Համախմբված ու միասնական

0
21

Ահա այս պարագայում հաջողությունն անպայման մեզ հետ կլինի…

Հաստատակամ

  Բաբկեն Շահբազյանը, ով Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքը ղեկավարում է 1993 թվականից, վերջերս կրկին վերընտրվեց այդ պաշտոնում: Տարիների ընթացքում վաստակած սերն ու հարգանքը, բնականաբար, այս անգամ ևս նրան համագյուղացիների ընդհանուր վստահությանն արժանացրին:
    Ինչպես մեզ հետ ունեցած զրույցում նշեց պարոն Շահբազյանը, Բաղրամյանը թեև աղքատ համայնք է, հողատարածքներն անբերրի են, սեփական եկամուտները` շատ ցածր /մոտ 8 մլն դրամ/, հետևաբար` հիմնականում դոտացիաների հաշվին են համայնքը պահում, այդուհանդերձ, աշխատանքները ճիշտ կազմակերպելու շնորհիվ, անգամ չնչին գումարներով, կարողանում են խնդիրները հաջողությամբ կարգավորել: Ընկերների միջոցով, ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի, հանրաճանաչ մարզիկ Օգսեն Միրզոյանի աջակցությամբ, ասֆալտապատման մեծածավալ աշխատանքներ կատարվեցին: Բարեկարգվեցին գրեթե բոլոր փողոցները: Ընտրությունից անմիջապես հետո համայնքի միջոցներով երկու թաղամաս գազաֆիկացվեց, ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգում է կատարվում: 

  -Այս տարի,-շարունակեց համայնքապետը,-պետբյուջեի միջոցներով ամբողջովին փոխեցինք դպրոցի տանիքը` 3000 գծամետր: Մանկապարտեզը`  երեք խմբով, գործում է: Նախատեսված է ևս մի խումբ գործարկել, ինչի նպատակով պետք է համապատասխան տարածք հիմնանորոգվի, ջեռուցմամբ և գույքով ապահովվի: Բուժամբուլատորիան գործում է, չնայած հիմնանորոգման կարիք ունի: Դա առաջիկայում կիրականացնենք: Համայնքի զարգացման քառամյա ծրագրով կսկսվեն նաև մշակույթի տան նորոգման աշխատանքները:
    3075 բնակչությամբ համայնքը կրում է մարշալ Բաղրամյանի անունը: Հայտնի է իր այգեգործությամբ: Խորհրդային ժամանակներից սկսած շատ մեծ այգեգործական տնտեսություն է ունեցել: Այսօր, ոռոգման և այլ աննպաստ գործոններով պայմանավորված, այգեգործությունը /պտղաբուծություն/ տեղի է տվել, նվազել է մարդկանց շահագրգռությունը: Ինքնահոս եղանակով ոռոգվող հողատարածքները նման խնդիր չունեն` մշակվում և եկամուտ ապահովում են: Պոմպերի միջոցով ջրամատակարարումը դժվարությունների հետ է կապված` տարիների ընթացքում պոմպերն ու խողովակները քայքայվել, շարքից դուրս են եկել, ինչի կարգավորումը մեծ ներդրումներ է պահանջում: 2013-14 թթ. Համաշխարհային բանկի համապատասխան ծրագրով, համայնքի 15 տոկոս համաֆինանսավորմամբ, նոր ջրագծեր կկառուցվեն և մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: 
      -Այսօր գյուղացին իրացման խնդիր չունի,-ընդգծեց պարոն Շահբազյանը:- Մեր տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանին պատկանող գործարանում առաջնահերթ ընդունվում է մեր գյուղացու աճեցրած բերքը: Գյուղին մոտիկ են Եղվարդի և Պռոշյանի կոնյակի գործարանները, ՙՄԱՊ՚ ընկերությունը: Այնպես որ, բերքի իրացման, մթերելու խնդիր չունենք: Արմավիրի մարզպետն էլ է այդ հարցում մեզ աջակցում, միջամտում, որ հանձնված բերքի գումարները գյուղացին ժամանակին ստանա… 
      Համայնքապետը միաժամանակ հավելեց, որ ինքն էլ իր հերթին կանգնած է գյուղացու կողքին, համագյուղացիների հոգսն իրենն է համարում: Ամենամեծ ձեռքբերումն այն է համարում, որ բնակչության հարգանքին ու վստահությանն է արժանանում, որ ընկերական ու հարազատական միջավայրով է շրջապատված: Բոլորին հավասարապես է վերաբերվում, խտրական մոտեցումից հեռու է: Համայնքում ապրում են նաև ազգային փոքրամասնություն կազմող եզդի բնակչության ներկայացուցիչներ, ում նկատմամբ ևս վերաբերմունքը ջերմ ու ընկերական է: Բոլոր գյուղացիներն էլ իրեն հոգով ազգակից ու հարազատ են: Մաքուր ու անկեղծ ընկերության կողմնակից է: Համայնքը ղեկավարելուց առաջինը կհետևի ընկերների խորհրդին, ընկերներից շատ բան ունի սովորելու: Ընկերություն է անում հարևան Նորակերտի, Այգեկի, Մերձավանի, Փարաքարի, Մուսալեռի, Պտղունքի, Ոսկեհատի և Արևաշատի համայնքապետերի հետ: Շատ հաճախ այդ ընկերությունը նաև ընտանիքների հետ է: 
    -Բոլոր համայնքապետարանների աշխատանքային կոլեկտիվների հետ,-նշեց պարոն Շահբազյանը,-շատ ջերմ փոխհարաբերությունների մեջ ենք, կապերը մշտապես պահպանվում են: Եթե որևիցե մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվում, ապա աջակցում ենք, սատար կանգնում, խորհրդատվությամբ օգնում միմյանց: Ցանկացած առիթի դեպքում իրար կողքի ենք: Շատ ջերմ, բարեկամական մթնոլորտ է մեր կոլեկտիվում, համախմբված ենք: Մեզ ամենաշատ համախմբողը մեր պատգամավոր Առաքել Մովսիսյանն է, ում շնորհիվ միասնական թիմ ենք դարձել համայնքի ղեկավարներով: Պարոն Մովսիսյանը կողքներիս է իր ընտանիքով, աջակցում է ամեն ինչով, որպեսզի համայնքների վիճակը հնարավորինս լավ լինի: Նրան առաջին հերթին ընկերոջ ենք ճանաչում, ապա` պատգամավորի: Չկա հարց, որ չօգնի, անգամ առանց դիմելու էլ ինքն է հետաքրքրվում, իր օգնությունն առաջարկում: Ջերմ ու մարդկային է: Գործի մարդ է, խոսել չի սիրում: Պատրաստակամ է նպաստելու ժողովրդի բարեկեցությանը, համայնքների զարգացմանը: Միաժամանակ խստապահանջ է, ինչն օգնում է ընդհանուր գործին: Խոսքն ու գործը մեկ են: Քիչ խոսում` շատ անում է: Մենք էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համայնքները զարգանան: Պետական մտածելակերպ դրսևորելով, յուրովի պիտի նպաստենք առաջացած խնդիրների լուծմանը: Որքան զարգացած համայնք, այնքան զարգացած պետություն, և ընդհակառակը: Միասնական լինելով, միավորված ուժերով պիտի առաջ գնանք…
SHARE