչությունն իր մասնակցությունը բերեց դրան: Կարողացանք Եղեգնաձոր ավանը դարձնել քաղաք: Մնայուն շատ բան ենք արել այնտեղ, որովհետև մեր հայրենիքն է: Նորավանքի ճանապարհի ասֆալտապատումն էր ձեռքբերում: Անձամբ եմ նախագծել ու լուծել Եղեգնաձորի խմելու ջրի խնդիրը: Գյուղերում էլ ենք շատ գործեր արել: Յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է սիրի իր հայրենիքը: Ես իմ Խաչիկ գյուղը, Եղեգնաձորը շատ եմ սիրում, նրա օդը, ջուրը, մարդկանց, սովորությունները: Շատ եմ սիրում, իհարկե, նաև Երևանը, բայց կապված եմ այնտեղի բարեկամներիս, հարազատներիս և, ընդհանրապես, բնակչության հետ: Նաև` ընկերներիս, ում հետ ժամանակին աշխատել եմ: Այդ կապերն այսօր էլ պահպանում եմ: Հաճախ եմ այցելում և ամեն այցելությանս պարտադիր լինում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Նրան էլ օգնում եմ` ինչով կարողանում եմ: Նման  այցելություններից մեկի ժամանակ էլ միտք հղացավ տպագրելու Համբարձում Կարապետյանի Վայոց ձորի հուշարձաններին նվիրված գիրքը, որը երկար տարիներ մեքենագիր վիճակում պահ էր տրված թանգարանին: Տպագրեցի, որովհետև շատ արժեքավոր գիրք է, որի հեղինակն իմ կողմից շատ հարգված անձնավորություն էր: Տպագրության հարցում աջակցեց ընկերներիցս մեկը` <<Մուսալեռ>> տպարանի տնօրեն Ռուբեն Հարությունյանը: Թանգարանում մեծ շուքով գրքի շնորհանդեսը կազմակերպվեց: Հպարտ եմ, որ Վայոց ձորի բնակիչն այդպիսի գիրք ունեցավ: Նման գիրք է պետք նաև Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված: Մերօրյա պատմությունը պետք է ի պահ տրվի հետագա սերունդներին, ընդ որում, այդ պատմությունը պետք է անաչառ ու ճշմարտացի լինի… Այսօր ձեռքիս ինչ հնարավորություն կա` օգնում եմ համերկրացիներիս, այդ գործում ինձ թև ու թիկունք են ընկերներս: Մարդը պետք է բարի հետք թողնի: Չեմ ասում, թե իմ կյանքում ես ամեն ինչ ճիշտ եմ արել: Սխալներ ունեցել եմ, բայց գիտակցելով` ջանացել եմ շատ արագ շտկել դրանք: Կուզենամ, որ ներկայիս ղեկավարությունը տեսնի իր սխալները և աշխատի շտկել: Մարդը միշտ էլ կարող է սխալվել, բայց ճիշտն այն մարդն է, ով կարողանում է ժամանակից շուտ շտկել իր թերությունները: Հորս չեմ տեսել` զոհվել է պատերազմում, նրան չեմ հիշում: Բարությունս, կամեցողությունս գալիս է մորիցս, ով շատ բարի կին էր:   
   -Գաղտնիք չէ, որ մշտապես կանգնած եք լավ մարդկանց կողքին, լավ գործի գլխին: Լինելով այդքան բարի, կամեցող անձնավորություն, կարծում ենք, նաև հրաշալի ընկեր եք: Ի՞նչ կատեգորիա է ընկերությունը Ձեզ համար:
   -Ընկերությունը սրբություն է: Եթե մեկի հետ ընկերություն ես անում, ուրեմն այդ սրբությունը երկկողմանի պետք է լինի: Ընկերներս այդպիսին են, երբևէ նրանց հետ խնդիր չեմ ունեցել: Հարգանքն ու սերը փոխադարձ է: Ընկերությունը մաքուր սրտով պիտի անել: Աջակից, հոգսակից պիտի լինել մեկմեկու, նեղություն տալ սեփական անձին` հանուն ընկերոջ: Ընկերությունն ազնվություն է: Որոշ առումներով ընկերը եղբորից առավել է: Շատ ընկերներ ունեմ, մեր փոխհարաբերությունները շատ ջերմ են: Պատրաստակամ ենք` օգնելու թե՛ միմյանց, թե՛ մեր ժողովրդին: Երբ բարի ես, մարդիկ էլ ավելի բարի են դառնում քո նկատմամբ:
   -Լավ ընկերությունը կարող է օրինակ դառնալ ճիշտ փոխհարաբերություններ ու առողջ հասարակություն ձևավորելու գործում: Լավ ընկերների ներկայացնելով` փոքրիշատե կկարողանանք նպաստել հասարակության առողջացմանը, այնպես չէ՞:
   -Իհարկե, հասարակությունը հենց դրանով է առողջ: Ես այն մարդուն եմ լավ համարում, ով ոչ թե քննադատում է այսօրվա ղեկավարությանը, այլ, ընդհակառակը, համերաշխացնում է մարդկանց: Պետք չէ շատ քննադատել, այնպես պիտի անել, որ մարդիկ իրար ընկերներ լինեն: Այ, միայն այդ ժամանակ հասարակությունը կլինի առողջ, ավելի տեսանելի, ավելի լավ կապրի: Այդ ժամանակ կարող է ինձ ասեն, որ այս կամ այն բանը ճիշտ չես անում, և ես կուղղվեմ: Ընկերոջ դիտողությունն ավելի ազդեցիկ է, քան երբ փորձում են քեզ ստիպել, որ այս կամ այն բանն անես: Հասարակությունն, ինչ խոսք, պետք է առողջ լինի: Սակայն երբ մեկը լավ է ապրում, իսկ մյուսն ուտելու հաց չունի, ինչպես կարող է համերաշխություն լինել: Պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ բոլորն էլ կարողանան ապրել: Մարդկանց ապրելակերպի տարբերություն, ինչ խոսք, կարող է լինել, բայց ընդհանուր համերաշխությունն անպայման պետք է գերիշխի: Այդ համերաշխության գործում ընկերության գործոնն ամենակարևորն է… Ցավոք, այսօր բամբասելը դարձել է ապրելակերպ: Շատ ենք բամբասում: Դրանից վատ բան, իմ կարծիքով, չկա, այն քայքայող ու պառակտիչ է: Բամբասկոտ մարդիկ լավը չեն կարող լինել: Մարդու երեսին ասելուց ճիշտը չկա` ուղիղ, անմիջական: Ընկերներով համերաշխ ենք: Եթե, ասենք, սխալ ենք թույլ տալիս, ապա քննարկում ենք համատեղ և գտնում սխալը շտկելու ուղին: Եթե ես անձամբ սխալ եմ, ապա ընդունում եմ այն: Եթե սխալ չեմ, ապա պայքարում եմ մինչև վերջ: Ձգտում եմ օգտակար լինել, ձեռք մեկնել, օգնել մարդուն` ոտքի կանգնելու: Ամեն ինչ անում եմ, որ իմ շրջապատի մարդիկ հաշտ ու համերաշխ ապրեն, որ առողջ հասարակություն ունենանք…   

SHARE