– Հայրս ճանաչված քանդակագործ էր,-ասաց պարոն Խաչատրյանը:-Լենինի արձանի հեղինակն է: Զոհվեց պատերազմում, և ես ծանր մանկություն եմ ունեցել: Ողջ գիտակցական կյանքս շինարարության մեջ եմ եղել` բանվորից մինչև տրեստի կառավարիչ: Վաստակավոր շինարար եմ: Ասոցիացիան հիմնադրվել է 1989-ին: Բազմաթիվ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, բավականին բարդ ու կարևոր կառույցներ են մեզ վստահել: Դսեղ գյուղի համար, լեռների վրայով, 40 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ ենք անցկացրել: Շատ դժվարին ու բարդ աշխատանք էր, ուղղաթիռով էինք բարձրանում: Բաշխիչ կայաններ, ՀՕՖ-ի պատվերով բազում շենքեր ենք կառուցել: Մենք ենք իրականացրել <<Կասկադ>> համալիրի հիմնական շինարարական աշխատանքները, այդ թվում` թանգարանի սրահների ձևավորումը, շարժասանդուղքների արտաքին, կողային տարածքների դիզայնի ապահովումը և այլն: Մեզ է վստահվել Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վերանորոգումը: Կառուցել ենք Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատների շենքերը, Անգլիայի դեսպանատան ռեզիդենցիան: Այս ուղղությամբ, կարելի է ասել, մենաշնորհ ունեինք, սակայն… Մեկեն փոխվեց ամեն ինչ, և մենք, կամա թե ակամա, դուրս մնացինք այդ ամենից: Ստիպված ենք փոխել մեր գործունեության ուղղվածությունը` զբաղվելու ենք գյուղմթերքների արտադրությամբ: Մասնավորապես, հիմնելու ենք ջերմոցային տնտեսություն: Ասոցիացիան ներառում է <<Կարս>> և <<Սոնյա>> ՍՊԸ-ները:
Առաջինը զբաղվում է կահույքի /բոլոր տեսակի` ննջարանի, խոհանոցի և այլն/ արտադրությամբ, հիմնականում` պատվերների միջոցով: <<Սոնյա>>-ն նոր ենք հիմնել` զբաղվելու է սննդի արտադրությամբ: Տեխնոլոգիաներն Իտալիայից ենք բերում, մոտ մեկ ամսից կսկսենք արտադրանք տալ: Բնականաբար, հարց կառաջանա, թե ինչու երկարամյա փորձ ունեցող շինարարը թողնում է իր ոլորտը…Ցավով պիտի ասեմ, որ այսօր <<տեղից վեր կացողը>>, շինարարությունից հեռու մարդը զբաղվում է այդ գործով: Առավել ցավալին այն է, որ նմաններին կարող են վստահել, իսկ մասնագետներին` անտեսել կամ արհամարհել: Դա ինձ համար, անկեղծ ասած, խիստ վիրավորական է: Անհանդուրժելի է այն իրավիճակը, որն այսօր տիրում է շինարարությունում: Ուղղակի, ապշեցնում են մերօրյա կառույցներն ու կառուցողները: Մի կողմ թողած մեր հրաշալի տուֆը, շենքերը կառուցում են պեմզաբլոկով: Բոլորիս է հայտնի, որ այն անորակ է և երկար չի դիմանա: Ահա, այդպես անորակ, խախուտ` պատերը կանգնեցնելուց հետո ամրաններով իրար են կապում և շենքի ճակատային մասը երեսպատում սալիկներով: Դրանք երկար չեն դիմանա` ժամանակի ընթացքում պոկվելու են, ընկնեն: Պարզ է, դրանից հետո շենքն ամբողջությամբ կվնասվի և… Երկրորդը: Ոչ անհայտ Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով, ավելի շուտ` առաջնորդությամբ, քաղաքի կենտրոնում որքան հնարավոր էր` շենքեր կանգնեցվեցին ու <<դարսվեցին>> իրար կողք-կողքի: Աստված մի արասցե, եթե երկրաշարժ լինի և այդ` սնկի պես աճած նորակառույցները հանկարծ փլվեն, ապա հնարավոր չի լինի, պարզապես, մոտենալ դրանց ` մարդկանց օգնություն ցուցաբերելու համար: Վիճակը, մի խոսքով, այս ոլորտում սարսափելի է: Քանիցս ասվել և շարունակ ասվում է, որ անթույլատրելի է նման բարձրահարկեր կառուցել երկրաշարժի ակտիվ գոտի համարվող Երևան քաղաքում: Լսողն ով է` կառուցում ու կառուցում են: 50 տարի այս գործի մեջ եմ և սարսափում եմ մտածել, թե սրա վերջն ինչ է լինելու: Մեզ նման լուրջ շինարարական կազմակերպությանն այսօր հաշվի չեն առնում, ինչ է թե` մեր հաշվարկները հիմնավոր ու մասնագիտական են, օրինական հիմքով ու հիմնավորմամբ: Պարզապես, այլ գործելաոճ ու պրակտիկա է ձեռնտու ոմանց, շահավետ` պատահական մարդկանց ու ոչ մասնագետների հետ <<գործ բռնելը>>: Պատվիրատուներին հետաքրքրում է շատ քառակուսին, ինչը շատ եկամուտ ու շահույթ կարող է բերել իրենց: Մնացածի… հերն էլ անիծած: Ես չեմ կարող երբևէ խղճիս ու շինարարի կոչմանս դեմ գնալ և կառուցել` անտեսելով շինարարական պահանջվող նորմերն ու չափանիշները: Իրենք իրենց հաշվարկներն անում են և այդ հաշվարկներով էլ շինարարության <<տունը քանդում>>…Հետո պատասխան տվող էլ չի լինի անորակ ու խայտառակ այդ կառույցների ու շինությունների համար, քանի որ միմյանց վրա կսկսեն բարդել, ուրիշ մեղավորներ փնտրել ու… ջրից չոր դուրս գալ: Լուրջ կազմակերպության հետ գործ ունենալը լուրջ էլ պատասխանատվություն է ենթադրում, ինչն այսօրվա <<եղանակ պատվիրողների>> քիմքին հարիր ու սրտով չէ: Պակասում է լուրջ վերահսկողությունը, ինչի դեպքում նման խայտառակ վիճակից հնարավոր կլիներ խուսափել: Եթե թույլ են տալիս սահմանված նորմերը ոտնահարել, էժանագին շինանյութ օգտագործել և տնտեսել` ի հաշիվ շինության որակի և երկարակեցության, ապա չարաշահողներ ու <<խոպանչիներ>> միշտ էլ կգտնվեն: Օրենքը, կարգ ու կանոնը բանի տեղ դնող չկա: Այսօր արժեքները ծանոթն են, փողն ու շրջապատը…
Հաճելի առիթ ունեցանք ծանոթանալու Ժորա Խաչատրյանի որդիների` Վարդանի և Վահանի հետ, ովքեր միասնական, մի բռունցք դարձած` հոր կողքին են: Վարդանը, որ դասախոսում է նաև Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում, խոսելով շինարարության ոլորտում տիրող այսօրվա բարձիթողի վիճակի մասին, ցավով նկատեց, որ դրա հիմնական պատճառն այն է, որ գործի գլուխ կանգնածները, ինչպես ասում են, կիլոմետրերով հեռու են կառուցելուց, շինարարի մասնագիտությունից: Ահա թե ինչու չեն պահպանվում շինարարական անգամ տարրական պահանջները, անտեսվում է ամենակարևորը` անվտանգության ապահովումը: Անպատասխանատու վերաբերմունքից խաթարվել է նաև մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծը.