Կյանքը շարունակվելու է

0
29

Հավասարակշիռ

Եվ ապրիլի 2-ից հետո ավելի համախմբված ու միասնական պիտի լինենք

-Արարատի մարզի ՀՅԴ նախընտրական ռեյտինգային ցուցակում 12-րդ համարն եմ,- նշեց Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը:- Շատ մոտ եմ դաշնակցությանը և ինձ հոգեհարազատ է այս կուսակցության գաղափարախոսությունը: Էլ չեմ ասում, որ եղբայրս` Աղվան Վարդանյանն այսօր ղեկավարում է կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբը: Դա ինձ առավել քան պարտավորեցնում է: Դաշնակցությունը թե՛ որակապես և թե՛ այլ հատկանիշների շնորհիվ իր առանձնահատկություններն ունի, իր դիմագիծը պահել-պահպանել է: Նախորդ ընտրություններին բավականին բարձր տոկոս ենք ապահովել այստեղ, ինչը ևս, կարծում եմ, հաշվի է առնվել: Դաշնակցության անդամ չլինելով (կուսակցական չեմ), թերևս, ավելի շատ եմ օգտակար լինում նրան: Իսկ դա, անկասկած, իմ աշխատանքի արդյունքն է: Գյուղի համար շատ բան է արվել և հիմա էլ արվում է: 2005-ին, երբ ընտրվեցի գյուղապետ, գյուղն անմխիթար վիճակում էր: Այնքան մեծ աշխատանք է կատարվել, որ բոլորը թվարկելն անհնար է և ինչ-որ տեղ` անիմաստ: Չէ՞ որ կարևորը գործն է, ներդրումը, և ավելի շատ պիտի գործել, քան խոսել…

Անդրադառնալով արված գործերին, անելիքներին ու խնդիրներին, պարոն Վարդանյանը մասնավորապես հետևյալն ասաց.

-ՏԻՄ ընտրությանը մրցակից չեմ ունենում, ինչը վկայում է այն մասին, որ ժողովուրդը գնահատում է կատարածս աշխատանքը: Ամենակարևոր գործերից մատնանշեմ մոտ 10 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը 7 գյուղ է ներառել: Դպրոցն ենք հիմնանորոգել, մանկապարտեզը վերանորոգել: Նոր բուժկետ ենք կառուցել: Ոռոգման ջրով ապահովված ենք, իսկ խմելու ջուրը վերջերս ենք փոխել` արդեն Արզականի ջուրն է: Հիմա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ աշխատանքներ ենք տանում` <<ԱյԹի>> դպրոց բացելու համար: Նախագիծն արվել է, 90 հազար եվրո արժողությամբ ծրագիր է: Ապագա ծրագրավորողներ ենք պատրաստելու, ոչ միայն մեր, այլև հարևան գյուղերի երեխաները կարողանալու են անվճար ուսուցում ստանալ: 17 մլն դրամ գումար է նախատեսվել դպրոցի ցանկապատը կառուցելու, խաղահրապարակն ու բակը բարեկարգելու նպատակով: Մշակույթի տունն ենք վերանորոգել, մնացել է դահլիճի հարցը լուծենք, ինչն էլ առաջիկայում կարվի: Գերեզմանատունն ենք ցանկապատել: Զբաղմունքի սենյակ ենք առանձնացրել և այլն: Տրանսպորտի խնդիր ունենք…

Ոչ պակաս ձեռքբերում կարելի է համարել այն, ինչպես այնուհետև նշեց գյուղապետը, որ համայնքը մեկ միասնական ընտանիքի պես է դարձել, ապրում է ջերմ ու համերաշխ մթնոլորտում: Ունի շատ լավ ընտանիք, երկու թոռնիկ: Մարդկանց հնարավոր ամեն ինչով օգնության ձեռք են մեկնում: Պահուստային հողատարածքները շատ համեստ վարձավճարով առաջին հերթին վարձակալության են տրվել կարիքավոր ընտանիքներին: Բնակիչ-համայնքի ղեկավար հարաբերությունները ընկերական են:

Արա Վարդանյանի խոստովանմամբ, ինքն ազնիվ ընկեր է: Ընկերության մեջ գնահատում է անշահախնդրությունն ու ազնվությունը: Ունի ընկերական մեծ շրջապատ և ինչպես ինքն է ասում` այդ կողմից Աստված շռայլ է եղել իր նկատմամբ: Ընկերներ ունի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ընկերներ, որոնցով հպարտանում է: Ընկերությունն իմաստնություն է տալիս, և այդ առումով, ըստ նրա, շատ հաճելի ու հրաշալի են <<Ընկեր>> թերթի գոյությունն ու անխոտոր ընթացքը:

Առաջիկա ընտրությունների թեմային անդրադառնալով, պարոն Վարդանյանն ընդգծեց, որ առհասարակ մրցակցություն չի սիրում, սակայն եթե կանգնած ենք դրա առաջ, ապա ամեն ինչ պիտի համով-հոտով արվի, որպեսզի ապրիլի 2-ից հետո էլ իրար բաց ճակատով նայեն: Գործընթացը պետք է օրենքի շրջանակներում անցնի, կարգ ու կանոնով, բայց և մարդկային, ընկերական հարաբերությունները երբևէ չպիտի տուժեն դրանից: Ամենակարևորը` ընտրվեն այն կուսակցությունների պատգամավորները, ովքեր գրագետ են ու բանիմաց և վայելում են մեր ժողովրդի, հասարակության հարգանքն ու վստահությունը: Արա Վարդանյանի ցանկությունն է, որ մարդիկ գիտակցաբար ու կշռադատված գնան ընտրատեղամաս և ճիշտ ընտրություն կատարեն…

SHARE