Համայնքապետը ծառա է

0
24

Այո, իր ժողովրդի ծառան է, ինչի շրջանակները տարիների հետ ավելի են ընդլայնվում…

Կոչում

    Շորժա  համայնքը /Գեղարքունիքի մարզ/ Սուլիկո Շուշանյանը ղեկավարում է 1996 թվականից և այս անգամ ևս առաջադրել է թեկնածությունը: Ո՞ր ծրագրերն են, արդյոք, կիսատ մնացել և կրկին վերընտրվելու դեպքում ի՞նչն առաջնահերթ կկարևորի հարցին համայնքի գործող ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց.
    -Ծրագրերը կիսատ չպետք է մնան և անպայման պիտի իրենց շարունակությունն ունենան: Ինչ ծրագիր որ նախաձեռնում ենք տվյալ ժամանակահատվածի կտրվածքով, ավարտի ենք հասցնում: 2013-ին նախատեսված ծրագրերն, օրինակ, հաջողությամբ ավարտել ենք: Ընթացիկ տարում նախաձեռնելենք հիմնականում գյուղատնտեսության զարգացման ծրագիր, մասնավորապես` գարնանացանի ու աշնանացանի: Գարնանացանն ամբողջությամբ արված է, իսկ աշնանացանի համար, հասկանալի է, դեռևս ժամանակ կա: Կրկին առաջադրվելս հենց այն նպատակն ունի, որ ի վիճակի լինեմ նախկինում չարված ծրագրերը կյանքի կոչել, շարունակել կիսատ մնացածը: Ի վերջո, համայնքը հասցնել այն աստիճանի, որ այստեղ ապրելն ու գործելը հարմարավետ, հաճելի դառնան: Գյուղնախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ  կատարել ենք արոտների կարգավորման ու ջրարբիացման, արոտավայրերում խմոցների տեղադրման աշխատանքներ: Այսօր արդեն իրագործման փուլում են նոր գյուղտեխնիկայի ձեռք բերման, հացահատիկային մշակաբույսերի մշակման ծրագրերը: Տեխնիկան` հնձող, հավաքող, հակավորող, կալսող մեխանիզմներ և 2 MTC-82 տրակտոր, ամբողջությամբ ձեռք ենք բերել: Այս տարի կավարտենք նաև տվյալ ծրագրի երկրորդ մասը: 2012-13-ին նաև փողոցների գիշերային լուսավորման, փոսալցման աշխատանքներ ենք կատարել, կառուցել ենք գյուղապետարանի շենք և կահավորել այն: Վերանորոգել ու կահավորել ենք նաև ակումբը, հանդիսությունների սրահը, գազաֆիկացում իրականացրել: Խմելու ջրի հետ կապված խնդիր չկա: Ունենք ինքնահոս խորքային հոր: Շորժան սակավաջուր տարածք է, ինքնահոս ջրեր չկան: Ոռոգման ջուր, ինչպես նաև ոռոգելի դաշտեր այս պահին չունենք: Ունենք մեկ այլ խորքային հոր, որը դարձյալ կառուցվել է գյուղնախարարության ԾԻԳ-ի օգնությամբ: Այն Սևանի շաքարի գործարանի վարձակալած հողատարածքներում շաքարի ճակնդեղ աճեցնելուն էր հիմնականում ծառայում, բայց քանի որ գործարանն սկսեց չաշխատել, ուստի առայժմ տվյալ տարածքները բնակիչները հացահատիկ աճեցնելու, ինչպես նաև խոտհարքի համար են օգտագործում, ինչի համար ոռոգման ջուր չի պահանջվում: Գյուղը գազաֆիկացվել է դեռևս 10-12 տարի առաջ, այն տարիներին, երբ ոչ մի համայնք բնական գազ չուներ…

   Շորժայի բնակչության թիվը ներկայումս 741 է, բայց ամռան ամիսներին այն հասնում է մինչև 1000-ի: Այն Սևանա լճին ամենամոտ գյուղն է, ամենաշատ արևային օրերով /300-325 օր/ տարածքը: Զբոսաշրջիկների, հովեկների համար հրաշալի վայր է, ինչի արդյունքում ամռանը բնակիչների թիվը քանիցս ավելանում ու ավելանում է: Զբոսաշրջության ոլորտն այստեղ կարող է ավելի շատ զարգանալ, քանի որ, բացի բնակլիմայական նպաստավոր պայմաններից, բնակավայրին մոտ են նաև ավտոճանապարհը, երկաթուղին: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է, անասնապահությունը, որոշ զբաղվածություն ապահովում են նաև հիմնարկները:
   -Աշխատածս տարիներին,- շարունակեց պարոն Շուշանյանը,- չի եղել դեպք, երբ գյուղացին որևէ հարցով դիմի համայնքապետարան և անպատասխան մնա կամ չբավարարված հեռանա: Անգամ այն դեպքերում, երբ տվյալ հարցը կամ խնդիրը մեր իրավասության շրջանակից դուրս է եղել: Մերժում, առհասարակ, չի եղել: Տարիների փորձն ինձ մեկ անգամ ևս բերեց այն համոզման, որ համայնքի ղեկավարը պետք է իր ժողովրդի ծառան լինի: Այո, այդ աշխատանքը ծառայություն է, որը տարիների հետ  գնալով ավելի ու ավելի է ընդգրկուն դառնում: Սիրում եմ, երբ ծառայում եմ, բարի գործ անում. դա իմ բնույթին շատ համապատասխան է: Բոլորին անխտիր օգնում եմ, անգամ երբ դիմողն, ասենք, կողքի համայնքից է: Այս հարցում կողքիս են ընկերներս: Իսկ ընկերությունն, առհասարակ, իմ կյանքում մեծ տեղ ունի: Հիշենք հայտնի խոսքը`  ասա, ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Եթե դու ընկեր չունես, ապա դրանում առաջին հերթին ինքդ ես մեղավոր: Բոլոր մակարդակներում ունեմ ընկերական շրջապատ: Տարիների անկեղծ ու նվիրական շփումը մի յուրօրինակ արժեքային համակարգ է ստեղծում այդ մտերմության շուրջ, ինչն էլ ընկերություն ասածի ամենավառ ու փայլուն դրսևորումն է: Եթե, ասենք, հանրապետության մասշտաբով 10 ծրագիր պետք է իրականացվի, ապա եղած 900-ից ավելի համայնքներից մեկը, որ կարող է հավակնել դրան, Շորժան է լինելու: Սա հենց այնպես չի կարող լինել` ընկերության, մարդկային գործոնը տեղ ու դեր ունի, այլ արժեքներ ու արժանիքներ ևս, առանց որոնց ոչնչի չես հասնի: Ինձ համար առաջնահերթ ու երկրորդական չկա. կա աշխատանք, որը պետք է կատարել և վերջ: Մեր կատարած 320 հեկտար գարնանացանի դեպքում, պարզվեց, որ անհրաժեշտ մեխանիզմների պակաս կա, ինչը նախատեսված չի եղել մեր ծրագրերում: Եթե այդպես է ստացվել, ուրեմն պետք է ինչ գնով էլ լինի` լուծել տվյալ խնդիրը: Դա մեկ ամիս այդքան հրատապ չէր, բայց  այսօր արդեն օրախնդիր է: Աշխատանքի, գործի ընթացքում են ավելի շատ ծագում խնդիրները, ինչին և պիտի կարողանաս ժամանակին լուծում տալ: Եթե չաշխատես, ապա խնդիրներ էլ, բնականաբար, չեն ծագի: Կյանքի, ժամանակի պահանջով ու թելադրանքով ենք առաջնորդվում… Մրցակից ունեմ, բայց միշտ էլ հաղթել եմ նվազագույնը ձայների 85 տոկոսով: Հուսով եմ, որ ժողովուրդն այս անգամ էլ իմաստուն կգտնվի և իր քվեն կրկին կվստահի ինձ: Խնդիրներ կան, որ մեկ օրում չեն կարող լուծվել, դրա համար համատեղ ու ճիշտ աշխատանք է հարկավոր: Ես իմ բնակիչների ընկերն եմ, եթե, ասենք, մի օր համայնքապետ չեղա, ապա էլի իրենց ընկերն եմ մնալու: Գյուղապետ չլինելով, հավատացեք, կարող եմ ավելի լավ ապրել /նախկինում այդպես է եղել/, բայց չեմ կարող ինքս ամեն ինչից օգտվել, իսկ հարևանս` ոչ, ավելի լավ է մի քիչ իջնեմ, իրեն էլ բարձրացնեմ, որպեսզի սոցիալական ընդգծված տարբերություն համայնքում և, ընդհանրապես, շրջապատումս չզգացվի: Ծնողներիցս բարություն ու ազնվություն եմ ժառանգել: Պետք է շատ կարդալ ու մարդկանց հետ շատ շփվել: Իմ` արծվաշենցի լինելու հանգամանքը շատ է նպաստել, որ ուր էլ գնամ, շենացնեմ ու արարեմ, սեփական աշխատանքով տուն ու օջախ կառուցեմ…
   Սուլիկո Շուշանյանը մարզի համայնքապետերից ընկերություն է անում Միքայել Ղարիբյանի /Ջիլ/, Կարեն Շուշանյանի /Արտանիշ/, Վարյանի /Վահան/, Թագուհու /Ծափաթաղ/, ով, ըստ նրա, այնքան լավ է աշխատում, որ Թագավոր կոչվելու է արժանի, Վահրամի /Ծովագյուղ/, ով նոր է ընտրվել և հասցրել է բավականին գործ անել: Պարոն Շուշանյանի խոսքերով, Ծովագյուղը երկար տարիներ հետո ճիշտ ընտրություն է կատարել: Նա ընկերություն է անում, առհասարակ, այն համայնքապետի հետ, ով աշխատասեր է: Իսկ այդ ընկերությունը շատ ընդհանուր օգուտ է տալիս, բարի գործի ու նպատակների ծառայում…
SHARE