Հաղթել ենք ու պիտի հաղթենք

0
43

Մեր միասնությամբ, անսասան հավատով ու նվիրվածությամբ

Առաջնագիծ

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին, հայրենի հողին պատուհասած վտանգին դիմագրավելու թելադրանքով, արցախյան հերոսամարտի վետերան գնդապետներ Սայադ Հայրապետյանի /Մասիսի Սայադ/ և Մուշեղ Բաբայանի /Ջերմուկի Համո/ համատեղ ջանքերով ծնունդ առավ <<Հայդուկ>> կամավորականների ջոկատը: Միասին հաղթանակած մարտական ընկերները 25 տարի անց կրկին հանդիպում են` կիսատ թողած գործն ավարտի հասցնելու համար:

Երջանկությունը ոչ թե բարեկեցիկ ու ճոխ ապրելակերպն է, այլ մարդկային, ընկերական փոhaydukխադարձ հարաբերությունների ամուր հենք ունեցող ստեղծագործ ու հանրօգուտ կյանքը: Այս սկզբունքն է ընկած մեր նորօրյա հերոսների, Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի գործունեության հիմքում, ինչով էլ նրանք առաջնորդվում են: Պատերազմի փորձառություն անցած հայրենասեր հայորդիներից կազմված <<Հայդուկը>> ապրիլի 6-ին ուղևորվեց Արցախի սահմանամերձ շրջաններ` սատար կանգնելով առաջնագծում կանգնած հայ զինվորին և ձեռնամուխ լինելով ինժեներական աշխատանքների իրականացմանը: Նրանց տունն այսօր դարձել է Ղարաբաղի սահմանը, իսկ գլխավոր խնդիրը` այն անառիկ ու ապահով դարձնելը:

<<Հայդուկի>> կողքին է ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով օրուգիշեր տեղեկացվում է այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իրավիճակին քաջատեղյակ լինելով էլ, համապատասխան քայլեր է ձեռնարկում և անհրաժեշտ աշխատանք տանում` տեղում կազմակերպելով պահանջվող օգնությունն ու աջակցությունը: Չբավարարվելով այդ ամենով, նաև անձամբ է այցելում ջոկատի տղաներին` իր հետ տանելով այն ամենը, ինչի կարիքը զգացվում է սահմանագոտում: Պատգամավորի և նրա ընկերների ձեռք բերած սննդամթերքը և մյուս պարագաները պարբերաբար փոխանցվում են սահմանին կանգնած մեր զինծառայողներին:

Ինչպես 1990-ական թվականներին, այնպես էլ այսօր ընկերներին համախմբեց հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու գաղափարը և նրանք միակամ ու միասնական բռունցք դարձած` ոտքի ելան հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի: Նրանց թվում նաև Նոր Խարբերդի ղեկավար Կամո Կակոյանն է, ով որդու` Նարեկի հետ համալրել է <<Հայդուկի>> շարքերը: Նշենք, որ այստեղից տարբեր պարագաներով բեռնված միկրոավտոբուսը օգնություն է հասցրել Արցախ: Մեր այցելության օրը համայնքը պատրաստվում էր հերթական օգնությունն ուղարկել սահմանագոտու մեր զինվորներին:

Համայնքի ղեկավարի աշխատասենյակում էլ հանդիպեցինք ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին: Պարոն Կակոյանի հետ քննարկում էին Արցախին տրամադրվելիք օգնության կազմակերպման գործընթացին և դրան առնչվող այլ հարցեր: Ի դեպ, 20 օր դիրքերում անցկացնելուց հետո համայնքապետը  պատրաստվում էր կրկին մեկնել` այս անգամ արդեն որդու, ինչպես նաև եղբորորդու` Վահիկի հետ:

-Մենք շատ ամուր ենք,- սահմանում կանգնած մարտական ընկերների անունից ասաց Կամո Կակոյանը,- շատ ամուր է նաև մեր թիկունքը: Բոլորս էլ ոգեշնչված ենք, քանի որ հաղթել ենք, հաղթում ենք և պիտի հաղթենք: Շնորհիվ հայ ժողովրդի միասնական ու համախմբված կամքի, մեր շատ ընկերների, արտերկրի մեր հայրենակիցների: Հատկապես նշեմ մեր պատգամավորին` Տիգրան Ստեփանյանին: Քիչ առաջ Մոսկվայից ընկերներս էին զանգել` հայտնելու, որ դրամական օգնություն են ուղարկում Արցախի պաշտպանության, հայ զինվորի հաղթանակի համար: Պարոն Ստեփանյանն ամեն շաբաթ ջոկատին ապահովում է սննդամթերքով և անհրաժեշտ այլ պարագաներով: Կամավորներ գրեթե բոլոր գյուղերից ունենք` մարտական փորձառություն անցած, ամրակազմ ու առողջ տղաներ: Բոլորին էլ միավորում է նույն` հայի անկոտրում, քաջ ու արի ոգին: Որդիս` 23-ամյա Նարեկը, ինձ հետ սահմանին էր: Երբ դիմում էի` անդամագրվելու <<Հայդուկին, շատ պատահաբար իմացա, որ նա արդեն իսկ այդ ցուցակում կա, ինչից առավել քան հպարտ եմ: Հայրենի հողը բոլորինս է, և բոլորս պիտի պայքարենք նրա համար: Մեր պատգամավորը մեզանից առավել պատրաստակամ ու ջանադիր է` շուտ հասնելու առաջին գիծ, հանդիպելու տղաներին և որքան պետք է կանգնելու նրանց կողքին: Մենք բանակի հետ ենք, ամեն ինչ անում ենք, որ նրան օգնենք և երբևէ, ոչ մի պարագայում խնդիր չառաջացնենք: Օգուտ տալուց բացի` ուրիշ ոչինչ: Ջոկատում բոլորս էլ ընկերներ ենք` անկախ տարիքից և մնացած այլ հանգամանքներից: Իրար լավ գիտենք, և վստահ կարելի է ասել, որ փորձության պահին յուրաքանչյուրը թև ու թիկունք է լինելու կողքինին, ընկերոջը: Այո՛, անգամ կյանքը չի խնայի հանուն ընկերոջ…

Մտերմիկ մեր զրույցը շարունակեցինք Տիգրան Ստեփանյանի հետ` մասնավորապես, հետաքրքրվելով, թե ինչպիսի դեր կամ ներգործություն է ունենում իր յուրաքանչյուր այցելություն հայրենիքի սահմանին կանգնած զինվորի վրա:

-Ամեն անգամ սահմանագիծ գնալիս,- պատասխանեց նա,- ընկերներս ասում են. <<Պարոն Ստեփանյան, որ դու գալիս ես, էներգիա ես մեզ փոխանցում>>: Ես իրենց մեծ ոգևորվածությունն եմ զգում…

-Պարոն Ստեփանյանը,- նրան ընդհատեց Կամո Կակոյանը,- հագնում է նույն համազգեստը, ամեն անգամ այցելելուց մեզ հավասար ընկեր է, մեզ հավասար զինվոր: Մեզ հետ հավասար չարչարվում է` ասես, այդքան երկար ճանապարհ կտրած, անցած չլինի: Ուրախանում ենք, թեթևանում…

-Այո,- շարունակեց պարոն Ստեփանյանը,- երբ տեսնում եմ, թե ինչպես են մեր տղաներն ուրախանում իմ ամեն այցից, ավելի եմ գոտեպնդվում ու ոգեշնչվում: Մնում եմ մի քանի օր, չնայած այնքան էլ ազատ ժամանակ չեմ ունենում: Իրոք, կեցցե՛ն բոլորը, հայ մայրերն ու հայրերը, մեր բանակի սպայական կազմը շատ հայրենասեր, գրագետ, ոգով ուժեղ ու բարձր պատրաստականությամբ զինվորներ են դաստիարակել: Միայն տեսնել է պետք այդ զինվորներին առաջնագիծ գնալիս… <<Դուխները>> տեղը, շատ կարգին տղաներ են: Առիթից օգտվելով, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գեներալներին, ապաներին ու զինվորներին: Շատ մարտունակ է հայոց բանակը: Մեր զինվորները չափից ավելի դաստիարակված են` շնորհիվ իրենց ծնողների, բանակի սպայական կազմի: Ինչպես 1990-ական թթ., այնպես էլ այսօր նույն ոգով, նույն հավատով, մեր հնարավորություններն առավելագույնս օգտագործելով, կանգնած ենք և՛ բանակի, և՛ զինվորների, և՛ կամավորների կողքին: Նաև տեղերում զինծառայողների ընտանիքներին ենք օգնում` որքան ի զորու ենք…

Անդրադառնալով ընկերության թեմային, Տիգրան Ստեփանյանը ոգեշնչված ընդգծեց, որ ընկերությունը կյանք է, ամեն ինչ է. <<Ընկերության հետ կարող ես ամեն ինչ անել: Առանց ընկերության կյանք չկա, հետաքրքրություն չկա: Այսօր ընկերությունն է, որ երկիրը պահում է: Իմ շուրջը հավաքված ընկերները շատ կարգին, հայրենասեր մարդիկ են: Չեմ ների ընկերոջ դավաճանությունը: Ցանկացած դավաճանություն չեմ ընդունում: Ինչ վերաբերում է մարտական ընկերներին, ապա նրանք ավելի շատ են  նվիրված իրար: Մենք մեր ջոկատով միմյանց հավատարիմ, միմյանց նվիրված ընկերներ ենք: Այս ընկերությունը ձևավորվել է 1990-ականներից հետո, հիմա մեր երեխաներն են ընկերություն անում իրար հետ: Այդպիսով, կարելի է ասել, մի փոքր բանակ է ստեղծվել, բանակ, որի հիմքում ընկերությունն է: Միայն ցանկանանք, որ խաղաղություն լինի, այն ուժն ու հնարավորությունները, որ այսօր ներդնում ենք պատերազմական վտանգի դեմ հանդիման, ներդնենք մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում…>>:

Հարկ է նշել, որ Տիգրան Ստեփանյանը ոչ միայն այսօր է կանգնած մարդկանց կողքին և հայրենանվեր նման գործեր է ձեռնարկում, այլև տարիներ, տասնամյակներ ի վեր է տվյալ տարածաշրջանի բնակիչներին օգնում ու աջակցում: Ե՛վ նյութապես, և՛ բարոյապես մարդկանց սատար է կանգնում, հասնում առավել կարիքավորներին և իր օգնության կարիքն ունեցող գյուղացիներին: Հասանելի է բոլորի համար: Սա իր հերթին հավաստիացրեց Կամո Կակոյանը` նշելով, որ մայրերն իրենց որդիներին վստահում են Տիգրան Ստեփանյանին, քանզի լավ գիտեն, որ նրանք առավելագույնս պաշտպանված են անցանկալի վտանգներից:

Պատգամավորն արժանիորեն վայելում է տարածքի բնակիչների սերն ու հարգանքը: Նրա ամեն խոսքը ոգեշնչում է մարդկանց, մղում հայրենանվեր արարքների: Նրան վստահում են, գնահատում և գնում նրա ետևից: Նման հեղինակություն, ազգային բարձր մտածելակերպ ունեցող հայրենանվեր գործիչներով է նաև մեր սահմանն անառիկ, իսկ հայրենիքը` պաշտպանված ու անխոցելի…

…25 տարի անց Կամո Կակոյանը կրկին Արցախում է` պատերազմական գործողությունների թեժ առաջնագծում: Այս անգամ արդեն` որդիների հետ: Նրա հետ նաև շատ հայորդիներ բանակի զինվորի կողքին են` հայոց սահմանների պաշտպանության սրբազան պարտքն իրականացնելիս: Վետերան ազատամարտիկները վերադարձել են առաջնագիծ` կիսատ գործը հաղթական ավարտի հասցնելու անհողդողդ կամքով ու վճռականությամբ լցված…     

SHARE