Համախմբված ու միասնական

0
51

Մեկը մյուսի ուրախությամբ, միմյանց հոգսերով ու խնդիրներով ապրող…

Համայնք

watermarked_Kotayq Getargel Arsen Karapetyan

   Հերթական անգամ անակնկալ այցելելով Կոտայքի մարզի Գետարգել գյուղ, չկարողացանք մեր հիացմունքն ու գոհունակությունը չարտահայտել` տեսնելով շատ բարեկարգ, խնամված ու մաքուր համայնք: Ասֆալտապատ ճանապարհներ` անհրաժեշտ բոլոր նշաններով, մաքուր փողոցներ` գեղեցիկ գազոններով… Զգում ես, որ  սրտացավություն կա, և այդ ամենը գալիս է վկայելու, որ համայնքում համախմբված ու միասնական են: Դրանում համոզվեցինք նաև Արսեն Կարապետյանին հանդիպելով, ով արդեն 4 տարի ղեկավարում է համայնքը:

  4 տարում նման արդյունքի հասնելն, ինչ խոսք, հաճելիորեն զարմացնում է: Համոզվում ես, որ եթե ցանկությունն ու պատրաստակամությունը մեծ են, ապա որքան էլ հնարավորությունները սուղ լինեն, ցանկալի արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Մանավանդ, երբ շրջապատված ես ընկերներով ու համախոհներով, ովքեր օգնելու պատրաստակամությամբ մշտապես կողքիդ են: Գյուղում ազգակից բարեկամներ չունենալով, Ա. Կարապետյանը կարողացել է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ հավատան ու վստահեն իրեն` համախմբվելով իր շուրջը:

   Պատշաճ աղբահանություն է կազմակերպվում: Դպրոցի մարզադաշտն են, աշակերտների հետ համատեղ, կառուցել: Աշխատանքներին մասնակցել են թե՛ գյուղապետը, թե՛ բարերար, <<Ֆիրմա Նյու>> մաքսային պահեստի տնօրեն Վազգեն Ազիզյանը և թե՛ գյուղացիները: Կառուցել են հանդիսությունների սրահ` կահույքով ու սպասքով ապահովելով: Լուծվել է  էլեկտրականության հարցը: Առայժմ օգտվում են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի հնարավորությունից, մինչև <<ՀԷՑ>>-ը տեղադրի մայիսին խոստացած առանձին էլեկտրաենթակայանը: Մայրաքաղաքի հետ հասարակական տրանսպորտային բնականոն կապն ապահովված է: Խմելու և ոռոգման ջրի հետ կապված մտահոգություններ չունեն: Մնում է, որ նոր թաղամասերի գազաֆիկացման խնդիրը լուծվի:

  Գյուղապետի տեղակալ Գրիգոր Թորոսյանի խոսքերով, Արսեն Կարապետյանի կողքին հիմնականում ընկերությունն է կանգնած. <<Ցանկացած գործ նախաձեռնելիս բոլորս էլ նրա հետ ենք: Ֆիզիկական գործ էլ լինի, էլի բոլորս մեկ մարդու պես նրա կողքին ենք…>>: Ի դեպ, գյուղապետը ԲՀԿ, իսկ տեղակալը` ՀՀԿ անդամ են, ինչը որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու համախմբվածության ապահովմանը: Համայնքի բարեկեցությունն առաջնահերթ է: Գյուղապետարանն իր հնարավորությունների սահմաններում օգնում է մարդկանց, հատկապես` շինաշխատանքների կազմակերպման գործում: Դիմողն անպատասխան կամ չբավարարված չի հեռանում:

  Բնութագրելով համայնքապետին, պարոն Թորոսյանն ասաց. <<Նա մեր ընկերն է, շատ հասարակ` իր պահվածքում, մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Պարտավորված անում է իր գործը, որպեսզի առաջին հերթին գյուղի, գյուղացու համար լավ լինի: Համայնքը մի ընտանիքի պես է: Առաջիկայում ընտրություններ են, և ժողովուրդը կորոշի` ինչպես և ում տալ իր քվեն: Համենայնդեպս, գյուղը չի կիսվելու, ընտրողն իրեն մերժված չի զգալու, բոլորն էլ լավ վերաբերմունքի են արժանանալու>>:

watermarked_Kotayq Getargel Arsen Karapetyan 2

watermarked_Kotayq Getargel Arsen Karapetyan 1

  Արսեն Կարապետյանն իր հերթին ասաց. <<Մեր հայրերը մեզ շատ լավ դաստիարակություն են տվել, շատ լավ ժառանգություն թողել, և մենք պարտավոր ենք ոչ միայն պահել-պահպանել դա, այլև մեկը երկու դարձնել, առաջընթաց գրանցել: Մենք` ընկերներով, Վազգեն Ազիզյանի գլխավորությամբ, իրականացնում ենք այդ ամենը: Ամեն ինչի գլխավորը, մտահղացողը Վազգենն է, բոլոր գործերի գլխին կանգնած է, կօգնի` ինչով կարող է: Մտահոգ է առկա խնդիրներով, սրտացավ, հանգիստ չի նստի` մշտապես ինչ-որ բան ձեռնարկում է: Նրա օրինակը ոգեշնչող է համայնքի յուրաքանչյուր բնակչի համար, համեստ է, պարզ ու հասարակ: Համայնքում մթնոլորտ ապահովելու առումով Վազգենը մեծ դեր ունի, նրա համար համայնքի շահն առաջնահերթ է: Նրա նվիրումը գյուղին ինքնաբուխ ու անսահման է…>>:

  Գյուղը համախմբված է նաև տոներն ու հանդիսությունները նշելիս: Զոհվածների ընտանիքներն առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում: Զբոսայգում երեխաների համար տարբեր խաղեր են տեղադրված: Բոլոր փողոցները լուսավորված են: Զինծառայության մեջ գտնվող զինվորների ընտանիքներին են պատրաստվում աջակցել: Մշակույթի տունն են նախատեսում վերանորոգել, երիտասարդության ժամանցի կազմակերպման համար պայմաններ ստեղծել: Բուժկետն են վերանորոգել <<Գագիկ Ծառուկյան>> հիմնադրամի և համայնքի համատեղ ջանքերով: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, առհասարակ, պատրաստակամ է համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը նպաստելու գործում: Նման վերաբերմունքն, ինչ խոսք, պարտավորեցնող է` համայնքի համար ավելին անելու, բնակչության կենսամակարդակն առավել բարձրացնելու առումով:

  Արսեն Կարապետյանի խոստովանությամբ, այդ ամեն լավի մեջ վճռորոշ է ընկերության դերակատարումը: Ընկերներով միասին են, իրար կողքի, իրար թև ու թիկունք: Մանկության ընկերներից երկուսը համայնքի ավագանու անդամ են: Մանկապարտեզից ընկերություն է անում Վազգենի եղբոր` Մակիչի հետ: Մտերիմ ընկեր է նաև Մուրադի հետ: Առհասարակ, ընկերության զգացումով է վերաբերվում համայնքում բոլորին` մեծից փոքր: Պատահական չէ, որ բոլորը մեկ մարդու պես  մասնակից են բոլոր այն միջոցառումներին, որոնք կոչված են համայնքն առավել  բարեկարգ, մաքուր ու գեղեցիկ դարձնելուն…