Համախմբված ու միասնական

0
24

Ընդհանուրին վերաբերող խնդիրները հաջողությամբ լուծելու հարցում

Պատրաստակամ

Սարալանջ համայնքը /Շիրակի մարզ/ Ցոլակ Հովհաննիսյանը ղեկավարում է 2012 թվականից: Այս անգամ ևս առաջադրվել է ՏԻՄ ընտրությանը: Մրցակից չունի: <<Ընկեր>>-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին, ասաց.

-Գյուղում շատ գլոբալ խնդիրներ կան, որոնց մինչև օրս լուծում չի տրվել: Հիմնականում` ֆինանսների սղության պատճառով: Այնուհանդերձ, աշխատանք կատարվել է: Մոտ 7 կմ խմելու ջրի ջրագիծ ենք վերանորոգել, 2-3 կմ-ն` հիմնովին փոխել: Արոտների բարելավման ծրագրով անասունների խմելու ջրի հարցն ենք կարգավորել. խոսքը հեռագնա արոտների / 7 կմ ձգվող/ մասին է, խմոցներ ենք տեղադրել, նաև հովվի տուն կառուցել: Կոոպերատիվ ենք ստեղծել, մի քանի նոր գյուղտեխնիկա` երկու <<Բելառուս>> տրակտոր, շարքացան, խոտհնձիչ, մամլիչ- հակավորող, փոցխ և այլն, ձեռք բերել: Դրանից մեր գյուղացին օգտվում է մատչելի գներով: Մոտ 4 կմ արտաքին լուսավորություն ենք անցկացրել: ՋԻԶ-ի և ավստրո-գերմանական կազմակերպության օգնությամբ համայնքի տարածքում անտառ ենք հիմնում: Արդեն 9 հեկտար ունենք, 50 հազար ծառ է տնկվել: Անտառաստեղծման այս աշխատանքներին մասնակցել է նաև համայնքը. գյուղապետարանը` ներդրման, գյուղացիները` աշխատանքի տեսքով: Աշխատանքները շարունակվում են: Գերեզմանատան ցանկապատի 400-500 մ հատվածն ենք կառուցել, մնացածը 2017-ի գարնանը կարվի: Գյուղապետարանի գույքը, համակարգիչներն իմ օրոք են ձեռք բերվել: Գլոբալ խնդիրը գազաֆիկացումն է: Դիմել եմ այս խնդրով կառավարություն, վարչապետին, մարզպետին, անգամ երկրի նախագահն է տեղյակ դրա մասին: Խոստացել են հաջորդ տարի սկսել այդ աշխատանքները…

Համայնքապետարանի շենքը նախկինում հրդեհվել է, հիմա տնակներում է գյուղի իշխանությունը ժամանակավորապես տեղավորված: Մշակույթի տան վերանորոգման խնդիր ունեն.

-Այն կարծես սկսվելու փուլում է: Պետական աջակցության ծրագրով 30 մլն դրամ են տրամադրելու: Մշակույթի տունը վերանորոգվելուց հետո կդառնա համայնքային կենտրոն, որտեղ կտեղավորվեն գյուղապետարանը, մանկապարտեզը, բուժկետը, գրադարանը, գործող` երգի, պարի, սպորտային խմբակները: Մեր ընկերոջ` Սանասար Ղազարյանի հովանավորությամբ եկեղեցին է վերանորոգվում, հոկտեմբերին բացումը կլինի: Ընկերներս միշտ իմ կողքին են: Ապրիլյան պատերազմի օրերին դրսի մեր ընկերների կողմից 1 մլն դրամի ապրանք ենք հասցրել Արցախ` զինվորներին: Առհասարակ, ողջ գյուղով համախմբված ենք և միասին ենք լուծում համայնքին վերաբերող խնդիրները: Գյուղացի-համայնքի ղեկավար փոխհարաբերությունները շատ ջերմ են: Իմ գյուղացու կողքին կանգնած եմ` որքան հնարավորություններս ներում են: Ընկերներ շատ ունեմ: Իմ ընկերությունն ինձ համար ընտանիքիցս հետո երկրորդն է: Ընկերներս իրենց լուման ունեն, որ հաջողությամբ այսօր պաշտոնավարում եմ: Եթե ընկերության մեջ մաքրություն եղավ, ապա այն կստացվի: Մեր տանը ընկերների պակաս առայսօր չեմ զգացել: Ընկերասիրությունը հորիցս է գալիս: Շատ բան եմ ժառանգել և հավատարմորեն շարունակում եմ ավանդույթները…

Ցոլակ Հովհաննիսյանի ամենամեծ ցանկությունն այն է, որ մեր երկրի, ժողովրդի վիճակը հնարավորինս լավանա: Եվ պատրաստակամորեն առաջարկեց իր ընկերությունը <<Ընկեր>>-ին, ինչին նույնպիսի սիրով մենք ենք վերաբերվում:

SHARE