<<Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ բնահողի տեկտոնական շարժումները շատ են, և մի օր անպայման անցանկալի խնդիրներ ու հետևանքներ ենք ունենալու: Ուստի և, պիտի այնպես կառուցենք, որպեսզի հետո չափսոսանք: Հյուսիսային պողոտան բոլոր շինարարական նորմերին դեմ է, քաղաքաշինության չափանիշներին դեմ: Շատ խնդիրներ կան, հատկապես` մասնագիտական տեսանկյունից, որոնք քանիցս բարձրաձայնվել են, և, կարծում եմ, այստեղ այդ ամենին կրկին անդրադառնալու հարկ ամենևին չկա: Ոլորտը կարգավորող հստակ մեխանիզմներ են անհրաժեշտ, գործուն մեխանիզմներ, որպեսզի ով ինչպես ուզենա` չկառուցի: Ներդաշնակությունը պետք է պահպանվի, քաղաքաշինության ընդհանուր ոգին ու շենքերի արտաքին կուռ տեսքը` անսամբլը: Մեր երկիրը ճարտարապետների երկիր է, մեր ճարտարապետությամբ ամբողջ աշխարհն է զարմացել ու զարմանում: Մինչդեռ ի՞նչ ենք անում այսօր… Թողած մեր` բնական շինանյութերն ու շինարարական պարագաները, ձեռք ենք զարկում դրանց արհեստական փոխարինիչներին, որոնցով աշխատելը թեև ձեռնտու, շահավետ ու հարմար է, սակայն` վտանգավոր ու վնասակար: Կուրորեն կրկնօրինակում ենք դրսինը` առանց ծանրութեթև անելու, առանց մեր լավն ու վատը գիտակցելու: Մերն արհամարհելով, մերը` տեղականը չզարգացնելով, հարստացնում ենք օտարներին: Այնքան խելամիտ պիտի լինել, որ գոնե հաշվի առնել փորձառու, բանիմաց մասնագետների կարծիքն ու խորհուրդը: Որակյալ երիտասարդ շինարար-ինժեներներ ունենք, որ աշխատանք չունենալու պատճառով լքում են հայրենիքը` ծառայելով օտար երկրներին: Սերնդափոխության բնական կարգը խախտվում է, վտանգվում, առհասարակ, մեր երկրի ապագան… Շինարարի մասնագիտության նկատմամբ սերը հորիցս եմ ժառանգել: Հայրս ինձ համար օրինակ է` իր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ: Հայրս մեծ մարդ է: Խաչատրյանների տոհմում հիմնականում բժիշկներ են: Մենք ենք միայն շինարար: Հորեղբայրս` Ռուբեն Խաչատրյանը, շատ ճանաչված բժիշկ էր, Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը, ԱԺ պատգամավոր: Ես հորս գործն եմ շարունակում` միաժամանակ գիտությամբ զբաղվելով, սերունդ կրթելով ու դաստիարակելով: Շինարարներն, ընդհանուր առմամբ, շատ աշխատասեր, նվիրված ու հավատարիմ են: Մեր կոլեկտիվում, մեզ հետ կողք-կողքի աշխատում են մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն կազմակերպության կայացման, աշխատանքների բարեհաջող իրականացման գործում: Տեխնիկա-տրանսպորտային բաժնի ղեկավար Դավիթ Կոստանյանը եզակի մասնագետներից է, որ դժվարագույն շինարարական կառույցներում, ինչպես ընդունված է ասել, մեր ծանր հրետանին է: Ասոցիացիայի նախագահի գիտական գծով խորհրդական, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանն աշխատանքային մեծ փորձով և շինարարության ոլորտում գիտական ծանրակշիռ ներդրումներով հայտնի է նաև մեր երկրի սահմաններից դուրս: Ահա, այս ճանաչված մասնագետների և մեր մյուս ընկերների ջանքերով են ստեղծվել շինարարական հսկա կառույցներ, կառույցներ, որոնցով իրավամբ հպարտանում ենք: Մեր նպատակը եղել և մնում է այն, որ ունեցած գիտական ու աշխատանքային մեծ փորձը ծառայեցվի ի բարօրություն մեր ժողովրդի… Հոգով բարի պիտի լինել, կառուցածիդ մեջ հոգի դնել, որպեսզի այն ամուր լինի ու ծառայի մարդկանց: Յուրաքանչյուր մարդու համար տունը, օջախն ամեն ինչ է, ահա թե ինչու այն պիտի բարիք ու խաղաղություն իր հետ բերի, իսկական վայելք պարգևի…>>:
