Հաճելի է մարդկանց ձեռք մեկնելը

0
28
Առավել հաճելի, երբ արածդ գնահատվում է, և դիմացինդ իրեն լավ է զգում քո այդ վերաբերմունքից…

Խոստովանանք

   Առաջարկը` առայժմ գոնե հեռախոսով հաղորդակցվելու ԱՄՆ-ում բնակվող հրաշալի մարդ ու ընկեր Սամվել Կրպոյանի հետ, սիրով ու ոգևորությամբ ընդունվեց մեր կողմից: Նաև առիթը կարողացանք բաց չթողնել` հեռակա զրույց վարելու մեր թերթի համար այնքան ընդունելի ու պատվելի մի մարդու հետ, ում մասին նրան երբևէ հանդիպած մարդիկ համարյա լեգենդներ են պատմում: Լեգենդներ` սիրո,  հավատարմության, բարության ու նվիրումի մարմնացում-խորհրդանիշ մի մարդու, իսկակա՛ն ընկերոջ մասին…
  -Ընկերասիրությունը,- հեռավոր ԱՄՆ-ից` հեռախոսի մյուս ծայրից Սամվելի ձայնն էր,- Կարապետ հայրիկիցս եմ ժառանգել: Ընկերության գաղափարը հայրս է սերմանել իմ մեջ` իր ապրելակերպով, նիստ ու կացով, հյուրասիրությամբ, ընդունելությամբ: Հայրական օջախիս դուռը բաց էր բոլորի առաջ, շատ հյուրընկալ էր, գրեթե ամեն օր հյուրեր էինք ունենում: Հայրս մենակ հաց չէր ուտում, մեր հացի սեղանից նրա ընկերներն անպակաս էին: Պատվով ու հարգանքով մարդ էր: Ավագ որդուս հորս անունով եմ կոչել: Երկու որդի, չորս թոռ ունեմ: Ինչպես մենք ենք եղբայրներով մեր որդիներին կոչել մեր հոր անունով, այնպես էլ որդիներս երկուսն էլ իրենց ավագ որդիներին կոչել իմ անունով: Այս ավանդույթը սերնդե-սերունդ փոխանցվում է, ուղղակի` պատվի հարց է մեր ընտանիքում: Հորս  դաստիարակությունն ու գեներն են, որ այսպիսի ընկեր եմ: Ընկերներս, բնականաբար, անունս են սիրում ու հարգում: Անուն ու ճանաչում ունեմ, ինչն ապրածս կյանքով եմ վաստակել: Երբեք դիմացինին ցածրացնելու գնով չեմ փորձել բարձրանալ: Միշտ ձգտել եմ դիմացինին բարձրացնել: Դիմացինին բարձրացնելով, ինքս էլ եմ բարձրանում: Բոլորին հորդորում եմ հաշտ ու համերաշխ ապրել, սիրել իրար: Բոլորին հաշտեցնում եմ: Ուզում եմ, որ բոլորի համար էլ լավ լինի, բոլորն էլ լավ ապրեն: Եթե մեկն, ասենք, նեղված է, ապա օգնում եմ, որ այդ վիճակից դուրս գա: Անում եմ հնարավոր ամեն ինչ, անում եմ անշահախնդիր: Դա բոլորն էլ գիտեն: Նույնը որդիներիցս եմ  պահանջում: Ինչպես հայրս է ինձ դաստիարակել` լինել մարդկային, հարգալից, ճշմարիտ: Ուրախ եմ, որ մատնացույց են անում որդիներիս` ասելով, որ Սամվելի տղաներն են, արժանի հայորդիներ… Չեմ պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է մենակ ապրել: Պետք է շրջապատված լինել հարազատներով, ընկերներով, լավ մարդկանցով, պատվել և պատվի արժանանալ: Շատ մեծ ընկերական շրջապատ ունեմ, ինչն ապրածս կյանքի արգասիքն է: Եթե մարդը սիրում է ընտանիքը, ապա այդ նույն ընտանիքն էլ ընկերությունն է: Ապրելով ընկերությունով, կյանքդ հետաքրքիր ու իմաստալից ես դարձնում: Ամեն օր հրավերներ եմ ունենում ընկերներիցս: Սիրում եմ այսպես ապրել: Խորհուրդս է բոլորին` ընկերություն անել, սիրել ու հարգել միմյանց: Մարդկային ճիշտ հարաբերությունները ընկերության մեջ են: Մարդկային ճիշտ հարաբերություններից է ձևավորվում ընկերությունը: Եթե մեկին ընկեր ես ասում, ապա դրանով, ասես, նրան կոչում ես տալիս: Ընկերոջը պիտի սիրես, ընդունես այնպես, ինչպես կա: Քիչ դեպքերում չեմ ների, մնացած բոլոր հարցերում միշտ պետք է ներել ընկերոջը, հասկանալ նրան, նեղվում է` նեղվես, ուրախանում է` ուրախանաս, ամեն իրավիճակում կողքին լինես: Բնավորությամբ ծանր մարդկանց հետ էլ կարող ես ընկերություն անել:  Բավական է միայն, այսպես ասած, տեղավորվել ցանկացած մեկի  գաղափարի մեջ, ճիշտ վարվել, շիտակ նայել նրա աչքերին: Գնահատականը պիտի տալ տվյալ մարդու մաքուր ու ազնիվ ապրելուն: Ամեն հարաբերության մեջ էլ  կարող են լինել սխալներ, բայց եթե ճիշտ ես ըմբռնում իրավիճակը, ապա ամեն ինչ  իր տեղն է ընկնում: Ընկերոջ հետ ճանապարհ պիտի գնաս, որպեսզի ճիշտ ըմբռնես ու հասկանաս նրան: Եթե ընկերոջ հետ ինչ-որ բան սխալ է, ապա առաջին հերթին պետք է քեզ մեղադրես, որպեսզի իրավիճակը շտկվի: Առավոտն արթնանում եմ ընկերոջ <<բարի լույս>>-ով, քնում նրա <<բարի գիշեր>>-ով: Ամենակարևորը` այդ ամենը փոխադարձ է… Ձեր այն դիտարկմանը, թե օտար հողում բնականոն կյանքով ապրելը, դիմացինին օգնելն այնքան էլ հեշտ չեն, ապա ասեմ, որ ճիշտ եք նկատում: Շատ անգամ քեզ նեղություն պիտի տաս, որպեսզի կարողանաս  օգնել, աջակցել, մասնակցել արարողություններին: Ասեմ, որ ինձանից այդքան էլ մեծ ջանքեր չեն պահանջվել դրա համար, ամեն ինչ, պարզապես, ինքնաբերաբար ստացվել է: Հաճելի է, երբ մարդիկ արածդ գնահատում են, լավ են զգում դրանից: Առհասարակ, եթե մի բան սիրով ես անում, ապա շատ խնդիրներ հաղթահարվում են: Երբ ինձ հարցնում են, թե այդքան էներգիա քեզ որտեղից, ապա իմ պատասխանը հետևյալն է լինում` սիրով եմ անում ամեն ինչ, դրա համար էլ էներգիաս անսպառ է: Բոլորի նկատմամբ ուշադիր եմ, աչքիցս ոչ մի մանրուք չի վրիպում: Հաճախ են խնդրում, որ խնջույքները կառավարեմ, ինչին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում: Անում եմ այնպես, որ ոչ մի սեղանակից ուշադրությունից դուրս չմնա, որ բոլորն էլ  հեռանալիս գոհ լինեն: Հետևում եմ, որպեսզի բոլոր հյուրերը ապահով տուն հասնեն: Բոլորն ինձ վստահում են, ես էլ փորձում եմ օգտակար լինել, հուսախաբ չանել… Հայաստանում շատ ընկերներ ունեմ, գալիս են, հանդիպում ենք անպայման: Ընկերներիցս Կառլեն Լևոնիչը Վիկ Դարչինյանի մրցամարտերին պարտադիր գալիս է, երբեմն անակնկալ է հայտնվում, ինչից առավել եմ ուրախանում: Հրաշալի ընկեր է  Կառլենը: Պետրոս Ղազարյանի հետ մանկական ընկերներ ենք: Շատ յուրահատուկ անձնավորություն է: Մենք, կարծես, նույն մարդը լինենք: Պետրոսը մեծ տեղ ունի իմ սրտում: Այն, ինչ արել եմ նրա համար, դա իմ պարտքն եմ համարում, հոգուս պարտքը ընկերոջս հանդեպ: Հարուստ եմ իմ ընկերներով: Ընկերությունով ապրելն ինձ համար կենսակերպ է: Սրտիս չափով Աստված ինձ տալիս է: Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ կողքին է, և որ ես մշտապես ընկերներովս շրջապատված եմ…  
SHARE